Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ազատությունը մեր դռանը լացեց, մղկտաց ու հեռացավ»

«Ազատությունը մեր դռանը լացեց, մղկտաց ու հեռացավ»
12.07.2019 | 00:14

Ամեն անգամ սրտի ցավ և վիրավորանք եմ զգում, երբ լսում եմ, որ հայն է ինչ-ինչ բացասական հատկանիշներ ու պիտակներ վերագրում իր ժողովրդին: Այսօր ինքս եմ ուզում խոսել մի երևույթի մասին, որը ժամանակ առ ժամանակ որպես չարիք կախվում է մեր ժողովրդի գլխին՝ իր ահռելի հետևանքներով: Սակայն… մենք պատմությունից դասեր չենք քաղում:


Մեր հայրենիքի տարածքի մեծ մասը կորցրել ենք ավատատիրական հարաբերությունների ժամանակ: Ավատատիրությանը հատուկ երկպառակությունն ու մասնատվածությունը խոր արմատներ էր ձգել Հայաստանում, որոնք և պատճառ դարձան պետականության կորստի ու հայրենի տարածքների օտարման:


20-րդ դարի 20-ական թթ. սկզբներին Հոկտեմբերյան հեղափոխությունը բուն Ռուսաստանից տարածվում էր նախկին Ռուսական կայսրության երկրներում: Հայ բոլշևիկների մի մասը, ոգևորված լենինյան համաշխարհային սոցիալիստական հեղափոխության հաղթանակի գաղափարով, պատրաստ էր (հիմքում դարձյալ պառակտումն էր) զոհաբերելու մեր հայրենիքի կիսաազատագրված տարածքն անգամ: Հայկական կուսակցությունների միջև գաղափարական պայքարն ու պառակտումը իրենց բացասական դերը խաղացին, և արդյունքում կորցրինք հայկական տարածքներ. Նախիջևանը, Արցախը, Կարսի մարզը անցան Ադրբեջանին և Թուրքիային (մոտենում է 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի և նույն թվին Արցախին վերաբերող Կովկասյան բյուրոյի անօրինական որոշման 100 տարին: Դարձյալ պատմությունից դասեր քաղելու ժամանակն է: Բարձրաձայնել է պետք…): Ստիպված եմ դարձյալ հիշել հայրիկիս խոսքերը (որի մասին համառոտ պատմել եմ «Իրատեսի» համարներից մեկում լույս տեսած իմ հոդվածում): «Հայ կոմունիստը սկզբում կոմունիստ է, հետո՝ հայ, իսկ վրացի կոմունիստը սկզբում վրացի է, հետո՝ կոմունիստ»:


Անցել են ժամանակներ, բայց այդ չարիքը նորից բույն է ուզում դնել մեր մեջ: Չգիտեմ, մե՞զ են պարտադրում, թե՞ մենք ենք սովոր մեզ համար խնդիրներ ստեղծելու՝ ընդունելով մասնատվածությունը որպես օրինաչափություն.
Արևմտյան Հայաստան-Արևելյան Հայաստան,
արևմտահայ-արևելահայ,
արևմտահայերեն-արևելահայերեն,
երկու կաթողիկոս,
երկու հայկական պետություն,
հիմա էլ՝ հին ու նոր Հայաստան…
«Հայաստան և Արցախ» բառակապակցությունը բովանդակային առումով ինքն իր հետ հակասության մեջ է: Հայաստանը մեր պատմական հայրենիքն է, որի մի մասն են կազմում Հայաստանի Հանրապետությունն ¥ՀՀ¤ ու Արցախը: Հետևաբար, «Հայաստան և Արցախ» բառակապակցություն լինել չի կարող. այն պետք է կիրառվի «ՀՀ և Արցախ» արտահայտությամբ: «Հայաստան և Արցախ» սխալ ձևակերպումից ածանցվեց «հայաստանցի-արցախցի» խիստ վտանգավոր շեշտադրումը, որը վերջերս «ծաղկում և վերածվում է հակադրության: ՈՒզում եմ հիշեցնել Ավետիս Ահարոնյանի՝ 1930 թ. Սորբոնի համալսարանում կարդացած դասխոսությունից. «Ազատությունը մեր հայրենիքի դուռը ծեծեց, բայց մենք հայ չէինք, այլ թուրքահայ, ռուսահայ, պարսկահայ, ամերիկահայ, նաև՝ ղարաբաղցի, վանեցի, մշեցի, երևանցի, կարինեցի, ու նրան՝ մեր փրկչին, չհասկացանք: Եվ ազատությունը մեր դռանը լացեց, մղկտաց ու հեռացավ»: Ինչքա՞ն պետք է պատմությունը մեզ հուշի, իսկ մենք նրանից դասեր չքաղենք:


Ըստ խորհրդային գաղափարախոսության՝ ԽՍՀՄ ժողովուրդների եղբայրական ընտանիքի մասին քարոզչությունը, ի վերջո, պետք է հանգեցներ երկրում ապրող տարբեր ժողովուրդների վերացման և մեկ՝ «խորհրդային ժողովրդի» ստեղծման: Եվ հանկարծ հիմա, առանց հարցի էությունը հասկանալու, արտաբերում են «Հայաստանի և Արցախի եղբայրական ժողովուրդներ». ինչ-որ անհեթեթ, անթույլատրելի արտահայտություն: ՈՒ՞ր ենք հասել… Դիտավորությու՞ն է, թե՞ պատահականություն:
Չգիտես ինչու, պաշտոնը պահպանելու մոլուցքն էլ է մեզ մոտ ամուր նստած, որից հետևում է՝ ժողովրդի հաշվին օտարին չնեղացնելու, սիրաշահելու, անտեղի զիջումներ անելու ստորաքարշ գիծը:


Վաթսունականների սկիզբն էր: Ադրբեջանի գիտնականները (նրանք ավելի շահեկան կարգավիճակ ունեին) վաղուց արդեն նպատակ էին դրել «գիտականորեն ապացուցելու», որ Արցախը պատմական ադրբեջանական հող է: Այդ բովանդակությամբ համահեղինակները մի աշխատություն էին բերել Հայաստան: Ավելին, այն որպես թեզ պաշտպանելու համար նրանց ոչ ավել, ոչ պակաս, հայ գիտնականների դրական կարծիքն էր անհրաժեշտ: Ակադեմիայի պատմության ինստիտուտի բացասական կարծիքն ստանալուց հետո այն ներկայացրին Երևանի պետական համալսարան՝ հայոց պատմության ամբիոն (ես աշխատում էի նույն ամբիոնում): Քննարկման ժամանակ ամբիոնի վարիչը, հիմք ընդունելով ԽՍՀՄ ազգային գաղափարախոսությունը, հայտարարեց. «Գուցե չնեղացնե՞նք մեր եղբայրական ժողովրդի ներկայացուցիչներին»։ Հայրենասեր և շատ սիրված դասախոս Հայկազ Ժամկոչյանը պոռթկաց ու զայրացած հակադարձեց. «Իմ ժողովուրդը ինձ չի լիազորել մեր հազարամյակների հողը նվիրելու օտարին, եթե քեզ լիազորել է, կարող ես չնեղացնել «եղբայրական» ժողովրդին»: Քննարկման արդյունքը պարզ էր: Իրենց նպատակի մեջ հետևողական լինելով՝ նրանք թեզը պաշտպանել էին Թբիլիսիի համալսարանում:


Ժամանակները փոխվում են, բայց խնդիրները մնում են նույնը: Եթե ուժեղ են քո մեջ հայրենասիրական ոգին, նվիրումը քո հողին ու ժողովրդին, անձնական շահը ստորադասվում է գերագույն նպատակին, ապա օտարն էլ է քեզ հետ հաշվի նստում: Սակայն, անկախության երեք տասնամյակների ընթացքում մեր երեք նախագահների որդեգրած սկզբունքներն ու գործելաոճը շատ հեռու էին վերոհիշյալից: Անկախության օրվանից կոտրվեց երկրի ողնաշարը. ոչնչացվեցին հզոր արդյունաբերությունը և քննություն բռնած մեր կրթական համակարգը։ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքով գործարաններ նվիրվեցին Ռուսաստանին: Նմանատիպ հակահայկական քաղաքականության արդյունքում մենք ունեցանք քայքայված տնտեսություն, գործազրկություն, արտագաղթ, երեսուն տոկոս աղքատություն… ձևավորվեց սեփական ժողովրդին կեղեքող ու շահագործող համակարգ: Հասունանում էր մի իրավիճակ, որ իշխանությունն ու հասարակությունը հեռացել էին իրարից, չունեին ընդհանուր շահեր ու նպատակ: Բախումն անխուսափելի էր: Նիկոլ Փաշինյանն ըմբռնեց ժամանակի պահանջը, հաջողությամբ առաջնորդեց հասարակության ստվար հատվածի շարժումը, և վերջ տրվեց երկրին քաղաքական ու տնտեսական այդ վիճակին հասցրած իշխանությանը: Ընդունված է ասել. իշխանությունը գրավելը հեշտ է, կառավարելն է դժվար: ՈՒժեղ է այն իշխանությունը, որը հենվում է ժողովրդի վրա, և ժողովուրդն էլ հավատով պատվար է կանգնում նրան: Մեծ էր մեր քաղաքացիների (այդ թվում՝ նաև իմ) հավատը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Անհրաժեշտություն է, որ այդ հավատը չխաթարվի, քանզի ժողովրդին նոր ցնցումներ պետք չեն: Այսօր, ոտքի ելած այդ նույն ստվար հատվածը դարձել է պահանջատեր, և վարչապետ Փաշինյանը պարտավոր է հաշվի նստել նրանց հետ;
Սպասվում էր, որ նոր իշխանությունը միանշանակ կտար երեք նախագահների գործունեության գնահատականը: Տնտեսության վերակառուցումը կսկսեր այնտեղից, որտեղից քանդել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Կասկածից վեր է, որ արդյունաբերության, այդ թվում ռազմական արդյունաբերության զարգացումը մեր երկրի հզորացման գրավականն է (կարևորվում է նաև խորհրդային գիտության ճանապարհով անցած հայ գիտնականների ընդգրկումն այդ գործընթացում):


Երկրի արմատական հարցերից մեկը կադրային քաղաքականությունն է: Միայն բանիմաց ու նվիրված կադրերով է հնարավոր մշակել երկրի ներքին ու արտաքին խնդիրներին վերաբերող խոր վերլուծություններ, որոնցով կապահովվի նաև երկրի միասնականությունը և կփակվի ռևանշի ձգտող ուժերի ճանապարհը:
Երկրի ժողովրդավարական կառավարումը կարիք ունի դրվելու իրավական հիմքերի վրա: Փողոցի ժողովրդավարությունը իր խնդիրը կատարել է, իսկ չարաշահումը երկիրը կկանգնեցնի անարխիայի առջև: Ժողովրդավարությունից անարխիա մի քայլ է միայն: Ամենօրյա տնտեսական ու քաղաքական բնույթ կրող մեծ ու փոքր ակցիաները դրա վկայություններն են: Տարբեր երկրների փորձը ցույց է տվել, որ պերմանենտ հեղափոխությունները տվյալ երկիրը շեղում են օրինաչափ զարգացման ընթացքից: Միակուսակցական համակարգը և մենիշխանությունը ապագա չունեն:
Նոր ժամանակները նոր պահանջներ են առաջադրում: Երկրի ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվությունը պահանջում է ժամանակին, համարձակ քայլերով վերանայել թույլ տրված սխալները և առաջ շարժվել: Հետագայում կարիք չի լինի առանց սխալի չափն ու հետևանքները հաշվի առնելու ուշացած հայտարարել. «Մենք չենք ժխտում, որ սխալներ ենք գործել»:


Աքսիոմ է, որ հաջողության հասնելու առաջին պայմանը միասնականությունն է: Մեր պատմական հայրենիքի մեկ տասներորդ մասի և Արցախ աշխարհի ազատագրված տարածքի ճակատագիրը սթափ մտածելու կոչ է անում։ Վերադարձը ավատատիրական մտածողությանը, նորից երկպառակության սերմանումը անդառնալի հետևանքներ կունենան մեր ժողովրդի համար:
Արցախի մեր հայրենակիցներն իրենց մեջ ամբարել են հայ ժողովրդի տոկունությունն ու հայրենասիրությունը: 70 տարի անասելի զրկանքներ են կրել օտարի իշխանության տակ, բայց ամուր կառչած են մնացել հայրենի հողին, պահպանել լեզուն ու մշակույթը, պայքարել և անկախացել: ՈՒրեմն, արժանի են ապրելու և վայելելու ազատագրված հայրենիքը: Անկախությունը ձեռք է բերվել հազարավոր նվիրյալների արյան գնով: Ովքեր կհանդգնեն մոռանալ մեր ազգային ազատագրական պայքարի նպատակը և հարվածի տակ կդնեն ժողովրդին հուզող ազգային ու նվիրական հարցի ճակատագիրը, կարժանանան մեր ողջ ժողովրդի նզովքին: Այն կլինի ամենամեծ պատիժը:


Հայ ժողովուրդը հավատում է իր ապագային, և լավատեսությունը երբեք չի լքել նրան: Եթե մենք ինքներս մեզ խանգարենք, և նորից. «Ազատությունը մեր դռանը լացի, մղկտա ու հեռանա» ապա հետևում է, որ մի նոր Նորմանդական տեսություն էլ կմշակվի հայերի համար, այն է՝ հայն էլ ի վիճակի չէ ինքն իրեն կառավարելու, և օտարի լուծը կդառնա անխուսափելի: Տխուր ու ցավոտ վերջաբան բոլորիս համար:
ՈՒրեմն սթափվել է պետք…


Լուիզա ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ