«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

«Ոչ»-ի համաժողով, կամ՝ մոլորակի մայրամուտը

«Ոչ»-ի համաժողով, կամ՝ մոլորակի մայրամուտը
17.06.2019 | 14:18

Երեկ ՔՊ-ն իր 5-րդ համաժողովն արեց: Արժի շնորհավորել միայն ՔՊԿ վարչության նոր նախագահ Սուրեն Պապիկյանին, որ ընտրվեց 20 կողմ, 1 ձեռնպահ ձայներով, դեմ չկար: Մնացածին ու մնացած հարցերում ՔՊ-ն ի ցույց դրեց միայն այն, ինչով ապրել ենք անցած մեկ տարում: Իսկ դա, մեղմ ասած, ցավալի է ու միայն ՔՊԿ-ի խնդիրը չէ, որովհետև այսօր ՔՊ-ն իշխող կուսակցություն է: ՔՊ-ի դե ֆակտո նախագահ Նիկոլ Փաշինյանի երկարաշունչ ու տեղ-տեղ նիրհ բերող խոսքը իր համար էլ համոզիչ չէր, նրա ձայնը կենդանանում էր միայն «նախկիններին» քննադատելիս, իսկ կուսակցության պատկերացումների մասին Հայաստանի Հանրապետության՝ իբրև պետության կառավարման, քաղաքական ու տնտեսական, գոնե թեթևակի, զարգացման մասին վարչապետը երդվյալ լռում էր: Եթե հաշվի չառնենք ոչինչ չկոնկրետացնող ու արդեն սովորական դարձած հռետորաբանությունը, որից այդպես էլ ոչինչ չի հասկացվում: «Իզմ»-մեր մերժող Նիկոլ Փաշինյանին ծափահարում էր նրա հեղափոխական թիմը, որ փաստացի ընդամենը կշռաքար է՝ կախված նրա պարանոցից և վարկանիշի անկման պատճառ՝ իր անգործիմաց ու անհեռատես քայլերով, անհեթեթ հայտարարություններով՝ անդամների մեծ մասի տպավորիչ կատարմամբ:


Փաստացի՝ թիմը թիմ էր միայն քայլելու համար, իսկ քայլ անելու համար՝ ոչ: Լավ տղաների ու աղջիկների խումբը չի կարողանում կամ չի ուզում քաղաքական դառնալ: Եվ պատճառը միայն այն չէ, որ թիմապետը քաղաքացիականությունն է համարում նոր ժամանակների կուսակցության միակ հնարավոր որակ: Նրանք կառչում են քաղաքացիականությանը, որովհետև չեն կարողանում քաղաքական լինել: Քաղաքական լինելու դեպքում պիտի ռեալ կյանքը տեսնեն՝ դուրս գալով վիրտուալ տարածքից: Իրական հայրենիքը՝ ֆեյքայինի փոխարեն: Եվ այդ քաղաքական մերկությունը հատկապես զգալի էր ՔՊ-ի անդամների ելույթներում: Նրանց մեծ մասն արդեն օրենսդիր ու գործադիր իշխանություն է։ Ու՝ ի՞նչ: Ոչինչ, շարունակում է մեղայական պահանջել «նախորդ հանցավոր ռեժիմից», ու այս ընթացքով ժամանակի մեջ հասունացնում է սեփական մեղայականի պահանջը:
ՔՊ-ն քայլած ու վիրտուալ կուսակցություն է՝ սա էր հիմնական եզրակացությունը 5-րդ համագումարից, որ իրենք անվանում են համաժողով: Դրանով ևս փորձելով բոլորից տարբերվել՝ ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Դա ընդունելի ու գուցե ներելի կլիներ, եթե ՔՊԿ-ն իշխող կուսակցություն չլիներ:


2018-ի թավշե հեղափոխության ֆետիշացումը, կուսակցության կանոնադրության մեջ նոր գլխով ամրագրումը ընդամենը ինքնամեծարում է ու արձանագրում փաստի, որ ՔՊ-ականներւ սկսել են դափնիների վրա լավ տեղավորվել ու դա են համարում իրենց հիմնական գործը՝ անվերջ հիշեցնել, որ 2018-ին եղավ թավշե, ոչ բռնի հեղափոխություն՝ աննախադեպ ու … Ու՝ ի՞նչ: Հիմա մինչև հերթական ընտրություններ պիտի ապրենք հեղափոխության փաստո՞վ: Դա բավակա՞ն է տնտեսություն պահելու, ազգային անվտանգություն ապահովելու, աշխատատեղ ստեղծելու, նույնիսկ 20 տարում բնակչություն կրկնապատկելու համար: Փաստացի՝ ոչ ՔՊԿ իրական նախագահ Նիկոլ Փաշինյանը, ոչ ՔՊԿ վարչության 21 անդամները, ոչ վարչություն չանցած 30-ն ու մյուսները չունեն իշխանություն լինելու պատասխանատվություն։ Նրանք ընկալել են իշխանության ձևային կողմը՝ այցեր, հանդիպումներ, ելույթներ, հայտարարություններ, բովանդակային՝ աշխատանքի կողմը մնում է ինքնահոսի:

Պատահական չէ, որ մեծավ մասամբ կառավարությունն ու խորհրդարանը գործում են իրադարձային ու իրավիճակային լուծումներ տալու ճանապարհով՝ պահուստում ունենալով՝ «Տեսնենք ինչ կլինի, հետո նորից կքննարկենք» արդարացումը: Պատահական չեն և իշխանության իրարամերժ քայլերը՝ հանուն դատարանների անկախության դատարաններ շրջափակելը, հանուն ԲԴԽ-ի անկախության՝ ԲԴԽ-ին ինքնալուծարման մղելն ու նույն սխեման ՍԴ-ին հասցեագրելը: Անվերջանալի ու արդեն այնքան խճողված դատավարությունները, որ չես հասկանում՝ ով է ում դատի տալիս ու ինչու։ Եվ՝ հիմնական սիմպտոմը՝ դեռ ոչ մի դատավարություն չի ավարտվել: Այսինքն՝ պերմանենտ հեղափոխության գաղափարը մրցակցում է պերմաննետ դատավարության գաղափարին: Հետո էլ, իբր, մերժում են գաղափարախոսականի պահանջը՝ համարելով դարն ապրած ու պարտված: Իր 5-րդ համաժողովում ՔՊԿ-ն միայն ասաց՝ ինչ չի կարելի, այն էլ խիստ կասկածելի, բայց այդպես էլ չհասավ՝ինչ պետք է ու ինչ պիտի արվիին: Կոնկրետ ու աներկբա: Ու ստացվեց, որ ՔՊԿ-ի 5-րդը ընդամենը «ոչ»-ի համաժողով էր՝ մինչև կձևավորվեն «այո»-ի պատկերացումները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Անձամբ ինձ հիացրեց Արարատ Միրզոյանը: Սև հագուկապով, էլեգանտ ու խորհրդավոր: Նրա հայտարարությունը, որ Հայաստանն է այսօր ազատության և ժողովրդավարության բաստիոնն աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ը ու Եվրոպան, պետք է ոսկե տառերով գրվի ոչ միայն ՔՊԿ, այլև համաշխարհային պատմության Ոսկե գրքում: Իսկ եթե չկա նման գիրք, պիտի ստեղծվի: Իզուր չէր, չէ՞, ՀՀ ԱԺ նախագահը ասում, որ հայկական ժողովրդավարության հաջողությունը մեծապես կպայմանավորի ժողովրդավարության հաջողությունն աշխարհում: Փաստացի՝ աշխարհի ժողովրդավարությունը մազից է կախված ու այդ մազը Հայաստանն է:
Որովհետև այդ ժողովրդավարությանը, այնուամենայնիվ, «պատերազմ է հայտարարված»: Ի՞նչ պատերազմ: «Մենք գործ ունենք Հայաստանի Հանրապետության հետ, մեր հայրենիքի հետ, մի հանրույթի հետ, որը գալիս է հնուց եւ համոզված եմ, փոքրաթիվ ազգերի հետ դիմավորելու է մոլորակի մայրամուտը: Սա է, որ դրված է խաղասեղանին: Հենց այս հեռանկարին են պատերազմ հայտարարել: Այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք»:


Համենայն դեպս, հենց այնպես, իբրև հիշեցում ասեմ՝ մինչև մայրամուտը մոլորակի վրա Հայաստանից բացի այլ պետություններ էլ կան ու Հայաստանը, ուզի, թե չուզի, ստիպված է հարաբերվել այդ պետությունների հետ, ուստի արտաքին ոչ արարողակարգային, այլ՝ բովանդակային քաղաքականություն ունենալու ժամանակն է: Գուցե հերթը նաև ներքինին հասնի, մի օր էլ տեսար՝ տնտեսությանը, որ ճանապարհաշինությունից ու բարձր տեխնոլոգիաներից բացի ներառում է արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: Ոչ թե «հերոսների», այլ պետական մակարդակով:

Դիտվել է՝ 1685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ