Մամեդյարով-Մնացականյան հաջորդ հանդիպումը՝ շուտով

Մամեդյարով-Մնացականյան հաջորդ հանդիպումը՝ շուտով
10.07.2019 | 19:31

«Հրապարակը» գրում է. «Մամեդյարովի հետ վաշինգտոնյան հանդիպման թանաքը դեռ չչորացած` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փութացել էր Արցախ, դիվանագիտական չափանիշներով բավականին երկար` եռօրյա այցով: Ինչպե՞ս եք գնահատում արցախյան կողմի հետ բանակցությունները՝ հարցրինք նրան։ «Շատ արդյունավետ` թե՛ մեր դիրքորոշումների գնահատման, թե՛ երկխոսության, բոլորով գործընթացին ներգրավված լինելու առումներով»: Կապ ունե՞ր արցախյան այցը վաշինգտոնյան բանակցությունների հետ։ «Բոլոր այս կարգի շփումները կապ ունեն խաղաղ գործընթացի հետ, սա բացառիկ չէր, մենք մշտապես միմյանց հետ շփվում ենք` դա լինի այցերով, հեռախոսազրույցներով, մշտապես միմյանց ներգրավված ենք պահում գործընթացին»:


ԼՂ նախկին ԱԳ նախարար (1996-1997 թթ.՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ) Կարեն Միրզոյանի ներգրավվելը հայկական կողմից` բանակցային ֆորմատի մեջ, փորձագիտական շրջանակների մոտ տարակուսանք առաջացրեց, ըստ որի` դրանով հող է նախապատրաստվում ադրբեջանական «ղարաբաղյան համայնքի» ներգրավման համար։ «Եզրակացությունների որևէ կարիք չկա այդ առումով, որովհետև պարոն Միրզոյանն ունի տարբեր գործառույթներ, որոնք պետք չէ կապել Ձեր մատնանշած գործընթացի հետ»:


Իսկ Ձեր հաջորդ հանդիպումը Մամեդյարովի հետ ե՞րբ է լինելու։ «Կհայտարարենք, ինչպես ընդունված է` միաժամանակ, նույն օրը»: Շուտ-ուշ, որտե՞ղ։ «Ես իրավունք չունեմ ասելու, եթե մի փոքր վերլուծեք, կարող եք կռահել»: «Վերլուծեցինք» և գտանք` ՄԱԿ-ի ասամբլեա, Նյու Յորք` սեպտեմբեր։ Լռությունը համաձայնության նշա՞ն է։ Զոհրաբ Մնացականյանը լուռ ժպիտով նստեց ավտոմեքենան»:

Դիտվել է՝ 197

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao