ReAnimania 2019
 

Ընտրությունները Հայաստանում երբեք էլ գաղափարական չեն եղել

Ընտրությունները Հայաստանում երբեք էլ գաղափարական չեն եղել
25.06.2019 | 00:49

Իշխող ուժը նախորդ շաբաթ Տավուշի մարզում երկրորդ բիզնես ֆորումն էր նախաձեռնել: Թեև հասկանալի չէ, թե այդ ֆորումներն ինչ են տալիս Հայաստանին, բայց պարզից էլ պարզ է, որ դրանց ժամանակ իշխանության վերնախավի ներկայացուցիչները, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տնտեսական հեղափոխության մասին սեփական պատկերացումներն ու իդեալները ներկայացնելու հիանալի առիթ են ունենում:

Գաղափարական տեսանկյունից դրանք հիմնականում ընդունելի են, հարցն այն է, որ իրականության մեջ այդ գաղափարները բյուրեղացնելն է դժվար, չնայած համապատասխան կամք լինելու դեպքում ոչ կարճ ժամանակահատվածում դրանք կարելի է իրականություն դարձնել: Տավուշում, օրինակ, Փաշինյանը խոսել է աշխատանքից բավարարվածություն ստանալու, առանց ընտրակեղծիքի ընտրությունների և այլ թեմաների մասին: «Եվ ինքը (ընտրողը- Ս. Վ.) հաղթել է հուսահատությանը, հաղթել է քուչային, որ պետք է ընդունված տրամաբանության համաձայն պպզեր և սպասեր, թե ով պետք է գա, իրենց առաջարկի` ներգրավվել ընտրակեղծարարների կրիմինալ թիմում, նա հաղթել է այդ իրականությանը»,- ասել է նա: Փաշինյանի ասածի մեջ, ցավոք, մեծ անճշտություն կա. ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներն առանց քուչայի տրամաբանության ընտրություն կատարելը, ցավոք սրտի, չեն հաղթահարել, ու չեն հաղթահարի այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ջնջվել իրենց ուղեղից ու առօրյայից: Քրեաօլիգարխիկ անհատները, այո, գուցե չեն խառնվում ընտրություններին, բայց «քուչայի» վառ ներկայացուցիչներն անում են իրենց սև գործը, ու դա միայն իշխող ուժին չէ բնորոշ: «Լավ տղերքի» շնորհիվ ցանկալի արդյունքներ են գրանցում, բայց վաղ թե ուշ բոլորն էլ արած լավության պատասխանն են ակնկալում: Այդ ամենի հետևանքով տուժում է հասարակությունը, որ հերթական անգամ ընտրություն է կատարում «քուչի» թելադրանքով: Ընտրությունները Հայաստանում երբեք էլ գաղափարական չեն եղել ու չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ մարդկանց մտածելակերպը չի փոխվել: Քանի դեռ մարդ ընտրում է որևէ մեկի հորդորով, ցուցումով կամ «խաթեր համար», ազատ ու արդար ընտրությունների մասին խոսելն ուղղակի միֆ է: Ինչքան էլ նոր կառավարիչները խոսեն քուչայական մոտեցումը մերժելու մասին, այն կա, առկա է, և իրենցից շատերն առաջնորդվում են հենց այդ տրամաբանությամբ: Մեր օրերում, փաստորեն, ոչ թե մարդն է հաղթել «քուչային», այլ «քուչան» է «հեղափոխական արժեքներ» ձեռք բերել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao