«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ռուս-բելառուսական մանևրներ

Ռուս-բելառուսական մանևրներ
20.07.2019 | 09:40

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ պաշտոնական հանդիպումներ ունեցան Վալաամում ու Սանկտ Պետերբուրգում: Նրանք քննարկում էին մի քանի ամիս հասունացող հարցը՝ երկու երկրների ինտեգրումը Դաշնային պետության կազմում: Որևէ կոնկրետ պայմանավորվածության չհասնելով՝ նախագահները վճռեցին, որ երկու երկրները ինտեգրման վերջանական ծրագիրը կնախապատրաստեն մինչև դեկտեմբերի 8-ը: Ժամկետն առաջարկեց Լուկաշենկոն: «Ուզում եմ առաջարկ անել: Կարծում եմ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը կաջակցի: Դեկտեմբերին մեր Դաշնային պայմանագրի 20 տարին է լրանում: Պարզ է, որ ոչ մի խնդիր այդ ժամկետից դուրս թողնել չենք կարող: Ժամկետները կարճ են: Ի՞նչ պիտի ասենք 20-ամյակին: Ասելիք չի լինի, եթե չհանենք հարցերը ու չստորագրենք ծրագիրը, որ կորոշարկի մեր հետագա գործողությունների ռազմավարությունը»՝ ասաց Լուկաշենկոն: Երկու երկրների աշխատանքային խմբերը՝ կազմված կառավարություններից, խոստացել են ինտեգրման իրենց առաջարկները ներկայացնել մինչև հուլիսի 25-ը: Մայիսին Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը հայտարարեց, որ ինտեգրման տեսակետները 70%-ով համընկնում են, տարակարծություններ կան էներգետիկայի ու բանկային հատվածի հարցերում: ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը, որ ղեկավարում է ինտեգրացիայի հարցերով աշխատանքային խումբը, հայտարարեց, որ Ռուսաստանն ու Բելառուսը դեռ չեն համաձայնեցրել համագործակցության սկզբունքային հարցերը: «Կան չլուծված հարցեր, որ սկզբունքային են: Եթե չլուծվեն այդ հարցերը, Դաշնային պետության կառուցման գործընթացը կարող է կասեցվել, որոշակի հանգամանքների դեպքում նույնիսկ հետ շրջվել»՝ ասաց նախարարը:


Ռուսաստանի ու Բելառուսի ինտեգրման հեռանկարների հարցի քննարկումը վերսկսվեց, երբ ռուսական նավթային ոլորտում հարկային մանևրի հետևանքով, որ ենթադրում է մինչև 2024-ը աստիճանական զրոյացում նավթի ու նավթամթերքների արտահանման մաքսատուրքերի, պարզ դարձավ, որ ռուսական նավթը Բելառուսի համար թանկանում է: Հիմա նա նավթը ստանում է առանց մաքսատուրքերի, վերամշակում է ու Արևմուտքին նավթամթերք է վաճառում: Հարկային մանևրի պատճառով Բելառուսն այլ գնորդների հետ նույն հարթության վրա է հայտնվում: Մինսկը հայտարարում է, որ մինչև 2024-ը 6 տարում կկորցնի 10,8 միլիարդ դոլար ու Մոսկվայից փոխհատուցում է ուզում: Ռուսաստանը հիշեցնում է, որ Բելառուսին նավթի ու գազի ոլորտում տարեկան 2 միլիարդ դոլարի սուբսիդիաներ է տալիս: «Մենք հանդիպակաց քայլեր ենք ակնկալում: Մենք պետք է իմանանք՝ ինչու՞ ենք նման սուբսիդիա տալիս մեր հարևանին»՝ ասել է ՌԴ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: Տարաձայնությունների պատճառ է և ռուսական գազը: 2018-ի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ սամիթում Լուկաշենկոն բողոքում էր, որ Բելառուսի համար գազը երկու անգամ թանկ է Սմոլենսկի շրջանից: 130 դոլարը՝ 70 դոլարի դեմ՝ 1000 խորանարդ մետրի համար: Պուտինը նրան պատասխանեց, որ եթե Բելառուսը գազը շուկայական գնով ստանար, կվճարեր 1000 խորանարդ մետրի դիմաց 200 դոլար:


Մարտին Լուկաշենկոն առաջարկեց Ռուսաստանը մտցնել Բելառուսի կազմի մեջ: «Բելառուսներն այսօր ուզում են լինել Ռուսաստանի հետ, բայց իրենց բնակարանում ապրել»՝ ասաց նա ու հավելեց, որ միության նախագահ կարող է լինել ինքը: Երեք ամիս առաջ էլ ասում էր, որ «խոր ինտեգրման» պատրվակով Մոսկվան ցանկանում է Բելառուսը մտցնել Ռուսաստանի կազմի մեջ: «Մեզ համար, հիշեք, ինքնիշխանությունը սրբություն է, ես դա արդեն ասել եմ»՝ ընդգծում էր Լուկաշենկոն: Հուլիսին նա հայտարարեց, որ «անհրաժեշտություն չկա լուծելու հարցը՝ որ երկիրը որի կազմ կմտնի»: Մոսկվան ևս հաստատում է, որ երկրների միմյանց կազմ ընդգրկվելու մասին խոսք չկա: Ռուսաստանի հետ քաղաքական ինտեգրմանը Լուկաշենկոն հավանություն չի տալիս: «Ես հասկանում եմ այս ակնարկները՝ նավթը ստացեք, բայց կործանեք երկիրը ու մտեք Ռուսաստանի կազմ: Ես միշտ հարց եմ տալիս՝ ինչի՞ համար է դա արվում: Դուք մտածե՞լ եք հետևանքների մասին: Ինչպե՞ս կարձագանքեն մեր ու ձեր երկրում, ի՞նչ գնահատական կտա միջազգային հանրությունը»՝ դժգոհում էր Լուկաշենկոն:
2019-ին դաշնային համաձայնագրի, որ հիմնավորում է գազի միասնական գների անհրաժեշտությունը, 20 տարին է բոլորում: Համաձայնագիրը նախատեսում է միասնական առևտրային քաղաքականություն, տնտեսական օրենսդրություն, տարադրամ, գնային քաղաքականություն ու հարկահավաքություն: Հիմա գործում է միայն միասնական մաքսային տարածքը և ազատ առևտրի գոտին ԵԱՏՄ-ում՝ նավթի ու գազի շուկայում խնդիրը մնում է:
BBC


Հ.Գ. Մարտին Բլումբերգը՝ հղում անելով Կրեմլի իր աղբյուրներին գրում էր, որ մշակվում է որքան հնարավոր է երկար Պուտինի իշխանության մնալու սցենարը և քննարկվում են տարբերակներ, որոնցից մեկը Բելառուսի հետ միավորումն է: Ապրիլին Բլումբերգի հետ զրուցած պաշտոնյաներն ասել էին, որ Կրեմլը դժգոհ է Բելառուսի նախագահից և անհանգստանում է, որ Մինսկը հեռանում է Մոսկվայի ազդեցության գոտուց: Պուտինը ցանկանում է ուժեղացնել ճնշումը Բելառուսի վրա և ընդլայնել ինտեգրումը՝ գրում էր Բլումբերգը: Նա ցանկանում է, որ Լուկաշենկոն չեզոքություն դրսևորի՝ համաձայնելով ինտեգրման խորացմանը նյութական օգնության դիմաց: Դա Մինսկին անհանգստացնում է, որ վախենում է Ռուսաստանին կուլ գնալու սցենարից: Բլումբերգը գրում էր, որ Պուտինը կարող է միասնական պետությունը ղեկավարելու ծրագիր ունենալ՝ «շրջանցելու սահմանադրական արգելքը և նախագահ մնալու 2024-ից հետո»: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը այդ վարկածն անվանեց «ազատ վարժություն»՝ հայտարարելով, որ կապ չունի այն հարցերի հետ, որ իրականում քննարկվում են:


2024-ից հետո իշխանությունը պահպանելու Պուտինի ծրագրերի մասին Բլումբերգը հուլիսին գրում էր, որ իր տվյալներով՝ Կրեմլում քննարկում են խորհրդարանական բարեփոխման հնարավորությունը, որ նախատեսում է կուսակցական ցուցակներով ընտրվող պատգամավորների թվի կրճատում 50-ից մինչև 25%: Մնացած 75%-ը կընտրվեն միամանդատ ընտրատեղամասերում: Դա թույլ կտա Պուտինին լիակատար վերահսկողություն ստանալ Պետդումայի վրա՝ նախագահական ժամկետի ավարտից 3 տարի առաջ և դառնալ իշխող կուսակցության ղեկավար կամ վարչապետ՝ ընդլայնված իրավասություններով: Փաստացի՝ Կրեմլում քննարկում են նախագահից վարչապետի անցման հայկական տարբերակի վարկածներից մեկը՝ չանցնելով խորհրդարանական կառավարման, որ Ռուսաստանի պարագայում անկանխատեսելի հետևանքներ կունենա: Հայկական փորձը հաշվի առնելով՝ Պուտինն այդ տարբերակը չի ընդունի, բայց կփորձի այլ տարբերակ գտնել՝ պահելու իշխանությունն իբրև առաջին դեմք: Գազի հարցում Բելառուսի պահանջները միանգամայն տրամաբանական են՝ փաստացի կա ԵԱՏՄ, որտեղ չկա միասնական տնտեսական քաղաքականություն, որը միությունը դարձնում է ոչ թե տնտեսական, այլ՝ քաղաքական կառույց: Այս հարցում Բելառուսը դառնում է Հայաստանի բնական դաշնակիցը, բայց հաշվի առնելով, որ հարցերը լուծում է, միևնույն է, Պուտինը, հայ-բելառուսական գործակցություն չի կայանա՝ Լուկաշենկոն չի ցանկանա Հայաստանը բեռ վերցնել՝ հույս ունենալով մենակ պոկել այն, ինչ երկուսին Պուտինը չի տա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ