Yerevan Perspectives International Music Festival
 

Գործազուրկ դարձած պղնձագործների հույսն, իրավ, չի մեռնում

Գործազուրկ դարձած պղնձագործների հույսն, իրավ, չի մեռնում
02.07.2019 | 18:09

Սպասում են, սպասում են, սպասում


Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների երեկվա բողոքն այսօր արդեն մարել է: Շուրջ 200 աշխատակիցներ, որ հարկադիր պարապուրդի էին մատնված ու վճարվում էին աշխատավարձի երկու-երրորդով, այժմ այդ գումարն էլ չեն ստանա, «Էյ-Սի-Փի» ընկերությունը նրանց հետ պայմանագիրը չի երկարաձգի:


Հուլիսի մեկին աշխատակիցները փակել էին Երևան-Թբիլիսի երկաթուղին, ինչպես նաև «Էյ-Սի-Փի» ընկերության մուտքերն ու ելքերը: Ընդունված պրակտիկայի համաձայն` բողոքող աշխատակիցների 5 հոգանոց պատվիրակությունը հանդիպում է ունեցել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ: Մարզպետն ալավերդցիների հետ պայմանավորվել է` նորից հանդիպել հուլիսի 8-ին, երբ կառավարության ներկայացուցիչները, գուցե նաև Տիգրան Ավինյանը, մարզպետարանում կլինեն:
Ղուկասյանը մետաղի հետ կռիվ տվողների հետ քննարկել է աշխատանքի այլընտրանքային տարբերակ, այն է` Թեղուտի` վերջերս վերաբացված գործարանում աշխատանքի տեղավորելու մասով:


Հիշեցնենք` Ալավերդու պղնձաձուլական գործարանը գործունեությունը պաշտոնապես կասեցրել էր նախորդ տարվա հոկտեմբերին:


Թե ինչ կտա կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումը, գոնե ինձ համար պարզ է`էապես ոչինչ: Ինչո՞ւ եմ այդպես կարծում, որովհետև նմանատիպ հանդիպումների թե՛ տրամաբանությունն է ակնհայտ, թե՛ ժամանակ ձգելու «արվեստը»: Ինչ վերաբերում է կրճատված 200 աշխատողներին` «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատանքի տեղավորելուն, ապա ուզում եմ հիշեցնել, որ օրեր առաջ Թեղուտ ու Շնող համայնքի բնակիչները փակել էին դեպի հանքավայր տանող ճանապարհն ու պահանջում էին` քանի որ աշխատատեղերի թիվը սահմանափակ է, ալավերդցիների փոխարեն երկու գյուղերի բնակիչներին աշխատանքի ընդունել:


Հ.Գ. Ստեղծված իրավիճակի համար հանգուցալուծում գտնելն, իհարկե, բարդ է, իսկ կարևոր հարցն արդեն ամիսներ շարունակ նույնն է մնում` ի՞նչ անել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao