ReAnimania 2019
 

Պարոնայք իշխանավորներ, հավատացեք՝ սոցիալական ցանցերից դուրս նույնպես կյանք կա

Պարոնայք իշխանավորներ, հավատացեք՝ սոցիալական ցանցերից դուրս նույնպես կյանք կա
18.06.2019 | 00:32

Չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարման տարիներն ինչ անունով են մնալու պատմության մեջ, բայց ես ինձ համար դեռ մեկ տարի առաջ ընտրել էի «Facebook-ով կառավարողների իշխանություն» տարբերակը: Իշխանափոխությունից հետո և դրանից առաջ անզեն աչքով նկատելի էր՝ կառավարիչները ոչ միայն հասարակության, այլև միմյանց հետ շփելու լավագույն տարբերակը սոցիալական ցանցն են համարում: Կատակում, ծիծաղում, քննադատում, հեգնում, միմյանց ինչ-ինչ բաներ են «լսեցնում» առցանց տիրույթում:


Պետության կառավարման ծանր լուծը ստանձնելն անգամ չինովնիկներին չսթափեցրեց, ու մինչ այժմ նրանք առաջնորդվում են սոցցանցային տրամաբանությամբ՝ ով քանի «լայք» ու «սրտիկ» ունի: Օրերս «Իմ քայլի» Facebook-յան էջի կողմից ստեղծված հարցումը՝ «Գո՞հ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարումից, թե՞ ոչ», ասածիս վառ ապացույցն է: Հարցումը նախաձեռնողներն անակնկալի էին եկել, երբ Փաշինյանին անվստահության քվե էր տվել հարցվածների 54 տոկոսը: Չհամակերպվելով դաժան իրողության հետ՝ դարակազմիկ արդարացում էին գրել, թե, իբր, նախկին իշխանության կեղծ օգտատերերն են մասնակցել հարցմանն ու փչացրել պատկերը: Արդարությունը վերականգնելուց ու նախկինների կեղծ օգտատերերին «ասֆալտին փռելուց հետո» նոր հարցում էին կազմակերպել, ինչի արդյունքը, սակայն, ավելի ստորացնող էր եղել: Այս անգամ ընդամենը 2 ժամ տևած հարցմանը վարչապետի գործունեությունը բացասական էր գնահատել հարցվածների 60 տոկոսը: Կարճ ժամանակ անց երկու գրառումներն էլ հեռացվել էին էջից:


Facebook-ի «պատերը» լավագույնս կիրառողներից են պատգամավորները՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թևի: Վերջինիս ներկայացուցիչները հաճախ են իրենց էջերում որևէ նյութ տեղադրում ու հրապարակայնորեն քննադատում իշխանականներին: Նրանք էլ «շատ շնորհքով ներխուժում են», պատասխանում քննադատությանն, ու մեկնաբանությունների տարափի վերջը չի երևում: Օրերս մի գրառում տեսա. երկու պատգամավոր միմյանց կոռեկտության դասեր էին տալիս, հակադարձում, բանավիճում: Հետաքրքիր է, եթե այդ հարցերը խորհրդարանում քննարկել հնարավոր կամ պատեհ չէ, ապա էլ ինչո՞ւ են ԱԺ հասնում: Կարող են, չէ՞, միմյանց դեմ դիմաց կանգնել, ու քաղաքական գործչին հարիր կերպով բանավիճել: Ի՞նչ կարիք կա սոցիալական ցանցում իրար «միս ուտելու», եթե նույնը ոչ թե կարող ես, այլ պարտավոր ես անել մի վայրում, ուր հասարակությունն է քեզ գործուղել: Այլապես կարելի է ցրել խորհրդարանը, Facebook-ում համապատասխան խումբ բացել ու պառլամենտարիզմով զբաղվել: Ե՛վ էժան կստացվի, և՛ մանևրելն ավելի հեշտ կլինի: Կարևորագույն հարցերը տապալելու դեպքում էլ նորից հղում կանեն նախկին իշխանություններին կամ մութ ուժերին, ու կասեն՝ նրանց կեղծ էջերն են մեղավոր, որ մենք առաջընթաց չունենք և այլն:


Պատգամավորները, պաշտոնյաները, այո, պետք է հնարավորինս մոտ լինեն մարդկանց, նրանց հետ անմիջականորեն շփվեն բոլոր հարթություններում, բայց պետք է կարողանան տարանջատել՝ որտեղ ինչ ասել, ինչպես մեկնաբանել, ինչպիսի հայտարարությամբ հանդես գալ: Խորհրդարանական թիվ մեկ ամբիոնն ասմունքելու համար լավագույն վայրերից չէ, ինչպես, օրինակ, Facebook-յան հարթակը պատգամավորի իսկ բնորոշմամբ՝ «ինչ-որ նախարարի» գործունեությունը քննարկելու պատեհ միջավայր: Ի վերջո, քաղաքական գործունեությամբ զբաղվելը հանաք-մասխարա չէ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao