Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը գործարկվել է

Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը գործարկվել է
13.07.2019 | 23:42

Երկարատև դադարից հետո գործարկվել է ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը։ Ինստիտուտի իզոտոպների բաժնի վարիչ Ալբերտ Ավետիսյանը՝ ցիկլոտրոնի բունկերի մուտքի մոտ, համարյա հիացմունքով է խոսում տարածքի ճառագայթման բարձր մակարդակի մասին։ Արագացուցչի ու դրա միջոցով քաղցկեղի ախտորոշման ոլորտում հեղափոխություն անելու մասին Հայաստանում խոսում են 10 տարի։ Այս մեգաերազանքի համար միլիոնավոր եվրոյի վարկեր են ծախսվել Բելգիայի կառավարությունից, Համաշխարհային բանկի միջոցներով կենտրոնն է կառուցվել, Հայաստանը տարբեր թղթերի վրա դարձել էր միջուկային բժշկության տարածաշրջանային կենտրոն, բայց արագացուցիչը՝ ցիկլոտրոնն, այդպես էլ չէր գործարկվում։ Այս շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անակնկալ հայտարարությունը կառավարության նիստի ժամանակ արեց։


«Երբ պաշտոնական այցով մեր պատվիրակությունը գտնվում էր Սինգապուրում, Հայաստանից շատ կարևոր նորություն ստացանք, որին մի պահ նույնիսկ ես դժվար էի ուզում հավատալ, որովհետև այդ հարցը էնքան քննարկվել էր և գիտեմ, որ 10 և ավելի տարվա վաղեմության հարց ունի, որ ինձ թվում էր, թե սա անլուծելի հարց է։ Խոսքը նրա մասին է, որ հունիսի 12-ից սկսել է աշխատել Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը», - ասել է Փաշինյանը։
Բելգիական արտադրության արագացուցիչը արտադրում է իզոտոպներ, այս դեպքում F18, այս իզոտոպն էլ զտվում, դառնում է պատրաստուկ հիվանդին ներարկելու համար։ Այդ ներարկումն անհրաժեշտ է «Պետսկան» սարքով ախտորոշման համար, սա միակ միջոցն է քաղցկեղը ու հնարավոր մետաստազները միլիմետրերի ճշգրտությամբ ախտորոշելու, կամ ընթացքը հսկողության տակ պահելու համար։ Այս հետազոտության համար հայստանցիները ստիպված են այլ երկրներ՝ հաճախ Վրաստան մեկնել, «Պետսկան»-ը վաղուց կենտրոնում է, բայց գործի գցել հնարավոր չէր՝ առանց ցիկլոտրոնի գործարկման։
«Երկու ամիս առաջ փոխվարչապետ Ավինյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, և Ավինյանը ասեց՝ մոտակա երկու ամսում՝ հաշվի առնելով այդ բոլոր մտավախությունները, որ հնացել է, ժանգոտվել է, պիտանի չի և այլն, եթե կարողանան իրան թողարկել, մենք կշարունակենք իր հետ աշխատել, եթե՝ չէ, մենք կմտածենք՝ ինչպես էս բեռից ազատվել», - ասաց Ավետիսյանը։


Ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչն ասում է՝ սարքավորումները վաղուց տեղադրված պատրաստ էին, սակայն թողարկումն առանց նոր ֆինանսական ներկարկումների հնարավոր չէր, դա էլ ապահովեց ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Անի Աբրահամյանը։
Բելգիական «Այ ԲԻ Էյ» ընկերության սաքավորումները գործարկում են հենց ընկերության մասնագետները, Վյաչեսլավ Պովոդը ցույց տվեց սպասված սրվակները։ «Իհարկե, ունենք սեփական իզոտոպները, նույնիսկ սեփական ռադիոֆարմ պրեպարատը, որն էլ օգտագործվելու է ախտորոշման համար», - նշեց Վյաչեսլավ Պոդովը։
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում շեշտում են՝ այնպես չէ, որ մեկ, երկու օրից կարող են սկսել մարդկանց հետազոտել, երկար սպասված ու ի վերջո ստացված պրեպարատը դեռ պետք է որակի ստուգում անցնի։ Շուրջ 300 միլիոն դրամի կարիք էլ կա ասում է կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը։


«Առաջին էտապն ավարտեցինք էս պահին։ Հիմա երկրորդ էտապով ի՞նչ է արվում, ստացված պրեպարատը պետք է համապատասխանի դեղարտադրության ստանդարտներին, քանի որ ներարկվելու է պացիենտին», - ընդգծեց Ռոստոմյանը։
Պետսկան հետազոտությունը նախնական հաշվարկով մոտ հազար դոլար կարժենա, սակայն ինչպես կառավարության նիստում առողջապահության նախարարը հայտարարեց, պետությունը պատրաստ է պետպատվեր տրամադրել որոշակի թվով հիվանդների համար։

Դիտվել է՝ 275

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao