«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Հայաստանը ոչնչի պատրաստ չէ, թեև աշխարհն անհանգիստ է

Հայաստանը ոչնչի պատրաստ չէ, թեև աշխարհն անհանգիստ է
02.07.2019 | 01:09

2019-ի ողջ հունիսին Հայաստանում զգում էինք, որ մեր գլխավերևում ինչ-որ սպառնալի բան է կախված։ Ամեն կողմից սպառնալիքներ են, ամեն կողմից սպառնալիքի ինչ-որ ակնարկներ են, իսկ Հայաստանի ներսում շարունակվում է «փողոցի» և «փողոցային հեղափոխականների» խրախճանությունը։ Ես արդեն գրել եմ ներկայիս իշխանության բարոյազրկության մասին, բայց միայն երկու օրինակ էի նշել։ Սակայն մի՞թե խելամիտ է ՀՀՇ-ի ներկայացուցիչներին կամ նրանց երեխաներին իշխանական կառույցներ վերադարձնելը։ Իսկ հասարակությունը լռում է։ Փոխարենը Ռոբերտ Քոչարյանին երրորդ անգամ կալանավորելը հենց այն է, ինչ «պետք է ժողովրդին»։


Այդ նույն ժամանակ Հայաստանի շուրջը ինչ-որ բան է կատարվում՝ սուր, բազմաթիվ սցենարներով։ Հայաստանի իշխանությունը լուռ է. ԵԽԽՎ-ի պատերից ներս ռուսատյացություն է «խաղում» ուկրաինացի նեոբանդերականների հետ նույն շարքում։ Լավ, գոնե երկրի հանրությունը մտածի, թե ինչ է կատարվում Հայաստանի շուրջը։ Իսկ իշխանությունն այլ բանով է զբաղված. դեռ չի կշտացել հեղափոխություն խաղալուց։


Սկսենք մայիսից։ Ինչպես հայտնի է, մայիսին Իրանը միջուկային վերջնագիր ներկայացրեց ողջ Արևմուտքին` 60 օր միջուկային գործարքի գծով պատժամիջոցները հանելու համար։ Երկերեսանի Արևմուտքից Թեհրանը պահանջեց 2 ամսում հստակ որոշել. կա՞ միջուկային գործարք, թե՞ արդեն չկա։ Եթե կա, ապա նրանով ստանձնած պարտավորությունները պետք է կատարեն բոլոր կողմերը։ Եթե չկա, ապա ինչու՞ պետք է Իրանը կատարի դրանք։ Այդ 60 օրը կլրանա հուլիսի 7-ին։ Վաղ թե ուշ Արևմուտքի երեսպաշտության ու կեղծավորության այդ փակ շրջանը պետք է խզվեր։ Եվ այդ օրը եկավ։ Իրանը պաշտոնապես տեղեկացրեց Եվրահանձնաժողովին ու հինգ երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան) կառավարություններին, որ դադարեցնում է իր միջուկային ծրագրի վերաբերյալ «Գործողությունների համապարփակ համատեղ պլանի» (ԳՀՀՊ, որը հայտնի է նաև որպես «միջուկային գործարք») մի շարք պայմանների կատարումը։ Թեհրանն առայժմ չի պահպանելու ուրանի և ծանր ջրի պաշարների սահմանաչափը։ Իսկ հետո Իրանը միանգամայն տրամաբանական հարց է տվել. եթե ինքը ճշտիվ կատարել է համաձայնագրի պայմանները. ապա ինչու՞ գործարքի երաշխավորները վճռական միջոցներ չեն ձեռնարկել, որ վերացվեն ամերիկյան միակողմանի պատժամիջոցները։ Եթե նրանք ի զորու չեն, ապա ինչու՞ չեն փոխհատուցում վնասը։ Փո՞ղ չկա, թե՞ համարում են, որ դա իրենց խնդիրը չէ։ Այդ դեպքում ո՞րն է միջուկային գործարքը և ինչի՞ մասին է։ Առնվազն Իրանի համար։


ԱՄՆ-ի խամաճիկ շատ երկրներ են Վաշինգտոնի ու Թեհրանի միջև միջնորդ դառնալու պատրաստակամություն հայտնում, որոնցից մեկը Ճապոնիան է։ Մայիսի 15-ին Տոկիո ժամանելուց հետո Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ Ասիայի երկրներ իր այցերի նպատակը աշխարհում ԱՄՆ-ի գործողություններից հետո ստեղծված լարվածությունը քննարկելն է։ Զարիֆը Ճապոնիա է ժամանել Թուրքմենստան և Հնդկաստան այցերից և իր պաշտոնակիցների հետ բանակցություններից հետո հանդիպել է Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյի և վարչապետ Սինձո Աբեի հետ։ ՈՒշադրություն դարձնենք Տոկիոյում նրա հայտարարությանը. «ԱՄՆ-ի գործողություններից և դրանց հաջորդած լարվածությունից հետո անհրաժեշտ է խորհրդակցել կարևոր երկրների և Իրանի գործընկերների հետ»։ Ճապոնիան էլ Իրանին առաջարկել է միջնորդական ջանքեր։


Չինաստանն ու Ռուսաստանն արդարացրել են Արևմուտքին Իրանի վերջնագիրը։ Սոչիում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և ՉԺՀ արտգործնախարար Վան Իի մայիսի 13-ի բանակցություններից հետո միջազգային բոլոր ԶԼՄ-ները տարածեցին Լավրովի հայտարարությունը, որ ԳՀՀՊ-ն հստակ դրույթներ ունի, որոնցից հետևում է, որ, առաջին, Իրանի պարտավորությունները կամավոր են, և երկրորդ, որ Իրանն իրավունք ունի դադարեցնելու դրանց կատարումը, եթե համաձայնագրի մյուս անդամները չկատարեն իրենց պարտավորությունները»։ Լավրովը Եվրոպային բացահայտորեն մեղադրեց ԱՄՆ-ի ապակառուցողական քայլերին հակազդելու անընդունակության մեջ։ Մայիսի 16-ին արդեն ՌԴ նախագահ Պուտինը, ռուս-ավստրիական բանակցություններից հետո, արդարացրեց Իրանի գործողությունները և զգուշացրեց. «Այժմ կասեմ այնպիսի ոչդիվանագիտական բան, որը գուցե վիրավորի մեր եվրոպացի բարեկամների ականջը. ահա ամերիկացիները դուրս եկան, համաձայնագիրը տապալվում է, եվրոպական երկրները ոչինչ չեն կարողանում անել այն փրկելու համար, չեն կարողանում իրապես աշխատել Իրանի հետ՝ տնտեսական ոլորտում նրա վնասները փոխհատուցելու ուղղությամբ։ Բայց հենց որ Իրանն ի պատասխան անի առաջին քայլերը, ինքը հայտարարի, թե ինչ-որ տեղից դուրս է գալիս, հաջորդ օրը բոլորը կմոռանան, որ տապալման նախաձեռնողը եղել է ԱՄՆ-ը, և մեղքը կգցվի Իրանի վրա»։ Կա այսպիսի հայտնի կանոն. նախազգուշացված է, ուրեմն զինված է։ Գումարելով Լավրովի ու Պուտինի հայտարարությունները, իրավասու ենք սպասելու, որ ոչ ամերիկացիներին, ոչ եվրոպացիներին չի հաջողվի ԳՀՀՊ-ի իրականացումը տապալելու մեղքը գցել իրանցիների վրա։


Իսկ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը շարունակում է խաբել ամերիկյան հասարակությանը և խամաճիկ երկրներին, թե իրեն «ուր որ է կզանգեն Թեհրանից»։ Չեն զանգի։ Դեռ մայիսին Իրանից հայտնեցին, որ Թրամփի կողմից Պարսից ծոց ուղարկված «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը, վախենալով «փակվելուց», չի մտել Հորմուզի նեղուց և մնացել է Արաբական ծովում։ Գործի ռազմական կողմին կանդրադառնանք հետագայում։ Իսկ առայժմ հայտնեմ, որ ԱՄՆ-ում աճում է դիմադրությունը Թրամփի իսրայելամետ գծին։ Սենատոր Բեռնի Սանդերսը քննադատել է ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնին այն բանից հետո, երբ, «Նյու Յորք թայմս» թերթի համաձայն, նա կարգադրել է կազմել Իրանի վրա հարձակման պլան։ «Գրեթե անհնար է պատկերացնել, որ Իրաքի պատերազմի սարսափից հետո, երբ մեզ խաբում էին Բուշի վարչակազմն ու քաղաքականության առաջատար ճարտարապետներից մեկը, դա նույն Բոլթոնն է,- ասել է Սանդերսը մայիսի 14-ին։- Հիշում եք, թե մենք ինչպես մտանք վիետնամական պատերազմի մեջ Տոնկինյան ծոցի մասին բանաձևով, և պարզվեց, որ, այսպես կոչված, Տոնկինյան ծոցի հարձակում չի եղել։ Այն հիմնված էր ստերի շարքի վրա։ Ես անհանգստանում եմ Իրանի դեմ ԱՄՆ-ի սադրանքներից»։ Դա պարզապես հայտարարություն կամ ամերիկացիներին վախեցնելու փորձ չէ։ Սանդերսը որոշել է նախագահի պաշտոնի համար առաջադրվել 2020 թ. ընտրությունում։ «Թվիթերում» նա գրել է. «Եթե մենք Իրանի հետ պատերազմ սկսենք, կապակայունացնենք ողջ տարածաշրջանը, և կզոհվեն հազարավոր ամերիկացիներ ու իրանցիներ»։ Իսկ ԱՄՆ-ի քաղաքացիները չեն սիրում մեռնել տնից հեռու Վիետնամում կրած պարտությունից հետո։


Մայիսի 20-ը ևս մեկ նշանակալի օր դարձավ իրանա-ամերիկյան հարաբերություններում։ Այդ օրն Իրանի նախագահ Ռոհանին հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի լինի. «Անցյալ տարի ՄԱԿ իմ այցի ժամանակ աշխարհի հինգ անվանի առաջնորդներ որպես միջնորդ հանդես եկան ԱՄՆ-ի նախագահի հետ բանակցությունում։ Դրանից մի տարի առաջ ԱՄՆ-ի պետդեպարտամենտն ութ անգամ խնդրել է բանակցել, սակայն ներկա իրավիճակը հարմար չէ բանակցելու համար։ Այսօր մենք զինված դիմադրության իրավունք ունենք»։ Նա ավելացրել է, որ Իրանում բոլոր մարդիկ և պաշտոնյաներն այն միասնական կարծիքին են, որ անհրաժեշտ է դիմակայել ԱՄՆ-ի ճնշմանը։


Նույն օրը Իրանի ԱԳ նախարար Զարիֆը հայտարարեց, որ իր երկիրը Թրամփի հետ չի բանակցի, եթե ԱՄՆ-ը չհարգի Թեհրանին և չկատարի «միջուկային գործարքի» (ԳՀՀՊ) շրջանակում իր պարտավորությունները։ Զարիֆը նախազգուշացրեց, որ ԱՄՆ-ը «շատ, շատ վտանգավոր խաղ է խաղում»՝ տարածաշրջանում ուժեղացնելով իր ռազմական ներկայությունը և քննադատեց ԱՄՆ-ին «Աբրահամ Լինկոլն» ավիակրի գլխավորությամբ հարվածային խումբ և ռմբակոծիչների հատուկ խումբ Պարսից ծոց ուղարկելու համար։ «Փոքր տարածքում այդքան ռազմական սպառազինության առկայությունը ինքնին ենթակա է վթարների սպառնալիքին,- ասաց նա։- Ծայրահեղ զգուշություն է պահանջվում»։ Զարիֆը մեղադրեց Վաշինգտոնին, որ ԱՄՆ-ն առաջինն է դուրս եկել ԳՀՀՊ-ից, որն ուղղված էր Իրանի միջուկային ներուժի սահմանափակմանը պատժամիջոցների վերացման դիմաց. «Մենք գործել ենք կամավոր։ Մենք չենք ուզում խոսակցություն վարել այն մարդկանց հետ, ովքեր խախտել են իրենց խոստումներն ու պարտավորությունները»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի և Անվտանգության խորհրդի հասցեին մայիսի 21-ի իր նամակում ՄԱԿ-ում Իրանի լիազոր ներկայացուցիչ Մաջիդ Թախթ-Ռավանչին նշել է. «Իրանը երբեք չի ընտրի պատերազմը որպես իր արտաքին քաղաքականության տարբերակ կամ ռազմավարություն։ Բայց եթե մեզ պատերազմ պարտադրեն, ապա Իրանը կիրականացնի իր ազգը և շահերը պաշտպանելու անկապտելի իրավունքը»։ Նա նաև նախազգուշացրել է ՄԱԿ-ին. «Այն ժամանակ, երբ տարածաշրջանը խառնաշփոթի մեջ է և պայծառ հեռանկար չի տեսնում, միջազգային հանրությունն ու ՄԱԿ-ը չեն կարող և չպետք է անտարբեր մնան գործերի ընթացիկ վիճակի արմատական պատճառների վերացման նկատմամբ։ Եթե այդ խնդիրները մանրակրկիտ կերպով չքննարկվեն որևէ հնարավոր հակամարտության առաջացումը տարածաշրջանային մակարդակից շուտով կհասնի համաշխարհայինի և անպայման միջազգային խաղաղության և անվտանգության համար կունենա ամենալուրջ հետևանքները»։
Այսպիսով, Թեհրանը տեղեկացրել է ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ համաշխարհային ողջ հանրությանը, որ պատրաստ է հենց միջազգային նորմերով սահմանված իր օրինական իրավունքների շրջանակներում պաշտպանվելու Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների հնարավոր ագրեսիայից։ Ես պնդում եմ, որ Ռոհանիի, Զարիֆի և Թախթ-Ռավանչիի վերոնշյալ ասածները Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլահ Խամենեիի որոշումների միջանկյալ արդյունքն են։ Նշանակում է՝ դա ուժի մեջ մտած իրանական օրենք է։ ՈՒ դա հաշվի են առնելու, առանց բացառության, աշխարհի բոլոր երկրները, բայց առաջին հերթին՝ Իրանի անմիջական սահմանակից պետությունները՝ Հայաստանը, Թուրքիան, Արցախը, Ադրբեջանը, Միջին Ասիայի հանրապետությունները, Աֆղանստանը, Պակիստանը, ջրային տարածքով՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Պարսից ծոցի արաբական միապետությունները։ Թվարկված երկրների հանգիստ կյանքը վերջացել է։ Ռուսաստանն արդեն արձագանքել է իրադրության հերթական փոփոխությանը։ Մայիսի 21-ին Իրանում ՌԴ դեսպան Լևան Ճաղարյանը հայտարարել է, որ, չնայած Իրանի հանդեպ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Ռուսաստանը շարունակում է սատար կանգնել այդ երկրին, հավելելով, որ Մոսկվան կշարունակի առևտրատնտեսական համագործակցությունը Թեհրանի հետ։ «Ռուսաստանն անկախ երկիր է, որն ԱՄՆ-ից թույլտվություն չի հարցնում Իրանի հետ գործակցելու համար»,- ընդգծել է Ճաղարյանը։
Արդեն մայիսի 22-ին Դուշանբեում, ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության ու հատուկ ծառայությունների մարմինների ղեկավարների նիստում, Ռուսաստանի արտաքին հետախուզության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը իրավիճակի սրման համար մեղադրեց ԱՄՆ-ին. «Իրադրությունը զարգանում է չափազանց տագնապալի սցենարով։ Պատճառները պարզ են բոլորին. ԱՄՆ-ի դուրս գալն է իրանական «միջուկային գործարքից»։ Ընդ որում, Իրանը լիովին կատարում է իր պարտավորություններն այդ գործարքով, ուստի ԱՄՆ-ի կողմից իրադրության սրումն ստանում է վտանգավոր բնույթ։ Կարևոր է, որ կողմերը զսպեն իրենց հույզերն ու մղումները։ Չի կարելի, որ նման իրավիճակում առանձին քաղաքական առաջնորդների մղումները հաղթանակ տանեն առողջ դատողության, եղածի սթափ վերլուծության և եզրահանգումների նկատմամբ։ Իրադրությունը վտանգավոր ուղիով կարող է զարգանալ այս կամ այն հապճեպ որոշումներն ընդունելու դեպքում»։ Թեհրանն ու Մոսկվան զգուշացրին աշխարհին, որ պետք է որոշել՝ սատարում է ԱՄՆ-ի՞ն, թե՞ գերադասում է բարեկամական հարաբերություններն Իրանի ու Ռուսաստանի հետ։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao