Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ձանձրալի կատարողական

Ձանձրալի կատարողական
21.06.2019 | 00:49

Երբևէ խորհրդարանն այսքան կիսամեռ վիճակում բյուջեի կատարողական չէր քննարկել, ինչպես այս շաբաթ։ Փաշինյանի կառավարության 2018-ի պետական բյուջեի կատարողականը, առանց որևէ լուրջ քննադատության, 94 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց։ Այս քննարկումներն էլ ապացուցեցին, որ երկրի ֆինանսական թիվ մեկ փաստաթղթի հաշվետվությունը ոչ մեկին հետաքրքիր չէ, անգամ սեփական թիմի անդամներին (վերջիններս չգիտեին՝ ձանձրույթից ինչ անեն)։ Կառավարությունն անգամ հատուկ առանձնացրել ու գրքույկ էր տպել՝ «100 փաստ՝ նոր Հայաստանի մասին»։ Սրանք այն «դարակազմիկ» փաստերն էին, որոնց մասին Փաշինյանն իր վերջին ասուլիսում խոսել էր։ Հատուկ ծրագրով անգամ հեռախոսը հնարավոր է պահել գրքույկի վրա և Փաշինյանն անձամբ ձեզ կպատմի իր 100 փաստերի մասին։ Ի դեպ, պատգամավորների առջև դրված այդ գրքույկը ոչ մեկի ուշադրությանն այդպես էլ չարժանացավ։


Իսկ բովանդակային առումով պարզապես զավեշտ էր այս քննարկումը։ Հոգնած դեմքերով հեղափոխական կառավարության անդամներն իրար հաջորդելով խոսում էին, սակայն ու՞մ էր դա ընդհանրապես պետք. ոչ ոք չէր լսում։ Ընդդիմության պահվածքն էլ բացարձակ անհասկանալի էր, տպավորություն էր, թե այս խորհրդարանում ոչ մի ընդդիմադիր չկա։ ԲՀԿ-ն ողջ շաբաթ բացատրում էր, թե ոստիկանության ծանուցագիրը ինչու պատռեց, կարող էր Այվազովսկու նկարի կողքը «ռամկայով» կախել, ԼՀԿ-ն էր չգիտեր ինչպես վարվի սեփական անդամների ծայրահեղ տարբեր դիրքորոշումների հետ. իշխանական պատգամավորները կարող էին նախանձել, թե ԼՀԿ-ի որոշ պատգամավորների ելույթները որքան «իշխանասեր» էին։


Եվ այսքանից հետո էլի հայտնի գրքույկի մասին. փաստերի թվարկումն ավարտվում է բավական «հուզիչ» ամփոփմամբ. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ՀՀ վարչապետին հարց տալու հնարավորություն ունի, ինչն արտահայտվում է ֆեյսբուքյան հարցուպատասխանի և անմիջական շփումների, հանդիպումների միջոցով»։ Իսկապես լավ է, որ երկրի վարչապետը քաղաքացիներին հասանելի է, բայց քաղաքացու համար առավել էական է, որ ոչ թե վարչապետին հասնեն իր հարցերը, այլ որ դրանք լուծվեն։ Այլապես ստացվում է՝ մեկի օրոք «օձն իր պորտով, հավքն իր թևով» չէր կարող հասնել վարչապետին, իսկ մյուսի դեպքում կարող ես անձամբ հարցերը հասցնել վարչապետին։ Սա՞ է լուրջ ձեռքբերումը։ Մինչդեռ երկուսի պարագայում էլ դրանք մնում են օդում կախված։ Հիմա ո՞րն է կարևոր՝ ձև՞ը, թե՞ բովանդակությունը։ 100 փաստին չենք անդրադառնա, դրանք տարբեր առիթներով քննարկվել են, այս առումով պարզապես հիշեցի վերջերս լսած զավեշտալի մի պատմություն։ Հայտնի է, որ որպես «նվաճում» գրքույկում Փաշինյանը ներկայացրել է նաև ամուսնությունների ավելացումն ու ամուսնալուծությունների կրճատումը։ Այս առնչությամբ մի դրվագ համայնքային կյանքից. բնակիչներից մեկին հարցնում են՝ լա՞վ է աշխատում ձեր գյուղապետը, ասում է. «Հա՜, էս տարի մեր գյուղում լիքը երեխաներ են ծնվել»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ