Ո՞վ ու ինչպե՞ս փորձեց «կաշառել» Էրիկ Գրիգորյանին

Ո՞վ ու ինչպե՞ս փորձեց «կաշառել» Էրիկ Գրիգորյանին
12.07.2019 | 02:01

Արդեն մի քանի ամիս է, ինչ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի հետնաբակում կայանած է «Toyota Camry 2.5L» մարդատար ավտոմեքենան, որը սպասարկում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին:


Այս նյութում կփորձենք հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ նախկին ԲՆ նախարարներին սպասարկող «Honda Accord» մակնիշի` 015ԼԼ55 պետհամարանիշով ավտոմեքենան փոխարինվեց «Toyota Camry 2.5L»-ով (ի դեպ, նույն պետհամարանիշով), և ո՞վ ու ինչպե՞ս փորձեց «կաշառել» Էրիկ Գրիգորյանին հետագայում իր ծրագրերն առաջ տանելու համար:
Պարզվում է, որ վերը նշված մեքենան գնվել և ՀՀ բնապահպանության նախարարության (ներկայումս՝ շրջակա միջավայրի ¥ՇՄ¤ նախարարության) «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին (ՊՀ) է փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակը`«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում: Ձեռքիս տակ գտնվող համապատասխան փաստաթղթերի համաձայն` նպատակը եղել է նպաստել վերը նշված ծրագրի «Չափողականություն, հաշվետվայնություն և հավաստագրում» բաղադրիչի պատշաճ իրականացմանը, այսինքն` աջակցել ծրագրի պատասխանատու կողմ հանդիսացող նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ին: Սակայն այդ մեքենան առաջին իսկ օրվանից սպասարկում է նախարար Էրիկ Գրիգորյանին և երբևիցե չի ծառայել ծրագրի պատշաճ իրականացմանը: Ս.թ. ապրիլի 11-ին կառավարության նիստի օրակարգում տեսնում ենք «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու և գույք ամրացնելու մասին» 17-րդ կետը: Որպես զեկուցող հանդես էր գալիս նախարար Էրիկ Գրիգորյանը:


Այս նիստից հետո որոշ լրատվամիջոցներ անդրադարձան այդ որոշմանը և տվեցին իրենց գնահատականը. «Լատենտային կոռուպցիա. միջազգային կազմակերպությունը կաշառում է պետական կառույցին»… Նախարար Էրիկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում (12 ապրիլ 2019 թ.) անմիջապես հանդես եկավ մի սրտաճմլիկ հայտարարությամբ, թե. «Այսօր «թերթերից» մեկը մի «սենսացիոն» լուր էր դրել, թե իբր միջազգային կազմակերպությունը կաշառել է կառավարությանը՝ մեքենա նվիրաբերելով։ Սովորաբար չեմ անդրադառնում նմանատիպ հրապարակումներին, բայց կից նկարներով տեղադրում եմ վերջին ժամանակահատվածում բնապահպանության նախարարության կողմից տարբեր միջազգային ծրագրերի շրջանակներում ձեռք բերված տասնյակ մեքենաների նկարներից մի քանիսը։ Հ. Գ. Դրամաշնորհով ևս 4 նոր ամենագնաց մեքենաներ կստանանք առաջիկա օրերին»:
Իհարկե, դրամաշնորհով գնված 4 ամենագնացներն արդեն տեղ հասել են, և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրանք հետագայում կիրառելու է պահպանվող տարածքներում, սակայն ինչ վերաբերում է վերը նշված «Toyota Camry 2.5L»-ին, այն գնվել է մի ծրագրի շրջանակներում, որ ամրագրվեր նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակին: Դա իր պաշտոնական նամակում հաստատել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դիմիտրի Մարիյասին:


Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ ՀՀ բնապահպանության նախարար(ներ)ի սպասարկման համար 2014 թվականին գնվել և ՀՀ ԲՆ-ին է տրամադրվել 2013 թվականի արտադրության «Honda Accord» մակնիշի (015 ԼԼ 55 համարանիշով) մեքենան, սակայն Է. Գրիգորյանին ներկայումս սպասարկում է և ՀՀ կառավարության նիստի օրակարգում հայտնված` վերը նշված ծրագրի գնած և իբր թե ՀՀ բնապահպանական ծրագրերի գրասենյակին հանձնվելիք մեքենան, որի համարանիշը, ի դեպ, դարձյալ 015 ԼԼ 55 է:
Մինչդեռ նախարարն այս ամենն իր ֆեյսբուքյան հարթակում անամոթաբար հերքում է, թե` նման մեքենա նախարարությունը նվիրատվություն չի ստացել, նաև տեղադրում KfW հարավի կենսոլորտային տարածքի միջոցներով, ինչպես նաև ՌԴ-ի կողմից տրամադրված` ռուսական արտադրության ամենագնացների նկարներն ու հաստատում, թե միակ նվիրատվությունը դրանք են:


Ըստ իմ ունեցած տեղեկությունների` «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագիրը համակարգում է Դիանա Հարությունյանը (ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող): Իսկ մեքենան նախարարին եղել է մեծ նվեր հետագա ծրագրերը առաջ հրելու համար: Հայտնի է, որ Էրիկ Գրիգորյանը նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո սկսեց վատացնել հարաբերությունները մի շարք միջազգային բնապահպանական ծրագրերի հետ, անգամ` հայտնել իր «ոսկե» կարծիքը տարիներով կատարված աշխատանքների վերաբերյալ:
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ- ԿԿՀ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 116 մլն 70 հազար ԱՄՆ դոլար, որից՝ Կանաչ Կլիմայի Հիմնադրամի ֆինանսավորումը` 20 մլն ԱՄՆ դոլար (դրամաշնորհ), ՄԱԶԾ՝ 420 հազար ԱՄՆ դոլար (կանխիկ) և 1 մլն ԱՄՆ դոլար (զուգահեռ), որը կառավարելու է ՄԱԶԾ: Երևանի քաղաքապետարանը համաֆինանսավորելու է 8 մլն ԱՄՆ դոլարի չափով, ՀՀ կառավարությունը՝ 400 հազար ԱՄՆ դոլար (բնեղեն), և Եվրոպական ներդրումային բանկը 86 մլն 250 հազար ԱՄՆ դոլարի զուգահեռ համաֆինանսավորում է իրականացնելու: Նաև նախատեսվում է ներգրավել շուկայում առկա ֆինանսավորման այլ աղբյուրներ: ՄԱԶԾ` որպես ԿԿՀ հավատարմագրված գործակալություն, պատասխանատու է ԿԿՀ ռեսուրսների կատարման նկատմամբ վերահսկողության ու որակի ապահովման և միայն ՄԱԶԾ բանկային հաշվին փոխանցված համաֆինանսավորման կանխիկ գումարների համար:

Հավատարմագրված գործակալության վարձատրությունը ԿԿՀ դրամաշնորհում ընդգրկված չէ:
Ծրագիրը մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ 13 մլն դրամ (մոտ 28165 հազար դոլար) արժողությամբ մեքենայի և այն նախարարին նվիրելու մասին խոսք չկա: Իսկ գույք նվիրելու` կառավարության որոշման նախագծի հեղինակները, որ, ի դեպ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումներից են, պնդում են որ նախագծի ընդունումը կնպաստի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ/00098348-00101711 ծրագրի շրջանակում «Չափողականություն, հաշվետվողականություն և հավաստագրում» բաղադրիչի պատշաճ իրականացման նպատակով կազմակերպվող աշխատանքների կատարմանը: Հրաշալի է, և պարզվում է, որ այդ բաղադրիչն անձամբ իրականացնելու է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը:


Հարց` ինչպե՞ս հասկանանք այս ամենը, երբ կառավարության ղեկավարն ամեն անգամ բարձրաձայնում է, որ միջազգային ծրագրերի ամեն մի լումա օգտագործվելու է նպատակային, օպտիմալացվելու է կառավարության մեքենաների թիվը, այնինչ ֆեյսբուքյան էջերում մի փոքր «շրջայց» կատարելուց հետո պարզվում է, որ շրջակա միջավայրի նախարարի վարորդն օգտագործում է նաև նախարարին ամրագրված JEP մակնիշի մեքենան, այսինքն երկու մեքենա՝ մեկ նախարարի:


Գալուստ ՆԱՆՅԱՆ
«Էկո Մեդիա» ցանցի համահիմնադիր

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao