Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանը ոչնչի պատրաստ չէ, թեև աշխարհն անհանգիստ է

Հայաստանը ոչնչի պատրաստ չէ, թեև աշխարհն անհանգիստ է
23.07.2019 | 00:27

(Նախորդ մասը)

Այնուհետև Իսրայելում անսովոր հանդիպում կայացավ. վարչապետ Նեթանյահուն ակնհայտորեն ուզում էր իրեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հաշտարար զգալ։ Այդ հանդիպմանը նրա կողմից հանդես էր գալիս Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր Բեն Շաբաթը, որի զրուցակիցներն էին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը և ՌԴ ազգային անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Թվում է, թե պետք է խոսեին Սիրիայի, Մերձավոր Արևելքի մասին, իրականում խոսակցությունն Իրանի մասին էր։ «Մենք լի ենք Իրանը Սիրիայից վռնդելու վճռականությամբ,- ասաց Նեթանյահուն։- Իսրայելը կշարունակի խոչընդոտել Իրանին, որ նա հարևան տարածքները չօգտագործի իսրայելական տարածքների վրա հարձակվելու համար, ինչպես նախկինում արել է հարյուրավոր անգամ»։ Ըստ նրա, երեք երկրները համաձայնել են, որ անհրաժեշտ է Սիրիայից հանել բոլոր այն օտարերկրյա ուժերը, որոնք այնտեղ հայտնվել են 2011 թ. ներքին հակամարտությունն սկսվելիս։


Բոլթոնը հաստատեց «Սիրիայում բոլոր օտարերկրյա ուժերից ազատվելու» ԱՄՆ-ի ցանկությունը, նկատի ունենալով առաջին հերթին Իրանը։ Մասնավորապես խոսեց նաև Հորմուզի նեղուցում նավթանավերի և ամերիկյան անօդաչու ինքնաթիռի վրա հարձակումներից՝ դրանց հետևում տեսնելով Թեհրանը։ «Վերջին մեկ-երկու ամսում Իրանը մասնակցել է չհրահրված ու անարդարացի բազմաթիվ հարձակումների»,- նշեց Բոլթոնը։ Նա չմոռացավ նշել Թեհրանի «միջուկային հավակնությունները»։ Իմ կողմից ավելացնեմ, որ այդպիսիք չկան, եթե դատենք ըստ Իրանի բարձրագույն պաշտոնյաների պաշտոնական հայտարարությունների։ Դրանք հերքվում են նաև ԱԷՄԳ-ի բազմաթիվ զեկույցներով առ այն, որ Իրանը հստակ ու հետևողական կերպով կատարում է 2015 թ. «միջուկային համաձայնագրով» իր ստանձնած պարտավորությունները։


Իսկ ահա ռուսական ու իրանական ԶԼՄ-ներն ընդգծում են այն, որ գեներալ Պատրուշևը, փաստորեն, իր հայտարարություններում լիովին ու անվերապահորեն հերքեց Նեթանյահուի և Բոլթոնի ասածները։ Իսրայելում կայացած իր ճեպազրույցում նա ասաց. «Խոցված ամերիկյան անօդաչու ինքնաթիռը գտնվել է Իրանի օդային տարածությունում։ Ես ունեմ ՌԴ ՊՆ-ի անժխտելի տեղեկույթը, որ այն եղել է Իրանի Հանրապետության օդային տարածությունում»։ Խոսելով Օմանի ծոցում հունիսի 13-ին երկու նավթանավերի վրա հարձակման մասին, որի համար ԱՄՆ-ը և Իսրայելը մեղադրում են Իրանին, Պատրուշևը նշեց. «Մանրակրկիտ կերպով հետաքննեք այդ միջադեպը։ Ռուսաստանը չի ընդունում Իրանի դեմ մերկապարանոց մեղադրանքները մինչև հետաքննությունը և անժխտելի ապացույցների տրամադրումը»։ Նա ասաց, որ Օմանի ծոցում նավթանավերի վրա հարձակման մասին ներկայացված տեղեկույթը «չափազանց ոչպրոֆեսիոնալ» էր։


Այսպիսով, Մոսկվան հաստատում է Թեհրանի վարկածը, ընդ որում, Պատրուշևն ընդգծեց, որ այդ թեման չի քննարկել իրանական կողմի հետ։ Նա անցանկալի համարեց Իսրայելի օդային գրոհները Սիրիայի վրա։ Օտարերկրյա զորքերը Սիրիայից հանելու մասին Պատրուշևը ոչինչ չասաց, սակայն ռուս քաղգործիչներն ու դիվանագետները բազմիցս են արտահայտվել այդ թեմայով։ Հանրահայտ է, որ Մոսկվայի համար առավել կենսական է Սիրիայից ամերիկացի զինվորականների ու խամաճիկ դաշնակիցների, ոչ թե իրանամետ ուժերի հեռացումը։ Ռուսաստանում այն կարծիքին են, թե քանի որ իրանցիներին հրավիրել է Սիրիայի կառավարությունը, ապա հենց նա էլ կարող է որոշել, թե ինչ պայմաններով համագործակցի Թեհրանի հետ։ Դա բազմիցս ընդգծել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, վերջին անգամ՝ Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիոնի հետ հունիսի 25-ի համատեղ մամլո ասուլիսում։ Պատրուշևի ասածից բխում է, որ Մոսկվան ավելի արդյունավետ է համարում Իրանի հետ զրույցը, ոչ թե ճնշումը նրա վրա. «Մենք հասկանում ենք Իսրայելի մտահոգությունները և ցանկանում, որ առկա սպառնալիքները վերացվեն... Միևնույն ժամանակ պետք է հիշել տարածաշրջանի մյուս պետությունների ազգային շահերը»։


«Եթե մենք չտեսնենք, չիմանանք, հաշվի չառնենք Իրանի շահերը, ապա կասկածում եմ, թե որոշակի արդյունքի կհասնենք»,- ընդգծեց Պատրուշևը և հավելեց, որ Ռուսաստանն ու Իրանը «միմյանց վրա ազդելու և միմյանց լսելու փոխադարձ հնարավորություն ունեն»։ Այդ բանակցություններում իր գործընկերներին նա նախազգուշացրեց, որ ձեռնպահ մնան «Թեհրանը որպես տարածաշրջանային գլխավոր սպառնալիք ներկայացնելու փորձերից» և ընդգծեց, որ «Իրանը եղել և մնում է Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը»։ Ընդ որում, Պատրուշևը հասկացրեց, որ, չնայած տարաձայնություններին, կողմերը պայմանավորվելու բաներ ունեցան։ Իր ելույթի վերջում նա ընդգծեց, որ հանդիպման մասնակիցները համաձայնության եկան շատ բաներում, առաջին հերթին այն հարցում, թե ապագայում ինչպիսին պիտի լինի Սիրիան. «Թե դա ինչպես կարվի, մենք դեռ պետք է քննարկենք»։ Իսրայելում բանակցությունների մասնակիցները բաժանվեցին բարի ու գոհ բարեկամների նման։ Այդպես էր թվում արտաքուստ։ Բայց Պատրուշևի ասածները (հունիսի 25-ին Լավրովի ասածի հետ) ցույց են տալիս, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին և Իսրայելին յուրատեսակ մեղմ վերջնագիր է ներկայացրել, որ ԱՄՆ-ից ու Իսրայելից ՌԴ-ի գլխավոր պահանջն այն է, որ նրանք Սիրիայում չսադրեն Իրանին, Սիրիային և շիական ուժերին։


Իսկ Իրանում հոմերական ծիծաղ է բոլոր մակարդակներում։ Բանն այն է, որ Դոնալդ Թրամփը, հայտնելով «Իրանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու մասին», հայտարարել է, որ պատժամիջոցներ է մտցնում Իրանի ղեկավար... այաթոլահ Ռուհոլա Հոմեյնիի դեմ։ Բայց փաստն այն է, որ այժմ երկրի ղեկավարը այաթոլահ Ալի Խամենեին է, իսկ Հոմեյնին մահացել է 1989-ին։


Հայաստանի իշխանության համար հետաքրքիր կլինի իմանալ, որ հունիսի 24-ից ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրներում, ՈՒկրաինայում ու Վրաստանում՝ Հայաստանի նոր բարեկամ երկրներում, լռություն ու խուճապ էր տիրում։ Հիմնականում լուռ էին այն անձինք, որոնք կռահում էին կամ գիտեին, թե ինչ է նշանակում Ռուսաստանի եվրոպական մասում բոլոր զորքերը լիակատար մարտական պատրաստության բերելը։ Հունիսի 24-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ Կենտրոնական զինվորական օկրուգի (ԿԶՕ) բոլոր զորամասերում և ուժերում կատարվում է մարտական պատրաստության հանկարծական ստուգում, որն ուղղված է... Կենտրոնաասիական տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման ՌԴ ԶՈՒ-ի ընդունակությունը գնահատելուն։ Նա նշել է, որ ստուգման ընթացքում բարձրագույն պատրաստության են բերվել նաև Հարավային և Արևելյան զինվորական օկրուգների մի մասը, ինչպես նաև օդադեսանտային զորքերը (ՕԴԶ) և հեռավոր ավիացիայի ստորաբաժանումները։ Հունիսի 28-ին ավարտված ստուգման ընթացքում կատարվել է ավելի քան 50 զինավարժանք 35 հրաձգարանում։


Այսպիսով, Մոսկվան իբր մտահոգված է Միջին Ասիայի հետ իր սահմանների և հենց Միջին Ասիայում ռազմական անվտանգության ապահովմամբ։ Բայց հանկարծական ստուգումը նշանակվում է ԿԶՕ-ում, ներգրավվում է Հարավային օկրուգի զորքերի մի մասը։ Բարեկամներ, բայց չէ՞ որ Հարավային օկրուգը Կովկասն է։ Հայաստանում ոչ ոք չի՞ մտածել, թե դա ինչ է նշանակում։ Ռուսներն ստուգում են իրենց բանակի պատրաստ լինելը... պատերազմին, այդ թվում՝ Կովկասում։ Արևմտյան փորձագետներն արագ հասկացան, որ «լիակատար մարտական պատրաստության է բերված աշխարհամասի ամենահզոր բանակը՝ մարտական ավիացիայով, հրետանիով, ՕԴԶ-ով և այլ բաղադրիչներով»։ Ժամանակն է, որ մենք էլ մտածենք, թե ինչ և ինչու է կատարվում Հայաստանի շուրջը։


Եկեք մտածենք ու դատենք միասին։ Նախ հստակորեն որոշենք. «նաև Հարավային օկրուգի զորքերի մի մասը» բարձրագույն մարտական պատրաստության բերելը նշանակում է, որ Ռուսաստանը դիտարկում է Կովկասում իր ռազմական հակահարվածի հնարավորությունները։ Զորքերը Հարավային օկրուգից Միջին Ասիա նետելն այն դեպքում, երբ «ձեռքի տակ են» ողջ Արևելյան օկրուգը, Սիբիրը, Հեռավոր Արևելքը Խաղաղօվկիանոսյան նավատորմով (ԽՕՆ) և նրա ծովային հետևակով, արդյունավետ չէ։ Երբեմն Խաղաղ օվկիանոսից ստորաբաժանումներ են տեղափոխվել Կովկաս. վերջին անգամ դա եղել է 1999-2000 թթ., երբ ԽՕՆ-ի 500-հոգանոց ծովային դեսանտը ջախջախեց Չեչնիայի և Դաղստանի ավազակային բազմահազարանոց կազմավորումները։ Իսկ սովորաբար Կովկասից զինվորականներին չեն տեղափոխել Արևելք։
Երկրորդ. Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում գտնվող ռուսական ռազմաբազաները նույնպես Հարավային օկրուգի մեջ են մտնում։ Ես չգիտեմ՝ այդ բազաներում հայտարարվա՞ծ է մարտական պատրաստության բարձրագույն աստիճան։ Եթե՝ այո, ապա Ռուսաստանը պատրաստվում է ՆԱՏՕ-ի ինչ-որ գերխոշոր սադրանքի։ Դա նշանակում է՝ Թուրքիայի կողմից։ Եվ, իհարկե, ՆԱՏՕ-ի «ապօրինի» դաշնակիցների կողմից, ի դեմս Վրաստանի և ՈՒկրաինայի։ Հասկանալի է, որ եթե խոսքը «Հարավային օկրուգի զորքերի մի մասի» մասին է, ապա դա նույն չափով վերաբերում է նաև Սևծովյան նավատորմի (ՍԾՆ) և Ղրիմի ու Սև ծովի կովկասյան ափի առափնյա պահպանության զորքերի/նավերի մի մասին։ Ինչ էլ ասեն կամ գրեն Թուրքիայում, Վրաստանում և ՈՒկրաինայում, բայց Ռուսաստանի Սևծովյան նավատորմի նավերից ու սուզանավերից ՆԱՏՕ-ում միշտ վախեցել են, վախենում են նաև այժմ, որովհետև միայն «Մոսկվա» հածանավի բոլոր հրանոթների ու հրթիռների միաժամանակյա համազարկը բավական է, որ միանգամից ոչնչացվեն Թուրքիայի ողջ ռազմածովային նավատորմը և Միջերկրական ծովում ՆԱՏՕ-ի նավերի խմբավորումը։ Արևմուտքը հիշում է Սիրիայի ափերի մոտ ՌԴ Միջերկրածովյան նավախմբի կազմում «Մոսկվա» հածանավի հաջող գործողությունները։


Իրադրության վերլուծությունը կարող է անվերջ շարունակվել։ Ինձ անհանգստացնում է, որ Հայաստանի ղեկավարությունն ընդհանրապես ոչնչի պատրաստ չէ, այսինքն, երկիրը ոչնչի պատրաստ չէ։ Հիշեցնեմ մի փաստ. վերջերս Մոսկվա էր այցելել ու բանակցություններ վարել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար, ծովակալ Ալի Շամխանին։ Չեմ կասկածում, որ Իրանում լիովին տեղյակ են, թե հունիսի վերջին Ռուսաստանն ինչու է կատարել ՌԴ եվրոպական մասի զորքերի մարտական պատրաստության հանկարծական ստուգում, այն էլ՝ հեռավոր ավիացիայի սավառնակախմբի ներգրավմամբ։ Հեռավոր ավիացիան ռազմավարական Ձձ-22 Ծ3-ը, Ձձ-95 Ծհ-ն, Ձձ-160-ը և այլ հրթիռակիր ռմբակոծիչներն են։ Կասկած ունեմ, որ Ռուսաստանի և Իրանի չինացի դաշնակիցները ևս գիտեն, թե Շոյգուն ինչ հրաման էր տվել իր ենթականերին։ Հայաստանի ղեկավարություն, գիտե՞ս, թե ինչ է կատարվում...


(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ