«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

«Արցախի ղեկավարության հետ Երևանի խոսելաձևն անթույլատրելի է»

«Արցախի ղեկավարության հետ Երևանի խոսելաձևն անթույլատրելի է»
25.06.2019 | 01:27

2019 թ. հունիսի առաջին օրերից Հայաստանի և Արցախի հասարակության առանց բացառության բոլոր խավերն ապշած էին այն ատելության մակարդակից, որն Արցախի իշխանությունների հասցեին իր հայտնի մեղադրանքներում հնչեցնում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես չեմ մեջբերի Փաշինյանի անհիմն ու տրամաբանական ամենաչնչին հատիկից զուրկ այն պնդումները, որոնք վերաբերում էին պաշտոնական Ստեփանակերտի հետ նրա հարաբերություններին։ Այո, Նիկոլ, հենց պաշտոնական Ստեփանակերտի, որովհետև քո «քաղաքական կնքահայրը, ՀՀՇ-ի, իսկ այժմ ՀԱԿ-ի պարագլուխը այնպես է սահմանել, որ Հայաստանի Սահմանադրության մեջ ոչ մի հիշատակում չկա, որ Արցախը Հայաստանի մարզ է, ոչ թե անկախ ինքնիշխան հանրապետություն։ Եվ եթե գոնե 1 %-ով իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ Հայաստանի կառավարությունը, հրաժարվելով պաշտոնական Ստեփանակերտին ֆինանսական միջոցներ հատկացնելուց, ցանկացել կամ ցանկանում է հասնել ԼՂՀ-ի բարձրագույն պաշտոնյաների հրաժարականների, ապա եկեք ազնվորեն եզրակացնենք, որ Երևանում իշխանությունն ադրբեջանամետի, թրքամետի ձեռքին է։ Ոչ միայն մայրաքաղաքի փողոցները, այլև ողջ համացանցն է լի հերյուրանքներով ու ասեկոսեներով։ Դրա համար էլ պնդում եմ, որ երբ ստանանք այդ ասեկոսեների ապացույցները՝ Հայաստանի կառավարությունից, թե Արցախի պետական ղեկավարությունից, այդ ժամանակ էլ վերջնականապես կգնահատենք, թե ով է կառավարում Հայաստանը: Ճիշտ է, եղել է Հայաստանի ֆինանսների նախարարության, մեղմ ասած, վստահություն չներշնչող մակերեսային հերքումը, թե իբր բոլոր միջոցները ժամանակին փոխանցվում են։ Բայց ես խոսում եմ ոչ թե անհիմն հերքման կամ հաստատման, այլ փաստաթղթային ապացույցների մասին, ասենք՝ այդ միջոցների «առձեռն» փոխանցման փաստաթղթերի կամ Երևանի ու Ստեփանակերտի միջև համապատասխան գործառնության գրավոր կամ էլեկտրոնային հաստատման։


Բայց ես ողջ Հայաստանին խորհուրդ եմ տալիս, որ լավ հիշեն Արցախի նախագահ Բակո Սահակյանի պատասխանի բառերը։ «Արցախպրես» գործակալության և «Ազատ Արցախ» թերթի հետ հարցազրույցում նա հայտարարեց, որ անթույլատրելի է համարում Արցախի և Հայաստանի միասնության խախտմանն ուղղված ցանկացած քայլ, լինի Արցախի, Հայաստանի թե Սփյուռքի կողմից։ Այդ վերապահումը պատահական չէ։ Մի՞թե Սփյուռքի ներկայացուցիչները չէին Հայաստանի քաղաքացիներիս վզին փաթաթում «նիկոլյան հեղափոխության» բախտաբերության մասին մտքերը։ Միայն բավական ուշ Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ սկսեցին մի կողմ նետվել «դուխով» հայությունից, իսկ սկզբում նրանք փրփուրը բերանին մեզ քարոզ էին կարդում հօգուտ Փաշինյանի և նրա թիմի։ Այնուհետև Արցախի նախագահը հաստատեց ավելի վաղ արած հայտարարությունը, որ եթե դավադիրներ կան, ապա կպատժվեն, «և եթե որևէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք և դավադրությունն ապացուցող փաստեր, թող հայտնեն մեզ, և մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք»։ Սահակյանը մեկնաբանեց նաև Փաշինյանի այն հայտարարությունը, թե իբր Արցախի իշխանությունները տեղյակ չեն եղել բանակցային գործընթացից մինչև իր կողմից նրանց համապատասխան փաստաթղթերի որոշ փաթեթ տրամադրելը։ «Վերջերս Հայաստանի վարչապետը մեզ որոշ փաստաթղթեր տրամադրեց բանակցային գործընթացի վերաբերյալ։ Մենք, մեր հերթին, վարչապետին հանձնեցինք մեզ մոտ եղած փաստաթղթերը նույն գործընթացին վերաբերող»,- ասաց Սահակյանը։ Նա հատկապես ընդգծեց, որ նախկինում էլ Հայաստանի իշխանությունները միշտ Արցախի ղեկավարությանը տեղյակ են պահել կարգավորման գործընթացի բոլոր նոր զարգացումներին ու քննարկվող հարցերին. «Եվ հիմա, և անցյալում, Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ և հետո, Հայաստանի իշխանությունը Արցախի ղեկավարությանը տեղյակ է պահել քննարկվող հարցերի և վերջին զարգացումների մասին։ ՈՒզում եմ ընդգծել, որ սպեկուլյացիաների բացառման համար լավագույն և գուցե միակ հնարավորությունը Արցախի անմիջական մասնակցությամբ ձևաչափի լիարժեք վերականգնումն է»։


Ամփոփելով՝ Բակո Սահակյանը հակաառաջարկ արեց Փաշինյանին. «Եթե կասկածներ, անվստահություն կան այս կամ այն երևույթի, անձի, պաշտոնյայի առնչությամբ, ապա կարևորում եմ բոլոր խնդրահարույց հարցերի քննարկումը փոխադարձ հարգանքի մթնոլորտում և ընդհանուր հայտարարի գալը։ Մեր հայրենիքը մեկն է, և մեր ընդհանուր պարտքն է ամեն ինչ անել նրա միասնությունը պահպանելու համար»։ Առայժմ հայտնի չէ, թե Փաշինյանն ինչպես է արձագանքել Սահակյանի հստակ ու կոշտ առաջարկներին։ Բայց հանրությանն անհիմն մեղադրանքներ հասցնելն ու աղմկարարությունը կարծես թե դադարեցրել է։ Իսկ ու՞ր մնացին «կոնկրետ անձինք», «դավադրությունն ապացուցող փաստերը», ներողություններն այն կեղծիքի համար, թե իբր նախորդ իշխանություններն Արցախին տեղյակ չեն պահել բանակցությունների ընթացքի մասին։
Տեսնելով Փաշինյանի այս «բանավոր մենամարտը» Փաշինյանի և Սահակյանի միջև՝ ի՞նչ պետք է մտածեն Հայաստանի և Արցախի շարքային քաղաքացիները։ Հենց այս հարցի մեջ են և՛ Երևանի, և՛ Ստեփանակերտի ողջ քաղաքական օրակարգի պատասխանները։ Այն, ինչ տեղի է ունենում Ստեփանակերտում և Ստեփանակերտի շուրջը, մշտապես աշխարհի ողջ հայության ուշադրության կենտրոնում է։ 2018-ից ինչքան էլ ջանում են «ասֆալտի հեղափոխականները», մեկ է՝ նրանց «հեղափոխությունը» և նրանք չեն Հայաստանի մտահոգության առարկան, այլ Արցախը և «Հայ դատը»։ Ինչու՞ է այդպես։ Թեկուզ հենց այն պատճառով, որ, ինչպես այս տարվա մայիսի վերջին կիրակնօրյա քարոզում հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, «Արցախի հարցում ցանկացած զիջում անընդունելի է Հայաստանի անկախության համար։ Արցախը գրավված տարածք չէ, այլ մեր հերոսների արյան գնով վերադարձված հարազատ հող։ Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի իրականացումը կսկսվի Արցախի ու Հայաստանի վերամիավորումից»։


Որոշեցի հունիսին հիշեցնել այդ բառերը, որ Հայաստանի ներկայիս կառավարողները սթափվեն և չշարունակեն ժողովրդի «գլուխը մտցնել», թե «պերմանենտ հեղափոխություն» է ընթանում։ Ի դեպ, պերմանենտ (անընդմեջ, անընդհատ) հեղափոխության գաղափարի հեղինակը հայ ժողովրդի չարագույն թշնամի, ԱՄՆ-ի և ամերիկյան սիոնիզմի հրեա գործակալ Լև Տրոցկին է, նույն ինքը՝ Լեյբ Բրոնշտեյնը։ Նա նաև «Կարմիր Արևելքի» միջոցով «կարմիր հեղափոխությունը» տարածելու գաղափարի հեղինակն է, ինչը բոլշևիկները ենթադրում էին անել «Կարմիր Թուրքիայի» միջոցով։ Դրա համար նրանք Խորհրդային Ռուսաստանում ապաստան տվեցին հանցագործ երիտթուրքերի, որոնց գլխավորում էին հայերի, հույների, ասորիների ու եզդիների այնպիսի դահիճներ, ինչպիսիք էին Էնվերը, Ջեմալը, Խալիլը, Ալի Ֆուադը և ուրիշներ։ Հանուն «Մեծ Թուրքեստանի» ստեղծման երիտթուրքերն անցան բասմաչյան շարժման գլուխ, այնուամենայնիվ, բոլշևիկները նորից սիրեցին պանթուրքիստի, այս անգամ՝ «նախկին երիտթուրք» Մուստաֆա Քեմալին։ Նա էլ վերջում հիմարացրեց բոլշևիկներին։ Եվ հայ ժողովուրդը, ի շահ սիոնիստ Տրոցկու գաղափարի, կորցրեց Նախիջևանը, Ղազախի գավառը, Արցախը...
Այս հիշեցումները պետք են նախ և առաջ Հայաստանի ներկայիս կառավարողներին։ Թուրքերի, առավել ևս՝ դյոնմե թուրքերի հետ ցանկացած մերձեցում խիստ վտանգավոր է։ Նրանց հետևում, ինչպես 1915-23 թթ., նույն համաշխարհային սիոնիստական շրջանակներն են։ Արամ Ա կաթողիկոսը հիշեցրեց, որ Հայաստանի վերածնման սկիզբը կլինի Արցախի և Հայաստանի Հանրապետության վերամիավորումը։ Եվս մեկ կարևորագույն պայման նա համարեց հայ ժողովրդի միասնությունը, իսկ այդ միասնության առանցքն են Հայաստանը և Արցախը։ Դա է այն ճանապարհը, որը մեր հայրենիքը և ժողովրդին կտանի դեպի ամրապնդում, բարգավաճում և հավերժություն, ընդգծել է Արամ Առաջինը։
Ես մի փոքր ճշտեմ Պատրիարքի խոսքը։ Հայրենիքի շահերն ինքնաբերաբար նշանակում են ազգի շահերը, որովհետև մեր ազգի բարձրագույն շահը վաղուց հայտնի կարգախոսն է. «Ազատ, անկախ և միացյալ Հայք»։ Դա նույնիսկ կարգախոս չէ, այլ վերածնման ազգային ծրագիր է, որից, ցավոք, 1991-ից սկսած, զգալիորեն հեռացել են Հայաստանը և հայերը։ Այդ պատճառով ես հավասարեցնում եմ Արամ Առաջինի մայիսի 28-ին հնչեցրած պատգամը և «Ազատ, անկախ և միացյալ Հայք» կարգախոսը։ Բայց այսօր, և դա Արամ Առաջինը գիտի առաջին աղբյուրներից, քանի որ Արցախում գործում է ՀՅԴ-ի «սեփական» տարածքային կենտկոմը, Արցախի և Հայաստանի վերամիավորման ճանապարհը պանթուրքիզմի պարտությանը հասնելն է և Ադրբեջանին ու նրա սիոնիստ հովանավորներին ստիպելը, որ ճանաչեն Արցախի անկախությունը։ Այլ ճանապարհ չկա, եթե մենք առաջվա պես համարում ենք, որ հակամարտության՝ կարգավորման Հայաստանին ձեռնտու միակ միջոցը խաղաղ բանակցություններն են։ Իսկ եթե մենք ողջ ազգով հանկարծ որոշենք գնալ պատերազմի ուղիով, ապա... Լսու՞մ եք, «իմքայլականներ» «սասնածռականներ», դուք պատերա՞զմ եք ուզում։ Բայց պատերազմի կամ խաղաղության հարցը կատակ չէ, և կատակ չէ այն հարցը, թե Հայաստանը և Արցախը կմնա՞ն անկախ, թե՞ կդառնան ԱՄՆ-ի ու սիոնիզմի հերթական գաղութները։ Ժամանակն է, որ մտածենք որպես տղամարդ, ոչ թե որպես օտար պետությունների ծառաներ կամ մանկապարտեզի սաներ...


Սակայն համախմբման փոխարեն տեսնում ենք հիվանդագին ինքնասիրության դրսևորման օրինակներ, հատկապես Երևանի կողմից Արցախի ղեկավարության նկատմամբ։ Եվ եթե այնպիսի մարդ, ինչպիսին ՀՅԴ բյուրոյի անդամ զգուշավոր ու զուսպ Կիրո Մանոյանն է հունիսի 12-ի ասուլիսում խոստովանել, որ Հայաստանի և Արցախի միջև լարվածություն գոյություն ունի, և Երևանն ու Ստեփանակերտը դուրս են եկել երկկողմ լարվածության ծավալման շրջանակից, ապա շարքային քաղաքացիներն իրավասու են ենթադրելու, որ իրադրությունն ավելի սուր է։ «Հայաստանի և Արցախի միջև այսպիսի լարվածություն չի եղել առնվազն վերջին 20 տարում,- ասել է Մանոյանը, հավելելով, որ մինչ այդ Արցախը տարակարծություններ է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշման առնչությամբ, բայց ոչ այս աստիճանի։- Խնդիրը միայն երկու անձանց՝ Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի փոխհարաբերություններն են, մնացածը ԶԼՄ-ներն են ավելացնում»։ Անձամբ ես դրան համաձայն չեմ. սրում են ոչ թե ԶԼՄ-ները, այլ անձամբ Փաշինյանը։ Եվ սրում է թեկուզ նրանով, որ, ինչպես գրում են ԶԼՄ-ները, Արցախի 2020 թ. նախագահի ընտրությունում իրեն «սիրելի» թեկնածու է ընտրել նախագահի պաշտոնի համար։


Մանոյանի կարծիքով, բացառված չէ, որ Ադրբեջանը կարող է օգտվել դրանից։ Այդ կապակցությամբ ՀՅԴ ներկայացուցիչը նշել է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի կարևոր պայմանավորվածությունները չեն կենսագործվել Դուշանբեի պայմանավորվածությունների պատճառով։ «Այժմ ոչ այն կա, ոչ էլ մյուսը։ Եվ դա վտանգավոր է,- կարծում է Կիրո Մանոյանը։- Դրան ավելացրեք Ադրբեջան-Թուրքիա ռազմական երկյակի ակտիվացումը, բազմաթիվ զորավարժությունները, որոնք նույնպես անհանգստություն են հարուցում։ Այդ ամենը մեզնից ուշադրություն է պահանջում։ Անհրաժեշտ է շուտափույթ կերպով դուրս գալ այդ իրավիճակից, որ հակառակորդները չօգտվեն ու չփորձեն ինչ-որ բան փոխել սահմանին»։ Ինչ վերաբերում է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականի պատճառների մասին լուրերին, Մանոյանը հակված է հրաժարականի ողջ գործընթացը դիտարկելու որպես ընտրության նախապատրաստություն։ Այնուամենայնիվ, Արցախի ղեկավարության հասցեին օգտագործվող բառապաշարը ՀՅԴ-ի ներկայացուցիչն անթույլատրելի է համարում.- «Դա շփվելու ոճ չէ։ Այդպես կարելի է խոսել, եթե փակում ես ճանապարհները։ Բայց չարժե այդպես խոսել Արցախի ղեկավարության մասին»։ Մանոյանն ավելացրել է, որ եթե համանման պատասխան կա Արցախից, ապա բացասական իմաստով ավելի նկատելի է վարչապետի վարքը, քան արցախցի գործիչների պատասխանը։


Եվ նա ճիշտ է։ Փաշինյանի աննախադեպ հակվածությունը՝ Ստեփանակերտում իշխանության ղեկին «երևանյան խամաճիկ նշանակելու», և անպայման նրանցից, ինչպիսին ինքն է, բացարձակապես ակնհայտ է։ Համոզված եմ, որ Մանոյանը պատահաբար չի հիշեցրել, որ Երևանի ու Ստեփանակերտի միջև առաջին տարաձայնություններն սկսվեցին Տեր-Պետրոսյանի հավակնությունների պատճառով, և ես համոզված եմ, որ նախկին ՀՀՇ կառույցի ղեկավարի թրքամետ ուղղվածությամբ հավակնությունների պատճառով։ Հիշեցնելով Տեր-Պետրոսյանի և Արցախի հետ նրա բախումը` Մանոյանն ակամա հիշեցրել է նաև առաջին նախագահի ճակատագրի մասին։ Երևանի այսօրվա իշխանությանը, որի ղեկավարին հաճախ անվանում են Տեր-Պետրոսյանի «սանիկ» (քաղաքական իմաստով), վատ չի լինի հիշել «կնքահոր» ճակատագիրը, իսկ Փաշինյանի շրջապատին՝ հիշել, որ նույն Քոչարյանին իրենց բարեկամն էին համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և 2008-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Այն շրջանակները, որոնց այն ժամանակ Իրանի իշխանությունում ներկայացնում էր Ահմադինեժադը, այժմ վերելք են ապրում և իրենց կարծիքն ունեն այն մասին, թե որչափ ինքնուրույն է Փաշինյանն իր որոշումներում ու վարքում։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao