Yerevan Perspectives International Music Festival
 

ԱՄՆ-ում խուճապի պատճառները շատանում են

ԱՄՆ-ում խուճապի պատճառները շատանում են
18.06.2019 | 01:05

(Նախորդ մասը)

Այդ պատճառով հասկանալի է, որ Իրանի իշխանություններն առաջվա պես վճռականորեն են տրամադրված։ Արտգործնախարար Ջավադ Զարիֆն ապրիլի 24-ին հայտարարել է, որ «ԱՄՆ-ը հուսալի բանակցող չէ, քանի որ արժեզրկում է ինչպես միջազգային կանոնները, այնպես էլ ավելի վաղ ընդունած սեփական որոշումները», ավելացնելով, որ մայիսից իրանական նավթ ներմուծող ոչ մի երկիր պատժամիջոցներից չազատելու մասին Թրամփի քայլը «ոչ մի նշանակություն չունի»։ Թեհրանը հայտնել է, որ Վաշինգտոնի որոշումն Իրանը քննարկում է իր գործընկերների հետ։ Բանակցություններից հետո կհայտարարվի ընդհանուր որոշումը։ Ապրիլի 25-ին Նյու Յորքում Ջավադ Զարիֆը «Reuters» գործակալությանը հայտարարել է, որ Իրանը բախման չի ձգտում, բայց պաշտպանվելու է, որովհետև, թեև «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի ուզում պատերազմ սկսել Իրանի հետ, բայց կարող է բախման հասցնել». «Այսօր վարվող քաղաքականության մշակողները չեն ձգտում խնդիրները լուծելու բանակցությունների միջոցով, թույլ տվեք բացատրել, որ Իրանը չի ձգտում բախման, բայց կարող է պաշտպանել իրեն»։ Զարիֆը շարունակեց, որ Իրանը, ի պատասխան ԱՄՆ-ի վտանգավոր քաղաքականության, գործելու է զգուշորեն։ Նա որպես օրինակ նշեց այն, որ Իրանն առաջվա պես թույլ է տալիս, որ ԱՄՆ-ի ռազմանավերն անցնեն Հորմուզի նեղուցով։ Զարիֆն ԻՀՊԿ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անվանեց «դատարկ» և ընդգծեց, որ Իրանը չի պլանավորում հայելային ռազմական գործողություններ։ Ապրիլի 24-ին արդեն այաթոլահ Խամենեին հայտարարեց, որ ամերիկացիները ենթադրում են, թե շրջափակել են բոլոր ուղիները, բայց Իրանի ժողովուրդը և ղեկավարությունը կկարողանան դուրս գալ փակուղուց։

«Ամերիկացիները պետք է իմանան, որ թշնամությունն անպատասխան չի մնա, և նրանք կստանան իրենց գործողությունների համարժեք պատասխանը»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը՝ նշելով, որ Իրանի ժողովուրդը լուռ չի նստելու իր դեմ ուղղված թշնամական գործողությունների դեպքում։- Այսօր թշնամիները պնդում են, որ տնտեսական ճնշմամբ ցանկանում են ծնկի բերել Իրանի ժողովրդին, բայց մեր ժողովուրդն ինքը ծնկի կբերի նրանց»։ Նա նաև ասել է, որ նավթից իրանական տնտեսության կախվածության կրճատումը նույնիսկ ավելի լավ է Իրանի համար։


Նույն օրը նախարարների խորհրդի նիստում Իրանի նախագահ Ռոհանին հայտարարել է. «Վերջին 40 տարում ամեն օր ամերիկացիներն Իրանի դեմ նոր դավադրություն են հորինում, բայց միշտ անհաջողության են մատնվում»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը պարտվել է միջազգային, տարածաշրջանային, քաղաքական ու քարոզչական ասպարեզում, «իր նպատակներին չի հասնի նաև տնտեսական ասպարեզում, չնայած բնական է, որ ժողովուրդը խնդիրներ կունենա նրա ճնշման պատճառով։ Սակայն Իրանի ժողովուրդը լավ գիտի, որ չարագործների ապօրինի գործողություններին դիմադրելուց բացի այլ ճանապարհ չկա»։ Ապրիլի 25-ին Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի հետ հանդիպումից հետո, հայտարարել է. «Մենք վաճառել ենք մեր նավթը և կշարունակենք վաճառել։ Մենք կապրենք, և մեր ժողովուրդը ցույց կտա ԱՄՆ-ին, որ նա չի կարող Իրանի հետ պայմանավորվել ճնշում գործադրելով։ Միջազգային հանրությունը պետք է որոշի՝ համաձայնե՞լ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի հարկադրյալ խախտման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամի (ԱՄՆ-ի) որոշմանը, թե՞ խախտողին (Իրանին) պատիժ է սպառնում բանաձևին հավատարիմ լինելու համար։ Պատմության մեջ առաջին անգամ ոմանք բացահայտորեն սպառնում են պատժել որևէ երկրի, որը հավատարիմ է օրենքին։ Դրան պետք է արձագանքի միջազգային հանրությունը»։


Այս նախնական հետազոտությունից տեսնում ենք, որ Իրանը չի սարսափել, Չինաստանն ու Ռուսաստանը չեն սարսափել, այսինքն Իրանի դաշնակիցներն ու բարեկամներն անհողդողդ են, և նույնիսկ Վաշինգտոնի դաշնակից մի քանի արևմտյան պետություններ խուճապի մեջ չեն։ Խուճապի մեջ են, հիմնականում, միայն ԱՄՆ-ը, Իսրայելը, մեկ էլ՝ Սաուդյան Արաբիան։ Եվ պարզ է, թե ինչու. մի շարք իրադարձություններ, սկսած մոտավորապես 2019 թ. ապրիլի կեսից, վհատեցրել են հակաիրանական ուղեգծի կողմնակիցներին և ստիպել վերանայելու Իրանի վրա ճնշում գործադրելու նախկին սխեմաները, որովհետև Իրանի ժողովրդի հիմնական զանգվածի կողմից սեփական ղեկավարության, ինչպես նաև զինված ուժերի և ԻՀՊԿ-ի պաշտպանության մակարդակն ու աստիճանը աննախադեպ էին։ Դա ցույց տվեց, որ սիոնիստների և ամերիկացի «նոր պահպանողականների» այն հաշվարկները, թե «ձվերի թանկացման» կամ «ժողովրդավարության պակասի» պատճառով զանազան խռովություններ կլինեն, Իրանում գրեթե չգործեցին։ Ավելին, սիոնիստները և ԱՄՆ-ի վերնախավը հասկացան, որ դատարկ շաղակրատանքով Իրանում ոչ մեկին «չես առնի», որովհետև այնտեղ հիանալի են հիշում 2018 թ. մայիսի 12-ի մի հրապարակում, որում իրանցի հայտնի պատմաբան և ռադիոհաղորդավար Խոսրով Մոթազեդն ասել էր, որ «այբուբենում» այսպիսի տառ կա՝ «Իրանը յոթ անկախ պետության բաժանելու ամերիկյան ծրագիր»։


Բայց դա վախի միայն առաջին պատճառն է. բոլորովին նոր ռազմավարության ու մարտավարության մշակման համար կատարվելիք անխուսափելի ծախսերի վախը, քանի որ ավելի վաղ կիրառված սխեմաները (ասենք, Հարավսլավիայում, ՈՒկրաինայում, Ղրղզստանում կամ նույնիսկ Հայաստանում) Իրանում չեն գործում։ Չէ՞ որ նոր պլան է պետք, թե ինչպես կարելի է հաղթահարել ու թունավորել «զինյալ ժողովուրդ» անվանումով հանրության բոլոր անդամների գիտակցությունը։ Իրանում հենց այդպես է. «Բասիջ» ժողովրդական աշխարհազորը, ըստ էության, ԻՀՊԿ-ի հինգերորդ տարրն է։ Այնպես որ, ԻՀՊԿ-ն «ահաբեկչական» անվանելով, Թրամփն ակամա «ահաբեկիչ» է անվանել նաև տասնյակ միլիոնավոր իրանցիների, որոնք «Բասիջի» աշխարհազորում են։ Ըստ էության՝ ողջ երկիրը։ Եվ երկիրը բողոքում է, բավարարություն է պահանջում վիրավորանքի համար, որովհետև տեսնում է, որ ԱՄՆ-ը և սիոնիստները բացահայտորեն անտեսում են այն հանգամանքը, որի մասին հիշեցրել է Մարիա Զախարովան. «Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա այն հնագույն, ոչ, ոչ թե մշակույթ, այլ քաղաքակրթություն է, պաշարներով հզոր, ժողովրդավարության իր պատմությունն ունեցող պետություն է, որն աշխարհին և մարդկությանը բազմաթիվ նվաճումներ է տվել»։ Ո՛չ սիոնիզմը, ո՛չ ամերիկանիզմը չունեն նման առավելություն՝ արժեքների սեփական սանդղակով հնագույն քաղաքակրթություն չեն։ Դրանից էլ հուսահատվում ու խուճապի մեջ են ընկնում։ Իսկ մայիսի 31-ին, երբ Իրանի գրեթե հազար քաղաքում նշվում էր Ալ Կոդս օրը (Երուսաղեմի օրը), իրանցիների հակասիոնիզմն ու հակաամերիկանիզմը գերազանցեցին ամենաբարձր սպասումները։ ԱՄՆ-ը և համաշխարհային սիոնիզմը ոչնչի վրա չեն կարող հույս դնել. նրանց, ովքեր տասնամյակներով ցանկացել են Իրանը ոչնչացնել «յոթ անկախ պետության բաժանելու» ամերիկյան ծրագրով, միշտ ատելու են։


Ամերիկացիների ապրումների այլ պատճառ էլ կա։ Ապրիլի 19-ին Թեհրանից արված մի քանի հայտարարություններից հետո ԱՄՆ-ում խիստ ցնցվեցին։ Իրանի հետախուզության և տեղեկատվության նախարար Սեյեդ Մահմուդ Ալավին այդ օրը հայտարարեց, որ Իրանի հակահետախուզությանը հաջողվել է հայտնաբերել և վնասազերծել ԿՀՎ-ի լրտեսական ցանց. «ԱՄՆ-ի ԿՀՎ-ի դեմ բարդ գործողության ընթացքում բացահայտվել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Իրանում, 290 գործակալներից բաղկացած նրա լրտեսական ցանցը»։ Ինչպես նշել է Ալավին, «ԿՀՎ-ի լրտեսական ցանցի» մասին տեղեկությունը տրամադրվել է այլ երկրների, ինչը «հանգեցրել է ամերիկյան արտաքին հետախուզության մի քանի գործակալների ձերբակալման»։ «Այդ երկրներում ԿՀՎ-ի գործակալները ճանաչվել ու ձերբակալվել են, իսկ ԱՄՆ-ի հետախուզական գործակալության շփումները նրա աղբյուրների հետ այնպես են խախտվել, որ ԱՄՆ-ում կոմիտե է ստեղծվել այդ տապալումը գնահատելու համար»,- ասել է Ալավին։ Իրանական հատուկ ծառայությունները համանման հարված են հասցրել բրիտանական MI-6 արտաքին հետախուզության ծառայությանը՝ ավելացրել է Ալավին։ Ըստ նրա, այդ երկու գործողության մանրամասները հանրությանը կներկայացվեն մոտակա ժամանակներս։ 2018 թ. մարտից մինչև 2019 թ. մարտը հակահետախուզության մարմինները Իրանի ներքին անվտանգության մյուս ծառայությունների հետ բացահայտել ու չեզոքացրել են 114 ահաբեկչական խումբ, 116 ծայրահեղական և անջատողական բջիջ, թմրավաճառների 380 խումբ։ Ալավին հայտնել է, որ իր ղեկավարած նախարարությունը պաշտպանական հակահետախուզությունից անցել է հարձակողական գործողությունների, որոնց մանրամասները կհրապարակվեն առաջիկայում. «Իրանը հաջողությամբ պաշտպանում է իրեն ահաբեկչության տարածումից և օտարերկրացիների կողմից օժանդակվող բախումներից իր հետախուզության ու անվտանգության ուժերի բարձր զգոնության շնորհիվ»։


Համաձայնենք, որ եթե նախարար Ալավիի ասածը ճշմարիտ է ու հաստատվում է և՛ փաստերով, և՛ ֆիզիկապես (ասենք, ԱՄՆ-ի և Անգլիայի հատուկ ծառայությունների գոնե 20 ձերբակալված գործակալ ցուցադրվի աշխարհին), ապա Վաշինգտոնում Թրամփը, Փոմփեոն, Բոլթոնը և այլք հաստատ խուճապի պատճառ կունենան։ Չէ՞ որ նրանք 1941-45 թթ. ռազմական հետախույզներ չեն, փողից բացի այլ բանի մասին չեն մտածում և կենդանի մնալու խնդիր ունեն։ Այնպես որ, և՛ ԿՀՎ-ի, և՛ MI-6-ի (չենք բացառում՝ նաև Իսրայելի հատուկ ծառայությունների) մշակումների վերաբերյալ խիստ արժեքավոր և «խիստ գաղտնի» տեղեկույթի որոշակի մաս արդեն ուսումնասիրվում ու վերլուծվում է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում (ԱԱԲԽ), այսինքն այաթոլահ Խամենեիի և Իրանի բոլոր բարձրաստիճան անձանց ու իշխանության ինստիտուտների կողմից։ Իսկ արդի աշխարհում գործում է այսպիսի կանոն. տեղեկացված ես, ուրեմն զինված և պատրաստ ես։ Այսպիսով, եթե որևէ մեկն Արևմուտքում, Իսրայելում կամ էլ ինչ-որ այլ տեղ կասկածում էր իրանական հակահետախուզության, առավել ևս իրանական ռազմական հետախուզության, իրանական զինված ուժերի և ԻՀՊԿ-ի պատրաստության աստիճանին ու մակարդակին, ապա նախարար Ալավիի հաշվետվությունից հետո, մեր կարծիքով, ահն ու խուճապը պետք է ոչ թե պարզապես պատեին Թրամփին, Բոլթոնին ու նրանց նմաններին, ահը պետք է հաստատվեր նրանց ուղեղներում ու արյունատար անոթներում։ Եվ որպես դրա արձագանք՝ ևս մեկ խուճապահար հակաիրանական քայլ. ապրիլի 23-ին Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն (ի դեպ, ծագումով քուրդ) հայտարարեց. «Իրանից նավթի արտահանման զրոյացումը ԱՄՆ-ի ու սիոնիստների կապույտ երազանքն է։ ԱՄՆ-ը և նրա տարածաշրջանային դաշնակիցները նավթն օգտագործում են որպես քաղաքական զենք, բայց դա, վերջին հաշվով, հենց իրենց է վնասելու»։ Իզուր չէ, որ արտգործնախարար Ջավադ Զարիֆը «Թվիթերում» գրել է. «Իրանցիների դեմ տնտեսական ահաբեկչության ծավալումը վկայում է ԱՄՆ-ի վարչակազմի խուճապն ու հուսահատությունը և նրա հանցակիցների շարունակական անհաջողությունները»։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao