Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Երջանիկ ենք, որ ունենք Յուրի Դավթյանի նման ուսուցիչ»

«Երջանիկ ենք, որ ունենք Յուրի Դավթյանի նման ուսուցիչ»
28.06.2019 | 02:09

Այս տարի նշվում է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակը։ Ստեղծագործական երկարամյա աշխատանքով ու մանկավարժական գործունեությամբ մաեստրո Դավթյանը մեծ ներդրում է ունեցել մեր մշակույթի, դիրիժորական դպրոցի զարգացման գործում։


Շուրջ 20 տարի Յուրի Դավթյանը եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, իսկ 1966-1968 և 1992-1994 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Յուրի Դավթյանը ղեկավարել է ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր՝ ԽՍՀՄ պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր։ Դիրիժորը համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Իսպանիայում:
Դիրիժորի ուսանողներն այսօր աշխատում են աշխարհի տարբեր երկրներում՝ պատվով ներկայացնելով հայ դիրիժորական դպրոցը։ Յուրի Դավթյանը սովորել է պրոֆեսոր Սարաջևի դասարանում, և այսօր նա Սարաջևի դպրոցի վերջին ներկայացուցիչն է։


Յուրի Դավթյանի աշակերտներից ՆԻԿՈԼԱՅ ՊՈՂՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշում է, որ ահռելի մեծ է Յուրի Դավթյանի դերը մեր մշակույթում։ «Մաեստրո Դավթյանը լեգենդար Կոստանտին Սարաջյանի աշակերտն է։ Սարաջյանն իր հերթին ոչ միայն Երևանի կոնսերվատորիայի, այլև Մոսկվայի կոնսերվատորիայի օպերային և սիմֆո դիրիժորության ամբիոնի հիմնադիրն է եղել։ Սարաջյանն իր հերթին Բեռլինի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժոր, համաշխարհային մեծություն համարվող Արթուր Նիկիշի աշակերտն էր, և Յուրի Դավթյանը միշտ ասում է, որ իրենց համարում են Արթուր Նիկիշի թոռները։ Յուրի Դավթյանը այսօր սարաջևյան դիրիժորական դպրոցի ավանդույթների շարունակողն է։ Մաեստրոն երկար տարիներ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում՝ բեմ բարձրացնելով մեծ թվով աշակերտների»,- ասում է Նիկոլայ Պողոսյանը։


Այսօր էլ Յուրի Դավթյանը շարունակում է իր մանկավարժական գործունեությունը կոնսերվատորիայում։ Նիկոլայ Պողոսյանը Յուրի Դավթյանի վերջին աշակերտն է, որ ուսանել է օպերային և սիմֆո դիրիժորություն։
Նիկոլայ Պողոսյանը նկատում է, որ չափազանց հետաքրքիր մարդ է Յուրի Դավթյանը. «90 տարեկանում զարմանալի հիշողություն ունի, վայրկյանների ընթացքում մտաբերում է անգամ ամենափոքր դետալներ։ Ունի մեծ ինֆորմացիա երաժիշտների, նրանց կյանքի, ստեղծագործության մասին, կարդացել է մեծածավալ գրականություն, մասնագիտական ահռելի փորձ ունի և սիրով այդ ամենը փոխանցում է իր ուսանողներին։ Յուրի Դավթյանը երջանիկ մարդ է, որ այսօր տեսնում է իր աշակերտներին բեմի վրա։ Երջանիկ ենք նաև մենք, որ ունենք նրա նման ուսուցիչ»,- նշում է Նիկոլայ Պողոսյանը։


Նշենք, որ հուլիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպելու է տոնական համերգ՝ նվիրված Յուրի Դավթյանի 90-ամյակին։ Երեկոն կղեկավարեն ինքը՝ հոբելյարը, և նրա աշակերտները՝ Սերգեյ Սմբատյանը, Հայկ Դավթյանը, Նիկոլայ Պողոսյանը։ Համերգն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։


Լիլիթ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ