Նրանց վճարում են անկեղծության համար

Նրանց վճարում են անկեղծության համար
08.07.2019 | 11:43

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Կիմ Դերոկը հայրենիք ուղարկվող իր հաղորդագրություններում Դոնալդ Թրամփի վարչակազմին անվանել է անտեղյակ, անվստահ ու անգործունակ: Դիվանագետի էլեկտրոնային գրագրությունը հայտնվել է մամուլում: Բրիտանիայի ԱԳՆ-ն «խուլիգանություն» է անվանել գաղտնի փաստաթղթերի հրապարակումը Mail on Sunday-ում, բայց հավաստիությունը կասկածի տակ չի առել: Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել բրիտանացի դեսպանի նամակների բովանդակությունը: Բրիտանիան ու ԱՄՆ-ը ունեն «հատուկ հարաբերություններ», որոնց համար այս սկանդալը կարող է փորձություն դառնալ: Գրագրությունն ընդգրկում է 2017-2019-ը: Հունիսին, օրինակ, դեսպանը Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունն անվանել է «քաոսային ու անհամակարգ»: Ֆորին օֆիսի ներկայացուցիչը նկատել է, որ բրիտանացի դիվանագետների խնդիրն է իրենց գտնված երկրների քաղաքական գործընթացների «ազնիվ ու չգունազարդված վերլուծությունը»՝ կառավարության անդամների համար: «Նրանց կարծիքը պարտադիր չէ, որ համընկնի նախարարների կամ կառավարության տեսակետի հետ ամբողջության մեջ: Բայց նրանց վճարում են անկեղծության համար»՝ ասել է ԱԳՆ մամլո քարտուղարը:
Ի՞նչ է գրել դեսպանը:


Մյուլլերի հետաքննության մասին՝ 2017-ին նա գնահատել է՝ որքա՞ն են ճշմարտանման Թրամփի շրջապատի ու Ռուսաստանի գործարքի կասկածները և եզրակացրել է, որ «չի կարելի ամենավատը բացառել» (նկատի ունենալով, որ գործարք կարող էր լինել): 2019-ի մարտին Մյուլլերն ավարտեց հետաքննությունը: Ռուսաստանի հետ Թրամփի կամ նրա շրջապատի մարդկանց գործարքի ապացույցներ նա չգտավ:
Թրամփի վարչակազմի ներքին կոնֆլիկտների մասին՝ «Մենք չենք հավատում, որ այս վարչակազմը կդառնա ինչ-որ չափով նորմալ, նվազ դիսֆունկցիոնալ, նվազ անկանխատեսելի, նվազ խմբերի բաժանված, նվազ անճկուն ու անտեղյակ դիվանագիտության մեջ»: Նրա կարծիքով՝ ներկա Սպիտակ տունը «երբեք չի դառնա գործունակ»:


Իրանին ԱՄՆ հարվածի հեռանկարների մասին՝ հունիսին Դոնալդ Թրամփը պատմեց, որ բեկանել է ավիահարվածը Իրանին՝ գործողությունից 10 ւոպե առաջ, որովհետև 150 մարդ կզոհվեր: բայց դեսպան Կիմ Դերոկը այդ բացատրությունը անճշմարտանման է որակում: Նրա կարծիքով՝ նախագահը ամենասկզբից էնտուզիազմ չուներ այդ գաղափարից ու չէր ցանկանում խախտել արտասահմանում ԱՄՆ-ին նոր պատեազմների մեջ չներքաշելու նախընտրական խոստումը: Դեսպանի կարծիքով՝ «սակավ հավանական է, որ Իրանի հարցում ԱՄՆ քաղաքականությունը դառնա ավելի համակարգային», որովհետև վարչակազմի ներսում միասնականություն չկա այդ հարցով:


Բրիտանիա-ԱՄՆ հարաբերությունների մասին՝ Մեծ Բրիտանիա Թրամփի պետական այցը նրան «կուրացրեց», բայց Լոնդոնը չպետք է խանդավառվի՝ Վաշինգտոնը շարունակելու է ղեկավարվել առաջին հերթին սեփական շահի նկատառումներով: «Սա ինչպես առաջ՝ «Նախևառաջ Ամերիկան» երկիրն է»՝ գրում է Կիմ Դերոկը՝ մեջբերելով Թրամփի հայտնի կարգախոսը: Բրեկզիտից հետո Մեծ Բրիտանիային անհրաժեշտ կլինի ԱՄՆ-ի հետ նոր առևտրական համաձայնագիր կնքել: ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի ապրանքների ու ծառայությունների ներմուծման մեծ շուկա է, եթե հաշվենք առանձին երկրները, ոչ թե ԵՄ-ն: Բայց սըր ԿԻմ Դերոկը գտնում է, որ Վաշինգտոնը ձգտելու է իր համար առավել շահավետ պայմանների և երևան են գալու երկու երկրների տարակարծությունները կլիմայի փոփոխություններին վերաբերմունքի, ԶԼՄ-ների ազատության, մահապատժի հարցերում:
BBC


Հ.Գ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն, իհարկե, ճիշտ է՝ միանշանակ «խուլիգանություն» է դեսպանի և ԱԳՆ-ի գաղտնի գրագրությունը հրապարակելը: Եվ, այնուամենայնիվ, ԱԳՆ-ն, կարծես, չի պատրաստվում Mail on Sunday-ին դատի տալ՝ պետական գաղտնիքի հրապարակման համար: Գուցե այն պատճառով, որ դեսպանի տեսակետների մեջ պետական գաղտնիք չկա, տասնյակ փորձագետներ նման տեսակետներ հայտնել ու հիմնավորել են: Կազուս բելի կարող է դառնալ փաստը, որ այդ տեսակետների հեղինակը դեսպան է՝ բարեկամ երկրի դեսպան, բայց դիվանագիտական պատերազմը ոչ մի կողմի շահերից չի բխում: Ավելի հետաքրքիր է հարցը՝ ուրի՞շ ինչ տեղեկություններ ունի Mail on Sunday-ը և կհրապարակի՞, թե՞ ոչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 661

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao