Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ավելի խելամիտ կլինի պահպանել այդ ժառանգությունը տեղերում՝ համայնքներում»

«Ավելի խելամիտ կլինի պահպանել այդ ժառանգությունը տեղերում՝ համայնքներում»
25.06.2019 | 02:13

Օրերս Երևանում տեղի ունեցած «Համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում» թեմայով դասընթացի մասին «Իրատեսին» մանրամասներ է ներկայացնում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության գլխավոր մասնագետ, արվեստաբան ՆԱԻՐԱ ԿԻԼԻՉՅԱՆԸ: Նշենք, որ դասընթացն իրականացվել է նախարարության աջակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի և ՀՀ ԱԳՆ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձաժողովի հետ համատեղ։


-Տիկին Կիլիչյան, ի՞նչ կասեք դասընթացի անհրաժեշտության ու կարևորության մասին:
-Թեհրանի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը պարբերաբար տարբեր երկրներում նախաձեռնում է դասընթացներ, որոնց հիմնական նպատակն է կոնվենցիայի անդամ երկրների համար մեթոդական, տեսական և գործնական օգնության կազմակերպումը: Կարողությունների զարգացման դասընթացը Հայաստանում իրականացվում է երկրորդ անգամ: Առաջին անգամ իրականացվել է 2017 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության անվանակարգերի պատրաստում» թեմայով: Մշակութային ժառանգությունը պայմանականորեն կարող ենք բաժանել նյութական և ոչ նյութական ժառանգության: Մեր պատմամշակութային հուշարձանները, մշակութային տարածքները նյութական ժառանգության մաս են կազմում, ոչ նյութական մշակութային ժառանգությունը մեզ ավանդված բանավոր, ոչ շոշափելի ժառանգությունն է, մեր ավանդական մշակույթի այն հատվածը, որ բանավոր փոխանցվում է սերնդեսերունդ: Պետական մշակութային քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը ժառանգության պահպանությունն է, այդ համատեքստում՝ նաև ժառանգության գույքագրման գործընթացը: Մենք ունենք ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ, անհապաղ պաշտպանության և մշակութային տարածքների ցանկեր: Այս երեք ցանկերը պետք է պարբերաբար համալրվեն, թարմացվեն: Մեր ունեցած հարուստ ժառանգությունն անընդհատ ձևափոխման մեջ է և ենթարկվում է տարաբնույթ ազդեցությունների ուստի շատ կարևոր է ժառանգության գրանցումը: Կան նաև այլ գործոններ՝ ընդհանուր համաշխարահայնացման և գյուղ-քաղաք բնակչության տեղաշարժի արդյունքում հաճախ ժառանգությունը կորչում է, անտեսվում, խեղաթյուրվում, և հետո արդեն հարց է առաջանում ոչ թե պահպանության, այլ որպես եզակի նմուշ դրանց հայտնաբերման կամ վերականգնման ուղղությամբ: Ավելի խելամիտ կլինի ուղղակի պահպանել այդ ժառանգությունը տեղերում՝ համայնքներում:
-Խոսքը մեծամասշտաբ ու շարունակական գործընթացի մասին է, իսկ ե՞րբ է մեկնարկել, պաշտոնական հենքի վրա դրվել գրանցման գործընթացը:
-Հայաստանի Հանրապետությունը «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006-ին, և երբ 2009-ին մեր երկրում ընդունվեց «Ոչ մշակութային ժառանգության մասին» օրենքը, գույքագրման գործընթացը դարձավ մշակութային քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, ինչն էլ շարունակական գործընթաց է:
-Ովքե՞ր են իրականացնում այդ գործընթացները, և ներկա դրությամբ ի՞նչ թիվ են կազմում մեր երկրում գրանցված ոչ նյութական մշակութային արժեքները:
-Առայժմ գրանցված է 47 արժեք, և երեք հիմնական ցանկերը պարբերաբար համալրվում են: Սովորաբար գույքագրումն իրականացնում են մշակութային հասարակական կազմակերպությունները, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, որոշ աշխատանքներ է իրականացնում նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը:
-Դասընթացին մասնակցում էին նշված ոլորտների մասնագետնե՞րը:
-Այս դասընթացը որոշակիորեն նպատակ ուներ ներգրավելու ուսանողների, սկսնակ մասնագետների, հասարակական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների ՀՀ տարբեր մարզերի համայնքներից (Արագածոտն, Տավուշ, Շիրակ, Վայոց ձոր) և Երևանից: Մասնակիցները 15-ն էին: Դասընթացի ավարտից հետո նրանք կկարողանան իրենց համայնքներում զբաղվել ժառանգության գույքագրմամբ:
-Ի՞նչ կասեք դասընթացավարների մասին:
-Դասընթացը վարեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հավատարմագրված համակարգողներ, միջազգային բարձր մասնագիտական պատրաստվածությամբ փորձագետներ Ժանետ Բլեյքը՝ Թեհրանից և Սաշա Սրեցկովիցը՝ Բելգրադից։ ՈՒնկնդիրները մեծ ուշադրությամբ լսեցին նրանց, սովորեցին նոր մեթոդներ, նոր մոտեցումներ՝ ինչպես կարելի է համայնքներում ուսումնասիրություն անել, ինչպես հարցազրույց վերցնել ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներից, գրանցել այդ հարցազրույցները, լուսանկարել և տեսանկարահանել, այդ արժեքները դնել համապատասխան ձևաչափերի մեջ:
Հավելեմ, որ Երևանում իրականացվող դասընթացից զատ, գործնական պարապմունք անցկացրինք Արմավիրի և Արագածոտնի մարզերում, մեկնեցինք երկօրյա դաշտային հետազոտման աշխատանքի, ինչի արդյունքում էլ, որպես կանոն, տեղի է ունենում արժեքների հավաքագրումն ու գույքագրումը: Դասընթացի շրջանակում մասնակցեցինք նաև գորգագործության, տիկնիկագործության վարպետության դասերի:
-Ինքներդ, որպես ոլորտի երկարամյա մասնագետ, ի՞նչ քաղեցիք ծրագրից:
-Նմանատիպ ծրագրերի շնորհիվ ավելի հստակ ես կողմնորոշովում ու զատորոշում, թե ինչ ուղղությամբ պետք է իրականացնել ժառանգության պահպանությունը, հասկանում ես, որ ժառանգության հիմնական կրողը այն ստեղծող վարպետն է՝ մարդը, ում հետ շփումը պետք է լինի շարունակական:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ