Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եվ հանդիպեցին Պուտինն ու Թրամփը

Եվ հանդիպեցին Պուտինն ու Թրամփը
29.06.2019 | 11:56

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպեցին G20-ի սամիթում, Օսակայում: Վերջին անգամ նրանք հանդիպել էին 2018-ի հուլիսին Հելսինկիիում: Հետո Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունները վատացել էին: Բանակցությունները Օսկայանում ժամուկես տևեցին: ՌԴ կողմից մասնակցում էին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: ԱՄՆ-ից՝ պետքարտուղար Մայք Պոնպեոն, անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը, մամլո քարտուղար Ստեֆանի Գրիշեմը, Իվանկա Թրամփը և Ջարեդ Կուշները: Արարողակարգային լուսանկարման ժամանակ լրագրողները հարցրին Թրամփին՝ պատրաստվու՞մ է Պուտինին ասել, որ չի կարելի միջամտել ԱՄՆ ընտրություններին: ԱՄՆ նախագահը ծիծաղեց և ասաց. «Մի միջամտեք մեր ընտրություններին, խնդրում եմ»: Հանդիպումից հետո Սպիտակ տունը հայտարարեց, որ Թրամփն ու Պուտինը քննարկել են իրավիճակն Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում, Ուկրաինայում և «երկուսն էլ համաձայնել են, որ հարաբերությունների բարելավումը բխում է երկու երկրների ու ամբողջ աշխարհի շահերից»: «Նախագահները նաև պայմանավորվեցին շարունակել քննարկումները 21-րդ դարի զինատեսակների վերահսկողության մոդելի շուրջ, որին ինչպես հայտարարեց Թրամփը, պիտի միանա Չինաստանը»՝ մեջբերում է Սպիտակ տան հայտարարությունից Բլումբերգը: «Քննարկվել են ռազմավարական կայունության հարցեր»՝ ասաց Սերգեյ Լավրովը՝ ճշտելով, որ արծարծվել են Սիրիայի ու Ուկրաինայի հարցերը: Սա Պուտինի ու Թրամփի երրորդ հանդիպումն է: Երկրորդ անգամ նրանք հանդիպել էին 2018-ի հուլիսի 16-ին Հելսինկիում, առաջին անգամ՝ 2017-ի հուլիսի 7-ին, Համբուրգում՝ նույնպես G20-ի սամիթում:


Օսակայի հանդիպումից առաջ Պուտինը հարցազրույց տվեց բրիտանական Financial Times-ին և ասաց, որ համաձայն չէ «խնդիրների լուծման բազմաթիվ միջոցների հետ», որ օգտագործում է Թրամփը, թեև նրան համարում է տաղանդավոր մարդ: «Նա շատ նուրբ զգում է՝ ինչ է իրենից սպասում ընտրողը»՝ ասաց ՌԴ նախագահը: Պուտինը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի պատճառը պետք է որոնել նրա թիմի գործողություններում, ոչ թե «կողմնակի միֆական միջամտության մեջ»:
ВВС


Հ.Գ. Financial Times-ին Պուտինն ասել է. «ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը, Եվրոպայով մեկ ազգայնական-պոպուլիստական շարժման տարածումն ազդարարեցին արևմտյան լիբերալիզմի «մահը»՝ գրում է The Guardian-ը: «Լիբերալներն այլևս չեն կարող իրենց ուզածը թելադրել բոլորին, ինչպես անում էին վերջին տասնամյակներում: Լիբերալիստական գաղափարն այլևս հնացած է և հակասում է բնակչության ճնշող մեծամասնության շահերին»՝ պնդել է նա: ՌԴ նախագահին արձագանքել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: «Ես ընդհանրապես համակարծիք չեմ այն տեսակետի հետ, որ լիբերալիզմն այլևս հնացած է: Նա, ով նման բան է ասում, նաև պնդում է, որ հնացած են լիբերալ ժողովրդավարությունը, ազատությունները, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Սակայն մեզ համար Եվրոպայում սրանք հավիտենական արժեքներ են, որոնք պահպանվելու են: Մինչդեռ ինձ համար հնացած են բռնապետությունը, անձի պաշտամունքը, օլիգարխիայի գերակայությունը»:


Ռամ Էտվարեան Le Temps-ում գրում է, որ ԱՄՆ նախագահը առևտրային պատերազմ է մղում G20-ի երկրների մեծ մասի, այդ թվում՝ իր պատմական դաշնակիցների դեմ: Եթե նկարվի աշխարհի քարտեզը, որն արտահայտում է Դոնալդ Թրամփի նախագահությամբ ԱՄՆ-ի ու G20-ի երկրների (19 պետություն + ԵՄ) հարաբերությունները, քարտեզը երեք գոտի կունենա: Առաջին սպիտակ գոտին վերաբերում է 6 դաշնակից երկրների հետ հարաբերություններին, երկրորդ գորշ գոտին 4 երկրներին, որոնց հետ լարված հարաբերություններ են և երրորդ՝ սև ու ամենամեծ գոտին հարաբերություններն են այն երկրների հետ, որոնց հետ ԱՄՆ-ը առևտրական պատերազմի մեջ է: Թրամփի ամենամեծ դաշնակիցը Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն է, որ ստացել է «Հասարակածային Թրամփ» անունը: Բրազիլիայից բացի՝ Մեծ Բրիտանիան, Արգենտինան և Ավստրալիան ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտ չունեն: Դոնալդ Թրամփը Լոնդոնին խոստացել է «ազատ առևտրի հիանալի երկկողմ գործարք»՝ իբրև նվեր բրեկզիտի համար: Իտալիան ու Սաուդյան Արաբիան ևս Թրամփի համակրանքն են վայելում: Նա քանիցս դրվատել է Իտալիայի պահպանողական կառավարությանը հակաեվրոպական դիրքորոշման համար: Սաուդյան Արաբիան պատմական դաշնակից է, բայց նախևառաջ լավ գնորդ, որ ամերիկյան զենք է գնում: ԱՄՆ-ը առանձնահատուկ լարվածություն չունի Հարավային Աֆրիկայի ու Ինդոնեզիայի հետ: Ճապոնիան ու Հարավային Կորեան, ինչպես տասնյակ երկրներ, ենթարկվել են պատժիչ լրացուցիչ մաքսատուրքի ԱՄՆ պողպատ (25%) և ալյումին (10%) արտահանելու համար: Դամոկլյան սուրը սպառնում է նաև ավտոմեքենաների ԱՄՆ արտահանմանը: G20-ի մյուս բոլոր երկրների հետ լարումը բավականին բարձր է: Դոնալդ Թրամփը միակողմանի որոշել է վերանայել ԱՄՆ-ի մասնակցությունը ազատ առևտրի Հյուսիսամերիկյան համաձայնագրին (ՆԱՖՏԱ) հարևանների՝ Կանադայի ու Մեքսիկայի հետ, ու պահանջել է նոր պայմաններով համաձայնագիր: Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ը չի խնայում և իր պատմական եվրոպացի դաշնակիցներին: Փոխըմբռնում չկա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Կռվախնձորները շատ են՝ գազամատակարարումը, ապաստանի տրամադրման իրավունքը: Գերմանիան զգուշանում է ավտոմեքենաների վրա ամերիկյան մաքսատուրքի բարձրացումից: Դա ուժեղ հարված կլինի Գերմանիայի ու Ֆրանսիայի տնտեսությանը: Ֆրանսիայի գլխին ևս մեկ սպառնալիք կա՝ ԱՄՆ արտահանվող գինիների մաքսատուրքի բարձրացումը: Ռուսաստանը սևագորշ գոտում է: Բացի ալյումինի ու պողպատի մաքսատուրքերից՝ Մոսկվայի դեմ գործում են ԱՄՆ պատժամիջոցները: Այդ գոտում է և Թուրքիան, որ պատժամիջոցների վտանգի տակ է՝ ռուսական զենիթահրթիռային համակարգեր գնելու ցանկության համար: Վաշինգտոնը մինչև հուլիսի 31-ը ժամանակ է տվել՝ հրաժարվելու համար: Իսկ թշնամիներից լավագույնը Թրամփի համար Չինաստանն է:
G20-ի սամիթում Դոնալդ Թրամփը հանդիպելու է և Չինաստանի նախագահ Սի Ձինպինի հետ: Իսկ մինչ նրան հանդիպելը Սին հանդիպել է Անգելա Մերկելին: ՉԺՀ նախագահը և Գերմանիայի կանցլերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը և արտահայտվել գործարքի պահպանման անհրաժեշտության օգտին: «Կողմերը կարծիքներ են փոխանակել իրանական միջուկային խնդրի վերաբերյալ և համակարծիք են, որ անհրաժեշտ է կատարել ԳՀՀԾ-ն, երկխոսության միջոցով լուծել խնդիրը, խուսափել լարվածության հետագա էսկալացումից»,-ասված է ՉԺՀ-ի ԱԳՆ հայտարարության մեջ: Օսական երկկողմ հանդիպումներով արդեն մտնում է պատմության մեջ: Պատահաբար չէ, որ իր ու Պուտինի հանդիպումը, լրագրողների ակտիվության պատճառով, Դոնալդ Թրամփն անվանել է Օսկարի մրցանակաբաշխություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ