Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության պայմանագրերը Ֆրանսիայի իշխանությունների «նշանառության տակ են»

Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության պայմանագրերը Ֆրանսիայի իշխանությունների «նշանառության տակ են»
10.07.2019 | 19:34

Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության պայմանագրերը Ֆրանսիայի իշխանությունների «նշանառության տակ են»՝ գրում է Le Monde-ը: Մի կողմից Ֆրանսիայի ազդեցիկ հայկական սփյուռքն է (մոտ 600 000 մարդ՝ ըստ հայկական գործի պաշտպանության կոմիտեի տվյալների), մյուս կողմից՝ Ֆրանսիայի համար կարեւոր գործընկերը՝ Ադրբեջանը, որը էնեգետիկ ռեսուրսներ ունի: Բացի այդ, Ադրբեջանը Ֆրանսիայի համար տարածաշրջանում կարեւոր դիվանագիտական գործընկեր է՝ չնայած Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է չեզոք դիրք զբաղեցնի:


Այդ պատճառով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որին փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հրավիրեց ընթրիքի, կոշտ դիրքորոշում արտահայտեց բարեկամության մասին համաձայնագրի առնչությամբ: «Դա հավասար չափով իրավաբանական պարտավորություն եւ սկզբունքային հարց է: Մենք չենք կարող ճանաչել ֆրանսիական մունցիպալիտետների եւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների պայմանագրերը»,- այդ ժամանակ բացատրել է նախագահը:
Այդ կոշտ դիրքորոշումը կոչված էր ցրել բարեկամության մասին համաձայնագրի շուրջ ստեղծված խավարը: 2017-ի փետրվարին Ֆրանսիայի եւ Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների հարցերով Ազգային ժողովի տեղեկատվական հանձնաժողովի հրապարակած զեկույցում նշվում է «տարածքային ձեւավորումների օրենսդիր մարմինների գործողությունների եւ քաղաքական հայտարարությունների» միջեւ սահմանագիծը: Եզրակացություն է արվել, որ «մունցիպալիտետներին արգելված չէ բարեկամության մասին համաձայնագիր ստորագրել, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի համայնքի հետ, եթե դա օրենսդիր մարմինների որոշում չի համարվում»:


Բարեկամության համաձայնագրերը պետք է ստուգո՞ւմ անցնեն: Անցած տարվա նոյեմբերի 22-ին նման հարց է ուղղել Օ-դե-Սենի սենատոր Պիեր Ուզուլիան ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներին: «Ցավոք, ես իրավասու չեմ իրավաբանորեն հիմնավորված պատասխան տալ»,- շփոթված ասել է նախարարը:


Դրոմ եւ Վալ-դ՛Ուազ դեպարտամենտներում մի քանի համայնքներում համաձայնագրերը չեղարկվել են: Վերջին որոշումը կայացվել էր մայիսի 29-ին Սերժի-Պոնտուազի վարչական դատարանի կողմից եւ վերաբերում էր բարեկամության համաձայնագրին, որն անցած տարի հոկտեմբերի 22-ին ստորագրել էին Արնուվիլի եւ Շեխերի քաղաքապետերը:
«Մենք վաղեմի հարաբերություններ ունենք հայ համայնքի հետ, որի առաջին ներկայացուցիչները հայտնվել են քաղաքում 1920-ական թվականներին:
Բարեկամության համաձայնագրի ստորագրումը բնական է: Ցավոք, Ֆրանսիան այդ հարցով կոշտ դիրքորոշում է զբաղեցրել: Մենք կբողոքարկենք որոշումը»,- ասում է Արնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլլը:


Բուր-դե-Պաեժի քաղաքապետ Նատալի Նյեզոնը մտադիր չէ բողոքարկել Մարտունիի հետ բարեկամության մասին համաձայնագրի չեղարկման որոշումը, քանի որ չի ցանկանում, որ դա «պայքարի» վերածվի: «Դա մեզ չի խանգարում բարեկամական կապեր պահել»,- ասում է Նյեզոնը: «Լեռնային Ղարաբաղի հետ համաձայնագրի նկատմամբ հատուկ վերաբերմունք կա, որը կասկած է հարուցում՝ կապված ֆրանս-ադրբեջանական կապերի հետ»,- իր հերթին նշում է հայկական գործի պաշտպանության կոմիտեի ղեկավար Ժյուլ Բոյաջյանը: Նա հիշեցնում է պաղեստինյան համայնքների հետ ֆրանսիական քաղաքների համաձայնագրերի մասին: «Հուսով եմ՝ առողջ միտքը կհաղթի»,- նշում է Պասկալ Դոլլը:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao