«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

«Մի արվեստագետը շրջել է Հայաստանի բոլոր մարզերով»

«Մի արվեստագետը շրջել է Հայաստանի բոլոր մարզերով»
28.06.2019 | 02:24

Ճանաչու՞մ ենք մեր կողքին ապրող գրողներին, նկարիչներին, երաժիշտներին, դժվար է ասել: Համացանցը, հատկապես ֆեյսբուք սոցցանցը կարծես դյուրացրել են արվեստագետ-արվեստասեր կապը, բայց դա էլ բավարար չէ: Կենդանի շփումը՝ տարաբնույթ հանդիպումները արվեստի ներկայացուցիչների հետ թերևս ամենաարդյունավետ միջոցներից են երեխաներին գրականությանն ու արվեստին մոտեցնելու, զուգահեռաբար՝ արվեստագետների գործերը հանրայնացնելու առումով: Մշակութային սպասված ու հաջողված նախաձեռնության շնորհիվ արվեստի տեսաբաններն ու արվեստագետները պետական ֆինանսավորում ստացան՝ ողջ տարին դպրոցներում հանդիպումներ ունենալու համար:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ ԱՍՏՂԻԿ ՄԱՐԱԲՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը միտված է մշակույթ-կրթություն հաղորդակցությունն ավելի սերտացնելուն, մշակութային կրթությունն ամրապնդելուն. «Թիրախային խումբը երիտասարդ սերունդն է` դպրոցականները: Եթե այլ ծրագրերով փորձում են դպրոցականների մշակութային կրթությունն ապահովել թանգարաններում, թատրոններում և մշակութային մյուս օջախներում, այս դեպքում ծրագրի առանցքը արվեստագետների հետ ուղիղ հաղորդակցումն է»:


Ծրագրում ընդգրկված է թիրախային երեք ոլորտ՝ երաժշտություն, կերպարվեստ և գրականություն: Բաց մրցույթի արդյունքում ընտրվել են 47 արվեստագետներ, որոնցից ծրագրին, ինչ-ինչ պատճառներով, մասնակցել են 43-ը: Նրանք իրենց ծրագրերով այցելել են հանրապետության մոտ 1300 դպրոցներ, յուրաքանչյուրը՝ 30 դպրոց: «Կարևոր էր նաև տարածքային համաչափություն ապահովելը. բոլորի առջև խնդիր է դրվել` այցելել ՀՀ 10 մարզեր և Երևան: Արդյունքում՝ ծրագրի շրջանակներում մի արվեստագետը շրջել է Հայաստանի բոլոր մարզերով»: Վիճակահանությամբ ամենատարբեր դպրոցներն են ընտրվել: «Պետք է նկատի ունենալ, որ այս տարի ծրագիրը փորձնական էր, կան բաներ, որ շտկման կարիք ունեն՝ և՛ կազմակերպչական, և՛ բովանդակային առումով: Ծրագրի ավարտին ու հընթացս մենք անընդհատ աշխատանքային քննարկումներ ենք ունեցել մասնակիցների հետ, որ հաջորդ փուլն ավելի արդյունավետ տարբերակով մեկնարկի: Ընդհանուր առմամբ, աննախադեպ ծրագիր է, կարծում եմ, հետագա տարիներին կընդլայնվի ու նոր որակ կստանա»:


Մեր զրուցակիցը հստակեցնում է, որ արվեստագետները խնդիր ունեն դպրոցների երթուղիների հետ կապված. եթե Երևանից մեկնում են հեռավոր մարզ, ցանկալի է, որ մի քանի օրում տարածքային առումով առավել մոտ գտնվող դպրոցներ այցելեն: Ծրագրի երկրորդ փուլի համար ճանապարհային քարտեզը համաձայնեցրել են արվեստագետների հետ:


«Քո արվեստը դպրոցում» ծրագիրն ի՞նչ շարունակություն է ունենալու, ովքե՞ր են մասնակցելու. առաջին փուլի մասնակիցները կարո՞ղ են շարունակել իրենց շրջագայությունը, թե՞ առաջնությունը տրվելու է նորերին: Այս հարցերին ի պատասխան՝ Աստղիկ Մարաբյանն ասաց, որ անկախ հանձնաժողով է գործում, և ընտրության ներկայացված ծրագրերի ստեղծագործականությունից, նորարարությունից, շարունակականության ապահովումից կախված չեն բացառում, որ նույն արվեստագետներից ոմանք մասնակցեն հաջորդ փուլին: Երկրորդ փուլի մասին հայտարարությունը կլինի աշնանը: Հաշվի կառնեն նաև արվեստագետների հաշվետվությունը, դպրոցականների և ուսուցիչների արձագանքը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao