«Կառավարությունը պետք է ներառական լինի, հաճախ լսի մարդկանց, վերցնի նրանց գաղափարներն ու կիրառի գործնականում»

«Կառավարությունը պետք է ներառական լինի, հաճախ լսի մարդկանց, վերցնի նրանց գաղափարներն ու կիրառի գործնականում»
28.06.2019 | 00:57

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ կարծիքով՝ արտախորհրդարանական մի քանի ուժերի` նոր Սահմանադրություն ունենալու պահանջն օրակարգային չէ, որովհետև Հայաստանում այժմ գործող մայր օրենքը բավական ազդեցիկ է ու լավ գրված. պետք է հասկանալ, թե ինչպես են աշխատում ու կիրառվում Սահմանադրության դրույթները, դրանից հետո նոր միայն կհասկանանք՝ մեզ պե՞տք է նոր Սահմանադրություն, թե՞ ոչ:


-Իմ կարծիքով` ոչ թե նոր Սահմանադրություն է պետք, այլ սահմանադրական փոփոխություններ, ինչի կարիքը, անշուշտ, կա,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց պարոն Սիմոնյանը։- Ենթադրենք` նոր Սահմանադրություն ունեցանք, մարդու իրավունքների բաժնում ի՞նչ նոր բան պետք է գրված լինի, նույնն է, չէ՞, լինելու: Չեն կարող փոխվել դրույթները, որ վերաբերում են առաջինից երրորդ հոդվածներին, չի կարող չլինել դրույթ, որ Հայաստանն ազատ ու ինքնիշխան պետություն է: Հետևաբար` ի՞նչն է փոխվելու` կառավարության, Ազգային ժողովի ու դատական իշխանության հատվա՞ծը: Դրանք կարող ենք փոփոխվել նաև առանց նոր Սահմանադրություն ընդունելու: Սահմանադրությունը ճկունության հնարավորություն է տվել, ու փոփոխությունն ինքնանպատակ չպետք է լինի, այլ հարց է, որ Սահմանադրության մեջ առանցքային խնդիրներ կան, որ վերանայման կարիք ունեն:
-Իսկ սահմանադրական փոփոխություններն այս պահին օրակարգայի՞ն են:
-Պետք է դանդաղ շտապել: Հայտնի իրավաբաններից մեկն ասում էր, որ Սահմանադրությունը հագուստ չէ, որ ով ուզի իր հագով կարի, բայց Սահմանադրությունը պետք է համապատասխանի նաև սերունդներին: Թոմաս Ջեֆերսոնն էլ պնդում էր, որ ցանկացած սերունդ պետք է ունենա իր օրենքները, ու այնպես չստացվի, որ մեռածները կառավարեն կենդանի մարդկանց: Սահմանադրությունը պետք է համապատասխանի տվյալ ժամանակահատվածին, արդիական լինի ու պատասխանի կարևոր բոլոր հարցերին: Խնդիրն այն է, թե իշխող ուժն ունի՞ քաղաքական կամք` հետևելու մայր օրենքի դրույթներին: Եթե չունի այդ կամքը, ապա ի՞նչ անել, որ ունենա:
-Ձեր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, օրինակ, ընդգծում էր, որ թե՛ ԱԱԾ-ն, թե՛ ոստիկանությունը պետք է դուրս լինեն կառավարության, մասնավորապես՝ վարչապետի վերահսկողությունից:
-Այդ հարցը բարձրաձայնում էինք կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի ներկայացման ու քննարկման ժամանակ: Այժմ նոր նախագիծ ենք դրել շրջանառության մեջ, առաջարկվում է ոստիկանության պետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները հանել համապատասխանաբար ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում։ Գործող կարգավորմամբ՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակելու նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է։ Եվ քանի որ այդ պաշտոններն իրենց փաստացի բնույթով համեմատական են նախարարի պաշտոնին, առաջարկվում է նրանց համար ևս կիրառել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի սահմանումը, որի համաձայն՝ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջներին:
-Նոր ընտրական օրենսգրքի շուրջ մերթ ընդ մերթ քննարկումներ են լինում, բայց դրանք, կարծես, չեն բյուրեղանում: Ի վերջո, ինչպիսի՞ օրենսգիրք է մեզ հարկավոր:
-Նոր ընտրական օրենսգիրք ունենալու շուրջ հիմնական գործընթացն այժմ տեղի է ունենում, հանդիպել ենք ընդհանուր խմբին, որ պետք է աշխատի օրենսգրքի շուրջ, անհատական հանդիպումներ ունեցել մասնագետների ու փորձագետների հետ: Նպատակ ունենք գոնե մինչև 2020-ի վերջն ինչ-որ փաստաթուղթ ունենալու, իսկ արդեն 2021-ի հունիսին՝ պատրաստի, քննարկված, մշակված նախագիծ, որ կարողանանք 2021-ի աշնանային նստաշրջանի ժամանակ խորհրդարանում քննարկման դնել: Դեռևս ֆիքսված ժամկետներ չկան, բայց որ ԸՕ փոփոխությունների գործընթացը հիմա պետք է սկսել, քննարկման ենթակա չէ: Թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերը պետք է տևական ժամանակ ունենան պատրաստվելու ու հարմարվելու նոր օրենսգրքին: Բացի այդ, տևական ժամանակը կօգնի նաև հասկանալ, թե ինչ թերացումներ ու խութեր կան արված փոփոխությունների մեջ: Ի վերջո, մինչև գործնականում այն չկիրառվի, հստակ չի լինի՝ ինչն է լավ, ինչը՝ վատ: Խնդիրներ լինելու դեպքում էլ պետք է հասկանալ՝ ինչպե՞ս վերացնել դրանք: Կարծում եմ՝ նոր ԸՕ-ն նախ կոնսենսուսով կընդունվի, ապա կգոհացնի բոլորին:
-Ամենաշատ քննարկված ու քննադատված համամասնական բաց ցուցակներով ընտրակարգը՝ ռեյտինգայինը, կչեղարկվի՞ վերջապես:
-Ռեյտինգային ընտրակարգը փոխելը խնդիր է, որովհետև եթե համամասնական փակ ցուցակներով լինեն ընտրությունները, դրանք կարող են դառնալ ուղղակի երևանյան ընտրություններ: Բացատրեմ՝ ինչու: Հայաստանում ընտրողների մոտ 55 տոկոսը կենտրոնացած է մայրաքաղաքում, և քաղաքական ուժը, իր ամբողջ ռեսուրսը կենտրոնացնելով Երևանում, կարող է 30-40 տոկոս ձայն հավաքել, ինչը բավարար է իշխանության գալու համար: Դրանից խուսափելու նպատակով առաջարկում ենք մի քանի մոդելներ, որոնց թվում է ռեյտինգային բաց ցուցակը: Այսինքն՝ ընտրողը ցանկացած տարածաշրջանում առաջադրված թեկնածուի օգտին կարող է քվեարկել: Այդ մոդելը նաև հնարավորություն կտա ներքին ժողովրդավարություն սահմանելու կուսակցության ներսում:
-Ի՞նչ ակնառու վրիպակներ ու թերություններ ենք նկատել կառավարության աշխատանքում խորհրդարանական գործունեության ընթացքում:
-Հիմնախնդիրները երեքն են, որոնցից էլ բխում են մյուս հարցերը: Քննադատելի է իշխանությունների վարած կադրային քաղաքականությունը. ամենատարբեր պաշտոններում մարդիկ են նշանակված, որ, հնարավոր է, լավ անհատներ են, բայց իրենց վստահված ոլորտը կառավարելու և վերահսկելու համապատասխան ունակություններ ու փորձ չունեն: Գուցե եղել են մարդիկ, որ, նշանակվելով այդ պաշտոնում, հնարավորություն են ունեցել ձեռք բերելու պահանջվող ունակությունները, բայց բոլորովին այլ ճանապարհով են գնացել: Օրինակ` նախկին համակարգի աշխատողներն ունեն իրենց կարծրատիպերը, իրենց տրամաբանությունը. նրանցից շատերը կարծում են, թե կաշառքը շատ էլ լավ բան է, ոչ մեկին չի վնասում, կարևորը՝ մարդասպանություն չէ: Հիմա այդպիսի մարդուն կարո՞ղ ես ասել, թե կոռուպցիան մարդասպանությանը հավասար բան է, փոխիր կարծրատիպդ:
-Իսկ ո՞րն է երաշխիքը, որ նախկինների կադրերից ազատվելուց հետո կգան ավելի լավերը, արդարները, ու արդյո՞ք բավարար չափով մասնագետներ կան:
-Իհարկե կան այդպիսի կադրեր, ուղղակի, այո, երաշխիք չկա, որ ավելի լավ են աշխատելու: Բայց որ մեր գիտական ներուժը բավարարում է, դա վստահաբար կարող եմ ասել:
-Օրինակ, դատավորների վեթինգից հետո հնարավոր է այդ ոլորտում կադրային լուրջ խնդիր առաջանա, ինչի մասին ահազանգում են մասնագետները:
-Ձեր նշած խնդիրը նաև Ալբանիայում է եղել, երբ վեթինգից հետո դատավորների պակաս է եղել: Բայց մեզ մոտ կան մարդիկ, որ կարող են փոխարինել, ուղղակի պետք է այդ մարդկանց աշխատանքի մոտիվացիան ճիշտ ներկայացնել: Չմոռանանք, թե ինչպես են դատավոր դառնում. հուսով եմ` վեթինգի ընթացքում կպարզվի՝ մարդն իր ունակությունների ու գիտելիքի հաշվի՞ն է դատավոր դարձել, թե՞ գումարի ու անձնական կապերի, դատաիրավական գործընթացներո՞վ է զբաղվել, թե՞ պաշտոնն օգտագործել է միայն եկամուտ ստանալու համար: Այդ ոլորտում հայտնվածները պետք է հավատան իրենց առաքելությանը, ու եթե անգամ քիչ աշխատավարձ ստանան, հասկանան՝ կարևորագույն գործ են կատարում: Կարծում եմ՝ այդպիսի մտածողությամբ մարդիկ կան Հայաստանում:
-Իսկ որո՞նք են մյուս երկու հիմնախնդիրները:
-Երկրորդն իշխանության ներկայացուցիչների` տված խոստումները չկատարելն է: Ցանկացած քաղաքական ուժ, ընդդիմադիր թե իշխանական, պետք է այնպիսի հայտարարություններ անի, որ հետո կարողանա իրագործել դրանք: Անգամ եթե չես իրականացնում, հանրությունը պետք է իմանա, որ ի զորու չես դրանք կյանքի կոչելու: Մարդկանց պետք է հստակ բացատրել, թե ինչից հետո որոշեցիր կանգ առնել ու չանել նախօրոք խոստացածը: Բայց մենք նման խոսքեր իշխանությունից ու կառավարությունից չենք լսել մինչ օրս: Տպավորություն է, թե նորմալ է, էլի, ասել ենք` կանենք, բայց հիմա այլ բան ենք ասում: Երրորդ խնդիրն այն է, որ կառավարությունը պետք է ավելի շատ ներառական լինի, փորձի հաճախ լսել մարդկանց, նրանց լավ գաղափարները վերցնի ու կիրառի գործնականում: Այն խնդիրները, որ տեսնում ենք մենք, իշխանությաններում գտնվողները կարող է և չտեսնեն: Ապացուցված բան է, որ երբ աչքդ սովորում է մի բանի, արդեն չես նկատում թերությունը կամ ինչ-որ բանի բացակայությունը: Օրինակ, մի օր մտնում ես սենյակ ու չես նկատում, որ իր տեղում գտնվող պահարանը էլ չկա, որովհետև աչքդ սովորել է այդտեղ պահարան տեսնելուն: Ընդդիմությունն ավելի հեշտ է նկատում այն խնդիրները, որ կառավարությունը կարող է չնկատել:


Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao