Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞վ և ինչո՞ւ վրեժ լուծեց Սասուն Միքայելյանից

Ո՞վ և ինչո՞ւ վրեժ լուծեց Սասուն Միքայելյանից
19.06.2019 | 13:22

«Փաստը» գրում է. «Սասուն Միքայելյանը, ով 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ռեյտինգային թեկնածուների առաջատարն է հավաքած ձայների առումով, իշխող ՔՊ-ում չընտրվեց վարչության կազմում։ Սա արտառոց երևույթ է հայկական քաղաքական իրականության մեջ, ու շատ դժվար է մարդկանց համոզել, որ դա հնարավոր էր՝ առանց ուղղորդվող քվեարկության, մանավանդ, որ ՔՊ-ում վարչության անդամների քարոզաշավը մեկ ամսից ավելի է տևել, ու այդ ընթացքում կուսակցության փաստացի առաջնորդը կամ նրա մերձավոր շրջապատը կարող էին թեկուզև անուղղակիորեն ցույց տալ իրենց կադրային նախապատվությունները ու նաև վերաբերմունք ձևավորել «անցանկալիների» հանդեպ։ Տարածված կարծիքի համաձայն՝ Սասուն Միքայելյանին չի ներվել Աբովյանի ընտրությունների «պարտությունը», այլ խոսքով՝ այն հանգամանքը, որ նա չի սատարել ՔՊ թեկնածուին, ինչն էլ իբրև թե դարձել է վերջինիս պարտության պատճառը։ ՔՊ-ում այս վարկածը կատեգորիկ հերքում են։


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս առիթով նախօրեին ասել է. «Ինչի՞ համար եք ամեն ինչի մեջ 7 հարկանի պատճառների ու կոնսպիրալոգիաների մեջ մտնում: Բոլորս սովոր ենք պատճառներ տեսնել։ Բայց եղել է ընտրություն, 51 թեկնածու դրել են իրենց թեկնածությունը, մարդիկ մտել են գաղտնի քվեարկության, նախապես եղել է քարոզարշավ։ Հետո հաշվարկել են քվեաթերթիկները, պարզվել է, որ 21 մարդ է ավելի շատ ձայն ստացել։ Այստեղ վիրավորական բան կա այն առումով, որ երբ ասում եք՝ «չեք կարծո՞ւմ, որ Աբովյանն էր պատճառը», դա նշանակում է, որ այս ընտրության արդյունքը կանխորոշված է ինչ-որ իքս մարդու կողմից, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից: Եվ քանի որ ինչ որ պահի չի գոհացրել Նիկոլ Փաշինյանի կամ այլ խմբի, ինչպես ասում են «особо приближенный к императору», որոշել ենք՝ Սասուն Միքայելյանը չպիտի լինի ու ասել ենք, որ սենց պիտի քվեարկեք»։
ԱԺ նախագահը հորդորեց վերջ դնել նման խոսակցություններին և փոխարենն իրենց մի քիչ օգնել նոր Հայաստանի մշակույթը ձևավորելու հարցում։


Անկեղծ լինեմ՝ Միրզոյանի փաստարկները համոզիչ չեն, որովհետև ՔՊ-ում խարիզմատիկ գործիչների առատություն չկա, որը բնական կդարձներ կուսակցությունում հեղինակություն ունեցող Միքայելյանի պարտությունը։
Հետո՝ էլի եմ կրկնում, կուսակցության ներսում մշակվել է վարչության անդամների ընտրության բազմաշերտ ընթացակարգ, որն արտաքուստ ժողովրդավարական է, սակայն միջամտության սողանցքներ է ստեղծում կուսակցության առաջնորդի ու նրա շրջապատի համար։ Այս ամենը հուշում է, որ ՔՊ-ում տեղի է ունեցել ներկուսակցական «վեթինգ», որի զոհերից մեկը հենց Սասուն Միքայելյանն է, իհարկե՝ չենք բացառում, որ եղել են ավելի խորքային պատճառներ, ու Աբովյանը միայն առիթն է։


Մենք շատ ենք ուզում, որ Հայաստանում ձևավորվի քաղաքական նոր մշակույթ ու այդ հարցում, անշուշտ, կօգնենք իշխանություններին, ինչպես հորդորել է Արարատ Միրզոյանը, եթե գոնե տեսնենք այդ «նորի» սաղմերը։
ՔՊ-ի համաժողովը դրա հնարավորությունն ամենևին էլ չի տվել, հակառակը՝ ձևավորվել է մի վարչություն, որն, ըստ էության, գործադիր իշխանության կցորդն է կամ դրա քաղաքական քողածածկույթը։ Ու այս իրավիճակում զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը տուրք է տալիս ժողովրդավարության ֆորմալիստական կողմին ու հրաժարվում է կուսակցության վարչության ղեկավարի պաշտոնից։


Եվրոպական խորհրդարանական համակարգերում հենց կուսակցության ղեկավարն է վարչապետի թեկնածուն կամ գործող վարչապետը նաև կուսակցության առաջնորդն է, ինչը, ի դեպ, հենց դասական քաղաքական մշակույթի դրսևորում է։ Եթե ՔՊ-ն շեղվում է դասական քաղաքականությունից ու հավակնում է «նոր հեծանիվ» հայտնագործել, մեղմ ասած, հիասթափեցնեմ՝ հեղափոխության թիմը նման քաղաքական ու մտավոր պոտենցիալ ամենևին էլ չունի ու նրա «առանձնահատկությունը» հերիքեց, որ մերժվեն «իզմերը» կամ գաղափարախոսությունը, ինչը հակաքաղաքական մոտեցումների դրսևորում է»:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ