«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Հայաստանը ոչնչի պատրաստ չէ, թեև աշխարհն անհանգիստ է

Հայաստանը ոչնչի պատրաստ չէ, թեև աշխարհն անհանգիստ է
16.07.2019 | 01:47

(Նախորդ մասը)

Բայց այն օրերին, երբ Աբեն Իրանում էր, Պարսից ծոցում անհայտ ուժերը հարձակվեցին երկու նավթանավի վրա, որոնցից մեկը ճապոնական էր, մյուսը՝ թեև Պանամայի դրոշով, բայց նույնպես կապված Ճապոնիայի հետ։ Դրանք ամենաիսկական ահաբեկչական գործողություններ էին։ ԱՄՆ-ը և Անգլիան դրանում իսկույն մեղադրեցին Իրանին, թեև հենց ԻՀՊԿ-ի ծովայինները փրկեցին երկուսի անձնակազմն էլ։ ԱՄՆ-ը և Անգլիան նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի միջոցով փորձեցին աշխարհին նոր օրակարգ պարտադրել, իբր Իրանից «ահաբեկչության վտանգ կա»։ Սակայն նրանց պլանները խառնեց այն հանգամանքը, որ ահաբեկչությունները կատարվել էին հենց Թեհրանում Աբեի բանակցությունների օրերին, երբ նա հայտարարեց, որ Տոկիոն մտադիր է վերականգնելու առևտուրն Իրանի հետ։ Արդեն ամբողջ աշխարհում գրում են, որ դրանք ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ձեռքի գործն են և «նախազգուշացում էին Ճապոնիային»։ Հունիսի 14-ից Ճապոնիայի կառավարությունը հայտարարում է, որ չի հավատում ԱՄՆ-ի պնդումներին և պահանջում է «ավելի հստակ ապացույցներ»։ ԱՄՆ-ը դրանք չունի։ Փոխարենը հունիսի 17-ին Իրանի նախկին դեսպան և ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համիդ Ռեզա Ասեֆին հայտարարեց, որ Թեհրան Աբեի պաշտոնական այցի ժամանակ Պարսից ծոցում դիվերսիոն գործողություն է կատարվել, որի նպատակն էր նսեմացնել այցը և միջադեպի համար մեղադրել Իրանին։ Ահաբեկչությունների համար Ասեֆին մեղադրեց ոչ միայն ԱՄՆ-ին, այլև Իսրայելին։ Իսկ ռազմական վերլուծաբան Փեյման Յազդանին հայտարարեց «Mehr News»-ին, որ ԻՀՊԿ-ի զինծառայողները, նավթանավերի վրա հարձակումներից առաջ, երկու անօդաչու սարք են գրանցել։ Իհարկե, դա Իրանի դեմ ամերիկա-իսրայելական արկածախնդրության հերթական տապալումն է, բայց իրադրությունը տարածաշրջանում ավելի անհանգիստ է դարձել։
Նավթանավերի նկատմամբ սադրանքի ակնհայտ տապալումից հետո ԱՄՆ-ը ևս մեկ քայլ արեց Մերձավոր Արևելքում իրադրությունը սրելու ուղղությամբ։ Ընդ որում, Վաշինգտոնն այս անգամ բացահայտորեն, առանց քաշվելու խոստովանեց, որ այն ամենը, ինչ ինքն անում է, արվում է Իրանին սարսափեցնելու համար։ Համաշխարհային պատմության մեջ թերևս նման միայն մի միջադեպ կարելի է նշել, երբ մի պետություն նշանի տակ էր վերցնում մի այլ երկիր և նրան իրար հետևից բացահայտորեն անընդունելի պահանջներ ներկայացնում՝ ակնհայտորեն ցանկանալով պատերազմ սանձազերծել։ Դա եղել է, երբ Սարաևոյում 1914 թ. հունիսի 28-ին սպանեցին Ավստրո-Հունգարիայի գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը, և Ավստրո-Հունգարիան սպանության մասնակցության մեջ մեղադրեց Սերբիայի թագավորությանը։ Երբ Սերբիան մերժեց «Սարաևոյի սպանության յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ ավստրիական կառավարության մասնակցությամբ հետաքննություն կատարելու» մասին վերջնագրային պահանջը, ուղիղ մեկ ամիս անց Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային։ Այդպես սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։
Այն, ինչ այժմ կատարում է ԱՄՆ-ը Իրանի դեմ, եթե ոչ 100 %-ով, ապա շատ բանով նման է Սերբիայի դեմ 1914 թ. ամռանը Ավստրո-Հունգարիայի վարքագծին։ Ես համարում եմ, որ դա պատահական չէ. բոլոր ագրեսորները, ազգային-ազատագրական բոլոր շարժումների դահիճները փորձում են հենց սկզբից ոչնչացնել այն երկիրը, որից ինչ-որ պատճառով ամենաշատն են վախենում։ 1914 թ. Ավստրո-Հունգարիան Սերբիայից ու սերբերից ավելի շատ էր վախենում, քան նույնիսկ Ռուսաստանից կամ Ֆրանսիայից, որովհետև սերբական բոլոր տարածքներն ազատելու մասին սերբերի պահանջները ոչ միայն Ավստրո-Հունգարիան կզրկեին Բալկաններում նրա տիրույթներից, այլև պայթյուն կառաջացնեին Հաբսբուրգների կայսրության մյուս սլավոնական ծայրագավառներում՝ Չեխիայում, Լեհաստանում, Սլովակիայում, կբորբոքեին իտալական Դալմաթիա, Վենետիկ ծայրագավառները և այլն։ Այժմ ԱՄՆ-ն ավելի շատ Իրանից, քան թե Չինաստանից ու Ռուսաստանից է վախենում, որովհետև հենց Իրանն է ցույց տալիս, թե ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում անգամ ինչպես կարելի է զարգանալ ու դառնալ աշխարհաքաղաքական այլընտրանքային բևեռ։
Նման մտորումներից հետո ես հոռետեսորեն ընդունեցի ամերիկյան ու համաշխարհային ԶԼՄ-ների այն հաղորդագրությունները, թե Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շենահենը հավանություն է տվել «Իրանի շուրջը ձևավորված հանգամանքների կապակցությամբ լրացուցիչ 1000 ամերիկացի զինծառայողի Մերձավոր Արևելք ուղարկելուն»։ ՈՒշադրություն դարձնենք` ոչ թե Սիրիայում և Իրաքում, Լիբիայում կամ Եմենում ահաբեկչության դեմ պայքարի, այլ հենց «Իրանի շուրջը ձևավորված հանգամանքների» կապակցությամբ։ Ամերիկացի զինվորականներին ուղարկելը բացարձակապես նպատակային է. Վաշինգտոնը կարծես հոխորտում է, որ «պատրաստ է» Իրանի վրա ուժային ազդեցության։ Շենահենի հայտարարությունը հետևեց պետքարտուղար Փոմփեոյի այն ¥դեռ մինչև նավթանավերի վրա Պարսից ծոցի մոտ հարձակումը¤ հայտարարությանը, թե Վաշինգտոնը դիտարկում է տարածաշրջանում Իրանին հակազդելու բոլոր տարբերակները, այդ թվում՝ ռազմական։ Ընդ որում, նա թափանցիկ կերպով ակնարկեց, որ ԱՄՆ-ի վարչակազմը օրենսդիրներին չի դիմելու Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների թույլտվություն ստանալու համար՝ դա հիմնավորելով ամերիկյան շահերի պաշտպանությամբ։ Այդ «ճշգրտումը» Փոմփեոն արեց այն պատճառով, որ Կոնգրեսի երկու պալատներում կտրականապես դեմ են, որ ԱՄՆ-ը պատերազմ սանձազերծի, մասնավորապես, Իրանի դեմ՝ առանց ամերիկյան խորհրդարանի հավանության։
Դատելով ԶԼՄ-ների հաղորդումներից, Պենտագոնի պետն այդպես էլ մինչև վերջ համոզված չէ, թե այդ զինվորներին ու սպաներին ինչու է ուղարկում ԱՄՆ-ից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Մի կողմից, նա հավաստիացրել է, որ «ԱՄՆ-ը բախում չի ցանկանում Իրանի հետ», իսկ իր ձեռնարկած միջոցներն ուղղված են Մերձավոր Արևելքում ծառայող ամերիկացի զինվորականների անվտանգության ու բարեկեցության ապահովմանը և ԱՄՆ-ի ազգային շահերի պաշտպանությանը։ Մյուս կողմից, նա ասում է, թե իբր «Իրանի վերջին հարձակումները հաստատում են ԱՄՆ-ի ունեցած վստահելի և հավաստի հետախուզական տվյալներն այն իրանական ուժերի և նրանց վերահսկողության տակ գտնվող խմբավորումների թշնամական վարքագծի մասին, որոնք սպառնում են ամերիկացի զինծառայողներին ու տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին»։ Արդեն գրել եմ, որ Ճապոնիան ԱՄՆ-ից կտրականորեն պահանջել է նավթանավերի պայթյուններին Իրանի մասնակցության «ավելի հստակ ապացույցներ, ընդ որում՝ վերջնագրային ձևով։ Գուցե Շենահենը նախագահ Թրամփի ու պետքարտուղար Փոմփեոյի փոխարեն համարձակվի հստակ պատասխանել Ճապոնիայի կառավարությանը Մերձավոր Արևելք ինչ-որ զորքեր ուղարկելու փոխարեն։
Առավել ևս, որ նույնիսկ 10 կամ 100 հազար ամերիկացի զինվորականները չեն հուզի Իրանին, ուր մնաց թե հազարը: Զորք հավաքելու Իրանի պաշարը գրեթե անսահման է, թեև տեղեկատուները գրում են` մոտ 10 մլն մարդ: Իրանի ԶՈՒ-ում կա գրեթե 600 հազար մարդ, որից 300 հազարը` ժամկետային զինակոչիկ, ևս 350 հազար` մշտական պատրաստությամբ պահեստազորում: ԻՀՊԿ-ի զինծառայողների քանակը հատուկ հարց է: 1988 թ. նրանց թիվը գնահատվում էր 350 հազար մարդ: Ոչ պաշտոնական տվյալներով այն մոտ 600 հազար է: Հատուկ տեղ ունի կամավորների «Բասիջ» աշխարհազորը, որը պաշտոնապես ունի ԻՀՊԿ-ի կազմում «Հինգերորդ ուժի» կարգավիճակ: 13 տարի առաջ աղբյուրները նշում էին, որ «Բասիջի» կազմում կա լավ պատրաստված 10 մլն մարտիկ: Բայց դեռ անցյալ տարի ես ուշադրություն դարձրի, որ «Բասիջի» պաշտոնական կարգախոսի կոչն է` «20-միլիոնանոց բանակ»: 1988-ին և 2006-ին Իրանի բնակչությունն զգալիորեն քիչ է եղել, քան հիմա: Այնպես որ, լիիրավ հիմքեր ունենք ենթադրելու, որ առաջին իսկ կոչի ու հրամանի դեպքում Իրանում կարող է զենք վերցնել 20-25 մլն մարդ: Այնպես որ, մի՞թե Իրանը պետք է վախենա ինչ-որ 1000 ամերիկացիներից, ուր էլ նրանց ուղարկի Շենահենը:
Իմ կարծիքին է նաև ՌԴ Պետդումայի պաշտպանության գծով կոմիտեի նախագահ, ՌԴԶ նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Վլադիմիր Շամանովը: Հունիսի 18-ին նա տհաճ համարեց Մերձավոր Արևելք 1000 ամերիկացի ուղարկելու փաստը, բայց նշեց, որ դա Իրանի ղեկավարության մեջ խուճապ չի առաջացնի. «Հազար մարդը զինծառայողների այն քանակը չէ, որը կարող է արմատապես փոխել տարածաշրջանի իրադրությունը»:
Հունիսի 20-ին Իրանն իրեղեն ապացույցներով հայտարարեց, որ ԻՀՊԿ-ի զինծառայողներն ամերիկյան անօդաչու ինքնաթիռ են խփել Իրանի հարավի Խորմոզգան նահանգում: Նույն օրն Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին վճռականորեն դատապարտեց ամերիկյան անօդաչու ինքնաթիռի կողմից Իրանի օդային տարածքի խախտումը. «Վճռական բողոք հայտնելով նման ագրեսիվ ու սադրիչ գործողությունների առնչությամբ` նախազգուշացնում ենք, որ որևէ օբյեկտ կամ թռչող միջոց ապօրինի և ագրեսիվ կերպով չթափանցի երկրի օդային տարածք, Իրանի տարածքի նկատմամբ որևէ ոտնձգություն և սահմանի խախտում չլինի: Իրանի սահմանների խախտման հետևանքների պատասխանատվությունն ընկնում է խախտողների վրա»:
Թեհրանի հայտարարություններից զգալիորեն ուշ արձագանքեց նաև ԱՄՆ-ը: Սկզբում ամերիկացիները կտրուկ կերպով հերքեցին ԻՀՊԿ-ի և Աբբաս Մուսավիի հայտարարությունները` Իրանին մեղադրելով կեղծիքի մեջ: Եվս մի քանի ժամ անց Մերձավոր Արևելքում ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը ¥ԶՈՒԿՀ, CENTCOM¤ հայտարարեց, որ իրանական զենիթահրթիռային համալիրը ¥ԶՀՀ¤ Հորմուզի նեղուցի վերևում ԱՄՆ ՌԾՈՒ-ի անօդաչու ինքնաթիռ է խփել: Ամերիկացիներն սկսեցին մեղադրել Իրանին, թե իբր «RQ-4 Global Hawk» անօդաչու ինքնաթիռը խփվել է «միջազգային օդային տարածքում»: ԶՈՒԿՀ-ի հայտարարությունից հետո Թրամփը գրեց «Թվիթերում». «Իրանը մեծ սխալ գործեց»: ԽՔԶ հեռուստաալիքը հաղորդեց, որ Սպիտակ տանը կքննարկվի «պատասխանը Իրանի գործողություններին»: CNN հեռուստաալիքի տվյալներով, քննարկմանը նախատեսվում էր պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահենի և նրան հաջորդող Մարկ Էքսփերիի ներկայությունը, իսկ Թրամփը մտադիր չէր ներկա լինելու: Ես կարծում եմ, որ եթե հավաստիորեն պարզվի, որ Թրամփն իսկապես ներկա չի եղել այդ հանդիպմանը, ապա դա կարելի է ընկալել որպես ապացույց այն բանի, որ ԱՄՆ-ը ստում է. նրա անօդաչու ինքնաթիռը խփվել է հենց Իրանի տարածքի վերևում:
Կանցնի որոշ ժամանակ, որից հետո Թրամփի վարչակազմը ստիպված կլինի «ծնկի գալու», ինչպես 2011-ին ԱՄՆ-ի մի այլ նախագահ` Բարաք Օբաման, ստիպված խոստովանեց, որ ամերիկյան «RQ-170 Sentinel» անօդաչու ինքնաթիռը խախտել է Իրանի օդային տարածությունը: Մի շաբաթ ամերիկացիները ժխտում էին իրենց ինքնաթիռի կորուստը, բայց 2011-ի դեկտեմբերի 12-ին Օբաման հատուկ խնդրանքով աղաչում էր Իրանին, որ վերադարձնի այդ գերգաղտնի ¥այն ժամանակվա¤ անօդաչու ինքնաթիռը: Իհարկե, Թեհրանը մերժեց խնդրանքը. իրանցի ճարտարագետները սարքը քանդեցին մինչև վերջին պտուտակը և արդյունքում «RQ-170 Sentinel»-ի հիման վրա ստեղծեցին իրանական ավելի կատարելագործված անօդաչու ինքնաթիռ: Թե «RQ-170 Sentinel»-ն այն ժամանակ ինչեր էր հետախուզում Իրանի արևելքում, մինչ այժմ հայտնի չէ: Դրանք կարող էին լինել ինչպես միջուկային օբյեկտներ, այնպես էլ հակահրթիռային և հակաօդային պաշտպանության միջոցներ: Ասենք դա այնքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ հենց Իրանն է, այն էլ` ոչ առաջին տարին, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի առավել ակնհայտ հնարավոր հակառակորդներից մեկը: 2011-ին ավելի շատ հետաքրքրում էր այն հարցը, թե իրանցիներին ինչպես հաջողվեց ձեռք բերել գաղտնի հետախուզական «անտեսանելի» անօդաչու ինքնաթիռը: Թեհրանի վարկածով, իրանցի զինվորականներն սկզբում հայտնաբերել են ռադիոտեղորոշիչ միջոցներից հատուկ պատվածքով պաշտպանված սարքը, այնուհետև ստիպել, որ վայրէջք կատարի:
2019-ի հունիսին, ինչպես տեսնում ենք, իրանցիները գերադասել են «գլուխ չցավեցնել» և պարզապես խոցել են «RQ-4 Global Hawk»-ը: Լիովին համոզված եմ, որ ԻՀՊԿ-ն այն խփել է հենց իրենց տարածքի վերևում. իրանցիները շատ բծախնդիր են այդ հարցում և հաստատ ամեն ինչ նախապատրաստել են, որ հրապարակավ մեղադրեն ագրեսիայի համար և միջազգային հանրությունից պահանջեն պատժել Վաշինգտոնին: 2011 թ. դեկտեմբերին հենց անժխտելի ապացույցների առկայությունն է ստիպել Օբամային, որ մի շաբաթ մտածելուց հետո հաշտություն և «RQ-170 Sentinel»-ի հարցով կարգավորում խնդրի Իրանից: Չնայած, հաշվի առնելով, որ տարածքային առումով ամեն ինչ կատարվել է Հորմուզի նեղուցի կամ նույնիսկ Պարսից ծոցի ջրատարածքի վերևում, չեմ բացառում, որ իրանցիները խփել են «RQ-4 Global Hawk»-ի ծովային տարբերակ «MQ-4C Triton» մոդելի անօդաչու ինքնաթիռ: Այսպես, թե այնպես, իրանական կողմն աշխարհին ցուցադրել է խփված սարքի բեկորները:
ՈՒզում ենք հասկանալ Թրամփի տրամաբանությունն Իրանի հետ հակամարտությունում, բայց չի հաջողվում: Վաշինգտոնն ուղղակի կոշտ քայլերի է սադրում Իրանին, Ռուսաստանին ու Չինաստանին, զուգահեռաբար պատժամիջոցներով Թուրքիային է սպառնում ռուսական C-400 ԶՀՀ-ների գնման պատճառով: Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ը Իրանի օդային տարածության խախտման սադրանքը կատարեց այն պահին, երբ պաշտոնական այցով Մոսկվայում էր գտնվում Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, ծովակալ Ալի Շամխանին: Գուցե սխալվում եմ, բայց չեմ բացառում, որ Շամխանին և իր զրուցակիցները հիանալի տեղյակ էին, թե ինչ է կատարվում Իրանի հարավում: Ավելացնեմ միայն մի բան. իրանա-ամերիկյան հարաբերությունների թեման շոշափվել է ՌԴ նախագահ Պուտինի հունիսի 20-ի «ուղիղ գծի» ընթացքում: Հայաստանի քաղաքացիներին ներկայացնում եմ Պուտինի պատասխանը գրեթե առանց կրճատման. «ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը նվազագույնը աղետ կլիներ տարածաշրջանի համար, որովհետև կհանգեցներ բռնության բռնկման և, հնարավոր է, տարածաշրջանից փախստականների քանակի աճի: Նման փորձեր նախաձեռնողների համար էլ դա կունենար տխուր հետևանքներ, որովհետև դժվար է հաշվարկել, թե ինչ կկատարվի ռազմական ուժի կիրառումից հետո: Իրանը շիադավան երկիր է, նույնիսկ իսլամական աշխարհում են համարում, որ սեփական պաշտպանության, սեփական երկրի պաշտպանության համար նրանք ընդունակ են ամեն ծայրահեղության: Թե ինչի կվերածվի այդ ծայրահեղությունը, ում կվնասի, դժվար է ասել: Բոլորովին ցանկալի չէ, որ իրադարձությունները զարգանան այդ սցենարով»: Հետևություն. եթե անգամ Ռուսաստանը չի ցանկանում իրադարձությունների նման զարգացում, ապա հայերս առավել ևս դա չպետք է ցանկանանք, անկախ այն բանից, թե ինչ կողմնորոշում ունի երկրի ղեկավարությունը: Ամերիկացիներն Իրանից արդեն «քանոնի հարված են ստացել ձեռքին»: Եթե ԱՄՆ-ը խելքի չգա, ապա հաջորդ անգամ Իրանն ամերիկացի զինվորականների «քթին կխփի»:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao