«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Գործոններ, որ կարող են ԱՄՆ-ին ու Իրանին մղել պատերազմի

Գործոններ, որ կարող են ԱՄՆ-ին ու Իրանին մղել պատերազմի
17.06.2019 | 12:10

Թեպետ Իրանում ու ԱՄՆ-ում կան ազդեցիկ խմբեր, որ կոշտ գծի կողմնակից են ու դեմ չեն առճակատման, երկու երկրներն էլ կձգտեն խուսափել ռազմական մեծ կոնֆլիկտից: Այնուհանդերձ, դատելով Իրանում ուժերի դասավորությունից և կոնֆլիկտային իրավիճակներում նրա պահվածքի մարտավարությունից, փաստից, որ երկու երկրներն էլ արագացնում են ռազնական պատրաստությունները, սխալ հաշվարկի ու էսկալացիայի ռիսկը բարձր կմնա: Կապի նշանակալից ալիքների բացակայությունը նույնպես կսահմանափակի երկու կողմերի հնարավորությունները, երբ այս կամ այն միջադեպի դեպքում հարկ կլինի լարումը նվազեցնել: Stratfor-ի վերլուծաբանները փորձում են կանխատեսել 2019-ի երրորդ եռամսյակը:


ԱՄՆ-ը Պարսից ծոց է ուղարկում լրացուցիչ ուժեր, Իրանը պատրաստում է իր բանակը՝ երկու կողմերի գործողությունները նշանակալից մեծացնում են պատերազմի հավանականությունը: Վիճակը բարդացնում է, որ Սպիտակ տան խմբավորումներից մեկը ի դեմս ազգային անվտանգության հարցերով ռազմաշունչ խորհրդական Ջոն Բոլտոնի՝ մյուսներից շատ է ձգտում Իրանի հետ կոնֆլիկտի: Իրանում ևս կան տաք գլուխներ՝ պատերազմի գաղափարախոսներ, հատկապես իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսում: Բայց Վաշինգտնում ու Թեհրանում առաջին դեմքերը ընդգծում են, որ երկու երկրներն էլ զգուշանում են թանկարժեք կոնֆլիկտից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ կողմնակիցներ ունի Վաշինգտոնում, հատկապես Պենտագոնում, որ պատերազմ հրահրելու փոխարեն, նախընտրում են ուշադրությունն ու ռեսուրսները կենտրոնացնել մեծ տերությունների՝ Ռուսաստանի ու Չինաստանի հետ մրցակցության վրա: Թեհրանից հազիվ թե պետք է սպասել այդքան անհոգ վերաբերմունք Վաշինգտոնի հետ հնարավոր կոնֆլիկտին, հատկապես եթե հաշվի առնենք ուժերի ծայրահեղ անհավասարակշռությունը և ամայացնող ազդեցությունը, որ կոնֆլիկտը կարող է գործել շարքային իրանցիների կյանքի, գուցե նաև կառավարության, վրա: Սակայն եթե զգուշությունը մի կողմ դրվի, առավել մասշտաբային կոնֆլիկտը միանգամայն ռեալ է՝ պայմանավորված փոխադարձ թշնամանքով ու անվստահությամբ միմյանց նկատմամբ, կոնֆլիկտային իրավիճակների արագ լուծման հնարավորությունների բացակայությամբ, Իրանի զինված ուժերի սկզբունքով՝ «երկաթը տաք-տաք են ծեծում»։


Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի զինված ուժերը մի քանի անգամ գերազանցում են ավանդական զինուժին, Թեհրանը տասնամյակներով ներդրումներ էր անում պատերազմ վարելու ասիմետրիկ մեթոդների վրա՝ մարիոնետային զորքեր, բալիստիկ հրթիռներ, ծովային ականներ և արագընթաց մարտական մոտորանավակներ, որ առավել արդյունավետ հարվածներ հասցնի ԱՄՆ-ին, նաև Պարսից ծոցի էներգետիկ ինֆրակառույցներին ու տարածաշրջանի այլ առանցքային ռազմավարական օբյեկտների: Բայց այդ ուժերն ու մարտավարությունը հազիվ թե փոխհատուցի Իրանի ընդհանուր համեմատական թուլությունը: Իրանը հրաշալի գիտակցում է, որ այդ ակտիվների մեծ մասը չափազանց խոցելի է ԱՄՆ-ի հարվածների առաջ, որովհետև կապված է նավահանգստին, վաշտին կամ բազաներին: Օրմուզի նեղուցը փակելու սպառնալիքը, որից կարող է օգտվել Իրանը, նշանակալից չափով կախված է Իրանի իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսի ռազմածովային միջոցներից, որ ներառում են ականային արգելքներ, հրթիռային ու տորպեդային մոտորանավեր, զինված, արագընթաց մոտորանավեր և ափամերձ հականավային թևավոր հրթիռներ: Քիչ է, որ այդ ակտիվներից շատերը կարող են ենթարկվել ԱՄՆ-ի ճշգրիտ հարվածերին, քանի դեռ գտնվում են իրենց նավահանգիստներում ու բազաներում, կարող են ոչնչացվել նաև ԱՄՆ-ի կամ դաշնակիցների ավիացիայով, նույնիսկ եթե հաջողվի գրոհներ ձեռնարկել կոնֆլիկտից առաջ: Այլ խոսքով՝ Իրանը հնարավորությունների փոքր պատուհան ունի, որ իր բոլոր ականները տեղադրի ու հնարավորինս մեծ վնաս հասցնի Օրմուզի նեղուցի շրջանում մինչև ԱՄՆ-ը և իր դաշնակիցները կբարդացնեն այդ խնդիրը: Նույն սկզբունքը վերաբերում է բալիստիկ հրթիռների զինանոցին՝ ԱՄՆ-ի բազաներին կամ տարածաշրջանի էներգետիկ ինֆրակառույցներին հարվածելու կարողության առումով: Եթե Թեհրանը չկարողանա այդ հրթիռները կոնֆլիկտի դեպքում ժամանակին արձակել, Վաշինգտոնը կարող է շատ հրթիռներ ոչնչացնել՝ նախքան գործի կդրվեն: Իրանի առաջ իրական երկընտրանք է՝ «օգտագործիր կամ կկորցնես», քանի որ բոլոր պատճառներն ունի ոչ միայն արագ արձագանքել հարձակմանը, այլև կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ հնարավորինս մեծ վնաս հասցնելու, նախքան իր կրակի հզորությունը նշանակալից գերազանցող հակառակորդը, իր ակտիվներին անխուսափելի հարված կհասցնի: ԱՄՆ-ի նույնիսկ մի քանի ամսվա գրոհները չեն հանգեցնի Իրանի լիակատար վնասազերծմանը, բայց որքան երկար Իրանին չհաջողվի ասիմետրիկ ակտիվները գործադրել, մասնավորապես՝ հրթիռներն ու ռազմածովային ուժերը, այնքան բարձր է ռիսկը, որ ԱՄՆ-ը կոչնչացնի այդ զենքը նախքան օգտագործելը:
ԱՄՆ-ի ու Իրանի դիմակայությունը կարող է սրել և երկու երկրների միջև ուղիղ կապի բացակայությունը: «Թեժ գծերի» և լարվածության անհապաղ թուլացման մեթոդների բացակայությունը կարող է հանգեցնել ավելի մեծ անվստահության ու հակառակորդի մտադրությունների չհասկացվածության: Երկխոսության ալիքների բացակայությունը երևում է նույնիսկ նախարարական բարձր մակարդակում: Պատասխանելով հարցին՝ կարող են Իրանն ու ԱՄՆ-ը արագ կապ հաստատել, որ կանխեն ճգնաժամը, Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ասաց, որ ի տարբերություն իր ակնթարթային բանակցությունների ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի, ներկա պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ երբեք ուղիղ չի շփվել: Ավելին՝ Զարիֆն ասել է, որ իրեն պարտավորված չի զգում պատասխանել պետքարտուղարի զանգերին թշնամական հարաբերությունների պատճառով: Հասկանալի է, որ եթե գործը հասնի էսկալացիային, իրանցի ու ամերիկացի պաշտոնյաներին ի վերջո կհաջողվի միմյանց հետ կապվել, եթե նրանք ցանկանան դա անել մի իրավիճակում, երբ ամեն ինչ վճռում են րոպեները, ոչ թե ժամերը, կապի ալիքների բացակայությունը կխանգարի ապաէսկալացիայի արագ ջանքերին:


ԱՄՆ-ը և Իրանը ջանում են խուսափել մեծ պատերազմից, զինված կոնֆլիկտը շատ ավելի քիչ հավանական է, քան շարունակվող դիմակայությունը, որ երկրները վարում են ոչ ռազմական միջոցներով: Սակայն խոր անվստահության, վստահված անձանց ու երկրորդական խաղացողերի համադրումը, և թվարկված այլ հանգամանքներ հիմք են տալիս կարծելու, որ միակ սխալը կարող է հրդեհի պատճառ դառնալ, որ հետո դժվար կլինի մարել նույնիսկ ավելի սթափ նախագահների համար երկու մայրաքաղաքներում:
Stratfor (ԱՄՆ)


Հ.Գ. Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում լարվածության աճի կապակցությամբ և երկխոսության ու խաղաղության կոչ է արել Մերձավոր Արևելքում: «Մտահոգությամբ հետևում եմ Պարսից ծոցում աճող լարվածությանը: Բոլորին կոչ եմ անում օգտագործել դիվանագիտական բոլոր գործիքները Մերձավոր Արևելքում հակամարտությունների, բարդ խնդիրների լուծման համար: Կրկին միջազգային հանրությանը կոչ եմ անում բոլոր ջանքերը գործադրել երկխոսության և խաղաղության հասնելու համար»,- ասել է նա պատարագից հետո իտալական Կամերինո քաղաքում, ուր ժամանել էր 2016-ի ավերիչ երկրաշարժից տուժած մարդկանց տեսակցելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ