«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Հայաստանի իշխանությունների բարոյազրկությունն ավելի քիչ չէ, քան նախկիններինը

Հայաստանի իշխանությունների բարոյազրկությունն ավելի քիչ չէ, քան նախկիններինը
28.06.2019 | 01:37

Անցյալ տարի ես ուշադրություն դարձրի այն բանին, որ բարոյազրկությունը չի վերացել Հայաստանում, չնայած իշխանությունը փոխվել է։ Ցավոք, մի տարի հետո էլ ստիպված եմ նշելու, որ մեր առօրյա կյանքի բարոյազրկությունն ավելի քիչ չէ «հեղափոխականների» օրոք, քան եղել է բոլոր նախկին իշխանությունների ժամանակ։


Քննենք հերթով։ ՈՒնեինք արդարադատության «հեղափոխական» նախարար Արտակ Զեյնալյան։ Թվում էր՝ պատերազմն իր նշանն է թողել նրա վրա, մարդը միայն լսելով չէ ծանոթ կյանքին ու մահվանը, թեկուզ որպես նախկին բժիշկ։ Բայց... Պարզվում է, որ եթե մարդու ինչ-որ բանն այն չէ, ապա դա ընդմիշտ է։ Չես ասի, թե ինչ-որ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ընտրական շտաբի ակտիվիստ է եղել, թե իրեն ազատամարտի մասնակից է համարել։ Վերջերս նա հրաժարական տվեց նախարարի պաշտոնից։ Անհասկանալի հրաժարական էր։ Մարդը հանդես չէր գալիս «անցումային արդարադատության» և տխրահռչակ վեթինգի դեմ, ոչ մի բառ չի ասել, երբ դատարաններն էին «շրջափակում»։ Զեյնալյանը գործող իշխանության տիպիկ ներկայացուցիչ է։ Չեմ ուզում փնտրել նրա հրաժարականի իրական պատճառը։ Կցանկանա, երբևէ ինքը կասի։ Բայց տեսնում եմ, որ նրա հրաժարականը եղավ գրեթե մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումից անմիջապես հետո, կամ էլ Մանվել Գրիգորյանի հարցով այդ որոշման հրապարակման հետ միաժամանակ։ Նախկին նախարար Զեյնալյանի մտքում եղած երկյուղներն էլ ինձ չեն հետաքրքրում։ Ընդհանուր առմամբ նա ճիշտ է. Հայաստանը տանուլ է տվել ՄԻԵԴ-ում, այնպես որ ինչ-որ մեկը պետք է մեղավոր լինի։ Զեյնալյանը կարող էր որոշել, որ չարժե սպասել, մինչև իրեն կանչեն ու խնդրեն դիմում գրել «սեփական ցանկությամբ»։


Պարզապես հիշեցնեմ նախկին նախարար Զեյնալյանի դրույթներից մեկի մասին, երբ նրան վերջերս խնդրել էին մեկնաբանել հենց «անցումային արդարադատությունը»։ Նախ ասեմ, որ ի շահ Եվրամիության նախկին իշխանություններն առանց այդ էլ մեր օրենսդրությունը վերափոխել են, այսպես կոչված, «եվրաստանդարտների» նմանողությամբ։ Հարց տամ. եթե Հայաստանում մինչև Փաշինյանն էլ գործել է եվրաստանդարտային օրենսդրությունը, հիմա ի՞նչ բարեփոխումներ են պարտադրում մեզ։ Ամերիկյա՞ն, իսրայելյա՞ն, ուկրաինակա՞ն, գուցե թուրքակա՞ն։
Երկրորդ անգամ ուշադրություն դարձրի, որ Զեյնալյանը մայիսի 21-ին պատասխանելով լրագրողների հարցերին, ժխտեց «անցումային արդարադատության» ու վեթինգի որևէ կապ, հետո բոլոր հայերին խորհուրդ տվեց «օրինակ վերցնել Ալբանիայից»։ Հիշեցնեմ նրա խոսքը. «Եվրամիության, Եվրոպայի խորհրդի ու եվրոպական կառույցների հանձնարարականներով վեթինգի ինստիտուտն արդեն գործում է Ալբանիայում։ Վեթինգի իրավունքն արդեն ստացել է ԵՄ-ի Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականը»։ Վեթինգն անգլերեն է, նշանակում է «բարեհուսության ստուգում»։ Որպես կանոն, նման քայլերից են սկսվել «վհուկների որսը», «մասնագիտությունների արգելքը»։ Ըստ էության, դա ֆաշիզմ է։


Ծայրահեղ ձախերը նման քայլեր են անում առնվազն 1917-18-ից։ Նույն ուղիով են շարժվում Լատինական Ամերիկայի, Եվրոպայի կամ Ասիայի կեղծ անկախ երկրները։ Բոլորն են հասկանում, որ «բարեհուսության ստուգումն» իրականում դառնում է «հավատարմության քննություն». հլու-հնազանդ կլինես կառավարությանը՝ կաշխատես, չէ՝ չես աշխատի։ Զեյնալյանի դեպքում ինձ ամենաշատը զայրացրեց այն, որ նա մեզ համար օրինակ է բերում Ալբանիան՝ մի ֆաշիստական երկիր, որը մասնակից է մարդկայնության դեմ կատարված գազանային հանցագործությունների։ Մի երկիր, որտեղ փաստացի արդարադատություն չկա, որովհետև եթե լիներ, ապա «սև փոխպատվաստման» հանցավոր շղթայի մասնակից բոլոր անձինք դատապարտված կլինեին որպես մարդկայնության դեմ հանցագործություն կատարածներ։ Ինձ կարող են չհավատալ։ Այդ դեպքում խորհուրդ կտամ գտնել «Որս։ Ես և պատերազմական հանցագործները» գիրքը, որի հեղինակն է Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալի նախկին դատախազ, շվեյցարուհի Կառլա դել Պոնտեն։
Պարզվում է՝ Հաագայի դատախազությունը տեղեկություն է ստացել, որ Կոսովոյում և Մետոխիայում (երկրամաս Սերբիայի կազմում) 300 սերբեր են առևանգվել, որոնք հետո տեղափոխվել են Ալբանիայում գտնվող ճամբարներ։ Դա եղել է 1999 թ., Կոսովո և Մետոխիա ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելուց հետո։ ՈՒղղափառ քրիստոնյաների մարմնի օրգանները հետո հանվել ու վաճառվել են արտասահմանում։ Բայց որտե՞ղ։ Պոնտեի գրքից հետո սկսված «սև փոխպատվաստման» գործը ցույց է տվել երթուղին։ Դրանք են կամ Ադրբեջանը, կամ Թուրքիան, այնտեղից էլ՝ Իսրայել։ Նախկին Հարավսլավիայի գծով միջազգային տրիբունալը, Արևմուտքի ճնշմամբ, այդ կապակցությամբ հայտարարել է. «Տրիբունալին հայտնի են օրգանների ապօրինի վաճառքի մասին նախկին դատախազ Կառլա դել Պոնտեի ծանր մեղադրանքները, որոնք տեղ են գտել Իտալիայում հրատարակված նրա գրքում։ Տրիբունալին երբեք չեն տրամադրվել այդ հայտարարությունների ապացույցներ»։ Բայց փաստ է, որ տրիբունալը շատ լավ գիտի դել Պոնտեի հասցեին հնչած սպառնալիքների մասին։ Եվ փաստ է նաև, որ տրիբունալը ոչինչ չի արել նախկին դատախազի գրքում նշված տեղեկություններն ստուգելու համար։


Զեյնալյանը մեզ՝ իր հայրենակիցներին, բերում է «սև փոխպատվաստումների» հանցավոր սինդիկատի շղթայի կարևոր բաղադրիչ հանդիսացող երկրի օրինակը։ Այդպիսի երկրներից որևէ, նույնիսկ դրական բան ընդօրինակելը «հարամ» է։ Մարդկանցից ապօրինաբար վերցված օրգանների վաճառքն աշխարհի ամենակեղտոտ գործն է, բայց Ալբանիայի «արդարադատությունը» լռում է, ինչպես լռում են հանցավոր շղթայի մյուս օղակ-երկրները։ Համոզված եմ, որ Հայաստանին պետք չէ այդպիսի «ալբանական արդարադատությունը», վեթինգով, թե առանց դրա։ Իսկ հիմա հարցնեմ. որքա՞ն էր բարոյական նման ֆաշիստական երկրի օրինակը բերել Հայաստանի համար։


Դիտարկենք այսօրվա Հայաստանի բարոյազրկության այլ օրինակ։ Վերջերս հայ ժողովրդին, ընդ որում՝ նույնիսկ Սփյուռքում, ահա թե ինչպես երջանկացրին մեր իշխանությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ի քաղաքացի Զարեհ Սինանյանին նշանակեց Սփյուռքի գործերով գլխավոր կոմիսար։ ԱՄՆ-ի քաղաքացուն, որովհետև Սինանյանը չի կարող չլինել ԱՄՆ-ի քաղաքացի, քանի որ Գլենդել քաղաքի (ԱՄՆ, Կալիֆոռնիայի նահանգ) նախկին քաղաքապետն է, իսկ Ամերիկայում ոչ ԱՄՆ-ի քաղաքացիները կամ երկքաղաքացիություն ունեցողները չեն կարող որևէ պաշտոն զբաղեցնել։ Եվ այստեղ հիշում ես ևս մեկ հայտ, ի դեպ, նույնպես ԱՄՆ-ի քաղաքացու՝ Կոնստանտին Օրբելյանի շուրջը ծագած կեղտոտ պատմությունը։ Ֆրանսիայի քաղաքացուհի Նազենի Ղարիբյանը «չներեց» այն, որ պարոն Օրբելյանը ԱՄՆ-ի ռուսախոս (հիմնականում) քաղաքացի է, ոչ թե անգլախոս... Նշեմ, որ պարոն Օրբելյանն աշխարհում շատ ավելի հայտնի է, քան նրա հայրենակից Սինանյանը։ Օրբելյանը հանգիստ աշխատում էր օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երկու պաշտոնում՝ տնօրենի և գեղարվեստական ղեկավարի, ընդ որում չէր հավակնում որևէ պետական պաշտոնի։ Արվեստի աշխարհն արվեստի աշխարհ է, հեռու է քաղաքականությունից, թեև «դուխով նոր հայերը» այդ աշխարհն էլ են քաղաքականացրել, այն էլ՝ լեզվաբանական սկզբունքով։ Այժմ դատի է սպասում Փաշինյանի և Ֆրանսիայի քաղաքացուհի Ղարիբյանի դեմ մայիսի վերջին դատարան ներկայացրած իր հայցով։ Բայց Հայաստանի հասարակությունը կցանկանար հասկանալ, թե «նոր հայկական դուխով» կառավարության համար ինչու այդքան տարբերություն կա ԱՄՆ-ի երկու քաղաքացիների միջև. մեկին կարելի է ամեն ինչ, իսկ մյուսին՝ միայն օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը։ Իսկ ավելի լավ չէ՞ օրենք ընդունել, որով արգելվի պետական պաշտոնում օտարերկրյա քաղաքացիների և երկքաղաքացիություն ունեցող անձանց նշանակումը։ Չէ՞ որ նրանք հարկերը վճարում են, հավանաբար, ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում, ոչ թե Հայաստանում։


Երկու Կոնստանտին Օրբելյանները, Օրբելյանների ողջ ընտանիքը, «Օրբելյան» կամ «Օրբելի» ազգանունը մեր ազգի գանձն են։ Այսպիսին է իմ կարծիքը, որին կարելի է չհամաձայնել, բայց սեփական ժողովրդի (որի անունից տեղին-անտեղի սիրում են ելույթ ունենալ «դուխով նոր հայերը») պատմությունն անտեսելը «հարամ» է։ Հայկական Օրբելյան իշխանատոհմի՝ Սյունիքի տիրակալների, հետնորդների (նրանք փառավորել են սեփական ժողովրդի անունը) նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, ինչպես էլ հիմնավորեն Փաշինյանն ու Ղարիբյանն ԱՄՆ-ի քաղաքացի Օրբելյանին նրա ստեղծագործական պաշտոններից մեկից զրկելու իրենց ակնհայտ ձգտումը, անթույլատրելի է։ Օրբելյանի հորեղբորը պատվով թաղել են Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, իսկ նրա եղբորորդուն վերաբերվեցին որպես մերժվածի՝ խզելով պայմանագիրը նրա հետ։ Եթե որևէ մեկը չգիտի, տեղեկացնում եմ, որ Նորավանքում ներկայումս էլ գտնվում է նրանց տոհմական գերեզմանատունը։ Նորավանքի որոշ շիրմաքարերի վրա քանդակված Օրբելյանների տոհմական զինանշանին առյուծ է պատկերված։ Իսկ Սինանյանին, ինչպես կարելի է հասկանալ, հրավիրել, կանչել, երաշխավորել են։ Գուցե նրա համար, որ իմացել են, որ նա երևանյան ծագում ունի և «урюски плоха сканчался, савсем плоха»։ Ես համոզված եմ, որ և՛ եղբորորդի Օրբելյանը, և՛ Սինանյանը ամերիկյան անգլերենին տիրապետում են կատարելապես, այլապես դժվար թե ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանային։


Այստեղ ու՞ր է բարոյականությունը, Հայաստանի քաղաքացիներ։ Դրա փոխարեն Կ. Օրբելյանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի բարոյազրկությունն աչք է ծագում։ Եվ ի՞նչ։ ՈՒ՞ր են զանգվածային բողոքները, ու՞ր է թեկուզ «հեղափոխականությամբ» վարակված մտավորականության ձայնը։ Բողոքների բացակայությունը վկայում է, որ Հայաստանում շատ ցածր է բարոյական քաղաքացիների տոկոսը, որ երկրի ներկայիս բնակչությունն արժանի է իր կառավարողներին։ Այդպես էլ ապրում ենք։ Արդարադատության նախարարը խորհուրդ է տալիս` օրինակ վերցնել մարդկային օրգանների առևտրականներին չպատժող ֆաշիստ մարդասպաններից, մշակույթի ոլորտում հալածում են մշակույթի վաստակավոր գործչին, փոխարենը հարգանք է վայելում Սինանյանը, որի մասին առիթ է եղել կարդալու, որ ԼԳԲՏ-ի պաշտպաններից է...


Մի ժամանակ ինչ-որ ռուսական կինոնկար կար՝ «Եղբայր» և «Եղբայր-2»։ Այն կարելի է լրիվ չնայել՝ խելք չի պակասի։ Բայց այնտեղ մի շատ ճիշտ դրվագ կա. «Ասա՛ ինձ, ամերիկացի, թե ուժն ինչի մեջ է։ Մի՞թե փողի։ Եղբայրս էլ է ասում, որ փողի։ Դու շատ փող ունես, և ի՞նչ։ Ես կարծում եմ, որ ուժն արդարության մեջ է. ով արդար է, նա էլ ուժեղ է։ Ասենք՝ դու ինչ-որ մեկին խաբեցիր, շահույթ ունեցար։ Ի՞նչ է, ավելի ուժե՞ղ դարձար։ Չէ, որովհետև արդար չես։ Իսկ նա, ում խաբեցիր, արդար է։ Նշանակում է նա էլ ուժեղ է»։ Իսկ արդարությունը, կարելի է ասել, աստվածային է։ Հայաստանում այդպիսի արդարություն չկա 1991-ից։ Արդարություն չի եղել, չկա և չի լինի երկերեսանիության, երկակի չափորոշիչների, երկակի բարոյականության ժամանակ։ Եթե չի կարելի, չի կարելի բոլորին, եթե կարելի է, կարելի է բոլորին։ Հայաստանի իշխանությունում ինչ-որ մեկը բոլորովին ծանոթ չէ բարոյականության ոսկի կանոնին. «ՈՒրիշների հետ մի վարվիր այնպես, ինչպես չէիր ուզենա, որ վարվեին քեզ հետ» կամ «ՈՒրիշների հետ վարվիր այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեին քեզ հետ»։ Գուցե այսօրվա Հայաստանի ողջ իշխանությու՞նը ծանոթ չէ բարոյականության ոսկի կանոնին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao