Նա մեզնից յուրաքանչյուրիցս հեռու չէ, քանի որ Նրանով ապրում ենք և շարժվում ենք և կանք Գործք. 17; 27-28

Նա մեզնից յուրաքանչյուրիցս հեռու չէ, քանի որ Նրանով ապրում ենք և շարժվում ենք և կանք Գործք. 17; 27-28
12.07.2019 | 00:19

Շատ մարդիկ աշխարհում ապրում են շվարած, տարակուսած, մշտական փնտրտուքների մեջ, ինքնահաստատման ձախողվող փորձերի հերթափոխի ժամանակացույցով` որպես մանտրա կրկնելով. «Ես չգիտեմ, թե ինչ եմ անում, ես չգիտեմ, թե ինչ եմ ուզում»:
Ապրում են ինքնանպատակ կյանքով, կամ առհասարակ աննպատակ գոյաքարշությամբ` շռայլելով կենսական ուժերը և վատնելով երիտասարդությունը: Խոսքը դատարկապորտ շրջմոլիկների կամ արկածախնդիր խաղամոլների մասին չէ: Նրանք բոլորովին էլ կորած ու ձախողակ չեն, այլ բավականին հայտնի են ու հաջողակ, և նրանց կյանքը լի է իրադարձություններով, «քիթ սրբելու ժամանակ չունեն»: Սակայն, այդ ամենով հանդերձ, նրանց կյանքը դատարկ է, զուրկ իմաստավորված նպատակից: Այն սոսկ ժամանց է, հետաքրքիր, թե տաժանակիր, դա արդեն այլ հարց է:


Այդ երիտասարդների մի մասը գիտակցում է այդ ամենը, ինչն արդեն իսկ ձեռքբերում է և կյանքի իրական նպատակը փնտրելու և գտնելու դրդապատճառ, իսկ հիմնական մասը գոհանում է կեղծ նպատակներով, ժամանցային բազմազանությամբ, կարիերայի աճով, եկամուտներով, մի խոսքով` «կյանքի սովորական ընթացքով ու բովանդակությամբ»: Նրանցից շատերն անգամ կարող են եկեղեցի հաճախել, Սուրբ Պատարագի մասնակցել, Սուրբ Հաղորդություն ստանալ, բայց նորից իրենց զգալ կյանքի առաջադրած խնդիրների դեմ անուժ, պարպված ու պարտված, աճել մասնագիտական ասպարեզում, սակայն կյանքում որպես մարդ մնալ գաճաճ: Այդ ամենի պատճառը մեկն է. նրանք դեռ ծանոթ չեն կյանքի ակունքի ու իմաստի, պատճառի ու նպատակի` Աստծո հետ: Լսել են Նրա մասին, սակայն երբեք չեն հանդիպել, հետևաբար չեն ստացել այն առաքելությունը, որ Աստված նախասահմանել է յուրաքանչյուրիս համար մեզ իբրև հնարավորություն ստեղծելիս, և որը միայն մե՛նք պետք է իրագործենք, կատարենք` մասնակցելով Աստծո Տնտեսությանը: Հենց այն փաստը, որ կյանքում իրենց տեղը գտած շատ մարդիկ, ասես, «իրենց տեղը չեն գտնում» կյանքում, ամեն ինչ ունեն, բայց միշտ մի բան պակաս է, վկայում է, որ նրանց` իրադարձություններով լեփլեցուն կյանքում տեղի չի ունեցել ամենագլխավոր իրադարձությունը` հանդիպումը Կյանքի հետ: Կյանքը իմաստ է ձեռք բերում միայն այն Լիացնողով լցվելիս: Երբ կայանում է հանդիպումը Արարչի հետ, և Նա հանձնում է մեզ մեր առաքելության փաթեթը, ստանում ենք Կյանք` առլեցուն Կյանքով, ոչ թե անցողիկ իրերով ու հարափոփոխ իրադարձություններով: Դժվարությունները չեն չեղարկվում, խոչընդոտները մեզ չեն շրջանցում, բայց միտքը պարզվում է, մշուշոտ նպատակները` հստակվում:


Մարդը կյանքի երեք փուլ ունի և յուրաքանչյուրի համար ունի նրան հատուկ առաքելությունը:
Առաջինը ներարգանդային կյանքն է, երբ մարդու առաքելությունն է` ձևաւորվել և «լույս աշխարհ գալ»: Ինչպես գիտենք, բոլորին չի հաջողվում իրենց առաքելությունն իրագործել դեռ այդ փուլում, երբ ամեն ինչ պետք է որ ընթանար ընդունված օրակարգով ու ժամանակացույցով: Բոլորը չէ, որ համամիտ են Տերտուղիանոսի հետ, ով վստահ էր. «Նա, ով պիտի ծնվի իբրև մարդ, արդեն իսկ մարդ է»: Իհարկե, Աստված հաշվի է առնում բոլոր տարբերակները. այս կամ այն մարդու ծնվելու և չծնվելու հետևանքները, Իր Ստեղծագործական տնօրինության մեջ, որովհետև արդեն ծնված մարդիկ, ի տարբերություն չծնվածների, ծնվում են անօտարելի ազատ կամքով և ընտրությամբ, որը անհրաժեշտ է կյանքի այս երկրային փուլը հաղթահարելու համար: Գաղտնիք չէ, որ շատ շատերին էլ չի հաջողվում ա՛յս փուլի առաքելությունը ավարտել, երբ «հոգատար» մարդիկ կամ անհոգ կյանքը այդ մարդու հասցեով մահվանը հրավիրատոմս են ուղարկում:
Երբ կյանքի ընթացք է ընդհատվում որևէ փուլում` բռնի արտաքին միջամտությամբ, Աստծո կամքին և պատվիրաններին հակառակ, աշխարհում ավելանում է չարի զորությունը, որովհետև չարը սնվում է մարդու մեղքերով: Սակայն Աստծո զորությունը դրանով չի նվազում, որովհետև Նրանից է բխում բարին: Կյանքի ընթացքը դեպի որևէ մեկը կարելի է կասեցնել, մինչդեռ կյանքի բխումը Աստծուց` երբեք:


Կյանքի երրորդ` հավիտենական փուլին հասնում են միայն Աստծո հետ ապրելով: Աստծո հետ կյանքը լրիվ այլ չափման մեջ է, լրիվ այլ օրինաչափություններով: Աստծուն չճանաչող մարդիկ չեն մտահոգվում իրենց ներքին, հոգևոր կյանքի նորոգմամբ: Եթե մտահոգվում են, ապա միայն մարդկանց կարծիքներով, արտաքին ձևերով, երևացող արարքներով: Չէ՞ որ իրենց ժպիտի տակ ոչ ոք չի տեսնում քողարկված ատելությունը, շողոմ խոսքերի հետևում` կանաչամաղձ նախանձը, հոգատարության հետևում` փառասիրությունը, սիրալիրության հետևում` անբարոյությունը: Այն դեպքում, երբ Աստծուն չճանաչող մարդը, անտեսելով խղճի ձայնը, կարող է թոթվել ուսերը. «Հա, ի՞նչ կա, որ... ի՞նչ եմ արել, որ»։ Աստծուն ճանաչող մարդը հոգեկան անհարմարություն է զգում ու հոգևոր տառապանք է ապրում անգամ սխալ մտքերից: Եվ հենց այդ տառապանքն է հոգու կենդանության վկայությունը, Աստծո հետ կայացած հանդիպման վկայականը, Նրանով ապրելու, շարժվելու և լինելու առհավատչյան: Տառապանք, որ հետևանքը չէ անզորության ու խեղճության, այլ Տիրավանդ Խաչի համարձակ և պատրաստակամ հանձնառության: Տառապանք, որ նշանակն է Սուրբ Հոգով օծվելու և զորանալու:


Կարելի է կյանքի երկրորդ փուլի տևողությունը լցնել ձեռքբերումներով և իրադարձություններով, արկածներով և նվաճումներով, հարմարավետությամբ և անձեռնմխելիությամբ, բայց կարող ենք նաև լիուլի ապրել մեր կյանքը` սկզբից մինչև վերջ, ժամանակի մեջ մեր սկզբից մինչև հավիտենության վերջը:


Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 154

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao