Yerevan Perspectives International Music Festival
 

«Սա երիտասարդներիս առաջին քայլն է «Ոսկե ծիրանի» կազմակերպման գործում, և մենք նպատակահարմար գտանք չտրվել ավելորդ շռայլությունների»

«Սա երիտասարդներիս առաջին քայլն է «Ոսկե ծիրանի» կազմակերպման  գործում, և մենք նպատակահարմար գտանք չտրվել ավելորդ շռայլությունների»
12.07.2019 | 02:06

«Իրատեսի» հյուրը Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ է: Ինչպես արդեն իրազեկել ենք, այս տարի կինոփառատոնը ներկայանում է երիտասարդ ղեկավար կազմով: Այս հանգամանքը ենթադրում է նորարական իրողությունների անխուսափելիություն բազում սիրելի ավանդույթներ գրանցած «Ոսկե ծիրանի» աշխատանքներում, բայց և եղած լավագույնի անդավաճան շարունակականություն: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Հասմիկ Հովհաննիսյանի հետ:

-Հասմի՛կ, ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնային օրերին Երևանում հյուրընկալվել են կինոաշխարհի անվանի դեմքերը: Ովքե՞ր են 16-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերը. ներկայացրեք նրանց, խնդրեմ:
-Այո՛, 16-րդ «Ոսկե ծիրանը» նախորդների նման հյուրընկալել է նշանավոր մարդկանց: Մեր կարևոր հյուրերից է մեքսիկացի հանրահայտ ռեժիսոր Կառլոս Ռեյգադասը: Նրան «Ոսկե ծիրանի» հանդիսատեսը կարող է հիշել տարիներ առաջ ցուցադրված իր ֆիլմով: Անձամբ ինձ համար նա այդ ֆիլմով է բացահայտվել, և մենք վաղուց էինք փորձում նրան հրավիրել մեր կինոփառատոնին: Այս տարի նա մասնակցում է «Ոսկե ծիրանին» իր նոր ֆիլմով և նախորդների հետահայաց ցուցադրությամբ: Հայազգի ռեժիսոր, մոսկվաբնակ Արթուր Արիստակիսյանն է նաև մեր հյուրը: Նա ունի երկու ֆիլմ ընդամենը, որոնցից մեկը մասնակցել է առաջին «Ոսկե ծիրանին»: Ինչպես մենք պարզել էինք կինոփառատոնի մեկնարկից առաջ, Արիստակիսյանն ու Ռեյգադասը հեռվից հեռու հիացած են միմյանցով, և անգամ փորձ են արել համատեղ նախագիծ իրականացնելու, բայց փորձը չի հաջողվել: Եվ ահա, «Ոսկե ծիրանը» դարձավ հանդիպման, շփման հարթակ նրանց համար, գուցե և համագործակցության սկիզբ: Բավական հետաքրքիր կինոգործիչներ կան ժյուրիի կազմում: Միջազգային լիամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն է Ալեքսանդր Մինդաձեն: Նրա անունը հայտնի է խորհրդային և հետխորհրդային ռուսական կինոյի ասպարեզում, առավել ճանաչված է որպես սցենարիստ: «Թրայբեկա» ինստիտուտի գործադիր տնօրեն, Tangerine Entertaiment կինոընկերության համահիմնադիր Էյմի Հոբին է մեր մյուս նշանավոր հյուրը, որի այցը շատ կարևորվում է մասնավորապես այն առումով, որ նա հետաքրքրված է սուղ հնարավորություններ ունեցող երկրների և տարածաշրջանների կինոյով և այդ ոլորտում համագործակցություններ ձևավորելով: Բնականաբար, մենք ակնկալում ենք, որ նրա այցը չի սահմանափակվի ընդամենը ժյուրիի կազմում աշխատելով, նա նաև իր արդյունավետ գործունեությունը կծավալի ֆիլմարտադրության հարթակում: Մյուս նշանավոր հյուրն է բազում միջազգային մրցանակների դափնեկիր, «Քերոլ» ֆիլմի և մի շարք այլ հայտնի ֆիլմերի պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը Մեծ Բրիտանիայից: Նա կինոմրցանակներով հարուստ կենսագրություն ունի: Նշանավորների շարքում է վրացական ծագում ունեցող Նինո Կիրտաձեն, որը դերասանուհի է և վավերագրող ռեժիսոր. նա մեր ժյուրիի անդամներից է: Ռեժիսոր Ռեզա Միրքարիմին է անվանիների շարքում, որը Իրանի «Ֆաջր» միջազգային կինոփառատոնի տնօրենն է արդեն չորս տարի: Այս տարի աստղային դերասանի չենք հյուրընկալում: Ավելի շատ ուշադրություն ենք հատկացրել այլ ծրագրերի, այլ նպատակների վրա ենք ներդրել մեր միջոցները: Օրինակ՝ այս տարի մեծ տեղ է վերապահված կրթական ծրագրերին:
-Հասկանալի է, որ ֆինանսավորման կրճատումը պիտի հանգեցներ ինչ-ինչ ծրագրերից հրաժարվելու հանգամանքին: Կոնկրետ ի՞նչ է դուրս մնացել 16-րդ «Ոսկե ծիրանի» օրակարգից:
-Դե, արդեն խոսեցինք աստղային դերասանների բացակայությունից: Հասկանալի է, որ նրանց հրավիրելն ու հյուրընկալելը բավական թանկ հաճույք է, որը մենք այս տարի չկարողացանք մեզ թույլ տալ: Իհարկե, նրանց ներկայությունը կինոփառատոնի այս տարվա կոնցեպտի հետ այնքան էլ համահունչ չէր: Եթե 16-րդ «Ոսկե ծիրանը», սկսած իր դիզայնից, լոգոյից, պաստառներից, վերջացրած փառատոնային ծրագրերով, կազմակերպվում էր մինիմալիստական մոտեցումներով, ապա տրամաբանական էր, որ աստղային հյուրի վրա մեծ փողեր ծախսելու փոխարեն ներդրում անեինք այլ ծրագրերի վրա, որոնք ավելի կարևոր են փառատոնի գաղափարախոսության առումով և ավելի քիչ գումարներ են պահանջում: Սա մեր՝ երիտասարդ աշխատակազմի առաջին քայլն է «Ոսկե ծիրանի» կազմակերպման գործում, նաև նոր ծրագրերի մեկնարկ է տրված այս տարվա փառատոնի շրջանակներում, և մենք որոշեցինք չտրվել ավելորդ շռայլությունների:

-Խոսենք Շառլ Ազնավուրի հրապարակը համալրած աստղերի մասին և այդ ավանդույթի ապագայի:
-Այս տարի կինոփառատոնի մեկնարկի օրը բացեցինք երեք աստղ՝ հոբելյար կինոգործիչների անուններով. 90-ամյակը լրացած Բագրատ Հովհաննիսյանի, Արման Մանարյանի, և 75-ամյակը լրացած Գենադի Մելքոնյանի: Այս տարվա նորույթներից է նաև այն, որ տարածաշրջանի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում սահմանվել է Գենադի Մելքոնյանի անվան մրցանակ: Ինչ վերաբերում է աստղերի բացման ավանդույթին, ապա այն չենք խախտի նաև հետագայում, կշարունակենք մեր նշանավոր կինոգործիչների անուններով աստղերի բացումը հետագա տարիներին նույնպես:
-«Եղիցի լույս» մրցանակի ավանդույթը նույնպես պահպանվեց այս տարի:
-Այո՛, այս տարի Մայր աթոռի սահմանած մրցանակին արժանացավ մեր նշանավոր հյուրը՝ Ալեքսանդր Մինդաձեն: Սա ևս այն իրադարձություններից է, որ կարծում եմ՝ կշարունակվի նաև հետագա տարիներին:

-Ինչո՞վ էր բացատրվում լրագրողների համար մրցութային ֆիլմերի նախնական ցուցադրությունից հրաժարվելը: Անկեղծ ասած՝ դա մեզ զրկեց մինչև կինոփառատոնը այդ ֆիլմերի մասին որոշակի պատկերացում կազմելու հնարավորությունից, որը շատ էր օգնում նախորդ տարիներին:
-Տարեցտարի խստանում են փառատոնային ֆիլմերի ցուցադրության պայմանները: Հիմա մենք ֆիլմերի մեծ մասն ստանում ենք DCP տարբերակով և կոդերով, ֆիլմերի բանալիները հիմնականում նախատեսված են լինում մեկ-երկու ցուցադրության համար: ՈՒստի մենք չէինք կարող լրացուցիչ ծախսեր թույլ տալ նախնական ցուցադրության համար: Առավոտյան ժամերին այդ ֆիլմերը ցուցադրվում են, և լրագրողները կարող են գալ ու մասնակցել կինոդիտման: Կար նաև այն հանգամանքը, որ նախորդ տարիներին լրագրողները ակտիվ չէին մասնակցում նախնական կինոդիտումներին, ուստի որոշեցինք հրաժարվել այս գործընթացից: Եթե մենք պիտի ծախսեինք գումար ֆիլմի երրորդ բանալին ստանալու համար դիստրիբյուտորից, և արդյունքում այն պիտի ցուցադրեինք գրեթե դատարկ դահլիճում, կարծում եմ, դա այնքան էլ խելամիտ քայլ չէր լինի:

-Դուք «Ոսկե ծիրանի» նորանշանակ երիտասարդ տնօրենն եք, սակայն ավագ ոսկեծիրանցիները մշտապես Ձեր ու մյուս երիտասարդների կողքին են: Ի՞նչ գործառույթ են նրանք իրականացնում՝ ճնշու՞մ են, ուղղորդու՞մ, քաջալերու՞մ, պարզապես լուռ հետևու՞մ…
-Կարծում եմ՝ բոլորը միաժամանակ: Եթե օրինակ՝ պարոն Ստամբոլցյանն ամեն օր չլիներ գրասենյակում, չօգներ մեզ աշխատելու կատալոգի ու մնացած նախագծերի վրա, մեզ համար շատ դժվար կլիներ: Իհարկե, մեր միջև կան նաև անհամաձայնություններ: Տարաձայնություններ լինում են և՛ ավագների հետ, և՛ մեր՝ երիտասարդներիս միջև: Սա նորմալ աշխատանքային ընթացք է, մանավանդ որ այս տարին ռիսկային է՝ նոր ծրագրերի ներմուծման հետ կապված:
-Երբ Հարություն Խաչատրյանը ներկայացնում էր «Ոսկե ծիրանի» նոր ղեկավարներին, նկատեց, որ ձեզ չի էլ կարելի նոր կոչել, որովհետև դուք բոլորդ մեծացել եք «Ոսկե ծիրանում»: Կբացե՞ք փակագծերը, երբվանի՞ց եք համագործակցում կինոփառատոնի հետ, ի՞նչ գործառույթների մեջ եք ներգրավված եղել, գործնականում և հոգեբանորեն պատրա՞ստ էիք դառնալու մեր երկրի և տարածաշրջանի համար այսքան կարևոր իրադարձության ղեկավարը:
-Պատրաստ չեմ եղել բոլորովին, ինձ համար շատ անսպասելի էր «Ոսկե ծիրանի» տնօրենը դառնալու առաջարկը: Կարելի է ասել, որ առաջին տարվանից եմ եղել «Ոսկե ծիրանի» անցուդարձերի մեջ: Դեռ կամավոր էլ չէի, ուղղակի պտտվում էի փառատոնի շուրջը: Տարբեր գործեր էի անում, և արդյունքում դարձա կամավոր՝ անկախ ինձանից: 2004-ի աշնանից, երբ ավարտվել էր առաջին «Ոսկե ծիրանը», ես սկսեցի կանոնավոր աշխատանքս փառատոնում, և ինքս իմ աշխատանքային առաջին տարին համարում եմ 2005-ը, երբ անցկացվեց երկրորդ «Ոսկե ծիրանը»: Որոշ ժամանակ անց մեկնեցի արտասահման սովորելու և դադարեցրի աշխատանքս փառատոնում: Մի քանի տարի գրեթե կապ չունեցա այս ամենի հետ, թեև որոշ գործեր արել եմ, մասնավորապես՝ թարգմանել եմ ժյուրիի անդամներին: Հիմնականում զբաղված էի այլ գործունեությամբ, ունեի իմ ընկերությունը, որը ֆիլմ և կոմիքսներ է արտադրում: Եվ ինձ մատուցվեց այս անակնկալը՝ դառնալ «Ոսկե ծիրանի» տնօրեն: Մեր թիմի մյուս երիտասարդ անդամներից է ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը, որը կինոփառատոնին միացել է իմ՝ արտասահման մեկնելուց հետո: Մյուսը Վարվառա Հովհաննիսյանն է, որի մասին հաստատ կարելի է ասել, որ մեծացել է «Ոսկե ծիրանում»: Այնպես որ, իրոք մենք վաղուց ենք կինոփառատոնի հետ:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao