Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահին
06.07.2019 | 14:01

Հուլիսի 6-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ: Նա բարձր է գնահատել վարչապետի պաշտոնական այցը Վիետնամ և նշել, որ նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին տարբեր ոլորտերնում: «Մենք հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, շնորհավորում ենք Ձեզ արձանագրվող հաջողությունների և միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքի ամրապնդման կապակցությամբ: Տեղյակ եմ, որ երեկ արդյունավետ և բաց քննարկումներ եք ունեցել մեր երկրի վարչապետի հետ»,- ասել է Նգույեն Թխի Քիմ Նգանը` ավելացնելով, որ Ազգային ժողովը ևս կաջակցի կապերի զարգացմանը:


Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ արդյունավետ բանակցություններ է ունեցել Վիետնամի իր գործընկերոջ հետ` ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ: «Աշնանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի նիստում կքննարկվի հարցերի լայն շրջանակ և կընդունվեն արդյունավետ որոշումներ` վիզային ռեժիմի դյուրացման, զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման, կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման և այլ ուղղություններով: Պայմանավորվել ենք նիստի շրջանակում անցկացնել նաև բիզնես ֆորում, որը կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով` Հայաստանին ու Վիետնամին կապում են ավանդական հարաբերությունները: Վարչապետը նշել է նաև, որ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի Մինի` 1959-ի Հայաստան այցից մեր ժողովուրդը պահել է ջերմ հիշողություններ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական համագործակցության զարգացումը և տիկին Նգույեն Թխի Քիմ Նգանին փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի` Հայաստան այցելելու հրավերը, որ սիրով ընդունվել է: ՀՀ վարչապետը և Վիետնամի ԱԺ նախագահը բարձր են գնահատել միջազգային հարթակներում երկու խորհրդարանականների համագործակցությունը և անհրաժեշտ համարել շարունակել քննարկումները` միմյանց դիրքորոշումներին համահունչ գործունեությունը շարունակելու նպատակով: Զրուցակիցներն ընդգծել են, որ ՀՀ վարչապետի` Վիետնամ այցի արդյունքում երկու երկրների միջև ձևավորվել է համագործակցության բարենպաստ մթնոլորտ և կողմերը պետք է շարունակեն ակտիվ գործակցությունը կոնկրետ արդյունքներ արձանագրելու նպատակով:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ