Երբ կոկորդիլոսը թռչուն է

Երբ կոկորդիլոսը թռչուն է
18.06.2019 | 00:14

…Իսկ չե՞ք կարծում, որ բոլոր դատավարությունների, սև ու սպիտակի, խրամատների, վեթինգների, անցումային արդարադատության, պարտադրված հրաժարականների, կոռուպցիայի դեմ պայքարների, հրապարակային իրար միս ուտելու հիմքում միայն մեկ հարց կա՝ փողը: Հեղափոխությունը՝ հեղափոխություն, իշխանությունը չգիտի՝ ինչպե՞ս վարվել փողի հետ, որ իր գրպանում չէ, պետության գրպանում չէ ու ընդհանրապես գրպան չի մտնում: Եվ որովհետև չգիտի, չի էլ կարծում, որ այդ փողը պետք է հանգիստ թողնել, որ աշխատի, որովհետև իր փողը չէ, տիրոջ փողը չէ, ժողովրդի փողն է: Իր խնդիրը մթնոլորտ ստեղծելն է, որ փողը աշխատի ու ստվերում չպպտվի: Որ փողատիրոջը ձեռնտու չլինի պետությանը խաբել: Որ օրենքները փողատիրոջը խթանեն ունեցածը ավելացնել, ոչ թե անկյուն քշեն ձեռնարկատիրոջը՝ հարկերը բազմապատկելով: Համահարթելով ու բյուջեի պակասորդը նոր հարկերով լցնելով: Սա քաղաքականություն չէ, սա աճպարարություն է փողի հետ, որից փողի քանակը չի ավելանում: Մնացածը լոլո է՝ լավ կամ վատ, բայց՝ անիմաստ:
Իսկ ընդհանրապես Հայաստանում իշխել ու իշխում է քոսոտ գավառականությունը, որ մշտապես ասպարեզ է բերում ակտիվ տգետների, իսկ նրանք երբեք իրենց կողքին չեն հանդուրժի որևէ միտք ու հոդաբաշխ խոսքի ունակ մեկին: Այդ պարագայում իրենք դառնում են ավելորդ: Այդ ձեռքբերումը նոր իշխանությանը չէ: Ընդհանրական ախտ է, որ եղել է նրանցից շատ առաջ ու շարունակվելու է նրանցից շատ հետո: Քոսոտ գավառականության հետևանք է, որ չեն ստեղծվում արժեհամակարգեր ու չեն ձևավորվում չափանիշներ, որովհետև ամեն ինչ ենթարկված է գորշ գազոնի տրամաբանությանը՝ ցցվեցիր, կտրում են, որ հարթ լինի: Ճիշտը չցցվելն է, համատարածը, որովհետև առանձնահատկությունը համարվում է արտառոց ու շրխկոցով հատվում է:


Այդ մթնոլորտն է ասպարեզ բերում ոստիկանապետերի «թեկնածուների», որ անխռով հայտարարում են. «Ես պիտի ոստիկանապետ լինեմ, ես համակարգի էությունը խորապես պատկերացնում եմ»: Կամ՝ «Ես ինձ տեսնում եմ վարչության նախագահի պաշտոնում, բայց պիտի վարչության անդամների մեջ լեգիտիմություն առաջացնեմ»: ՈՒ դա միայն մեկ Վիլեն Գաբրիելյանի պատկերացումը չէ ոստիկանապետի կամ ՔՊ վարչության նախագահի աշխատանքի մասին: Դա այսօր իշխող պատկերացումն է որևէ ոլորտ կառավարելու մասին: Պատկերացնու՞մ եք, եթե «խորապես պատկերացնեին» տիեզերքը, պահանջելու էին տիեզերապետի պաշտոն: ՈՒ ստանալու էին, եթե կարողանային «լեգիտիմություն առաջացնել»:
Հետո ինչ, որ ՔՊ դեֆակտո կուսակցապետը ինքնակատարելագործվելու կոչ է անում, թող ինքն էլ կատարելագործվի, մնացածը «պատկերացում» ունեն:
Հունիսի 16-ին ՔՊԿ 5-րդ համաժողովն էր: Մեղմ ասած՝ անշուք ու տաղտուկ:
Տարօրինակ չէ՞, որ մեկ տարվա իշխանությունից հետո ՔՊԿ-ն կրկնում է ինքն իրեն՝ ինքնահիացումը ավելացնելով կուսակցության կանոնադրության մեջ: Հեռանկար տեսնելու համար ՔՊ-ն պիտի ուղարկել Վանգայի մոտ, բայց Վանգան այլևս չկա, ու հեռանկարի հեռանկար չկա: Իզմ-երը ժխտելը արդիականության նոր ընկալում չէ, քաղաքական կուրություն է, քաղաքացիական ուժ լինելն էլ Գագիկ Ծառուկյանի նվիրական ոտնահետքերով ընթացք է՝ նա հնարեց «այլընտրանքը», Նիկոլ Փաշինյանը՝ «քաղաքացիականը»։
Կուսակցության հիմնադիր Նիկոլ Փաշինյանը երկար ու ցնցող ելույթ ունեցավ՝ տեղը տեղին թվարկելով ամեն ինչ: Ինչ-որ պահի թվաց, որ նա պատրաստ է ՀՀ բոլոր հպարտ քաղաքացիների անունը տալ, բայց դա կարճ տևեց: Հետաքրքիր կլիներ, եթե թվարկեր իրենց տեղը չգտածների անունները: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ «Մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն։ Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում. սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված է 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն, և մենք մեր անելիքները ձևակերպում ենք ըստ այդ բարձրագույն ինստիտուտների զարգացման շահերի»:

Իսկապես ցնցող է: Պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն: Բայց վարչապետը ճիշտ գրքեր չի կարդացել, կամ կարդացածը ճիշտ չի հասկացել: Իզմերը մերժելու ճանապարհը տանում է փակուղի, ցանկացած կուսակցություն պետք է ինչ-որ գաղափարի շուրջ միավորվի, իսկ քաղաքացիականությունը գաղափար չէ: Սիրունիկ միֆ է, ձախողված պոպուլիզմ, քաղաքացիականությունը աշխարհի ամենաամորֆ ըմբռնումն է ու ցանկացած պահի կարող է վերածվել ցանկացած «իզմ»-ի: ՈՒ դա չի լինի քաղաքական ճկունություն հարափոփոխ աշխարհում, դա կլինի քաղաքացուն հաճո կեցվածք, այլ խոսքով՝ ամբոխահաճություն: Գաղափարախոսությունը անվավեր հայտարարելու փորձ նաև Լևոն Տեր-Պետրոսյանն արեց: ՈՒ ի՞նչ: Ստացվե՞ց: Գաղափարախոսությունը քաղաքակրթության սկզբից կա ու քաղաքականության շարժիչ ուժն է՝ անվերջ փոփոխությունների շղթայում հիմքում մնալով անփոփոխ: Ինքնակատարելագործվող անհատի վրա կառուցվող քաղաքացիական ուժն ընդամենը գեղեցիկ է հնչում՝ իբրև հակադրություն Հայաստանի բոլոր ընդդիմությունների, որ պայքարել ու չեն հաղթել իշխանությանը: Եկել է անհատի վրա հենվող ուժ ու մի քանի տարում հաղթել: Նույնիսկ եթե ընդունվի այս կասկածելի պնդումը, անընդունելի է քաղաքական արժեհամակարգ չունեցող ուժի բանաձևումը: Դա կարող է լինել որոշակի ժամանակի մեջ միայն: Այլապես ստացվում է՝ ՔՊ-ն քաղաքական ուժ չէ: ՈՒ գուցե դա է ճիշտը, այլապես փորձառու ու «պետի» հավակնություններով ՔՊ-ականները ստիպված պիտի լինեին գտնել իրենց տեղն ու դերը քաղաքական դաշտում: Այլապես՝ իշխանությունը մեկ տարի անց իր համար պետք է գտներ նոր գործ՝ հաղթվածներին նորից ու պերմանենտ հաղթելուց բացի։


Իսկ դա արդեն դառնում է հասարակության պրոբլեմը, որովհետև այդ ուժը իշխանություն է: Ստացվում է՝ ևս 4 տարի մենք հարկադրված ենք լինելու ապրել անվերջ հեղափոխության մեջ՝ դատավարությունների, դեմագոգիայի, «պետ»-ի հավակնություններ ունեցող ու համակարգը «պատկերացումով» ղեկավարելու պատրաստ, լեգիտիմությունը միակ արժանիք ունեցող պոպուլիստների իշխանության, որ փոփոխությունների անվան տակ մատուցում է իրականությունից իր կտրվածությունը, բարեփոխումների անվան տակ օրենքները հարմարեցնում է իրեն ու իր «անհատական ջանքի պատասխանատվությանը», իսկ իրականությունը մնալու է նույն «արատավորը»: Որովհետև «ամեն անհատի դիրքորոշումը» չի կարող ու չի դառնում պետության քաղաքականություն: Պատահական չէ, որ այսօր ոչ ոք չի կարող ասել՝ ո՞րն է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ո՞րն է տնտեսական քաղաքականությունը, ո՞րն է ազգային անվտանգության հայեցակարգը: Իհարկե, կան կարգախոսներ ու հրապարակային հայտարարություններ, բայց դա ծրագիր չէ: Նույնքան պատահական չէ, որ իշխող կուսակցության համաժողովում բոլոր այդ հարցերը մնացին շրջանցված: Որովհետև պատասխաններ չունեն: Որովհետև կա քաղաքացիական ուժ լինելու ապաքաղաքական համադարմանը: Եվ ուրեմն՝ աներկբա է, որ հետայսու էլ հասարակության խրամատավորումը շարունակվելու է, քաղաքական դալտոնիզմն ընդունելու է երկու գույն՝ սև ու սպիտակ՝ իրեն վերապահելով հաղթական ճերմակը՝ մնացյալին համարելով սևի տարբեր երանգներ: Իսկ դա ամենավտանգավոր միտումն է քաղաքական դաշտում: Փաստացի՝ չի ասվում, բայց մեսիջ է ուղղվում քաղաքական դաշտին՝ կամ մեզ հետ եք ու սպիտակ եք, կամ եթե մեզ չեք գովաբանում, մեզնով հիացած չեք ու չեք ընդունում մեր անսխալականությունը, սև եք, ուրեմն՝ լեգիտիմ չեք, ժողովուրդն ընտրել է մեզ ու մերժել է ձեզ: Դմփ-դմփ-հու: Վերջ: Այսինքն՝ ամբողջ քաղաքական դաշտն էլ պիտի հրաժարվի իզմերից, կարծրացած գաղափարախոսություններից, լիբերալ, ցենտրիստ, սոցիալ-դեմոկրատ, աջ կամ ձախ լինելուց: ՈՒ՝ դառնա քաղաքացիական: Որովհետև հետայսու Հայաստանում ձևավորվում է գաղափարախոսական ստանդարտներից զերծ գաղափարական նոր հարթություն: Ամենայն հավանականությամբ այդ հարթության անծայրածիր տարածքում սպիտակին են տալու միայն ՔՊ-ի առագաստները: Եվ դա լավատեսական պատկեր է, որովհետև հակառակը կնշանակեր քաղաքական դաշտի ինքնաոչնչացում:


Համենայն դեպս՝ հիմա կա աղոտ հեռանկար, որ գաղափարախոսական ստանդարտների ենթակա կուսակցությունները սուսուփուս կգոյատևեն ու հընթացս կպատրաստեն ժողովրդին իրական ընտրության: 2018-ի ԱԺ արտահերթ ընտրություններում գործնականում կամ ընտրում էին Նիկոլին, կամ Փաշինյանին, մեծամասնությունն էլ՝ ոչ մեկին: Իրական քաղաքական դաշտի խնդիրը ընտրական տրամաբանությունը փոխելն է՝ գաղափարների մրցակցության մեջ տեսնելով ընտրությունը՝ ձայնը տալով այն կուսակցությանը, որ իր գաղափարները իրականացնելու մեխանիզմներն էլ ցույց կտա ու կհամոզի, որ ինքը տեր է իր խոսքին, ոչ թե խոսքն է իր տերը: Չի բացառվում, որ այս ընթացքում քաղաքացիական ՔՊ-ն ամենամեծ օգնությունը ցույց տա քաղաքական ուժերին: Իր վարած քաղաքականությամբ, որ հետևանքներ ունենում է, արդյունքները մնում են ցանկություն: Դա պոպուլիզմի հենքն է՝ ընտրողիդ ականջին շշնջա ինչ հաճո է լսել կամ այնպես բղավի, որ չկարողանա չլսել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Եվ, այնուամենայնիվ, դեռ ինչքա՞ն կհաջողվի Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին պետությունը մի կողմ դնել, հասարակության մի մասին կտրել իրականությունից ու պահել իր վիրտուալ խնդիրների ու լուծումների շրջագծում՝ իրական պրոբլեմները շրջանցելով: Սա է այսօր գլխավոր հարցը: Ցավոք, նաև վտանգավոր հարցը: Որովհետև թավշե հեղափոխությունը բնավ էլ կախարդական վահան չէ ու Հայաստանը անձեռնմխելի չի դարձնում արտաքին աշխարհի առաջ: Մինչ մենք ազգովին վերլուծում ենք՝ կտա՞ Ռոբերտ Քոչարյանը 650000 դրամ դատական ծախսի փոխհատուցում Նիկոլ Փաշինյանին, ի՞նչ ասաց ՌԴ դեսպանը երկրորդ նախագահի ականջին, Գագիկ Ծառուկյանն ինչու՞ է վառել ՔՊ թեկնածուի շտաբի անդամի տունն ու ավտոմեքենան, մինչ ԲԴԽ-ն մանրից ինքնալուծարվում է ու պահանջվում է, որ նույնն անի ՍԴ-ն, մինչ Գլենդելի նախկին քաղաքապետը դառնում է սփյուռքի գործերի գլխավոր հավատարմատար՝ անհայտ թողնելով իր քաղաքացիության հարցը, մինչ տաղանդների դրախտ ենք դառնում էկոհամակարգով, աշխարհը շունչը պահած չի սպասում, որ դառնանք ու հետո մեզ հետ հարաբերվի: Նույնիսկ եթե այդ ընթացքում մենք մարզպետի մակարդակով պարզում ենք, որ կոկորդիլոսը թռչուն է ու ստամոքսի փոխարեն քարաճիկ ունի, իսկ քաղաքապետի մակարդակով արգելում ենք սրճարան գնալ: Եվ խնդիրը միայն Դուշանբեի վերելակից իջած Ալիևը չէ, որ սկսել է սահմաններին նորից կրակել ու սուբստանտիվ բանակցությունների պահանջ է դնում նորից ու նորից: Խնդիրը մեր դիմադրունակությունն է ու աշխարհի հետ հարաբերվելու կարողունակությունը: Քանի դեռ արտաքին հարաբերություններ ասելիս մենք միայն Ռուսաստան ենք պատկերացնում, մեր խնդիրները չեն լուծվելու: Կամ լուծվելու են՝ ինչպես Պուտինն է ուզում: ՈՒ չի ուզում: ԵՄ-ի հետ իրական հարաբերությունների վերականգնումը չի կարող իրադարձային ու իրավիճակային քաղաքականություն լինել: Փողը պտտվում է Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Արդյունաբերական չորրորդ հեղափոխության հայրենիք լինելու համար մրցում են Հին աշխարհն ու Չինաստանը: Հայաստանում գուցե հաջողվի կոկորդիլոսին օդ բարձրացնել, բայց դա չի դառնա տեխնոլոգիական հեղափոխություն: ՈՒ՝ կենսամակարդակ չի փոխի Հայաստանում: Ոչ էլ՝ մթնոլորտ: Գավառամտությունը բուժվող հիվանդություն է, երբ հասկանում ես, որ հիվանդ ես:

Դիտվել է՝ 976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao