«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Զևսի կողքին հավասարապես հիշատակվում է գիտեք, թե որ կենդանին

Զևսի կողքին հավասարապես  հիշատակվում է գիտեք, թե որ կենդանին
19.07.2019 | 02:34

Թեպետ Իտալիայի ընտրանու հետ հանդիպումից հետո վերջնականապես մարեցին պայքարի մեջ մնալու Հայաստանի հավաքականի վերջին հույսերը (պարտվել ենք 0։4 հաշվով), եկեք անկեղծ լինենք՝ էն գլխից էլ պարզ էր, որ ֆուտբոլային այս տոնահանդեսում մենք անելիք չունեինք, ու մինչև 19 տարեկանների Եվրոպայի այս առաջնությանը մաս կազմելու հարցում բախտներս այնքանով էր բերել, որ մրցաշարը մեզ մոտ էր անցկացվում, իսկ տանտերերը նման պարագաներում պայքարին մեխանիկորեն մասնակցելու հնարավորություն են ունենում։

Մեր նախորդ նյութում, կամա թե ակամա, խոսել էինք Իտալիայի հետ չորեքշաբթի ունենալիք հանդիպման մասին ու ֆուտբոլասերին հնարավորինս նրբորեն պատրաստել այդ մրցակցությունում մեր կրելիք պարտությանը։ Դրանով, բնականաբար, մենք նոստրադամուսություն չէինք արել։ Իսպանացիների հետ մերոնց ցուցադրած խաղը, եթե, իհարկե, անիմաստ վազվզոցը խաղ կարելի է համարել, պարզ հուշում էր, թե ինչ է լինելու իտալացիների հետ մրցակցությունում։ Միակ հուսադրող բանը, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, մերոնց խաղի կայությունն էր, իսկ եթե ավելի ճիշտ, բաց թողած գնդակների հարցում ունեցած կայունությունը՝ իսպանացիներից էլ չորս գոլ կերանք, իտալացիներից էլ։
Իհարկե, այստեղ ցավով կարելի է արձանագրել, որ եթե իսպանացիներին կարողացել ենք մեկ գոլ խփել, ապա իտալացիների պարագայում դա էլ չենք արել, ինչը սակայն խոշոր հաշվով աննշան մանրուք է, բան չասող, որովհետև այդ հնարավոր գոլը ոչ վերք բուժող էր, ոչ էլ վերք խորացնող, քանզի պացիենտը (հայերեն ասած՝ բուժառու)... մեռած է։
Դաժա՞ն հնչեց ասածը։


Ես բնավ էլ համամիտ չեմ ձեզ հետ։ Դաժանությունն իրականում մեկ այլ բանում է՝ երբ մի ողջ ազգի հույսով ես անում, ժամուկես մարզադաշտում կամ էկրանի առաջ նստեցնում ու, դեռ քիչ է, էն բանից ես անում, հետն էլ ստիպում մտածել, թե ախր նրանց մոտ ի՞նչն է առավել, որ իրենց մոտ ստացվում է, մեզ մոտ՝ ոչ։ Այստեղ, ինչ խոսք, կարելի է խորանալ ու խորանալ՝ ընդհուպ հասնելով մինչև նեմեցռուբոյական քայքայիչ ժամանակներ, սակայն ամբողջ ցավն այն է, որ այդ հիշեցումներից բան չի փոխվում, եթե նորերը չեն ուզում կամ գուցե պատրաստ չեն նոր ժամանակների ոգով ապրել՝ անկախ ցանկության առկայությունից։


Ես ինչու եմ սրա վրա մի փոքր սևեռվում; Սևեռվում եմ այն պարզ պատճառով, որ հավաքականի մարզիչ ես բերում-դնում մեկին, որը նախկինում իրեն ոչ մի բանում դրականապես չի դրսևորել, ու իրապես ի՞նչ կա զարմանալու, որ խաղադաշտ հանած նրա թիմը նման է անկապ վազվզող մարդկանց բույլի, ու էն խեղճ հաղորդավարի իրեն մեջտեղից ճղելը, թե մարզիչը որոշել է խաղալ 4+4+2 տարբերակով, իրականում դառնում է ձեռառնոցի՝ ուղղված թե՛ այդ մարզչին, թե՛ մոլորյալ հանդիսատեսին, որն այդպես էլ կապակցված ոչինչ չի տեսնում դաշտում ծավալվող գործողություններում։


Սակայն որքան էլ պարադոքսալ կարող է թվալ շարունակելիքս, մեր փրկության խաղն առջևում է։ Այո, այո, պորտուգալացիների հետ խաղը կարող է դառնալ այդպիսին, եթե նրանք սթափ բանականությամբ առաջնորդվեն։ Առաջնության երկրորդ հանդիպումում իսպանացիների հետ ունեցած ոչ-ոքիից հետո (1։1) նրանք արդեն իսկ հաջորդ փուլում են, քանզի երրորդ տուրում կայանալիք Իսպանիա-Իտալիա մրցակցությունը կողմերից միայն մեկի համար կարող է լինել շահավետ (ընդ որում ցանկացած ելքի դեպքում) ու ոչնչով չի կարող խոչընդոտ դառնալ պորտուգալացիների համար։ Հետևաբար, նրանք մեզ հետ ունենալիք խաղը կարող են մեծահոգաբար նվիրել մեզ, եթե մենք կարողանանաք նրանց... երկրորդ կազմի հետ ոտք գցել։


Այ, եթե Արթուր Ոսկանյան մարզչով մենք կարողանանք մեզ համար լուծել այս խնդիրը, ինչ-որ տեղ կարող ենք բարձր նոտայով հրաժեշտ տալ այս առաջնությանը, ու ոչինչ որ դա լինելու է խմբային մակարդակում։ Ասում ենք՝ ոչինչ, քանզի հունական դիցաբանությունից շատ լավ գիտենք ամեն մեկի բաժնի մասին թևավոր դարձած խոսքը, որտեղ Զևսի կողքին հավասարապես հիշատակվում է գիտեք, թե որ կենդանին։
Ինչևէ։ Հավելենք միայն, որ երեկ կայացան երկրորդ խմբի մյուս հանդիպումները, որտեղ զույգեր էին կազմել Չեխիան ու Նորվեգիան, Իռլանդիան ու Ֆրանսիան։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao