ReAnimania 2019
 

«Այսօր մի անձ է ղեկավարում երկիրը, որը գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունն իր ձեռքում է պահում»

«Այսօր մի անձ է ղեկավարում երկիրը, որը գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունն իր ձեռքում է պահում»
19.07.2019 | 01:22

Քաղաքական գործիչ ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՆ այսօրվա իշխանության և ներքին, և արտաքին քաղաքականությունն անհաջող է համարում, սակայն նրան ամենից շատ հուզում են այն զարգացումները, որոնք տեղի են ունենում արցախյան հիմնախնդրի շուրջ։ Արցախյան հիմնախնդրից մինչև երկրի սոցիալ-տնտեսական վիճակ հարցերն են եղել են մեր զրույցի առանցքում։

-Օրերս քաղաքական դաշտն ալեկոծվեց, երբ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը հրապարակվեց, որից կարելի՞ է ենթադրել, որ դատաիրավական ոլորտում իշխանության նախաձեռնած հեղափոխությունը, վեթինգը, ՍԴ ինքնահռչակ նախագահի բառախաղերը ջուրն ընկան։
-Այս ամենում զարմանալին այն է, որ իշխանություններն այս հարցի բովանդակային մասը թողած, փորձում են դավադիրներ գտնել, թե ինչպես այդ արձանագրությունը նրանց ձեռքում հայտնվեց ու հրապարակվեց։ Նույն ձեռագիրն է, ինչը հայտնի գաղտնալսման ժամանակ։ Իսկ վերջինս լավագույն ցուցանեց, թե ինչ վիճակում է պետությունը, դատաիրավական համակարգը, որի վրա ուղղակի ճնշում, ուղղորդում կա։ Կարծում եմ, իրենք էլ ունեին արդեն այդ արձանագրությունը, բայց սովորության համաձայն չէին ցանկանում այդ մասին հանրությանը տեղյակ պահել։ Իսկ այն, ինչ ամրագրված է այդ արձանագրությունում, որը հետագայում պաշտոնական տեսք կստանա, առանձնապես մեծ նորություն չէր։ Իրավաբանական միջին կրթություն ունեցող մարդիկ անգամ փաստում էին, որ իշխանության այդ քայլերը հակասահմանադրական են և հաշվի չեն առնում պետության առջև ծառայացած այսօրվա մարտահրավերները։
-Իշխանությունը հերթական անգամ կանգնեց իր սխալին դեմ դիմաց, կընդունե՞ն իրենց ձախողումը։
-Վերջին շրջանում իշխանության որոշ անձինք «վեթինգ» բառը համարյա էլ չէին գործածում։ Կամ տեղյակ էին այս արձանագրությունից, որը շաբաթներ առաջ է եղել, կամ հասկանում էին, որ իրենց արածն արած չէ։ Առաջին նախազգուշացումը եղավ այն ժամանակ, երբ դատարանների մուտքերը փակելուց հետո Վենետիկի հանձնաժողովը դիվանագիտորեն հայտարարեց, թե դա սահմանադրությանը հակասում է։ Հիմա իշխանությունը նահանջում է, որը վատ չէ, հասկանում են, որ բաներ կան, որ պետության հեղինակությունը զրոյացնում են։ Որոշ առումով ես անգամ խղճում եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև նրա շուրջը հավաքվել է դավադիրների խումբ, որը բացառապես անձնական շահերով է առաջնորդվում, և Փաշինյանին կանգնեցրել է փաստի առաջ։ Դժվար է պահանջել ղեկավարից իրավական բարձր գիտելիքներ ունենալ, հասկանալ այդ կառույցների փաստաթղթերը, և ահա այս հանգամանքից օգտվեցին։ Մյուս կողմից Փաշինյանի համար նախընտրելի են մարդիկ, որոնք ատելություն են սերմանում, դավադրություն են կազմակերպում, թույն են տարածում, նա այդ մարդկանց նկատմամբ իմունիտետ չունի։ Կապ չունի, թե այդ մարդիկ ովքեր են։ Օրինակ, ժամանակին Գագիկ Ջհանգիրյանի հետ ԱԺ-ում գրեթե չէին խոսում, Ջհանգիրյանին ասում էր, թե ծախված է գործող իշխանություններին։ Հիմա հիմնական ուղղորդողներն այն մարդիկ են, որոնք դավադրություն են սերմանում։ ՍԴ-ի հետ կատարվածն ուղղակի դավադրություն էր։ Մարդիկ կան, որոնք իրենց կենսագրությամբ միշտ դավաճանել են պետությանը, այս պահին նրանք կարողանում են հասարակության մեջ չարության, թույնի տրամադրություններ առաջացնել, բայց այս տեսակն ընդունելի է Փաշինյանի համար։
-Դուք խոսում եք, որ Փաշինյանի կողքին հավաքված են դավադիրներ, բայց նա դավադիրներ էր ման գալիս նախկին իշխանությունների շրջանակներում, Արցախում։
-Ժողովուրդն իմաստուն խոսք ունի՝ բոլորից առաջ գողն է բղավում, թե իրեն թալանել են։ Շատ բնական է, որ այդպես պետք է վարվի։ Ամեն ինչ կարող ենք անցյալի հետ կապված ասել, քննադատել նախորդներին, բայց որևէ իշխանություն այսքան դավադրություն, պառակտում չի առաջացրել հասարակության մեջ։ Իրենք անկեղծ են այս առումով, միանգամից հայտարարեցին, որ հասարակությունը բաժանված է սևերի ու սպիտակների։ Քաղաքական այս դալտոնիզմն իրենք բերեցին, այսինքն, նրանք, ովքեր մեզ հետ են, սպիտակ են, ովքեր ոչ` սև։ Տեր-Պետրոսյանի հայտնի թեզն է` ով մեզ հետ չէ, մեր դեմ է։ Օրգանական շարունակությունն էլ հիմա ենք տեսնում։ Սակայն որքան նկատում եմ, սևն առավել նախընտրելի է դառնում, իսկ սպիտակը վերածվում է մոխրագույնի։ Այսօր մի անձ է ղեկավարում երկիրը, որը գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունն իր ձեռքում է պահում, հիմա էլ ուզում է նաև չորրորդ իշխանությունը վերցնել։ Եթե հիշում եք հանրահավաքներից մեկի ժամանակ ասաց, որ հիմնական պետական կառույցը հրապարակն է, այսինքն այսպես, թե այնպես հարվածեց պետական կառույցների հեղինակությանը։ Իսկ ցանկացած պետության գնահատականը տրվում է պետական ինստիտուտների զարգացման աստիճանով։ Փաշինյանը բոլոր ինստիտուտները ոչնչացրեց ու ասաց, թե հավաքված ժողովուրդն է որոշում, այլևս կապ չուներ, որ այնտեղ հավաքվածները հասարակության 10 տոկոսն էին։ Սա արժեզրկման սկիզբն էր։ Ժողովրդին ասաց, թե դուք եք դատավորը, վարչապետը։ Սա էմոցիա գողացող, պոպուլիզմի չափազանց ընդգծված արտահայտություն է։ Երկար ժամանակ եմ քաղաքականությունում, տեսել եմ շատ պոպուլիստների, բայց գագաթնակետն այն էր, երբ կառավարության դուռը ցանկանում էին ջարդել, մտնել, Փաշինյանն ասաց, թե նա իրավունք ուներ, ժողովրդի կառավարություն է։ Սա երևի ռադիոտան դուռը կոտրելու համար արդարացման ձև էր։ Այս բացառիկ պոպուլիզմի տրամաբանության մեջ կարող է տեղավորվել նաև այն, որ ժողովրդի ոստիկաններն են, նրանց կարելի է դիմավորել քարերով, երկաթաձողերով, ինչպես եղավ Իջևանում, երբ 12 ոստիկան հայտնվեցին հիվանդանոցում։ Ասել է՝ մենք մի շրջապտույտի մեջ ենք, երբ Փաշինյանի ուղղորդմամբ պետական կառույցները ժողովրդի մոտ վստահություն չեն վայելում, իշխանության ճյուղերի հավասարակշռում չկա, փոխարենը մեկ հոգու իշխանություն է։ Ով էլ լինի այդ մեկը, բացառվում է, որ նորմալ, ժողովրդավարական պետություն ստեղծի։
-Այսօր իր ստեղծած համակարգն իր դե՞մ է աշխատում, թե՞ Փաշինյանը ստեղծեց այն, ինչին այս իշխանափոխությունն իրականում միտված էր։
-Վարչապետ Փաշինյանը վերջնականապես ոչնչացրեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին։ Այն բոլոր կոնցեպտները, որոնք վերաբերում են և ներքին, և արտաքին քաղաքականությանը, որոնց դեմ որպես ընդդիմադիր պայքարել էր և մարդկանց համախմբել էր իր շուրջը, այսօր դրանք հիմնավորապես ոչնչացնում է։ Բայց երևի ճիշտ էլ վարվում է, այն մարդիկ, որոնք քաղաքականությունում են և իշխանություն դառնալու հավակնություններ ունեն, պիտի հասկանան, որ ի վերջո, ընդդիմադիր կարգավիճակում չեն կարող ամեն ինչի, բոլոր սրբությունների վրայով անցնել՝ իշխանության հասնելու համար։
-Փաշինյանը հիմնականում հրաժարվել է արտաքին քաղաքականությանն առնչվող հայտարարություններից։ Մի դեպքում ԵԱՏՄ-ն մեզ խանգարում էր, հիմա կարծես թե լավ էլ պետք է։
-Այո, մի ժամանակ ԵԱՏՄ-ն համարում էր Հայաստանի զարգացմանը խոչընդոտող կառույց։ ՀԱՊԿ-ի հանդեպ էլ միշտ բացասական է արտահայտվել։
-Ձեր գնահատմամբ` այսօր նրա կարծիքն իսկապե՞ս փոխվել է, թե՞ դրանք հայտարարություններ են հայտարարությունների համար։
-Այս ամենի պատճառն այն է, որ նա ծրագիր չունի։ Ավելի լավ է ինքը իր դավանած սկզբունքներով շարունակեր քաղաքականությունը, քան հրաժարվեր ամեն ինչից ու անծրագիր ղեկավարեր։ Սուրբ տեղը դատարկ չի մնում։ Չունենալով որևէ ծրագիր, դառնում ես օտար պետությունների գործակալ, որոնք այստեղ շահեր ունեն։ Եվ աշխարհագրորեն, և քաղաքակրթությամբ մենք տարածաշրջանում խաչմերուկ ենք և բոլորն այստեղ ունեն հետաքրքրություններ։ Տեսնելով, որ իշխանությունը չունի ծրագիր, կարողանում են դա օգտագործել։ Մեր երկիրը, ի դեմս այսօրվա իշխանության, դարձել է ազդեցության գործակալ՝ և Արևմուտքի, և Ռուսաստանի, և այլ երկրների համար։ Չնայած Փաշինյանը սրբագրում է նախկինում իր արած հայտարարությունները, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը դրանց չի հավատում, չի վստահում այս իշխանությանը։ Այս ընթացքում 15 միջպետական, միջկառավարական համաձայնագիր կնքեց Ադրբեջանի հետ և Կասպից ծովի հետ կապված շատ կարևոր փաստաթուղթ ընդունեց։ Բոլոր այս պայմանագրերը ռազմավարական մեծ նշանակություն ունեն։ Այս ընթացքում մենք ոչ միայն բարեկամներ չշահեցինք, այլև կորցրինք երբեմնի բարեկամներին, այն պետություններին, որոնց հետ մեկ միության մեջ ենք։ Մեր դիվանագիտությունը մեկուսացված է, մեզ լուրջ չեն ընդունում։
-Այսօր տարածաշրջանը կարծես եփվում է, ԱՄՆ-Իրան հարաբերությունները խիստ լարված են, նախիջևանյան հատվածից կրակոցներ կան, Թուրքիան երբեք չի մոռացել իր նկրտումները, ռուս-վրացական հերթական պատը։ Ի դեպ, օրերս ԱԺ նախագահը ԱՄՆ-ում հայտարարեց, թե կցանկանար, որ ԱՄՆ-ը Իրանի հարցով Հայաստանի վրա ճնշում չգործադրեր։ Լինելով այսպիսի բարդ գործընթացների կիզակետում, Հայաստանի իշխանությունն ունի՞ այնքան դիմադրողականություն, որ գերհզորների ճնշումներին դիմանա։
-Եթե ԱԺ նախագահը խոսում է ճնշումներից, նշանակում է արդեն նման ճնշում գործադրում են։ Երբ Բոլթոնը եկավ Հայաստան, շատ բան ակնհայտ դարձավ։ Բոլթոնն աշխարհն իրար խառնող ԱՄՆ-ի գորշ կերպարներից մեկն է, ԱՄՆ-ում դեմոկրատներն ասում են, թե նահանգները նա է ղեկավարում։ Բոլթոնն ու Չեյնին միասին իրականացրին այն, ինչ տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, որը տարածվում է նաև Վենեսուելայում։ Նրանց ծրագրերից մեկն էլ Հարավային Կովկասն է։ Երբ Փաշինյանը նրա հետ դուրս եկավ ասուլիսի, շատ վախվորած էր։ Եթե նման մարդկանց հետ հանդիպելուց մի քիչ դիմադրողականություն ունենար, չէր հայտարարի, թե կարող են փակել Իրանի հետ սահմանը։ Ճնշում գործադրում են նրա վրա, ով ճնշվելու ունակ է։ Ի դեմս իշխանության, մենք մեր իմունիտետը կորցրել ենք։ Եթե այս տարածաշրջանում ռազմական գործողություն սկսվի, դա միայն Իրանի հետ չի լինելու։ Շատ անկանխատեսելի կլինի իրավիճակը։ Այն բարակ կամուրջը, որն այսօր կառուցվել է, հուսանք թույլ չի տա այդ երկրներին գնալ ծայրահեղ քայլերի։ Որքան էլ դրսում հայտարարես, թե մենք ժողովրդավարության բաստիոն ենք, դա ընդամենը ներքին սպառման համար է կամ թեյի սեղանի շուրջ խոսակցության թեմա։ Իրականում այդ «բաստիոնն» այսօր այդքան էլ մեծ նշանակություն չունի աշխարհի ուժեղների համար։ Նրանք ունեն հստակ ծրագիր, որոնց կռվի ժամանակ փոքրերը միշտ զոհաբերվում են, պատմությունը հուշում է, որ փոքրերը միշտ մանրադրամի են վերածվում։ Անծրագիր պետություններն էլ առաջին զոհերն են դառնում։ Մեր խնդիրն է հստակ դիրքորոշումներ որդեգրել, երբ ուժեղները շատ են հակադրվում դրանց, արդեն կոմպլեմենտարությունն էլ չի աշխատում։ Պետք չէ մեղադրել որևէ պետության, ամեն մեկն իր ազգային շահերով է առաջնորդվում։
-Արտաքին քաղաքականությունում պարզ է, որ մեր վիճակը նախանձելի չէ, իսկ ի՞նչ է կատարվում ներքին կյանքում, ի՞նչ փոխվեց մեկ տարում։
-Նախ անդրադառնամ «հեղափոխություն» եզրույթին։ Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, հեղափոխության հետ կապ չունի, կար հեղափոխական էֆորիա, որը պայմանավորված էր նախկին համակարգի հանդեպ վերաբերմունքով, ժողովուրդն ընդվզեց նախկին համակարգի դեմ։ Օրինակ, ինձ համար մեծ գաղտնիք է, թե ինչպես 50 ագրեսիվ երիտասարդ մտնում են պետական պահպանության, ռազմավարական նշանակության օբյեկտ, բռնի ուժով բարձրանում են վերև, այսօրվա վարչապետը կոտրում է ստուդիաներից մեկի դուռը և եթեր պահանջում, բայց իշխանությունը այս ամենին չի ընդդիմանում։ Անգամ միջազգային չափորոշիչներով, եթե պետական պահպանության օբյեկտների վրա հարձակում է լինում, պարտավոր ես համաչափ գործել, կանխել դա։ Քանի սա չի բացահայտվել, կարող եմ ասել, որ տեղի է ունեցել ընդամենն անհատների փոփոխություն։ Կամ մի ծրագիր է, որը գրված է Հայաստանից դուրս, ինչ-որ եվրոպական, գրանտային կառույցներում, կամ ներիշխանական դավադրության արդյունք է։ Հիշում ենք, թե ինչպես Ազատության հրապարակում մի երիտասարդի, որ ցանկանում էր տոնածառ տեղադրել, ձերբակալեցին ու դատեցին։ Այդ նույն իշխանությունը թույլ է տալիս բռնի ուժով զավթել պետական պահպանության օբյեկտը։ Այդպես չի լինում։
-Փաշինյանը հայտարարեց, որ սա մաքուր հայկական ԴՆԹ ունեցող հեղափոխություն է։
-Շատ բան կարող են ասել, բայց մենք էլ կարող ենք իրադարձությունները համադրել ու վերլուծել։ Ինչպե՞ս... տոնածառ տեղադրելու համար դատում են, իսկ պետական պահպանության շենքը բռնի գրավու՞մ... ու ոչինչ չեն անու՞մ։ Այդ ջարդած դուռն էլ այնքան են պահում, մինչև Փաշինյանը գնա, վերանորոգի։ Ես վստահ եմ, որ այս հարցը կպարզվի։ Այսօր իշխանություն պահելու միակ ռեսուրսն ատելություն սերմանելն է ամեն ինչի նկատմամբ, ինչ մինչ այս եղել է։ Վերադառնանք հարցին, թե ինչ է փոխվել։ Այն, ինչ տեղի ունեցավ, ընդդեմ անցյալի էր, եթե հանուն լիներ, պետք է օրենքների տառին համապատասխան ամեն ինչ արվեր։ Փոփոխության լավագույն ձևը քո ծրագիրը ժողովրդին ներկայացնելն է, որպեսզի ըստ այդմ մարդիկ հասկանան, թե ինչ երկիր ես ցանկանում կառուցել, որը այլընտրանք է նախկին համակարգին, շատ ավելի կենսունակ է։ Հիմա սա չունենք, չկա հստակ որևէ համակարգ, վակուումային իրավիճակ է։ Ինձ շատ են հանդիպում քաղաքական գործիչներ, որոնք հարցնում են, թե ինչ անել, որ այս վիճակից դուրս գանք։
-Այսօր դժգոհողների թիվն ավելանում է, սակայն չկա համախմբում։ Ըստ Ձեզ, որո՞նք պետք է լինեն այն հարցերը, որոնց շուրջ համախմբումը կստացվի։
-Այս պահին երկու կարևորագույն հարց կա, և ովքեր ուզում են իրավիճակ փոխել, պետք է համախմբվեն դրանց շուրջը։ Խոսքը Արցախի և Հայաստանի անվտանգության մասին է։ Երբեք Ադրբեջանն իրեն այսքան հանգիստ չի պահել, միջազգային հարթակներում լուրջ կապեր ստեղծող պետություն է դարձել ու պատրաստվում է պատերազմի։ Երբ Վիեննայում Փաշինյանը գնաց Ալիևի հետ հանդիպման, ասաց, որ առանց օրակարգի է գնում։ Սա չլսված բան է։ Այն դեպքում, որ հանդիպումից ամիսներ առաջ Ադրբեջանը բոլոր մակարդակներով հստակ հայտարարում էր իր օրակարգի մասին՝ բացառել Արցախի մասնակցությունը բանակցություններին և բացառել որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմից Արցախի դուրսբերումը։ Այս օրակարգն այնտեղ քննարկվել է։ Ցավոք, մեր հասարակությունը ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չստացավ այդ հանդիպումից, ընդամենը կարճ, ոչինչ չասող հայտարարություն եղավ։ Մենք տեղեկություններ ենք ստանում ադրբեջանական կայքերից կամ նրանց բարձրաստիճան պաշտոնյաներից։ Իրենք անկեղծ են իրենց ժողովրդի հետ՝ հայտարարելով, թե ինչ օրակարգ ունեն։ Չեն թողնում, որ ժողովուրդը ենթադրի, հայկական լրատվամիջոցներից տեղեկանա, թե ինչ է կատարվում։ Երբ թաքցնում են, նշանակում է վտանգավոր բան կա։ Իսկ Դուշանբեի հանդիպմանն Ադրբեջանին հաջողվեց ստանալ իր ուզածը։ Սա նման է այն բանի, որ երեխային մի փայլուն խաղալիք ես ցույց տալիս, գայթակղվում է, վերցնում, բայց դրա փոխարեն դու նրա ողջ հարստությունը խլում ես նրա ձեռքից։ Ով ինչ ուզում է, թող ասի, բայց ապրիլյան պատերազմում մենք հաղթեցինք։ Ադրբեջանն ուզում էր Շուշիում ադրբեջանական դրոշը բարձրացնել։ Ցավում եմ, որ անգամ բարձրաստիճան պաշտոնյաներն են հայտարարում, թե մենք պարտվեցինք։ Իհարկե, կորուստներ ունեցանք և մարդկային, և տարածքային առումով, սակայն Ադրբեջանը շատ երկար ժամանակ պատրաստվել էր այդ պատերազմին, կարողացանք կասեցնել այդ ծրագիրը։ Իսկ վերելակային հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ որոշ ժամանակ տան, որ ադապտացվի նոր իրավիճակին և ծանոթանա բանակցություններին։ Ադրբեջանը տվեց այդ հնարավորությունը, բայց ի՞նչ տեղի ունեցավ, այդ ժամանակը հօգուտ իրեն օգտագործեց. մի քանի զորավարժություններ անցկացրեց, ինժեներական աշխատանքներ իրականացրեց և Նախիջևանում, և արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Դուշանբեի հանդիպումից հետո նաև եռանախագահների հայտարարություններից դուրս մնացին նաև 2016-ին ձեռք բերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Այսինքն, Ադրբեջանը կարողացավ խաբել մեր իշխանություններին՝ օգտվելով նրանց անփորձությունից, բայց նաև պիտի նշել, որ հանդիպումներին Փաշինյանը պատրաստված չի գնում, անգամ նստելու ձևից է դա երևում։ Չի տիրապետում թեմային, իսկ ովքեր էլ գիտեն հիմնախնդրին առնչվող նրբությունները, նրանց չի լսում, որովհետև խորհուրդներ չի ընդունում։
-Ասացիք, որ այս մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը պատրաստվել է, մեծ աշխատանքներ իրականացրել տարբեր ուղղություններով։ Ի դեպ, մենք էլ ենք «պատրաստվում», ստեղծել ենք ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, որի առնչությամբ տեսակետները երկու մասին են բաժանվում։ Իշխանության ներկայացուցիչները պնդում են` ցանկանում են պարզել, թե ինչու այդքան զոհ ունեցանք, ինչու՞ տարածք կորցրինք, իսկ ընդդիմախոսներն էլ հակադարձում են, թե սրանով վարկաբեկվում է հրամանատարական կազմը, հարված է հասցվում բանակին։ Ձեր կարծիքով, ի՞նչի համար է ստեղծվել այս հանձնաժողովը։
-Նիկոլ Փաշինյանը շատ վատ կեցվածք որդեգրեց ապրիլյան պատերազմի հաղթանակն ապահովողների հանդեպ։ Այն գեներալները, զինվորները, որոնք կյանքի գնով պահեցին Արցախը, արժանացան վատ որակումների, այն է՝ մենք գործ ենք ունեցել թալանչիների, հանցագործների հետ։ Արցախում հաճախ եմ լինում, այս 30 տարվա ընթացքում Արցախի էլիտան երբեք այսքան անմիասնական չի եղել, որքան հիմա է։ Սա լուրջ վտանգ է։ Երբ գեներալներն են արդեն տարբեր ճամբարների մեջ մտնում, դա արդեն անհանգստացնող է, իսկ նրանք հենց այնպիսի, փողոցի գեներալներ չեն, պատերազմում հաղթածներ են։ ՈՒ այս ամենը տեղի ունեցավ, երբ հայտարարվեց, թե տեսանկարահանող սարքերը, խաչմերուկ, փողոց փակելն ավելի կարևոր են, քան արցախյան հերոսամարտը։ Այդ տրամադրությունները խորացան և հիմա շատ լուրջ մտահոգություններ կան։ Արցախում սպասվող ընտրություններում չգիտեմ, թե ինչեր կարող են լինել, առավել ևս վստահ չեմ` ընտրություններից հետո այդ պառակտմանը վերջ կդրվի՞, թե՞ ոչ։ Անդրադառնալով հանձնաժողովին, ուզում եմ ընդամենը հասկանալ, թե այդ ու՞մ մտքով է նման անհեթեթություն անցել։ Երբ պատերազմի մեջ գտնվող երկրում իշխանության են գալիս մարդիկ, որոնք բանակում չեն ծառայել, զենք չեն տեսել, պիտի մեզ բացատրեն, թե ինչու ենք պարտվե՞լ։ ԱԺ-ում 41 պատգամավոր բանակում չի ծառայել, որոնց մեծամասնությունն իշխանական խմբակցությունից է։ Մեզ պես պետությունում սա մեծ շռայլություն է, երբ մարդուժի խնդիր ունենք։ Այս մարդիկ կապ չունեն այն իրականության հետ, որում մենք ապրում ենք։ Արցախի հանդեպ այսպիսի վարքագիծը շատ վտանգավոր է ու դատապարտելի։ Ճիշտ չէ, որ նման հանձնաժողով են ձևավորել։ Փաշինյանը ԱԺ ամբիոնից, այլ առիթով մի քանի անգամ ասել է, որ ապրիլյան պատերազմն Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ։ Եթե այս հանձնաժողովն առաջին հարց չդիտարկի սա, արդյոք դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ, ուրեմն հանձնաժողովը այլ, շատ վտանգավոր նպատակ է հետապնդում։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao