Yerevan Perspectives International Music Festival
 

Զբոսաշրջային խենթ շրջագայություն

Զբոսաշրջային խենթ շրջագայություն
02.07.2019 | 00:05

3-րդ հանրապետության ռազմավարական գերակայությունը զբոսաշրջությունն է: Պետությունը (իմա՝ Հայաստանի Հանրապետությունը) անդուլ ջանքեր է գործադրում, որ Հայաստանը դառնա զբոսաշրջային Երուսաղեմ: Խենթությու՞ն է: Իհարկե: Բայց խենթությունը անհատի մենաշնորհն է, պետության (իմա՝ ներկա իշխանության) դերը նախաձեռնող անհատի առաջ կանաչ ճանապարհ բացելն է: Ճանապարհ, որ տանում է ուղիղ դեպի զբոսաշրջային տաճար:


Նման ճանապարհներից մեկը կառուցում էր մի զարմանալի մարդ, Վրեժ (Վերաջ) Աբրամյանը (1940-2018 թթ.): Ճանապարհի կառուցման մեկնարկում նա վախճանվեց, մինչև կյանքի վերջին ժամերը անդրադառնալով իր հոգեզավակ «Վրեժի «Նոյան տապան» քաղաքը Հայաստանում» կառուցման հիմնադրամի ծրագրերին: Նա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկեց իր կյանքի վերջին տասնամյակների հավատարիմ ուղեկիցներին, որոնց հետ աշխատել և համագործակցել էր տարբեր ծրագրեր իրականացնելիս:
Աշոտ Արզումանյանը, Փայլակ Ղուկասյանը, Նաիրե Պողոսյան-Մելքոնյանը Վրեժ Աբրամյանի գործընկերներն էին: Տողերիս հեղինակը պատիվ ունեցավ լուսաբանելու Վրեժ Աբրամյանի ծրագրային գործունեությունը, բարեկամանալու նրան և նրա առաջարկությամբ 2018-ի հունիսի 30-ին գլխավորելու Վրեժի «Նոյան տապան քաղաքը Հայաստանում» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Ցավալի վախճանից առաջ խնդրեց մեզ անպատճառ հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակել Նաիրե Պողոսյան-Մելքոնյանին:

Վրեժ (Վերաջ) Աբրամյանը ծնվել է 1940-ին՝ Թեհրանում, բարեկեցիկ հայկական մի ընտանիքում: Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի «Քուշեշ Դավթյան» նշանավոր դպրոցում: 1962-ին մեկնում է ԳԴՀ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով, և ավարտում է Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցի էլեկտրատեխնիկական բաժինը՝ ճարտարագետի մասնագիտությամբ:
Հենց Գերմանիայում են դրսևորվում նրա հանրային և ազգային նպատակները, ի մասնավորի՝ ղեկավարում է Եվրոպայի հայ ուսանողական միության Մյունխենի մասնաճյուղը:
Բնակվելով Գերմանիայում` նա անտարբեր չէր հայկական խնդիրներին, հնարավորինս աջակցելով Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանն ու Արցախի գոյամարտի հաղթական ընթացքին:
1999-ին Երևանում հիմնում է Գերմանիայում գործող ընկերության մասնաճյուղը… Արդեն 2000 թվականից մշտապես բնակվում է հայրենիքում:
Նա Գերմանիայի Դաշնային և Իրանի Իսլամական հանրապետությունների քաղաքացի էր: Բայց բնակվում էր Հայաստանում:


Վրեժ Աբրամյանի երախայրիքը «Նոյան տապան քաղաքը Հայաստանում» մեգանախագիծն է: «Խաղաղության և ռասաների ու կրոնների համերաշխության քաղաք», սա է «Նոյան տապանի» էությունը: Նախագիծը 2012-ին ներկայացրել է երկրի բարձրագույն ղեկավարներին, նամակներով և լրացուցիչ մեկնաբանություն-եզրակացություններով: Ի մասնավորի՝ Վրեժ Աբրամյանը և Նաիրե Պողոսյան-Մելքոնյանը նախագիծը ներկայացրել էին ԱԺ նախկին փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին, որը խոստացել էր նախագիծը ներկայացնել քննարկման ազգային ժողովում, գործում ներգրավել ՀՅԴ արտաքին կառույցներին։


Այժմ դրվագենք նրա ուղերձ նամակները. «Եգիպտացիները 5000 տարի առաջ բուրգեր կառուցեցին, որոնք աշխարհի հիացմունքն են հարուցում և տարեկան միլիոնավոր այցելուներ հրավիրում երկիր: Եգիպտոսի բուրգերից ոչ պակաս այցելուներ է տարեկան ունենում Փարիզի Էյֆելյան աշտարակը, որն ընդամենը 200 տարի առաջ է կառուցվել և որին դեմ էին շատ փարիզցիներ՝ պատճառաբանելով, որ այն կաղճատի իրենց սիրելի քաղաքի տեսքը: Վրաստանը, իր միլիարդավոր արտաքին պարտքերով հանդերձ, նպատակ է դրել Սև ծովի ափին 10 միլիարդ արժողությամբ նոր նավահանգիստ կառուցել: Իհարկե, մենք ծով չունենք և չենք կարող վրացիներին նմանվել, բայց դրա փոխարեն ունենք ՍԻՍԸ և ՄԱՍԻՍԸ մեր աչքերի առջև, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԸ՝ մեր ոտքերի տակ և աշխարհի եզակի ժառանգությունը՝ ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆԸ՝ մեր ՍԱՐԻ գագաթին՝ մեր գլխի վերև:


Սիրելի ՍԵՐԺ (խոսքը վերաբերում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին), կառուցեք այս եզակի ու պատմությանը միտվող, պատմական դառնալ խոստացող քաղաքը, ցույց տվեք աշխարհին, որ շումերներն ու աքքադացիները, բաբելոնացիներն ու ասորիները, հին ու նոր կտակարանները զուր չեն անձեռակերտ Արարատի շուրջ տարածված Հայաստանն իբրև քաղաքակրթության կենտրոն հիշատակել:
Դուք Հայաստանի համար նոր մայրաքաղաք չեք կառուցում, ինչպես Ղազախստանը Աստանան կառուցեց, որն այսօր ոչ ոք չի հիշում, այլ աշխարհի բոլոր ռասաների, ցեղերի, ազգերի և կրոնների համերաշխության քաղաք:
Աշխարհի 10 միլիոն հայերը մի՞թե չեն կարող ձեռք ձեռքի տալ և ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ քաղաք կառուցել:


Այսինքն՝ ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԻ ՆՈՐ ՄԱՅՐ ՔԱՂԱՔ այն երկրում, որտեղից ժամանակին աշխարհով սփռվեց մարդկությունը: Այդ քաղաքը երբեք չի մոռացվի»:

2015-ին նա իր երազանքի քաղաքը ներկայացրեց հանրությանը պատկերագրքի տեսքով (հրատարակիչ՝ «Էդիթ պրինտ» ընկերություն): Նա քաղաքը պատկերել է և՛ որպես կառուցապատող-շինարար, և՛ որպես ճարտարապետ ու նկարիչ, և՛ որպես կառավարիչ ու տնտեսագետ: Նա համոզված էր, որ Արարատի հայացքի ներքո կառուցվող քաղաքում տարիներ անց կբնակվի 1 մլն մարդ: Գուցե մի օր կկառուցվի այս քաղաքը, համահայկական ողջ ներուժով: («Գուցեն» այստեղ տեղին է, քանզի նման քաղաքի կառուցումը հսկայական միջոցներ է պահանջում): Ավելի իրատեսական է «Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում» նախագիծը, որին անդրադառնանք ավելի մանրամասն: 2018-ին Աբրամյանը նախագծի իրականացման նպատակով նամակներ ուղարկեց տարբեր երկրներ, և ստացվեցին պատասխաններ Լիբանանի մշակույթի նախարարից, Իրանի Իսլամական Հանրապետության կայսրուհի Ֆարահ Փահլավիից, Հյուսիսային Կորեայի նախագահի կողմից և այլն:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ձեռնարկել է նախագծի իրականացումը: Նյութի հրապարակումից հետո նամակներով կդիմենք տարբեր երկրների ղեկավարներին, սպասելով արձագանքի: (Վրեժ Աբրամյանի «Աշխարհի պատմության տունը Հայաստանում» նախագիծը ներկայացվել է ընթերցողներին երկու տարի առաջ «Իրատեսի» թիվ 74 (821) համարում):
Աբրամյանը համոզված էր, որ հանրապետությունում սակավ են հայոց նշանավոր արքաների, թագուհիների և պետական գործիչների արձանները: Կիրճում, ըստ նախագծի, պետք է տեղադրվեն վերջին 10 հազար տարիներին աշխարհում հայտնի արքաների, նրանց ժամանակակից զորավարների և մյուս գործիչների արձանները: Ընդ որում՝ մոտ 10 հա տարածք զբաղեցնող պուրակում պետք է տեղադրվեն հայոց թագավորների և մյուս երևելիների արձանները, իսկ կիրճում, որը պետք է ձգվեր Հրազդան գետի երկայնքով 2-3 կմ, պետք է ներկայացվեն աշխարհի արքաներն ու մյուս երևելիները: Քննարկման փուլում Հրազդանի կիրճի երևանամերձ հատվածները տեղազննեցինք հեկտար առ հեկտար: Տեղազննեցինք, բայց չգտանք նպատակահարմար մի վայր, կիրճը ամբողջովին հագեցած է տարաբնույթ օբյեկտներով:


Այժմ որոնում ենք նպատակահարմար մի տարածք, որը կտրված լինի բնակավայրերից, ներկայացնի հայկական բնաշխարհը և հնարավորինս մոտ լինի Երևանին: Նման տարածքներ կան Գառնիի շրջանում, Արագածոտնի մարզում և Հրազդան գետի միջին հատվածներում: Բայց էականը տարածքը չէ: Գաղափարն է ուշագրավ, և այսօր ցանկանում ենք մարդկանց և կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել դրա վրա: Արձաններն ու արձանախմբերը կերտվելու և տեղակայվելու են խիստ պահպանողական, միաժամանակ զարմանալի ազատական հայեցակարգով: Այսպես, աշխարհի յուրաքանչյուր պետություն, որ կամենում է մասնակցել նախագծին, ընդհանուր հողատարածքում կարող է ձեռք բերել նպատակային մի հատված և այնտեղ տեղադրել իր երկրի հերոսների արձանները, սեփական քանդակագործների և ճարտարապետների մտահղացմամբ, սեփական նյութով և տարածքի հարդարման յուրօրինակ եղանակով: Եթե սա թեկուզ հպանցիկ երևակայենք, ապա կտեսնենք աննախադեպ մի թանգարան բաց երկնքի տակ, որտեղ ի մի են եկել մի քանի քաղաքակրթությունների (հունական, չինական, եգիպտական, հնդկական, պարսկական և այլն) արգասիք բազում երկրների արքաների և երևելիների արձաններն ու արձանախմբերը, հուշարձաններն ու հուշակոթողները: Ընդ որում, եթե Մակեդոնացին և նրա մերձավորները կերտվում են, դիցուք, մարմարով, ապա մի այլ երկիր կարող է իր երևելիներին ներկայացնել խորհրդանշական ձևով, ասենք, ոչ թե այս երկրի այս դարի ահա այս մեծագործ արքայի արձանը, այլ այդ երկրի ու տվյալ դարաշրջանի խորհրդանշական արձանախումբը կամ էլ կոթողը: Ընդ որում՝ արձաններն ու կոթողները կարող են և՛ վաղուց տեղադրված, և համաշխարհային ճանաչում ունեցող արձանի կամ կոթողի կրկնօրինակը լինել, և՛ կերտվել հատուկ վերոնշյալ բացօթյա թանգարանի համար:


Նշենք, որ «Կիրճ» և «Պուրակ» հասկացությունները որոշակիորեն պայմանական են: Ձեռք բերվելիք տարածքը բաժանվելու է երկու՝ «Աշխարհի թագավորները» և «Հայաստանի արքաները» դիմահայաց հատվածների: Հայկական թանգարանը նախնական հաշվարկով կզբաղեցնի շուրջ 10 հա մակերես, համաշխարհայինը՝ հավանաբար 100 հա: Հայկական թանգարանը ըստ հեղինակային խմբի մտահղացման (իմա՝ Հիմնադրամի հիմնադիր Վրեժ Աբրամյանի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի) պետք է ստեղծվի ինչպես հայ, այնպես էլ այլազգի վարպետների ջանքերով: Եթե համաշխարհային թանգարանը ամենատարբեր մշակույթների հավաքակայան է և զերծ է որևէ ստեղծագործական վերահսկողությունից (մասնակից յուրաքանչյուր երկիր ինքն է որոշելու իր արձանախմբի գաղափարագեղագիտական սկզբունքը), ապա հայկական թանգարանը պետք է ի հայտ գա հեղինակավոր գեղարվեստական խորհրդի հովանու ներքո:
Եվս մի դրվագում Վրեժ Աբրամյանի նախագծից. «Տարիների փորձը ցույց տվեց, որ առաջին քրիստոնյա երկիր լինելով կամ միայն չվերականգնված եկեղեցիներով չենք կարող բազմամիլիոն օտարերկրյա զբոսաշրջիկներ գրավել դեպի Հայաստան: Մեզ՝ հայերիս, մնում է աշխարհին նորություն մատուցել: Բայց ի՞նչ…»: Հարցը տալով նա պատասխանն է ներկայացրել ձեզ արդեն ծանոթ նախագծում: Գլխավորը՝ Հայաստանը զբոսաշրջային Երուսաղեմի վերածելն է, սա էր Վրեժ Աբրամյանի, այդ զարմանալի հայի երազանքը:

Նյութը, հուսանք, կարժանանա պատկան մարմինների, հիմնադրամների, սփյուռքահայ և հայաստանաբնակ անհատների և ներդրողների ուշադրությանը: Մենք, մեր հերթին, սկսում ենք նամակ-ուղերձներ հղել ամենատարբեր հասցեներով, ի լուր աշխարհի:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ.Գ. Տեսանելի հեռանկարում «Աշխարհի թագավորների կիրճը Հայաստանում» նախագիծը կներկայացնենք իր ողջ փայլով, այն է՝ ճարտարապետական և գեղարվեստական ձևավորմամբ: Այժմ զբաղվում ենք նախագծի նշանակությանը համարժեք տարածքի որոնմամբ:

Դիտվել է՝ 554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao