ReAnimania 2019
 

Քաղաքականությունն արվեստագետին չի խնայում

Քաղաքականությունն արվեստագետին չի խնայում
02.07.2019 | 00:58

Արվեստագետն ու մշակութային գործիչն ինչքան հեռու մնան քաղաքականությունից, այնքան ժողովուրդը կսիրի ու կհարգի նրանց: Մեր ծնողները լավ են հիշում Կարեն Դեմիրճյանի խնդրանքով Բաքու ժողովուրդների բարեկամության ինչ-որ փառատոնի մեկնած սիրված դերասանուհի Վիոլետ Գևորգյանին, որին հասարակությունը դատապարտեց Ղարաբաղյան շարժման բուռն ցասման ազդեցության ներքո: Հայ հանդիսատեսի համար մոտ 800 անգամ «Աշնան արև» խաղացած Վիոլետ Գևորգյանին մարդիկ նույն ջերմությամբ ու կարոտով ընդունեցին տարիներ առաջ, երբ Սունդուկյանի թատրոնի բեմում տոնում էին նրա 70-ամյակը: Վիրավորանքն այնքան մեծ էր, որ դերասանուհին հենց բեմում հայտարարեց՝ հայրենիք մշտական բնակության չի վերադառնա: Քաղաքականությամբ զբաղվելու պատճառով մարդիկ հիասթափվեցին նաև երգչուհի Շուշան Պետրոսյանից, մոռացան նրա հրաշալի կատարումները՝ առաջին պլանում տեսնելով խորհրդարանականի մանդատը:

Խորհրդային տարիների «զոհերից» էր նաև Հարութ Փամբուխչյանը՝ Ձախ Հարութը: Նրա անկաշկանդ արվեստը կոմունիստական կուսակցության վերին էշելոնների քիմքին հաճելի լինել չէր կարող, տարիներ պահանջվեցին, որ հայրենիքից արտաքսված երգիչը Հայաստան գա, նորից երգի իր հանդիսատեսի համար: Օրեր առաջ կրկին նրա մեծ մենահամերգն էր, որին ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի աջակիցները մեկ տարի առաջ ԱՄՆ-ում բեմից իջեցրել էին Ձախ Հարութին՝ մեղադրելով, թե նա «ՀՀԿ-ի երգիչն է»: Մեկ տարի առաջ հայաստանյան իշխանությունների ու իշխանություններին հարող մշակութային գործիչների կողմից չդատապարտվեց միջադեպը, իսկ այսօր արդեն էլիտայի ներկայացուցիչներն ըմբոշխնում են Փամփուխչյանի արվեստը: Մեկ այլ միջադեպ նույնպես մնացել է հիշողությանս մեջ. հերթական համերգի ժամանակ Հարութ Փամբուխչյանը, բեմական էթիկային բնորոշ կարգով, գլուխ էր խոնարհում համերգին ներկա ՀՀԿ-ական հանդիսատեսի առջև, ինչն այսօրվա իշխանության մի շարք ներկայացուցիչների անողոք քննադատությանն էր արժանացել, թե «իշխանություններին հնազանդության երդում է տալիս»: Հիշում եմ նաև, որ 2013-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նա ու Ռուբեն Հախվերդյանը Ազատության հրապարակում համերգ էին տալիս՝ հաջակցություն Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժռանգություն» կուսակցության: Բայց դա քաղաքական գործընթացներում «թաթախվել» չէի համարի, որովհետև մարդն ազնվորեն բացատրեց՝ ինչու էր երգում այդ օրը: Հայաստանից մեկնելուց հետո իրեն այնտեղ դիմավորողն ու ընդունողը Րաֆֆի Հովհաննիսյանն է եղել: Հյուրընկալել է իր տանը, նեցուկ եղել օտար երկրում հաստատվելու ու կայանալու հարցում, Փամբուխչյանն էլ այդ օրը շնորհակալություն էր հայտնում այդ ամենի համար:


Մշակութային գործիչն անուղղակիորեն քաղաքականությամբ պետք է զբաղվի այն ժամանակ, երբ հասարակության ցասումը մեծ է, մարդկանց՝ տարբեր թևերի բաժանվելը՝ ակնհայտ: Հորդորի, խորհուրդ տա չտարանջատվելու և իր արվեստով բոլորին միավորի: Այսօր, ցավոք, նման արվեստագետներ, կարելի է ասել, չունենք: Գրեթե բոլորը զբաղվում են քաղաքականությամբ, գրառումներ անում սոցցանցերում, սատարում կամ պախարակում որևէ ուժի, շնորհակալություն հայտնում քաղաքական գործիչներին: Հարց՝ հասարակ մարդու համար ստեղծագործողն ու նրան շնորհակալություն հայտնողը ո՞վ է:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao