Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Այս աբսուրդը ինչ-որ պահի կվերջանա՞

Այս աբսուրդը ինչ-որ պահի կվերջանա՞
26.06.2019 | 11:03

Հունիսի 24-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 5-րդ ալիքին հարցազրույցից արդեն ակնհայտ էր՝ ինչ որոշում է հրապարակելու երեկ վերաքննիչ դատարանը: Նախ՝ Ռոբերտ Քոչարյանը տևական ժամանակ հարցազրույց չէր տալիս, իսկ 5-րդ ալիքում բացվեց ըստ ամենայնի: Ներքին ու արտաքին քաղաքականությամբ, Արցախով, քննադատեց՝ սրտի ուզածի չափ: Դա վա բանկ գնալ էր: «Առաջին հերթին չեմ հասկանում, թե ոնց կարելի է բանակցել առանց այդ բանակցությունների ռազմավարության, սկզբունքների, առանց տեսլականի, թե ինչպես ես տեսնում Ղարաբաղի հարցի կարգավորումը»,- ասաց նա Ղարաբաղի հարցով և հավելեց. «Ես չեմ հասկանում՝ ինչպես է կարելի արդյունավետ բանակցել, երբ դու չես հասկանում, թե ինչ ես բանակցում: Ավելի մտահոգիչ է այն, որ մենք միշտ ընդգծում ենք Ղարաբաղի անկախությունը, միշտ ասում ենք, որ Ղարաբաղն անկախ է և նույնիսկ հիմա, երբ լիարժեք չի մասնակցում բանակցություներին, մեկ է՝ որևէ որոշում չի կարող առանց Ղարաբաղի մասնակցության ընդունվել»: Նույնիսկ ասաց. «Երբեք առաջին նախագահը չի միջամտել Ղարաբաղի ներքին գործերին: Ես Ղարաբաղի ղեկավարն էի, երբեք թույլ չէի տա միջամտել, և երբեք ինքն իրեն թույլ չի տվել միջամտել: Ես Հայաստանի նախագահ լինելով՝ երբեք չեմ միջամտել Ղարաբաղի ներքին գործերին Արկադի Ղուկասյանի ժամանակ, նաև Սերժ Սարգսյանն իրեն թույլ չի տվել միջամտել Ղարաբաղի ներքին գործերին Բակո Սահակյանի ժամանակ»:

Նրա խոսքով՝ միջամտությունը կնշանակեր, որ իջեցնում են Ղարաբաղի կարգավիճակը՝ ցույց տալով Ղարաբաղի կախվածությունը Հայաստանից. «Երբ դու շեշտում ես, որ Ղարաբաղն ինքնուրույն է, չճանաչված, բայց անկախ պետություն է, դու չպետք է որևէ կերպ կասկածի տակ դնես Ղարաբաղի այդ կարգավիճակը, իսկ այսօրվա իշխանությունն ամեն քայլափոխի կասկածի տակ է դնում Ղարաբաղի անկախությունն ու ինքնությունը»: Խոսեց Լևոն Մնացականյանի և Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունների մասին, ասաց՝ Հայաստանի իշխանությունների պարտադրանքով է եղել. «Ի լուր աշխարհի, նաև համանախագահողների Հայաստանի իշխանությունը ցույց է տալիս, որ այդ կարգի ազդեցություն ունի Ղարաբաղի վրա: Վտանգն այն է, որ վաղը մի առաջարկ են տալու և ասելու են՝ դու ունես այդ ազդեցությունը, գնա և պարտադրի ղարաբաղցիներին, որ սա ընդունեն: Ամբողջ բանակցային այդ ֆորմատի՝ 25-30 տարվա ձևավորված ֆորմատի նկատմամբ կասկածներ են առաջացնում: Մոտիվացիա են առաջանցում մեծ տերությունների մոտ՝ Արցախի հարցը լուծել քո վրա ճնշում բանեցնելով, Հայաստանին ճնշելով, սրանք ողջամիտ քայլեր չեն»: Խոսքը ոչ միայն Մնացականյանի և Բալասանյանի պաշտոնանկությունների մասին է, այլև Ղարաբաղում հեղափոխություն անելու, դավադիր ուժեր լինելու հայտարարությունների մասին է. «Սա կարող է ասել միայն մարդ, որը չի պատկերացնում, թե ինչ գնով են այդ տարածքները ձեռք բերվել»:

Ըստ Քոչարյանի՝ Հայաստանը պետք է դիտի Ղարաբաղը որպես մեկ միավոր, որը Հայաստանի անվտանգության լուրջ բաղադրիչ է, առանց որի Հայաստանը չափազանց կթուլանա: Նա հարցեր բարձրացրեց. «Հայաստանի իշխանությունների համար Ղարաբաղը բե՞ռ է , թե՞ ինչ-որ բանի հասնելու հնարավորություն, Սերգո ջան, լավ չես ապրելու մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի այս թեզը հիմա Հայաստանի իշխանությունների մոտ կա՞, թե՞ չկա»: Պատասխանելով իր հարցերին՝ Քոչարյանը նշեց, որ իշխանությունները հենց այդպես են մտածում. «Մտածում են, որ Ղարաբաղը բեռ է, իսկ երբ այդպես ես մտածում, որ ինչ- որ մի բան քեզ համար բեռ է, այլ ոչ թե արժեք, դու ենթագիտակցորեն մտածում ես՝ ոնց այդ բեռից ազատվել: Իմ տպավորությունն այդպիսին է: Վերադառնում ենք 90-անականներին, որովհետև առաջին նախագահը ճիշտ այդպես էր մտածում՝ Ղարաբաղը բեռ է»:


Ըստ նրա՝ Հայաստանն առանց Արցախի ոչինչ չի կարող անել, բայց Ղարաբաղի հետ լրիվ այլ է, միասին լուրջ խաղացող են տարածաշրջանում: «Հիմա մենք ուզում ենք հանգիստ մի փոքր Հայաստանով մնալ ու մի քանի տարվա ընթացքում Թուրքիայի ֆիլիալը դառնա՞լ, թե՞ ուզում ենք տարածաշրջանում լուրջ դերակատար լինել: Առանց Ղարաբաղի այդ դերակատարը դու երբեք չես լինելու: Նույնիսկ քո մասին մոռանալու են»,- ասաց նա և բերեց Իսրայելի օրինակը՝ նշելով, թե առանց Պաղեստինի Իսրայելը երբեք այդ հզոր պետությունը չէր լինի:
«Ղարաբաղը ոչ թե բեռ է, այլ արժեք է, եթե մենք վախկոտ չենք, եթե դուխովը ոչ թե գլխարկիդ է գրված, այլ ճակատիդ, ուրեմն դա բեռ չէ, այլ արժեք է, որ պետք է արժանապատվությամբ տանես և հասնես չափազանց լուրջ նպատակների»,- ասաց նա: Արցախում 2020-ի նախագահական ընտրությունների մասին խոսելով Ռոբերտ՝ Քոչարյանը շեշտեց, որ Արցախը պետք է մնա այն տեսակի մեջ, որում հիմա է: «Պետք է մնան ամուր, պայքարի իր անկախության համար, նաև թույլ չտա Հայաստանին այդ տեսակը ջարդել, նվաստացնել, փոքրացնել Ղարաբաղում: Ուզում եմ հավատալ, որ այսպես է լինելու, և այստեղ պետք է ժողովուրդը հասկանա, որ սա կարևոր է: Պետք է Հայաստանից այդ աջակցությունը ստանան, ոչ թե փորձեն Հայաստանից դա փոխել»,- նշեց նա:


5-րդ ալիքին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու է իշխանափոխությունից հետո դարձել իշխանությունների թիվ 1 թիրախը. «Երևի իմ անցած ճանապարհը, անձնական վերաբերմունքն այդ ճանապարհի նկատմամբ, կարծում եմ՝ նաև այն հանգամանքը, որ հավանաբար այս իշխանությունները կարծում են, թե 2008-ի մարտի մեկին հաջողության չեն հասել իմ պատճառով, մի շարք հանգամանքներ բերում է իրենց այն եզրակացության, որ ես ինչ-որ չափով վտանգ եմ ներկայացնում իրենց համար»: Նա շեշտեց, որ իրենց քայլերով իշխանություններն արեցին ամեն ինչ իր քաղաքականություն վերադառնալու համար. «Եթե իշխանությունը մեկ հարցազրույցի համար (նկատի ունի ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցը, որի ընթացքում ասել էր՝ իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես ուրիշի),այդպիսի քայլերի է դիմում, վիճակը Հայաստանում շատ ավելի տխուր է, քան կարելի է ենթադրել»: Ըստ Քոչարյանի՝ վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրում 2008-ի մարտի մեկի մասսայական անկարգությունների համար. «Նա կցանկանար վերաշարադրել պատմությունը, մեղավոր փնտրել այդ իրադարձությունների համար, և տվյալ դեպքում իր պատկերացումներով այդ մեղավորը ես եմ»: Քոչարյանի կարծիքով՝ իշխանությունների համար կա նաև Արցախի հանգամանքը՝ իրեն հետապնդելու համար. «Քանի որ իմ անցյալը և իմ տեսակը Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում որոշակի անհանգստություն կարող է առաջացնել այն ուժերի մոտ, որոնք այդ կարգավորումը տեսնում են ոչ հայանպաստ ճանապարհով»: Նույնիսկ ժխտեց, որ ցանկացել է Մեղրին հանձնել. «Երբ դարձա Արցախի ղեկավարը, Արցախի տարածքի ուղիղ կեսը ադրբեջանական զինուժով օկուպացված էր, երբ ավարտվեց պատերազմը, ազատագրված էր ոչ միայն ամբողջ Ղարաբաղը, այլ նաև 7 շրջան: Ես հող հանձնող չեմ, ես հող գրավող եմ: 7 շրջան ենք ազատագրել, միացրել Ղարաբաղին, ստեղծել անվտանգության գոտի, և այսօր այդ տարածքները Ղարաբաղյան անվտանգության չափազանց կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում: Ամեն մարդու աշխատանք պետք է գնահատել նաև այդ տեսանկյունից՝ ինչ վիճակում է ընդունել, ինչ վիճակում է հանձնել»:

Միանշանակ՝ այս հարցազրույցը բենեֆիս էր, որ ամեն ինր տեղը գցեց, երբ երեկ դատարանը որոշեց բավարարել վերաքննիչ երկու բողոքները և կրկին կալանավորել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել, նաև որպես անձնական երաշխավորություն մուծված գումարները հանձնարարեց վերադարձնել մուծած անձին։ Դատարանը նաև բեկանեց Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի որոշումը և քրեական գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը փոխանցեց, որ վճռաբեկ ատյանում կվիճարկեն վերաքննիչի որոշումները։ «Առնվազն երկու հիմքով բողոքարկելու ենք, մինչև ծանոթանանք բուն որոշումներին։ Երկու հիմքերից մեկը նա է, որ դատավորը խորհրդակցական սենյակ գնալուց առաջ չի թողել, որ մենք մեր դիրքորոշումը հայտնենք, երկրորդը՝ որ հենց սկզբից մենք հայտարարում էինք, որ այս դատավորը չի կարող քննել գործը, որովհետև մակագրման գործընթացի մեջ սխալներ են եղել», - ասաց Խուդոյանը։
Օրվա երկրորդ կեսին Ռոբերտ Քոչարյանը արդեն կալանավորվեց՝ եկավ անձամբ: Նալբանդյան փողոցում նրա կողմնակիցները վանկարկում էին «Քոչարյան հերոս»։


Փաստացի՝ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց երրորդ անգամ: Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը լրագրողներին ասաց՝ «Պարզ էր՝ ինչ է լինելու, ես անկեղծ կզարմանայի, եթե ուրիշ որոշում լիներ՝ այն ընթացքից ելնելով»: «Մենք բոլորս գտնում ենք, որ սա սարքած գործ է, եթե դու մի բան գտնում ես, որ օրենքից դուրս է արվել, բնականաբար ասում ես, որ դու պատասխանատվության ես ենթարկվելու»,-ասաց նա և հավելեց՝ հույսն այն է, որ այս աբսուրդը ինչ-որ պահի կվերջանա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նկատե՞լ եք, որ Ռոբերտ Քոչարյանն է թելադրում օրակարգը՝ սկսած դատական համակարգի անկախության խնդրից, վեթինգից՝ մինչև Ղարաբաղ: Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանին պետք էր կոնկրետ հակահեղափոխություն ու կոնկրետ հակահեղափոխական՝ ոչ մի կուսակցություն, ոչ մի անձ չձգեց այդ դերին ու նա Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական գործոն, «հերոս». «հեղափոխական»:


2008-ի մարտի 1-ի գործը վերածվեց Ռորբերտ Քոչարյանի գործի, փաստաբանները գերակայեցին դատախազության փաստարկներին ու շատ կարևոր, շատ լուրջ գործը վերածվեց զավեշտի, դատական տունտունիկի՝ բռնեմ-բաց թողնեմ, բռնեմ-բաց թողնեմ… Եվ ամեն բռնեմ-բաց թողնեմից հետո Ռոբերտ Քոչարյանը հավաքեց կողմնակիցների շատ ավելի մեծ թիվ: Կարևոր չէ՝ ով ու ինչքան է նրանց վճարում, փաստ է, որ այսօր Երևանի փողոցներում հանուն Ռոբերտ Քոչարյանի երթեր են անում ու բղավում են, որ նա հերոս է: Սա՞ էր Նիկոլ Փաշինյանի ուզածը:


Ակնհայտ է, որ նա այլևս չի տիրապետում իրավիճակին: Իրավիճակը դուրս է եկել ընդհանրապես վերահսկողությունից ու հիմա, դատելով նախկին զարգացումներից, հետևելու է Նիկոլ Փաշինյանի հերթական «պատերով տալը»: Բայց՝ ու՞մ: Կոպիրկինին չի ստացվի: Դատավորին իմաստ չունի: Փողոց դուրս եկածներին՝ ուշացել է: Նրանք արդեն մտել են դերի մեջ: Ու՝ տրենդի մեջ: Ժամանակը աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ, եթե հաշվի առնենք Հարկային օրենսգրքի փոփոխություններով հուլիսի 1-ից սկսվող գնաճն ու խուլ դժգոհությունները տնտեսական քաղաքականությունից: Ռոբերտ Քոչարյանը խնդիր չէ, խնդիրը խոստումները չկատարելը և իրավիճակի փոփոխություն չլինելն է: Եթե այս գործոնները միավորվեն, գնալու ենք արտահերթ ընտրությունների:

Դիտվել է՝ 2025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ