«Ցավով եմ նշում, որ աղավաղվում է մեր լեզուն, խախտվել է նրա ինտոնացիոն կառուցվածքը, շեշտադրությունը»

«Ցավով եմ նշում, որ աղավաղվում է մեր լեզուն, խախտվել է նրա ինտոնացիոն կառուցվածքը, շեշտադրությունը»
12.07.2019 | 02:03

Արդեն մեկ տարի է, ինչ մեզ հետ չէ մեր Գրետան՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԹԱԽՏԱՋՅԱՆԸ։
Երաժշտագետ Մարգարիտ Թախտաջյանը հեռուստատեսության անվանի լրագրողներից էր։ Նա հիմնադիրն էր ու վարողը «Երաժշտական փոստարկղ», «Երաժշտական կյանք», «Երաժշտական կրպակ» սիրված հեռուստաշարքերի։ Այդ շարքերում նա ներկայացրել է հայ, Խորհրդային Միության, արտասահմանյան լավագույն երաժիշտ կատարողներին, կոմպոզիտորներին։ Մարգարիտը ղեկավարել է «Սփյուռք» ստեղծագործական միավորումը։ 1992 թվականին Մարգարիտ Թախտաջյանը նշանակվել է հեռուստառադիոյի վարչության սեփական թղթակից ԱՄՆ-ում։ Մինչ այսօր «Երաժշտական փոստարկղը» եթերում է։ Այն վարում է հաղորդավար Սուսաննա Շահինյանը, և շատերին թվում է, թե վերջինս է շարքի հիմնադիրը, բայց այդպես չէ։


Մարգարիտն ավարտել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան և գրել «Հայկական հեռուստաֆիլմերը» թեզը։
Մարգարիտ Թախտաջյանը ակադեմիկոս Արմենակ Թախտաջյանի դուստրն է։ Նա ծնվել. մեծացել և դաստիարակվել է հայ մտավորականների ընտանիքում։ Մայրական տատիկը՝ Արաքսյա Կանայանը, սերում էր Իգդիրի հռչակավոր Կանայանների տոհմից, որի վառ ներկայացուցիչներից էր Դրոն։ Տատիկը շատ լեզուներ գիտեր, բայց տանը բոլորը խոսում էին միայն գրական հայերենով։ Գրետայի պապիկը համալսարանի հիմնադիրներից էր, լեզվաբան, գրականագետ, տնտեսագետ։ Նա Կ. Մարքսի «Կապիտալն» է թարգմանել գերմաներենից։ Թադևոս Ավդալբեգյանը գնդակահարվել է 1937 թվականին։


Իր հարցազրույցներից մեկում Գրետան ասում էր. «Չնայած մենք՝ նրա թոռները, իրեն չէինք տեսել, մեր ընտանիքում իշխում էր պապիկի ոգին՝ մեծ մարդու և քաղաքացու, իսկական հայի ոգին։ Նրանից էր գալիս հայոց լեզվի պաշտամունքը մեր ընտանիքում»։ Գրետայի մորաքույրը գրականագետ Մայիս Ավդալբեգյանն էր։ Նրա տանը հավաքվում էին մեր գրականության լավագույն ներկայացուցիչները՝ Վիգեն Խեչումյան, Սուրեն Աղաբաբյան, Հրանտ Թամրազյան, Սուրեն Երեմյան, Սերգեյ Սարինյան, Արամ Ղանալանյան, Հրաչյա Հովհաննիսյան... Այս տանը հաճախ էին լինում Մայա Ավագյանն ու Պարույր Սևակը։


Գրետան հաճախ էր հիշում իր մանկությունը. «Երբ 4 տարեկան էի, բավականին հետաքրքիր ու խելացի ասացվածքներ էի հորինում։ Մորաքույրս ափսոսում էր, որ չի գրառել դրանք։ Մանկությանս մթնոլորտը մեծ ազդեցություն է թողել ինձ վրա։ Բնական է, որ ես պետք է խոսեի գրական հայերենով։ Այսօր ցավով եմ նշում, որ աղավաղվում է մեր լեզուն, խախտվել է նրա ինտոնացիոն կառուցվածքը, շեշտադրությունը։ Ստեղծվել են արհեստածին բառեր, բառակապակցություններ։ Փողոցային գռեհիկ խոսակցականը ներխուժել է էկրան։ Հայերեն չեն խոսում, հայերեն խոսք չես լսում։ Ինձ թվում է՝ դա դիվերսիա է հայոց լեզվի դեմ»։
Իսկ Գրետայի հաղորդումները միշտ բարձր մակարդակի էին, և նրա հայերենը միշտ լիացրել է թե մեզ՝ իր ընկերներին, թե հեռուստադիտողին։


Գրետան մեծ հայրենասեր էր։ Իր «Մի կտոր հող, որի անունը Հայրենիք է...» գրքում, որը նա նվիրել է մոր՝ Սեդա Ավդալբեգյանի պայծառ հիշատակին, գրում է. «Հայրենի հողի իմ առաջին զգացողությունը կապված է վաղ մանկության օրերի հետ։ Հինգ տարեկան էի, երբ մայրիկիս հետ հանգստանալու էինք մեկնել Ռուսաստանի «Հանքային ջրեր» առողջարան։ Եվ ահա մեկ ամիս անց գնացքով վերադառնում ենք տուն։ Գնացքի պատուհանին գամված դիտում եմ բնության պատկերները՝ կանաչ մարգագետիններ, ծովափնյա շքեղ բուսականություն... Մինչև ուշ գիշեր մանկական հրճվանքով հիանում եմ իրար հաջորդող տեսարաններով։ Լուսաբացին կրկին վազում ու գամվում եմ պատուհանին։ Պատուհանի այն կողմում գորշ քարեր, հատուկենտ ծառատունկեր, փոքր անհրապույր շինություններ...
-Արդեն Հայաստանն է,- ասում է մայրիկս։- ՈՒ սիրտս ճմլվում է ինչ-որ տարօրինակ, դեռևս չգիտակցված զգացումից՝ մի կտոր հող, որի անունը հայրենիք է։
Իր բանաստեղծություններից մեկում նա գրում է, որ օտար ափերին «սոսկ անցորդ ես», որ սպասում է չվերթի, «սոսկ դիտորդ անտարբեր ու պաղ, իսկ Հայաստանում կրկին ամրանում է, թևածում...»։


Լինելով Հայաստանի հեռուստատեսության թղթակիցը ԱՄՆ-ում, նա պատրաստում էր սյուժեներ, ռեպորտաժներ, ֆիլմեր, որոնք ցուցադրվում էին մեր հեռուստատեսությամբ։ Նրա պատրաստած հաղորդումների մասնակիցները հաճախ փորձում էին եթերում խոսել հայերեն։ Եվ դա նրանց հաջողվում էր։ Դա Գրետայի շնորհքն էր։ Տպագրվել է ամերիկյան հայալեզու և ռուսալեզու մամուլում։ Ռուսական համայնքի «Контакт» թերթի համար պատրաստում էր «Армения» էջը։ Ռուս էմիգրանտական մամուլի պատմության մեջ դա առաջին դեպքն էր, երբ մի ամբողջ էջ նվիրվում էր Հայաստանին։ Մարգարիտ Թախտաջյանը ակտիվ քաղաքացի էր։ Ամերիկայում էլ նա զբաղվեց հասարակական գործունեությամբ։ Նրա նախաձեռնությամբ հիմնվեց «Երևան ասոցիացիան, որի նպատակն էր համախմբել Ամերիկայում բնակվող երևանցիներին, պահպանել երևանցիների ապրելաոճը, բարոյական նկարագիրը, հոգևոր արժեքները, ավանդույթները։ Մեծ քանակությամբ հագուստ, կոշկեղեն, խաղալիք ուղարկվեց Հայաստանի անապահով ընտանիքներին, մանկատներին, ծերանոցներին...


Մարգարիտ Թախտաջյանը բարձր կարգի պրոֆեսիոնալ էր, խստապահանջ էր թե իր, թե գործընկերների նկատմամբ։ Մի առիթով նա գրել է այսօրվա երաժշտական հեռուստածրագրերի մասին. «Մի քանի թռուցիկ դիտողություն ունեմ երաժշտական ծրագրերի վերաբերյալ։ Քանի որ արդեն գոյություն չունեն երաժշտական խմբագրությունները, երաժշտության պրոպագանդման հարցում չկա հատուկ քաղաքականություն։ Երաժշտական ծրագրերը հիմնականում պատահական բնույթ են կրում, էլ չեմ ասում ծրագրերը վարողների մասին։ Դրանք մարդիկ են, որոնք հաճախ հեռու են երաժշտությունից, չունեն տարրական երաժշտական գիտելիքներ։ Դրա հետ մեկտեղ նրանցից շատերը բացառապես հեռու են նաև ժուռնալիստիկայից, եթերում սեթևեթում են՝ առաջացնելով հակակրանք։ Մի հաղորդման ժամանակ ուղիղ եթերում հարց տրվեց երաժշտական լադերի մասին։ Այդ հարցը զարմանք առաջացրեց հաղորդավարուհու մոտ. պարզ էր, որ նա անծանոթ էր լադ տերմինին։ Այդ նույն աղջնակը որպես ոճ որակեց ժողովրդական երաժշտությունը՝ խոստանալով ապագայում էլ ներկայացնել այդ ոճը։ Միակ երաժշտական հաղորդումը, որ տրվում է բարձր մակարդակով, «Երևան» հեռուստաընկերության «Էլիտար շրջան» դասական երաժշտական ծրագիրն է»։
Գրետան շատ էր սիրում կյանքը, իր ընտանիքը, աշխատանքը, ընկերներին։ Հպարտանում էր իր զավակով՝ Հայկով, հոգատար էր եղբոր նկատմամբ, հիանում էր թոռներով։ Նա շատ հյուրասեր էր, համեղ կերակուրներ էր պատրաստում, սիրում էր ընկերներին նվերներ անել, անակնկալներ մատուցել։ Ապրում էր լիարյուն, գեղեցիկ կյանքով։


Բազում մտահղացումներ, ինչպես այսօր են ասում՝ պրոյեկտներ ուներ, բայց դրանք մնացին անկատար։ Ցավալի է։ Սակայն մնացել են նրա ֆիլմերը, հաղորդումները... Եվ մենք կհիշենք նրա նրբագեղ ձայնը, նրա անկրկնելի ժպիտը։ Նրա մաքրամաքուր հայերենը...


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao