ReAnimania 2019
 

«Իշխող ուժի մեջ կան գործիչներ, որ տրամագծորեն տարբեր գաղափարական դիրքորոշում ունեն՝ պահպանողականից մինչև լիբերալ»

«Իշխող ուժի մեջ կան գործիչներ, որ տրամագծորեն տարբեր գաղափարական դիրքորոշում ունեն՝  պահպանողականից մինչև լիբերալ»
25.06.2019 | 01:49

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ արտահայտած միտքը, թե «մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք «իզմերը», որովհետև ժամանակակից աշխարհում կարծրացած գաղափարախոսություններ այլևս գոյություն չունեն», լայն քննարկումների առարկա է դարձել: Քաղաքագետների ու վերլուծաբանների համար հիմնականում անընդունելի է Փաշինյանի մոտեցումը: Չկա «իզմ», չկա գաղափարախոսություն` բացատրում են նրանք: Թեմայի շուրջ «Իրատեսը» զրուցել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության վարչության անդամ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ հստակեցնում է՝ իրենց ուժի գործունեության առանցքը Հայաստանի հանրապետությունն ու ՀՀ քաղաքացին են ու ելնելով այդ առանցքից, մեկնարկային կետից, վստահաբար կարող են հավաստել՝ խնդիրներն «իզմերով» չեն լուծվում. «ՀՀ քաղաքացին, պետական շահը նույնպես գաղափարախոսություն են, քաղաքական գործիչների համար՝ փիլիսոփայություն: Մենք հետևում ենք քաղաքական դաշտի դիրքավորումներին, օրակարգերի փոփոխությանը, տեսնում ենք նաև, որ հանրությունը պահանջում է խնդիրները կոնկրետ ձևակերպել ու լուծումներ գտնել դրանց համար: Մարդկանց չի հետաքրքրում՝ սոցիալ-դեմոկրատիային հարիր գործիքներո՞վ ես իր խնդիրները լուծում, թե՞ ազատական կամ պահպանողական ուժին բնորոշ մեթոդներով: ՔՊ-ի հիմնարար փաստաթղթում՝ ծրագրում, հստակ անդրադարձ կա մեր կյանքի ու առօրյայի բոլոր ոլորտներին: Մեր կողմից սահմանած բոլոր խնդիրները, պատկերացումները, գաղափարները մտադիր ենք կյանքի կոչել, և այդ ճանապարհին պետք է կարողանանք ընտրել ամենաօպտիմալ գործիքները: Պետք է դոգմաներից, կարծրացած գաղափարներից դուրս գալ: Այսօր էլ պետություններ կան, որ հռչակագրային իմաստով սոցիալիստական են, բայց դրանց էությունը, բովանդակությունը, քաղաքական փոխհարաբերությունները հռչակված սկզբունքներին այդքան էլ չեն համապատասխանում: Դեպքեր են լինում, երբ, օրինակ, ճգնաժամերի ժամանակ ազատական քաղաքական ուժերը սոցիալ-դեմոկրատներին բնորոշ տնտեսական քաղաքականություն են վարում»:


Ի տարբերություն իշխանութան ներկայացուցչի՝ խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ կարծում է, որ կուսակցության ծրագիրը գաղափարական հենք չունենալ չի կարող, գաղափարը մեկը մյուսին միավորողն է. «Պետք չէ խուսափել գաղափարական հենք ունենալուց: Իշխանության որոշ ներկայացուցիչներ ասում են, թե «իզմերի» ժամանակն անցել է, բայց այդ դեպքում ի՞նչ է եկել դրանց փոխարինելու, չէ՞ որ դատարկությունը չի կարող փոխարինել: Լիբերալիզմը, կոմունիզմը, սոցիալիզմն առաջացել են կոնկրետ խնդիրներ լուծելու համար: Հասկանալի է, որ լիբերալիզմն այսօր չունի այն նույն դերը, որ ունեցել է 300 տարի առաջ, օրինակ, ֆրանսիական կամ ամերիկյան հեղափոխության ժամանակ, բայց ժամանակի հետ այդ գաղափարախոսությունը նույնպես տրանսֆորմացվել է: Պարզ է՝ 30 տարի առաջ մեր երկրում եղած սոցիալիզմն ու այսօրվա սոցիալիզմի գաղափարը տարբեր են: Իշխանության ներկայացուցիչները, հնարավոր է, մտավախություն ունեն, որ եթե կոնկրետ գաղափարախոսության կրող ես, ապա տեսադաշտից կարող ես դուրս թողնել այլ «իզմերի» հետևորդներին, այդ իսկ պատճառով լավ է ասել` «իզմեր» չունենք ու բոլորին կարողանաս քո կողմը հավաքել: Նշեմ, որ Հայաստանում գաղափարական ընտրություն դեռևս չի եղել, և ԼՀԿ-ն պայքարում է, աշխատում է, որ ոչ թե անձերի, այլ կոնկրետ գաղափարներ ընտրեն մարդիկ»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ էլ հետաքրքրում է, թե ով է Նիկոլ Փաշինյանի քաղաքագիտական իրավախորհրդատուն, որ խորհուրդ է տվել, հորդորել է նման բան ասել: Ընդգծում է՝ «իզմերը» միջնադարից չեն եկել, հենց «իզմերն» են որոշում ու հստակ բնութագրում տվյալ քաղաքական ուժի քաղաքական, տնտեսական օրակարգը, ուղղվածությունը, դրանց շնորհիվ է, որ հասարակությունը տեղեկանում է՝ տվյալ ուժից քաղաքական ու տնտեսական ինչ քայլեր ակնկալել. «Երբ «իզմեր» չկան, միշտ կա ամենամեծ «իզմը»՝ պոպուլիզը, որ կարճաժամկետ կյանք է ունենում։ Հիմա մեր գործընկերները որոշել են քաղաքագիտական ամբողջ միտքը նույնպես հավասարեցնել հողին, մշակել, վերամշակել, հերկել: Դա էլ է մոտեցում, դա էլ է տեսակետ, նրանք դրա իրավունքն ունեն։ Ես հասկանում եմ, որ հոսանքին ու ընդունված աքսիոմներին հակառակ գնալը երբեմն կրեատիվ է, շատ ռիսկային է, ադրենալինի մեծ չափաբաժին է տալիս, բայց կան հստակ հաստատված աքսիոմներ, որոնք հերքելը նույնն է, թե ես հիմա հերքեմ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը, ասելով, թե անցել են հին ժամանակները։ «Իզմը» տվյալ քաղաքական ուժին տալիս է այն գործիքակազմը, որի միջոցով հասկանում են՝ ինչպես լուծել խնդիրը։ Իսկ այդ բոլոր սահմանները ջնջելը նշանակում է կա՛մ անարխիա, կա՛մ քաոս: Իմ տպավորությամբ` երբեմն վարչապետի շուրջ հավաքվում են «կրեատիվ» մարդիկ, ու նրանց թվում է՝ եթե կրթություն են ստացել հարվարդներում ու օքսֆորդներում, իրենք լուրջ քաղաքական մենեջերներ են, որ կարող են ասել՝ թքած ունենք «իզմերի» վրա։ Կրկնում եմ` «իզմերի» բացակայությունը տանում է ամենամեծ «իզմի»՝ պոպուլիզմի, որը կարճ ժամանակահատված կարող է էֆեկտիվ լինել։ Հաջորդ ժամանակահատվածում բոլոր նրանք, որ կնստեն պոպուլիզմի նավը, կխորտակվեն դրա հետ միասին»:


ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակի պատասխանատու, քաղաքագետ ԳԵՎՈՐԳ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ բացատրում է՝ գաղափարախոսությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական ուժի էությունը, նրա աշխարհընկալումը, պետության և հասարակության առջև ծառացած խնդիրները լուծելու ճանապարհին քաղաքական ուժի մոտեցումների, տեսլականի ամբողջությունը, և սա` առանց չափազանցության։ Այս պարագայում խիստ անհասկանալի է, թե իշխող քաղաքական ուժն ինչպես է պատկերացնում իր դերակատարումը պետության արդիականացման գործում, հասարակության զարգացման դինամիկան, ընդհանուր արժեհամակարգը, պետական քաղաքականության գերակայությունները։ Ըստ նրա՝ հասկանալի չէ նաև, թե իշխանությունն ինչպես է վերաբերվում ազգային արժեհամակարգին, ընտանիքին, եկեղեցուն, անհասկանալի է, թե որոնք են բարոյականության ընդունելի չափորոշիչները։


«Այս բոլոր հարցերն իրենց վտանգավորությամբ մշտապես կարող են կասկածների տեղիք տալ և ավելի խաթարել ներհասարակական համերաշխությունը։ Հասկանալի չէ նաև՝ ինչպե՞ս է գործող իշխանությունը պատկերացնում պետության մասնակցության աստիճանը հասարակության կյանքում, տնտեսության մեջ, պետություն-մասնավոր գործակցություն սահմաններում: Սրանք հարցեր են, որոնք պետք է բխեն կոնկրետ գաղափարախոսությունից, ինչը, միանշանակ, ենթադրում է «իզմերի» առկայություն։ Իշխանությունը հայտարարում է, որ ինքը դեմ է «իզմերին», հետևաբար, ըստ էության, զուրկ է գաղափարախոսությունից։ Վարչապետի բերած օրինակները՝ Ամերիկայի և Չինաստանի վարած գաղարափարական քաղաքականությունների մասին, կարծում եմ տեղին չեն, քանի որ այն խնդիրները, որոնց դիմագրավում է Հայաստանը, իրենց բնույթով նույնական չեն և համեմատության եզր անգամ չունեն գերտերությունների խնդիրների հետ: Բացի այդ, քաղաքական և պետական կառավարման համակարգերի մեծ տարբերություն կա: Մարդիկ որևէ քաղաքական ուժի անդամակցում են` հաշվի առնելով այդ ուժի գաղափարախոսությունը, ոչ թե քաղաքական ներկա կոնյունկտուրան։ Այս պարագայում իշխող կուսակցության անդամակազմը համախմբվել է ոչ թե քաղաքական գաղափարախոսության, այլ քաղաքական կոնյունկտուրայի շուրջը, և այդ կոնյունկտուրայի փոփոխությունը բերելու է կուսակցության անխուսափելի մարգինալացման։ Հետևաբար, նրանց համար դժվար է գաղափարախոսություն ընտրել, ու անգամ մեծագույն ցանկության դեպքում ՔՊ-ն չի կարող գաղափարախոսություն ունենալ, որովհետև այդ կուսակցության ձևավորման ընթացքը դուրս է քաղաքագիտական տրամաբանությունից։ Իշխող ուժի մեջ կան գործիչներ, որ միմյանցից տրամագծորեն տարբեր գաղափարական դիրքորոշումների կրող են՝ պահպանողականներից մինչև լիբերալներ, և այսպես շարունակ։ Ստեղծված իրավիճակը վտանգավոր է նաև նրանով, որ հարցականի տակ է դնում Հայաստանի քաղաքական մշակույթի զարգացումն ու քաղաքական-կուսակցական համակարգի կայացումը, ինչը խորհրդարանական կառավարման երկրի համար նույնիսկ անվտանգային նշանակության հարց է»,- ասում է Գևորգ Ղուկասյանը։
Ղուկասյանի կարծիքով՝ քաղաքական գործիչը պետականի է վերածվում այն ժամանակ, երբ պատրաստ է սեփական վարկանիշի գիտակցված կորստի՝ հանուն պետության, իսկ պոպուլիստական գործիքակազմի ու գաղափարազուրկ քաղաքականության պարագայում մեր իշխանություններից նման պահվածք ակնկալելը, ցավոք, հնարավոր չէ։


Քաղաքագետը նշում է, որ «իզմերը» մերժելու տրամաբանությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև միջազգային հարթակում, Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունն արդյունավետ լինել չի կարող, ավելին, խորհրդարանական դիվանագիտություն լինել չի կարող. «Հատկապես եվրոպական ուղղությամբ խորհրդարանական դիվանագիտությունը չափազանց կաշկանդված է լինելու։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական ութհոգանոց պատվիրակության անդամներից 5-ը չեն կարողացել որևէ քաղաքական խմբի աշխատանքներում ներգրավվել այն պատճառով, որ որևէ քաղաքական գաղափարախոսության չեն պատկանում, իսկ եվրոպական քաղաքական հարթակներում գաղափարախոսությունը չափազանց կարևոր հանգամանք է։ Նույն խնդիրը լինելու է Եվրոպական խորհրդարանում և Եվրանեսթում, որը ԵՄ արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովն է։ Բոլոր այս կառույցներում ադրբեջանական լոբբին չափազանց ակտիվ է, և, փաստորեն, աշխատանքային հիմնական մակարդակներում մեր խորհրդարանականները, ընդգրկված չեն և չեն կարողանալու ըստ պատշաճի սպասարկել Հայաստանի պետական շահը։ ՔՊ-ի՝ գաղափարախոսություն չունենալը, ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական դաշտում բարդ իրավիճակ է ստեղծելու Հայաստանի համար»։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao