Yerevan Perspectives International Music Festival
 

«Մտա ցուցասրահ ու ձայնեցի՝ Նիկօ՜, որտե՞ղ ես»...

«Մտա ցուցասրահ ու ձայնեցի՝ Նիկօ՜, որտե՞ղ ես»...
28.06.2019 | 01:28

«ՉԱՆՀԱՆԳՍՏԱՆԱՍ, ԿՈՒՇԱՆԱՄ. ՍՊԱՐՏԱԿԻ ՏԱՆՆ ԵՄ՝ ՆԻԿՕՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ»


Ամռան այրող շոգին, ասես հնօրյա մի ծեսի խորհրդով՝ Երևանի հրապարակի քարե ծաղկեպսակի թերթեր հիշեցնող ցայտաղբյուրներից կում-կում սառնորակ ջուր եմ ըմպում ու, հեռու վանելով աշխարհը պարուրած տագնապները, խաղաղ, հանդիսաքայլ բարձրանում հարազատ Աբովյան փողոցով: Հայացքս դիպչում է նկարիչների միության ցուցապաստառին` արթնացնելով գարնանավերջին կայացած ցուցահանդեսի պատկերներ, որոնք, որքան էլ ժամանակ անցնի, վառ կմնան հիշողությանս մեջ որպես ՆԻԿՈԼԱՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ՝ ՆԻԿՕ նկարչի ստեղծագործական բեղուն ճանապարհի ու ապրած կյանքի խոսուն վկայագրեր, որոնցում գույների ու գծերի զարմանալի արտահայտչականությամբ արտացոլված են արվեստագետի զգայուն հոգու հարատև որոնումն ու կատարյալին հասնելու անվերջ կարոտը:


...Մայիսի վերջին շաբաթն էր: Օդում արդեն զգացվում էր ամռան հրակեզ օրերի շունչը: Արվեստագետներ, պոետներ, լրագրողներ, տարբեր մասնագիտության ու նախասիրությունների տեր մարդիկ շտապում էին նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահ` մասնակցելու նկարչի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը՝ նրա նկարների համապատկերում հայտնաբերելու իրենց հոգեհարազատ արտացոլումներ, վերագտնելու արդեն անցյալ, բայց անանցողիկ իմաստներ: Ցուցասրահի պատերը պտուղներով ծանրաբեռ պարտեզի տպավորություն էին թողնում, միայն թե այդ պտուղները տարբեր չափսերի շրջանակներից նայող նկարներ էին` նկարչի տարբեր տարիներին արած 103 աշխատանք` գեղանկարներ, գծանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, թերթային կոլաժներ, տպագիր գործեր, որ շնչավոր էակների թրթռուն հուզումով սպասում էին արվեստասեր հասարակության գնահատանքին... Իր ներաշխարհից բխող անկաշկանդ ազատությամբ ու խոհափիլիսոփայական ուրույն ընկալմամբ կյանքն ու աշխարհը կերպավորող նկարիչը հավերժի հեռուներից ներկա ու մասնակից էր այնքան փայփայված իրադարձությանը՝ հայրենիքում առաջին անհատական ցուցահանդեսին, որին սպասել էր խոնարհ զավակի հեզությամբ ու համբերությամբ՝ գոհանալով աշխարհի տարբեր երկրների ցուցասրահներում իր աշխատանքների խոսուն ներկայությամբ:


Նիկոլայ Մանուկյանի բազմաժանր ստեղծագործություններն անցել են աշխարհի ճամփաներով, տարբեր ազգության արվեստասերներ են դիտել դրանք Վրաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում, Բուլղարիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Անգլիայում, Կանադայում, Արգենտինայում, Բրազիլիայում:
Թիֆլիսյան գունեղ միջավայրում ծնված ու հասակ առած պատանուն վիճակվել էր անցնել նկարչական տաղանդով օժտված իր սերնդակիցների համար այնքան բաղձալի ուսումնառության ուղի, խորանալ արվեստի անծայրածիր դյութանքների ծովում:
Ծննդյան ակունքները բխում էին Մուշից: Էության խորքում ապրում էր հայ իշխանական տոհմի ոգին՝ ճակատագրի անբարեհաճ կամեցողությամբ արմատահան եղած մայրենի հողից, որի լուռ կարոտը արթնանում էր հաճախ ու տրտմեցնում հոգին, որին ձգտում էր հեռվից, առանձնապես ինքնաորոնման միայնության պահերին:
Արտասահմանում մնալ-հաստատվելու և ստեղծագործելու բազում առաջարկներ էին լինում: Մերժում էր: Մի օր հնչեցրած «ինչու՞» հարցիս հետաքրքիր պատասխան տվեց.
-ՈՒզում եմ նստել իմ քարին, պոկել կողքին աճած ուրցը, դնել իմ հացի պատառին ու… արդեն երջանիկ եմ:
Գույների, գծերի խայտանքին միախառնվում էր երաժշտության հանդեպ սերը: Հայրը՝ Արկադի Զախարիչը, Թիֆլիսում հայտնի մարդ էր. պատերազմի մասնակից, վիրավորված, մի ձեռքը կորցրած, մյուսին էլ՝ երկու մատ։ 1946-ին Լենինգրադում էր: էրմիտաժն անհրաժեշտության բերումով դռներն էր բացել նմանօրինակն ունեցող որոշ ցուցանմուշներ վաճառելու նպատակով: Արկադի Զախարիչը որդու համար գնում է 1800-ականների BLÜTHNER մակնիշի դաշնամուրը, որը ցարական ընտանիքի նվերն էր երաժշտական դպրոցներից մեկին և հասցնում Թիֆլիս: Նիկօն միջնակարգին զուգահեռ ավարտում է և երաժշտական (դաշնամուրի բաժին) դպրոցը: Հիանալի ջազ էր նվագում:


Չեմ անդրադառնա նրա կենսագրության մանրամասներին: Գրվել է բազմիցս: Միայն հավելեմ, որ 2008-ից մինչև 2018-ի դեկտեմբերն «Իրատես» թերթի գեղարվեստական խմբագիրն էր: Նաև ավելացնեմ` ընթերցողի ու գիտակների առանձնակի ուշադրությանն էին արժանանում քաղաքական թեմաներով ինքնատիպ, դիպուկ երգիծանկարներն ու կոլաժները` վերստին փաստելով Նիկօ ստեղծագործողի նոր ուղիներ որոնելու անկասելի մղումը: Նրա վրձինն անվերջ ոճի փնտրտուքում էր՝ տարված գույնի, գծի բազմաշերտ տարրալուծումների հմայքներով:
Բնությունը նրան շռայլ հոգի էր տվել: Իր տքնանքի պտուղ նկարները նվիրում էր առատաձեռնորեն ու սիրով: Մի օր հարցրի` չի՞ ափսոսում: Արտահայտիչ աչքերում զարմանք գծագրվեց.
-Տալիս եմ սիրով: Երբ նվիրում ես, նկարդ նոր շունչ է ստանում, նոր ոգի, սկսում է ապրել ինքնուրույն կյանքով: Նկարիր ու կախիր տանդ: Իմաստը ո՞րն է: Սիրում եմ մարդկանց ուրախացնել, դրանով ինքս էլ եմ հարստանում:
Երբ կնոջը` «Իրատեսի» գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանին, հարցրի` ինչպե՞ս է ընդունում Նիկօյի առատաձեռնությունը, ասաց.
-Քսաներեք տարի միասին ենք: Երբեք Նիկօյի գործերին չեմ միջամտել, չեմ ասել՝ ինչու՞ ես նվիրում: Չեմ ընդունում ու չեմ սիրում, երբ կինը խառնվում է ամուսնու գործերին, փորձում կարգավորել իրեն չվերաբերող հարցեր: Նիկօն, ինչպես ինքն է սիրում ասել` հաստակող մշեցի է, առավել ևս նկարիչ: Իսկ նկարչի համար կարևորն ազատությունն է: Ասել է` նվիրել-չնվիրելը նրա որոշելիքն է: Հետևաբար, կա տարածք, որն իմը չէ, որտեղ ես անելիք չունեմ: Երբեք, ոչ մի հարցում չեմ խանգարել նրան, չեմ փորձել թելադրել իմ կամքը: Ինքն էլ իմ ազատությունն է հարգել ու գնահատել:


Նիկօյի մտերիմ ընկերներից ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆՆ օրերս ցավով հիշեց.
-Մի օր Նիկօն հարցրեց. «Որ անհատական ցուցահանդես անեմ, իմ նկարները կտա՞ս ցուցադրեմ»: Ասացի՝ հետ վերադարձնելու պայմանով:
Պատմում էին, որ նրանց մյուս ընկերը` բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանը, որ միշտ մասնակից էր Սպարտակենց տանը մինչև ուշ գիշեր ձգվող զրույցներին, մի օր զանգահարում է կնոջը` լրագրող, հեռուստամեկնաբան Սվետլանա Հարությունյանին, թե. «Չանհանգստանաս, կուշանամ. Սպարտակի տանն եմ՝ Նիկօյի անհատական ցուցահանդեսում»:

...Հիվանդությունը գալիս է անկոչ հյուրի պես՝ առանց նախապես հարցնելու ներխուժում է մարմինդ, հեռու վանում կյանքի խնդուն ու զվարթ գույները՝ չարախնդորեն պարտադրում իր անցանկալի ներկայությունը: 2016-ի հունվարից Նիկօն հիվանդ էր: Հավատում-հուսում էինք, որ կառողջանա: Բայց այրող արևագույնն ու հանդարտեցնող կանաչը և մնացյալ գույները, երանգները համրացան հիվանդանոցային ամայացնող ճերմակից... Պայքարում էր:

Նիկօյի անհատական ցուցահանդեսը պետք է կայանար 2018-ի նոյեմբերին: Ընկերները` Վրեժ Առաքելյանն ու Վահե Մելիքյան-Մովսիսյանը, 2018-ի հունիսից մինչև նոյեմբեր բանակցությունների մեջ էին արվեստագետի ընկերների, կոլեկցիոներների ու բոլոր նրանց հետ, ում մոտ առկա էին նկարչի աշխատանքները: Հավաքվեց շուրջ 45 գործ: Բա՞յց… ի՜նչ ցուցահանդես, երբ նկարչի վիճակն օրհասական էր: Հոգու անեզր տիրույթում դեռ ծննդյան հրճվանքը չապրած գույները դալկացան-նվաղեցին ու անտես թևերով ճախրեցին, հեռացան դեպի Անհունի հավերժական լույսը, որտեղ չկան կորստյան ցավ ու տառապանք...

Նիկօյի անկատար ձգտումն իրականացնելու նպատակով ՀՀ նկարիչների միության անդամ, հրապարակախոս Վրեժ Առաքելյանը, հետաքննող-լրագրող Վահե Մելիքյան-Մովսիսյանը, Նիկօյի արվեստի սիրահար, բանաստեղծ Գրիգոր Մովսիսյանը նվիրվեցին այդ կարևոր գործի իրականացմանը: 2018-ի դեկտեմբերից մինչև 2019-ի մայիսի 15-ը ներառյալ բանակցություններ էին վարում կոլեկցիոներների հետ՝ նրանց հավաքածուներում եղած աշխատանքները հետմահու անհատական ցուցահանդեսում ներկայացնելու համար: Նվիրյալ այրերի ջանքերը պսակվեցին հաջողությամբ. մայիսի 23-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվեց գեղանկարչի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը գործեց մինչև մայիսի 29-ը:


Նիկօն՝ ասես հանճարեղ կինոռեժիսոր Փարաջանովի ֆիլմ-կտավներից մեր այսօրում հայտնված առասպելական կերպար, առանց բարձրագոչումի, հանդարտ, խաղաղ բացեց իր գաղտնախորհուրդները: Երախտագիտության, շնորհակալության խոսք ասենք Վրեժ Առաքելյանին ու Վահե Մելիքյան-Մովսիսյանին, Գրիգոր Մովսիսյանին, որոնց ամիսների նպատակասլաց, անբասիր աշխատանքով իրականություն դարձավ Նիկօյի փայփայած երազանքը:
Հիշատակենք նաև, որ ցուցահանդեսի կազմակերպման գործում իրենց անուրանալի ներդրումն ունեցան նաև նկարչի եղբայրը՝ Զախար Մանուկյանը ¥Զուրիկը¤, տիկնոջ` Թագուհի Հովհաննիսյանի հետ (ապրում են Դոնի Ռոստովում):
-Հայաստանը միայն Երևանը չէ: Նիկօյի ստեղծագործությունների ցուցադրությունը շարունակվելու է,- ասում է գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը:- Հանրապետության մյուս քաղաքներում նույնպես պետք է տեսնեն ու առնչվեն Նիկօ արվեստագետի աշխատանքներին:
Այդպես են կամենում նաև Վրեժ Առաքելյանն ու Վահե Մելիքյան-Մովսիսյանը, որոնք շարունակելու են որոնումները Նիկօյի ստեղծագործությունների հետքերով:
ԱՄՆ-ում, Բելգիայում, Գերմանիայում շատ կան Նիկօյի՝ տարբեր տարիների արված աշխատանքներից: Միայն Գերմանիայում դրանց թիվն անցնում է 5000-ից, որ առկա են անհատ կոլեկցիներների հավաքածուներում և մասնավոր ցուցասրահներում: Դյուրին գործ չէ: Անհատ կոլեկցիոներներից բոլորը չէ, որ ուզում են ներկայանալ՝ ինչը հատկանշական է այդ զբաղմունքի տեր մարդկանց: Հուսանք, որ որոնումները հաջողությամբ կպսակվեն, կիրականանա Վրեժ ու Վահե նվիրյալ հայորդիների նպատակը՝ առաջիկայում Նիկօյի՝ նոր ցուցանմուշներով հարստացած ցուցահանդեսը ներկայացնել Վանաձորում:


Ցուցահանդեսներն իրադարձություն են մեր կյանքում: Գնալով դժվարացող, դաժանացող իրականության ճնշմամբ մարդիկ ավելի ու ավելի են հեռանում, օտարանում միմյանցից: Ինչպես ծանոթ մեկը դառնությամբ ասաց ցուցասրահում՝ արդեն հանդիպում ենք միայն թաղումների ժամանակ: Եվ փրկություն է, որ մարդիկ, լսելով արվեստագետի անունը, թեկուզ և հպանցիկ ծանոթ լինելով նրա ստեղծագործական աշխարհին, «մոռացած» իրենց հոգսերն ու մտահոգությունները՝ շտապեն ցուցասրահ՝ երջանկության մի թրթիռ հայտնաբերելու ձգտումով:


Նիկօյի ցուցահանդեսի բացման օրը տեսա, թե ի՜նչ կարոտով ողջագուրվեցին գրեթե մեկ տասնամյակ իրար չտեսած երկու ընկեր, հուզմունքից նրանց աչքերում արտասուք երևաց: Այդ օրն ինձ նույնպես բախտ վիճակվեց հանդիպելու հին օրերի իմ ընկերներին: Եվ մեզ բոլորիս նույն հարկի տակ էր հավաքել Նիկօն, աշխարհի, մարդկության հանդեպ նրա անչար պարզությունը, որից սկիզբ էր առել նրա շքեղ ու շռայլ աշխարհը:
Այդ օրը բացման արարողությանը ելույթ ունեցողների խոսքին ունկնդիր՝ հանկարծ սրահի բազմության մեջ նկատեցի վաղեմի ընկերոջս՝ Սպարտակ Ղարաբաղցյանին: ՈՒրախ ձեռքսեղմումից հետո հարցրի ցուցահանդեսից իր տպավորության մասին: Հուզված ասաց.
-Ես չգիտեի, չգիտեի... Գիշերը զանգահարեց Ռոմիկ Սարդարյանի տղան, ասաց՝ արի Նիկօյի ցուցահանդեսի բացմանը: Առավոտյան զանգահարեց Սեյրանուհին, ասաց. «Բացմանը ես խոսելու եմ, կգաս, կուզենա՞ս դու էլ խոսք ասել»: Ասացի՝ կգամ, կխոսենք: Մտա սրահ ու ձայնեցի՝ Նիկօ՜, որտե՞ղ ես...: Փնտրեցի, չգտա…


Չարենցի անվան գրականության թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանին տեսա, հարցրի. «Նիկօյին որտե՞ղ տեսնեմ»: Ցույց տվեց սրահը, ասաց՝ ահա՛ Նիկօն: ՈՒ հասկացա... Ինձ մենակ զգացի: Վրեժ Իսրայելյանը գնաց, Ռոմիկ Սարդարյանը գնաց ու հիմա Նիկօն... Տխուր, ծանր զգացողություն է, երբ քեզ մենակ ես զգում:
Որոշեցինք հանդիպել, զրուցել: Ասելու շատ բան կար...

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԿՈՒՍՈՎ


Զրուցակիցս Համազգային հայ կրթական մշակութային միության հիմնադրամի նախագահ, արձակագիր ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆՆ է:
Ա. Ծ.- Նիկօյի ցուցահանդեսի արարողության ժամանակ հարցրի՝ կա՞ մի բան, որ քո ուզածով, պատկերացրածով չէ: Պատասխանեցիր. «Խոսելու շատ բան կա, բայց այս աշխույժի մեջ դժվար է»: Փոքրիկ դադարից հետո հավելեցիր. «Այս ցուցասրահում կուզենայի տեսնել այն նկարները, որ Նիկօն նվիրել է ինձ: Իր խառնվածքի բնորոշ գծերից մեկը շռայլորեն նվերներ տալն էր»: ՈՒմ՞ էր նվիրում Նիկօն իր նկարները:
Ս. Ղ.- Սկսեմ այնտեղից, որ Նիկօյի անվան կլոր «օ»-ի «մեղավորը» ես եմ: Ես, Նիկօն, Ռոմիկը, Վրեժը աշխատում էինք «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագրությունում: Ամսագրի վաղ համարներում նա իր ազգանունն էր գրում: Մի օր ասացի. «Ստորագրիր Նիկօ: Դու դրսից ես, թիֆլիսեցի, Փիրոսմանիի ոգու կրողն ես: Նիկօն համահունչ է թիֆլիսյան քո նկարագրին:
1988 թ. Սփյուռքահայության հետ կապերի կոմիտեն փակվեց: Ամսագիրը դադարեց լույս տեսնել, և մենք հայտնվեցինք ուրիշ աշխարհում՝ այլ իրականության մեջ, որը մերը չէր: Այդ աշխարհում ո՛չ Նիկօն, ո՛չ մենք՝ իր ընկերները, չէինք կարող տեղավորվել: Պետք է դիմանայինք: Մեկը Նիկօյի գործերը տարավ Հունաստան, իրեն էլ գործի էր կանչել: Ես դրսում եղել եմ, տեսել մերոնց վիճակը: Մեր նկարիչները շատ տաղանդավոր են, բայց այնտեղի գներից անտեղյակ էին ու, ցավով եմ ասում, գրեթե փոր հացի կարող էին արժեքավոր գործեր տալ: ՈՒ դա ինձ հիշեցնում էր հին Հռոմի ստրուկ արվեստագետներին:
1996-1997 թթ. Նիկօյի մի քանի գործեր տարա Հալեպ: Ցուցադրությունը կայացավ Հալեպի հյուպատոսարանի բակում, ու զարմանալի զուգատիպությամբ՝ նկարները գնողը հույն էր՝ դեսպանատան աշխատող, կարծեմ՝ փոխհյուպատոսը:
Ա. Ծ. -Ինչպե՞ս եղավ, որ Նիկօն Թիֆլիսից Երևան եկավ:
Ս. Ղ. -Աշխատել էր գրող Աղասի Այվազյանի հետ: Աղասին բերեց նրան: Աղասի Այվազյանը հիմնեց «Հայ տուն» թերթը, որտեղ տպագրվեցին իմ պատմվածքները: Նիկօն զգում էր թերթը ու շատ ընտիր ձևավորում էր: Առանց կարդալու, խորամուխ լինելու՝ երբեք նյութը չէր ձևավորի: Ավելին՝ պիտի հեղինակին սիրեր, և ձևավորելիս այդ սերը երևում էր: Ձևավորեց նաև Վահագն Դավթյանի վերջին՝ հուշերի գիրքը: Շատ ինքնատիպ ձևավորում էր:
Ա. Ծ.- Եվ, սակայն, վերադառնամ հարցիս՝ Նիկօյի նկարներից ո՞րը չկար, ու կուզենայիր, որ լիներ ցուցահանդեսում:
Ս. Ղ.- Օրինակ՝ տեսա, որ Վրեժ Իսրայելյանին նվիրած նկարները չկան: Ես իմ հավաքածուն էլ կբերեի: Նիկօյի այդ շրջանի գործերը տվյալ ժամանակահատվածի վկայություններ են: Շատերն ունեն Նիկօյի նկարներից...
Ա. Ծ.- Նիկօյի նկարների գուներանգներն առանձնակի տարբերվում են, կանաչը բնության զարթոնքի գույնն է, բայց իր կանաչում թաքուն թախիծ կա, արևը կյանքի աղբյուրն է, կենսատու, իր արևագույնում այրումից խանձված, անվերծանելի ապրում կա: Հետաքրքիր է՝ ինչպես՞ կվերաբերվեր այս բնորոշումիս հայտնի արվեստաբան Մարտին Միքայելյանը...
Ս. Ղ.- Ասածիդ պես մի բան կա. Նիկօյի արևն ու կանաչն իրար քով են, իրար ձգտող և զուգընթաց: Այդ կանաչը Նիկօյի բնավորության մեջ կար: Շատ տպավորիչ է նրա հալված արևի գույնը՝ պղնձագույնը...
Ա. Ծ. -Անիմանալի է կյանքը. ուրախություն, վիշտ գիրկընդխառը քայլում են մարդու հետքից... Անցյալ ամառ էր, նստած էի «Իրատես» թերթի խմբագրի աշխատասենյակում: Փիրուզան թերթի առաջիկա համարի համար շտապումով նյութ էր կարդում: Սպասում էի, որ ավարտի ընթերցումը, իմ ասելիքն ասեմ: Հանկարծ Նիկօն ներս մտավ՝ ձեռքին մի մեծ կտավ, կնոջ պատկեր էր՝ հիշատակածս կանաչ գույնի համապատկերում: Զգաց պահի զբաղվածութույունը, երեխայի պարզ հայացքով լուռ ողջունեց, թեթև, սահուն քայլերով առաջացավ, նկարը դրեց աշխատասենյակի վերին անկյունում ու աննկատ դուրս եկավ: Թվաց՝ Փարաջանովի ֆիլմերից իջած կերպար է ու ասելիքը տարավ իր հետ...
Ս. Ղ. - Այո, իր կերպարում դա զգացվում էր: Նիկօն նաև Դովլաթովին էր նման: Նույն տարերքից էին: Նիկօյի մեջ մի բան կար՝ զգում էր, որ ինքը տաղանդավոր է, բայց չէր բարձրաձայնում, չէր խոսում: Տեսնում էր՝ ինչ-որ միջակություն ամեն կերպ ճանապարհ է հարթում, իսկ ինքը երբեք այդ առիթը չտվեց, չհարթեց: Կուրծք ծեծողներից չէր: Ափսո՜ս...Ավելի մեծ ժառանգություն կթողներ: Գիտեինք՝ Նիկօն է, մեր Նիկօն, տաղանդավոր ընկեր, բայց Նիկօն նախ տաղանդավոր նկարիչ էր...
Ա. Ծ.- Որպես ընկեր բնորոշելիս առաջինն ի՞նչ կհիշատակեիր:
Ս. Ղ.- Որ նյութապաշտ չէր: Փող չէր սիրում: Լավ հոնորարներ էր ստանում, բայց փողը ոնց գալիս, այդպես էլ գնում էր: Երբ մի տեղ հավաքվում էինք խմելու, գիտեինք, հիմա Նիկօյին չպետք է խանգարենք, ինքը պետք է խոսի: Սիրում էր պատմել ուսանողության տարիներից, ակադեմիայում սովորելու տարիներից, թիֆլիսյան շրջանից: Ինձ համար Նիկօն ոնց որ Փիրոսմանիի շարունակությունը լիներ: Ինչ էլ աներ, ձևավորեր, արդեն արվեստ էր: Մի նկար, որ 1987 թ. Պալմիրայում էր արել, ինձ նվիրեց: Այդ տարիներին տուրիստական խմբերով շրջագայությունների էինք գնում: Սփյուռքահայության հետ կապերի կոմիտեն էր տեղեր հատկացնում: Այդ շրջագայությանը Նիկօն էլ էր մասնակցում: Դա իր համար հեքիաթային ճամփորդություն էր, նկարների լավ շարք էր արել: Պալմիրայի նկարն ինձ է տվել, պաստելով արված գործ է: ՈՒ հիմա, որ Պալմիրան ավերված է, այդ նկարի արժեքն ավելի է բարձրացել, ավելի է կարևորվել: Հարցնում էր. «Եթե ցուցահանդես անեմ, կտա՞ս այդ նկարը ցուցադրեմ»: Ասում էի՝ վերադարձնելու պայմանով:
Ա.. Ծ. -Ցուցահանդեսի մի առանձին բաժնում ներկայացված էին Նիկօյի ձևավորած գրքերը: Ազգագրագետ Սերգեյ Վարդանյանը հիացմունքով էր հիշում, թե ինչ ներշնչանքով է Նիկօն 1981 թ. ձևավորել նրա կազմած «Հրեղեն ձին» բանահյուսական ժողովածուն: Եվ կատակով ասաց, այդ տարիներին ոմանք այդ գիրքը գնում էին՝ դուստրերի օժիտում դնելու, որպեսզի նրանք հետո կարդան իրենց զավակների համար: Նիկօն ձևավորել է նաև Սերգեյ Վարդանյանի կոչով 1978-1982 թթ. Վրաստանի, Աբխազիայի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի ԻՀ, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների երեխաների հավաքած բանահյուսական նյութերով ստեղծված հաջորդ՝ «Թագավորի երազները» հեքիաթների և զվարճապատումների ժողովածուն, որ, ցավոք, շատ ուշ տպագրվեց՝ 2003-ին.: Սերգեյն ափսոսանքով ասաց, որ ցուցահանդեսում փնտրեց այդ գրքի համար Նիկօյի արած ձևավորումները՝ մոտավորապես երեք տասնյակ գունագեղ, հեքիաթային նկարներ, բայց չգտավ: Գուցե հաջորդ ցուցահանդեսին լինեն: Որպես բնագիր՝ դրանք ավելի գեղեցիկ են:
Ս. Ղ.- Սերգեյ Վարդանյանի գրքերը Նիկօն էր ձևավորում: Մինչև ձևավորելը կարդում էր, մտնում հեքիաթի աշխարհ, ապրումներ ունենում, երբ նայում էիր իր նկարած հրեղեն ձիուն, զգում էիր, որ Նիկօն ապրում է այդ աշխարհում, ու հրեղեն ձին իրենն է: Գրքի ձևավորման իր տեխնիկան անշփոթելի էր, այնտեղ իր ներքին խռովքը կար: Երեք տարբեր նկարչություն... ու նա էլի միշտ նորի փնտրտուքում էր, միշտ ստեղծագործական տարերքի մեջ:
1990-ականները ծանր շրջան էին: Նիկօն գրեթե լրիվ մեկուսացավ, մենակ էր: Իր նկարներում միշտ մի հեծյալ կա, որ առաջին պահ չես էլ նկատում: Ամեն տեղ կա այդ հեծյալը...Այդ ձիավորն ինքն է, որ անվերջ գնում, գնում է իր նկարների միջով...
Ա. Ծ. - Ցուցահանդեսում մի կին երկար կանգնել էր թիֆլիսյան բակերը պատկերող նկարներից մեկի առջև: Ասաց. «Բժշկուհի եմ: Ծնվել եմ Թիֆլիսում: Չեմ կարողանում այս նկարից կտրվել, շատ հարազատ է, մանկության հուշեր արթնացրեց: Բոլոր նկարներն են հոգեհարազատ: Այս ի՜նչ տարբեր ոճեր են, որքան վառ երևակայությամբ է օժտված ստեղծագործողը, սկզբում ինձ թվաց՝ երեք նկարչի աշխատանքներ են ներկայացված, տարբեր ոճեր են ու այնքան խոսուն»: Լրագրող ԴԱՎԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ խոսքն ասես բժշկուհու ասածի շարունակությունը լիներ. «Նիկօն և՛ թիֆլիսեցի էր, և՛ երևանցի: Նկարելու մեծ ներուժ ուներ, շատ հետաքրքիր ոճ: Երևույթ էր: Եթե սովորական մեկը լիներ, հիմա պրոֆեսորի աստիճան կունենար: Բայց պրոֆեսորն ո՜վ է նրա մոտ: Եվ այս՝ Երևանում իր անդրանիկ ցուցահանդեսին Նիկօն ներկա է՝ երկրային ու երկնային կյանքի հեռավորության մեջ: Տեսեք՝ ի՜նչ բազմություն է հավաքվել: Քանակի առումով չեմ ասում»:


Դավիթն արտասանեց Նիկօյին նվիրված իր բանաստեղծությունը, որ գրել էր հոգեհանգստի օրը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում.

ՆԿԱՐԻՉ ԸՆԿԵՐՈՋՍ՝ ՊԱՅԾԱՌ ՆԻԿՕՅԻՆ
Շատ եսասեր եմ...
Իմ ընկերներին հողին չեմ հանձնում,
Ինչ ինձ հիշում եմ՝ նրանք ինձ հետ են,
Քվազարներ են՝ դեպի Լույս ձգվող
Փուշ ու տատասկոտ արահետներին...
Արցունքն Հավերժի ժպիտ է ցողում,
Անառակ որդիք վերադառնում են...

Գրել է եկեղեցում Փիրուզայի արցունքներից ազդված...
Ասացիր՝ հաճախ էիք հանդիպում: Ինչի՞ մասին էին ձեր զրույցները:


Ս.Ղ. -Որ մեր տուն էր գալիս, ավելի շատ հորս հետ էր խոսում: Հորս հետ ավելի մտերիմ էր: Պատմվածքս որ ձևավորեց, ասաց. «Ջրաղացպանը ոնց որ պապդ լինի»: Զարմացա. «Որտեղի՞ց գիտես: Ես պապիս չեմ տեսել: Երկու պապս էլ դարբին են եղել»: Ասաց. «Ա՛յ տղա, ջրաղացպանին հորդ կերպարից եմ վերցրել, հայրդ էլ պապիդ տղան է»:
Ա. Ծ. -Պատմիր ձերոնց մասին:
Ս. Ղ. -Հայրս տոհմիկ շուշեցի էր: Եղել ես Շուշիում, գիտես՝ ուրիշ քաղաք է: Տատս պատմում էր, որ նախքան խորհրդայնացումը Շուշիի փողոցներն օճառով էին լվանում: Մեր տունը Ղազանչեցոց եկեղեցու հետևում էր: Հիմա չկա: Հիմա այդ տեղում չորսհարկանի շենքեր են: Հայրս 92 տարեկան մահացավ: Բարձրացել էր ծիրանի ծառը, չոր ճյուղը կոտրվել էր, ու ինքն ընկել էր: Այդ մասին չասաց, հետո իմացանք, որ ծառից է ընկել:
Ա.Ծ. -Դարբնոցը կա՞:
Ս. Ղ. -Կա: Հիմա եղբայրս է աշխատեցնում: Սերնդեսերունդ փոխանցվող արհեստ է: Աղջիկս՝ Անին, ամուսնու հետ գնաց Արցախ ու հիմա ուշքումիտքը Շուշիում է, ուզում է, որ այնտեղ ապրեն:
Ա. Ծ. – 1993 թ. աշնանն էր: Շուշիում ապրում էի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սասունիկ Ալեքսանյանի տանը: Ազատամարտիկների մասին նյութեր էի հավաքում: Սասունիկն արարատցի է: 1988-ի պայքարով ոգեշնչված եկել էր Արցախ ու հոգեպես կապվել, մնացել: Շուշին ազատագրվելուց հետո առաջիններից մեկն էր մտել քաղաք, բնակություն էր հաստատել լքված տներից մեկում: Մի օր կիսավեր, գրեթե դատարկ Շուշիում հայտնվեց անթերի սպիտակ շորերով, վայելուչ տեսքով, գեղեցիկ մի հայ նկարիչ: Սուրեն էր անունը: Խորհրդային ժամանակ որպես այլախոհ վտարվել էր Խորհրդային Միությունից: Ապրում էր Պորտուգալիայում: Մեր հարցին՝ ի՞նչն է բերել քեզ ավերակ Շուշի, պատասխանեց՝ նախնիներիս արմատները: Ղազարոս Աղայանի շառավիղներից էր: Առավոտից իրիկուն շրջում էր ավերակներում ու նկարում: Չնայած մեր հետաքրքրվածությանը՝ այդպես էլ նկարածները ցույց չտվեց: Երբ արդեն սպիտակ հագուստը խունացել, տեսքից ընկել էր, ասաց, որ վաղը մեկնելու է և մտադիր է Շուշիի նկարներով ալբոմ հրատարակել: Խնդրեց տեքստ գրեմ, բայց այնպես, որ պատերազմի մասին խոսք չլինի: Քաղաքավարությունից դրդված՝ համաձայնեցի, բայց այդպես էլ ինձ չհաջողվեց Շուշիի մասին գրել՝ առանց անդրադառնալու նրա ողբերգական, հերոսական անցյալին ու ներկային… ինչի մասին հայտնեցի Սուրենի մոսկվաբնակ բարեկամուհուն, որի հեռախոսահամարը տվել էր: Այդպես էլ չտեսանք իր նկարած Շուշին: Այս ամենը հիշեցի, երբ ասացիր, որ հիացած ես Նիկօյի նկարած Պալմիրայով: Ափսոս, որ նրա նկարի հեծյալը չհասավ Շուշի: Իր ներկապնակի ի՞նչ նրբերանգներով էր նկարելու սպիտակ երազ Շուշին... Մտովի քեզ ի՞նչ գույնով, ի՞նչ երևույթով է ներկայանում Նիկօն:
Ս.Ղ. - Ասացի, երբ նայում ես նկարին, առաջին պահ ձիավորին չես տեսնում ու մեկ էլ տեսար՝ հայտնվեց, ասես ոչ մի կապ չունի նկարի հետ: Մի օր նա ասպետի է նման, մի օր՝ դերվիշի, մի օր՝ Դոն Քիշոտն է... Բազմակերպար է Նիկօն, ինչը բնորոշ է տաղանդավոր մարդուն: Միշտ զգում էիր իր ինքնահաստատման անկասելի մղումը, մինչև վերջ ինքնահաստատվում էր: Ինչքան որ դուրս էր տալիս, այդքան էլ ուներ տալու, մինչև վերջ չէր դատարկվում, այդ կռիվը, անհանգստություն միշտ իր մեջ կար:
Ա. Ծ. -Նիկօյի ցուցահանդեսի բացման ժամանակ սրահ մտավ բարձրահասակ, ազնվաշուք երևույթով, դասական ոճով հագնված մի այր և սկսեց տարված դիտել նկարները: Մոտեցա, պահը որսալով՝ խնդրեցի ներկայանալ: Պատասխանն անսովոր էր . «Դժվարանում եմ ասել՝ ով եմ ես, եկել եմ ինձ փնտրեմ, իմանամ՝ ով եմ ես: Նայելով Նիկօ նկարչի աշխատանքները, վերստին համոզվեցի՝ կարևորը գործն է, գործն է մնում: Նրա նկարների ձիավորը սլանում է, ու՞ր է սլանում: Եթե զինվոր է, սլանում է իր արքայի մոտ: Որպեսզի միտքս հասկանալի լինի, նայեք, խնդրեմ, այս հոդվածները»: Թղթապանակից հանում, ինձ է մեկնում թերթերից պատճենահանված էջեր. «Ազգ» 26-ը հոկտեմբերի 2018 թ. «Շախմատային ընդունելություն Նախագահի մոտ», «Հայոց աշխարհ» 9 հունվարի 2018 թ. «Շախմատ, որում կա հետախուզություն, իսկ արքան ձիով է»: Կարդում եմ. «Մարզական խաղերի գիտակ, ուսումնասիրող և նորարար Ջավադ Հովհաննիսյանը հանդես է եկել ուշագրավ առաջարկով: Այս անգամ շախմատի վերաբերյալ»: Կարդում եմ հանրապետական մյուս թերթերի վերնագրերը՝ «Ապագայի շախմատը կամ սուպեր շախմատը ծնվում է Հայաստանում»: Բնականաբար, իրավիճակը հարմար չէր լրիվությամբ կարդալու այդ հոդվածները: Շփոթմունքս զգալով՝ Ջավադ Հովհաննիսյանը փորձեց ընդհանուր գծերով ներկայացնել իր աշխատանքը. ապրում է հայրենիքից հեռու: Մի շարք նորարարությունների հեղինակ է: Նրա հեղափոխիչ նորամուծությունները հայտնի են հայ և ռուս մեծանուն շախմատիստներին ու մասնագետներին, այդ թվում՝ Ռաֆայել Վահանյանին: Բոլորն էլ հավանության են արժանացրել այդ նորամուծությունները, որոնք փոխում, աշխուժացնում են բոլորին հայտնի շախմատը՝ դրանում ներդնելով կռահումների և հետախուզության տարրեր, որոնք բնորոշում են վերջնագիծը հատող զինվորի փոխակերպումները... Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել է Ջավադ Հովհաննիսյանի «Նոր շախմատը», շատ հարցեր տվել և հավանության արժանացրել մասնագետների կարծիքները՝ որ այդ նորարարությամբ շախմատը կարող է դուրս գալ ներկա լճացումից և դառնալ առավել հարուստ ու գրավիչ: «Շատ բան կարող եմ պատմել իմ նոր շախմատից, բայց Նիկօյի հեծյալն ինձ հուշում է խոսել նժույգի մասին. ի՞նչ թագավոր՝ առանց նժույգի: Խաղասկզբում թագավորը, որպես կանոն, պաշտպանված է, խոցվելու մտավախություն չունի, սակայն վերջնախաղում կորցնում է ուժը, նրան հույժ անհրաժեշտ է նժույգ: Ձիու նշանով զինվորի նպատակն է հասնել վերջին գծին, որպեսզի թագավորը վերջնականապես հայտնվի նժույգի վրա: Այսպիսի թագավորին գործնականում դժվար է մատ հայտարարել, մինչդեռ նա կարող է միայնակ հաղթել ձիու վրա չգտնվող մրցակից թագավորին»: Նորարարը նոր գաղափարներ է առաջադրել նաև ֆուտբոլային խաղի համար, որոնք հրատարակել է առանձին գրքով՝ «21-րդ դարի ֆուտբոլը վերնագրով»: Ասաց. «Ինձ պետք չեն ճանաչում, փառք ու փող: ՈՒզում եմ, որ աշխարհը խոսի Հայաստանի մասին, որպես նորարարական գաղափարների երկրի, որ մեր շախմատը և ֆուտբոլն առաջինը լինեն, առաջնորդ: Երբ չի ծնվում նորը, հինը խանգարում է առաջ ընթանալուն»: Նորարարի խոսքերը հիշեցրին Նիկօյի՝ միշտ նոր արտահայտչամիջոցների, ոճի փնտրտուքի, անվերջ ստեղծագործական շարժման մեջ լինելու, ապրելու կերպը՝ ոչ փառքի ու վայելքի, այլ կատարելության հասնելու բերկրանքն զգալու համար:


Մեկ ուրիշ այցելու, որ երկար, կենտրոնացած դիտում էր սև, գալարուն գծերով պատված զավակը գրկին կնոջ պատկերը, ներկայացավ որպես հոգևոր ուսուցիչ: Այդ նկարը մտքումս անվանել էի «Մեր օրերի տիրամայրը». հայ մայրն էր՝ զավակի համար տագնապը հայացքում: Հարցրի՝ ճանաչու՞մ էիք Նիկոյին: «Այո,- ասաց,- նա համեստ, խոնարհ, փառք չփնտրող մարդկանցից էր: Երկար ժամանակ ճանաչում էինք միմյանց, բայց չգիտեի, որ այսքան տաղանդավոր է, այսքան ստեղծարար: Որքան ենք ուշանում, ճանաչում, գնահատում ենք, երբ արդեն ուշ է...»:
Ինչու՞ է մարդուն կյանքը տրվում ժլատորեն՝ բոցի պես այրվող-հատնող: Եվ որքան փորձություններ, դառնություններ կան այդ այրումի մեջ, նաև... միայն ցնծության ակնթարթներ: Եվ այդ մշտագո երկմտանքը ՝ արդյոք կա՞ ուրիշ աշխարհ, որտեղ կիրականանան մարդու անկատար իղձերը:
Ս. Ղ. -Աղջկաս կորցնելուց հետո այնքան եմ ուզում, որ կյանքը շարունակվի: Կարող ես գնալ ու այնտեղ հանդիպել: Որ մի բան կա, շարունակվում է՝ հաստատ է...
Ա. Ծ. -Իսկ երկրային կյանքում մարդ պետք է այնպես ապրի, որ իրենից հետո ապրի իր գործը՝ գեղեցիկն ու զմայլելին, որը կջերմացնի տրտմած մարդկային սրտերը:
Շնորհակալություն զրույցի համար, որ յուրաքանչյուրիս մենախոսությունն էր: Նիկօյի մտերիմ ընկերների ջանքերով շուտով մարզերում առաջինը Վանաձորում, կբացվի Հայաստանի ու այլ երկրների կոլեկցիոներների, մասնավոր ցուցասրահների հավաքածուներում եղած Նիկօյի նկարներով հարստացած նկարչի աշխատանքների ցուցահանդեսը: Անկասկած այնտեղ կլինեն նաև Նիկօյից նվեր ստացած քո «Պալմիրան» և էլի նկարներ: ՆԻԿՈԼԱՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՆԻԿՕՆ իր նկարների պարգևած լույսով ուրախություն ու ժպիտ կպարգևի մեզ: ՈՒրախության, ժպիտի ծարավ կա մեր շուրջը...


Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao