Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեր Ռոմը, բոլորիս Ռոմը, ամենուր ու համատարած բանաստեղծ

Մեր Ռոմը, բոլորիս Ռոմը, ամենուր ու համատարած բանաստեղծ
19.07.2019 | 00:28

Հանդիպելիս միշտ ասում էի.
Ես որտեղի՞ց գտնեմ
մանուշակներ կապույտ
ՈՒ դաշտերին բոլոր նրանց
բույրը խառնեմ...


Ժպտում էր. «Չես մոռացել, քո տարիքին եմ գրել», ողջագուրմամբ ասում էր. «Չնայած հիմա էլ քո տարիքին եմ»։ Տարիներ առաջ էր, տարիք ասածն էլ քսան, թե քսաներկու, ճիշտ Մեծարենցի վախճանի տարիքը, որ սրբության տարիք էի համարում։
«Սովետական Հայաստան» հանդեսում էր աշխատում, հետագայում՝ «Վերածնված Հայաստան», բայց ռադիոկոմիտեի գրական հաղորդումների խմբագրությունից գիտեի, Վիգեն Բաբայանն էր ծանոթացրել։ Ռոմը միշտ մտահոգվում էր. «Ափսոս, վաղամեռ չդարձանք»։ Իրեն նկատի ուներ, վաղամեռ պոետների ճակատագրով էր ապրում ու ապրեց մինչև վերջ՝ իրեն միջին, թե ավագ սերնդի «վաղամեռ» պատկերացնելով, մանավանդ, երբ գինով էր կամ ցպռունկ գինովցած, այդժամ անճանաչելի էր, կռվազան, բայց իր անշփոթելի ժպիտով, միշտ նույնը՝ շոյիչ բարությամբ, դիմացինին` բանաստեղծներ, թե նկարիչներ, գնահատող, նրանց մասին յուրակերտ դիմանկար գրող։


«Սովետական Հայաստան» հանդեսի խմբագրությանը մերձ սրճարան կար՝ «Վահագն», այդ օրերին հանդեսի խմբագիրը Վահագն Դավթյանն էր, սրճարանը հավաքատեղին էր նրանց համար, ովքեր օրվա հոգս ու մտահոգություն ունեի՞ն, թե՞ չունեին, այն մինչ հիմա անհասկանալի մնաց։ Երգիչ Րաֆֆի Հովհաննիսյան, գեղանկարիչ Նիկօ (Նիկոլայ Մանուկյան), Վրեժ Իսրայելյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Աֆո, Մայիս և էլի շատերը, որոնք հիշողությունիցս ոչ թե անհետացել են, այլ տարիքի բերումով շփումներս էին ոչ այնքան հաճախադեպ, և Ռոմիկը միշտ իր դիրքում՝ իր անփոփոխ նմանությամբ, բանաստեղծի կերպով, զանազանվող թե խոսքով, թե սրտաշարժ տրամադրությամբ։ Վաղամեռ բանաստեղծների ճակատագրի իր վերծանումներում երևի թե նրանց չապրած տարիները վերապրող։ Մի օր կտրուկ ու հրամայաբար ասաց. «Վաղամեռներից շատերին չենք ճանաչում։ Ամսագրում մի շարք տպենք։ Վահագնին ասել եմ, փոքր անոտացիա գրիր և մինչև հարյուր տող»։ Ապա բարձրաձայն շարունակեց. «Պատվերն ընդունված համարեմ»։


Այդ շարքը տպագրվեց շարունակաբար (Հերանուշ Արշակյան, Կարապետ Ոսկյան, Գարեգին Պեշկյոթուրյան, Կորյուն Մկրտիչյան, Մատթեոս Զարիֆյան, Կարպիս Ճանճիկյան), բոլորն էլ` արևմտահայեր. «Էս մեր արևելահայ պոետներից շատերը մեռնել չսովորեցին՝ վաղ տարիքում, չնայած ապրում էին մեռած»։ Նորից Ռոմիկն էր խոսում՝ հանդեսի մի քանի համարներ թերթելով, ներքին տխրությամբ։ ՈՒ ես իրեն հոգնեցնելու չափ կրկնում էի. «Ես որտեղից գտնեմ... բանաստեղծներ մեռնող...»:


Տարիներն անցնում էին... Ռոմիկի անփոփոխ նկարագրով, առ Խոսքն ունեցած սիրով, հոգնելն իր համար հիվանդության պես մի բան էր, որին այդպես էլ անծանո՞թ, թե՞ կարոտ մնաց։ Այդպիսին էր և գրողների միության հրատարակչությունում աշխատելիս։ Այդ օրերին մի հումոր էր «շրջում»՝ հեղինակային իրավունքը իմն էր, շատ էր հավանել, երբեմն կրկնել էր տալիս. «Ոնց ես ասե՞լ» ու շարունակում էր. «Տղե՛րք, երկու բան ասեմ, մի լավ, մի վատ։ Լավը՝ Ռոմը գալիս է, վատը՝ խմած է գալիս»։
Մշտապես միջավայրի առողջ մթնոլորտի շունչն ու զգայնությունը կար մեր հարաբերություններում։ Հիմա գոնե այնքան երևակայություն պետք չէ ունենալ, որ հիշենք, ապրենք այդ օրերի բերկրանքը ու չգիտեմ էլ, կասկածանքով չգիտեմ,- արդյոք նորեկ սերունդը բախտ ունենալու՞ է հայտնվելու միջավայրում, մշակութային այդպիսի անխարդախ մթնոլորտում, որ Աստծո կամոք հայտնվել էինք մեզնից անկախ, երևի թե նաև մեր կամոք։ Իմ հիշողություններում այդ ամենը դրվագված է՝ մարդիկ, փողոցները, սրճարանները, անհաշտ մտերմությունները... ասում են հիշողության տարածքները մենք ենք ընդլայնում կամ նեղ, չհիշվող անցուղիներ դարձնում, երևի ճիշտ է։ Երևի ինչ-որ ժամանակ այդպիսին են եղել։ Մնացածը մարդուց է կախված, որն արդյոք ունի՞ հիշելու արժանի որևէ բան՝ գոնե մտերիմներին փոխանցելու համար։ Ռոմիկը միշտ հիշում էր Կապանից, ուսանողական տարիներից՝ չմոռանալով իր մտերիմ ընկերոջ` Չիլոյի արկածները ներկայացնել ոչ ավելորդ գունագեղությամբ։ Հիշում էր նաև իր անհայտությամբ այսօր էլ առեղծված բանաստեղծ Ռաֆիկ Բազիկյանին, որի ժողովածուի հրատարակումը իր համար տոն էր, վերհիշումների նոր բարեպատեհ առիթ, խմբագիր լինելը՝ տարիների երազանք։


Այսպիսին էր Ռոմիկ Սարդարյանը. բնավորությամբ ու ապրած կյանքով, այլ կերպ չէր կարող լինել, բանաստեղծի ապրած կյանքով՝ ամեն պահ և ամեն ժամ, ու երևի թե հիմա արդեն «գտել է» մանուշակները կապույտ ու այն աշխարհում զմայլված է նրանց բուրմունքով՝ վաղամեռ բանաստեղծների կողքին. բանաստեղծն ապրած կենա...

Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1416

Մեկնաբանություններ