ReAnimania 2019
 

Ի՞նչն է միավորում այսօրվա իշխանությանը

Ի՞նչն է միավորում այսօրվա իշխանությանը
18.06.2019 | 00:28

Հայ ժողովրդի պատմության տարեգիրներն ապագայում հավանաբար մի մեծ խնդրի առաջ են կանգնելու, երբ որոշեն Հայաստանի այսօրվա իշխող կուսակցության գաղափարախոսության մասին երկու խոսք ասել։ Ինչպիսի՞ կուսակցություն էր Հայաստանը ղեկավարում 2018-ի ապրիլյան իշխանափոխությունից հետո։ Նիկոլ Փաշինյանն իրենց համագումարում այս հարցի պատասխանը տվեց՝ առանց «իզմերի», ստացվում է՝ համարյա «իզգոյ»։ «Մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը, որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն։ Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք»,- հպարտ հայի երջանիկ դեմքով ասաց Նիկոլ Փաշինյանը։ Անգամ ամենազարգացած երկրներում, նույն հայ պաշտոնյաների նախընտրած ԱՄՆ-ում, ԵՄ-ում չի կարող մեկը կանգնել ու ասել, որ հստակ գաղափարախոսություն չունի ու հասնել իշխանության։ Սա աբսուրդ է։ Ընտրությունները լինում են կուսակցությունների գաղափարախոսությունների միջև, ինչի մասին Հայաստանում միշտ երազում էին։ Մինչդեռ տեղի ունեցավ լրիվ այլ բան. ոչ թե ժողովուրդը սկսեց գիտակցել, որ ընտրություն պետք է կատարի ծրագրերի ու գաղափարների միջև, այլ իշխանության եկած ուժը վերջ դրեց այդ երկընտրանքին՝ ոչ մի գաղափարախոսություն չդնելով իշխանական ուժի «տակ»։


Անշուշտ, կարծրացած գաղափարախոսություններն այլևս չեն աշխատում, դրանք ձևափոխվում են, ժամանակի շունչն ու արագությունն են վերցնում, բայց առանց գաղափարի հնարավոր չէ ինչ-որ բան ստեղծել, քանդել, բայց նաև նորը կառուցել։ Սակայն ամենապարադոքսալն այն է, որ մարդիկ ցանկանում են այսպիսի կուսակցությանն անդամակցել ու չունենալ մեկ հարցի պատասխան՝ ի՞նչ գաղափարի կրող են ուզում լինել։ ՔՊ վարչության նորընտիր ղեկավար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ՀՀ 8000 քաղաքացի ՔՊԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել։ Որևէ մեկն այդ քաղաքացիներից գիտի՞, թե հանուն ինչ գաղափարի է այդ ուժին հարելու։ «Մերժիր Սերժին» «կարծրացած գաղափարախոսությունը», ինչպես Փաշինյանը կասեր, այլևս գոյություն չունի, ուրեմն ինչի՞ են ձգտում այդ 8000-ը և մնացյալները։ ՈՒ այստեղ սահուն կրկին մտնում ենք ՀՀԿ-ի դաշտ։ Երբ նախորդ տարիների ընթացքում հազար ու մի խմբեր անդամակցում էին ՀՀԿ-ին, ամենևին էլ այդ կուսակցության պահպանողական գաղափարախոսության, նժդեհականության «մոլի» երկրպագուները չէին, նրանց ձգում էր իշխանության համն ու հոտը։ ՈՒ երբ մի օր ՀՀԿ-ն «թամբից» ընկավ, հանրապետականացված «խրձով» կուսակցականները մեկ օրում դարձան ՔՊ-ական։ Այս ճակատագիրը սպառնում է նաև ՔՊԿ-ին, սակայն մեկ տարբերությամբ` ՀՀԿ-ն «իզմեր» էլ ունի, դրա, թեկուզ փոքր, բայց կայուն հետևորդներ էլ, իսկ ի՞նչ է ունենալու ՔՊ-ն, եթե իշխանությունից զրկվի։
Ի վերջո, նաև անհասկանալի է, թե իշխանության բուրգում հայտնված մարդկանց այսօր ի՞նչն է միավորում, ի՞նչ տեսլական ունեն, բացի քանդելուոց այն ամենը, ինչը նախորդ տարիներին ստեղծվել է։ Այս դեպքում երիցս ճիշտ է Նիկոլ Փաշինյանը` գաղափարախոսություն դրա համար ամենևին էլ հարկավոր չէ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao