ReAnimania 2019
 

Կիսաեզրափակիչներն առանց մեզ են, սակայն դա այդպես էլ պիտի լիներ

Կիսաեզրափակիչներն առանց մեզ են, սակայն դա այդպես էլ պիտի լիներ
23.07.2019 | 01:02

«Մեր փրկության խաղը» վերնագրված նախորդ նյութում մենք անդրադարձել էինք մինչև 19 տարեկանների Եվրոպայի երևանյան առաջնությունում Հայաստանի ընտրանու մրցելույթներին, դրանցում մեր տղաների կրած պարտություններին ու փոքր-ինչ սարկաստիկ նշել, թե Պորտուգալիայի ընտրանու հետ խմբային երրորդ՝ ավարտական հանդիպումը Հայաաստանի ընտրանու համար կարող է դառնալ փրկության խաղ այն առումով, որ միավորների անհրաժեշտություն չունեցող մեր մրցակիցը կարող է մեզ միավոր վաստակելու հնարավորություն տալ։ Իհարկե, այդ հնարավոր միավորը կամ միավորները խմբայինում ամբողջության մեջ մեզ սկզբունքորեն ոչինչ էլ չէին տալու՝ բացի Ավարայրի ճակատամարտի տվածից, բայց դե չեղած տեղը չեղածից մի փոքր ավելի բանն էլ բան է։

Ինչևէ։ Պորտուգալացիներն այդպես էլ բարեհամբույր չեղան տանտերերիս նկատմամբ (ոնց որ թե Գառնի-Գեղարդը, Սևան-Էջմիածինը դրանց ցույց չենք տվել), բայց մի այնպիսի հաշվով հաղթեցին, որ մեզ որոշակի, ընդ որում, որոշակի առողջ եզրակացության հիմքեր են տալիս։ Այդ եզրակացության առողջ մասն այն է, որ մեզ չորս գոլից ավելի չեն խփել։ Խոստովանենք՝ երեք խաղ ու դրանցից յուրաքանչյուրում չորսից ոչ ավելի, ոչ պակաս թողած գնդակ՝ ի՞նչ է սա, եթե ոչ խաղի կայունության արտահայտություն, թեպետ, մեր մեջ ասած, մեռնի նման կայունությունը։


Սակայն հարցի զգայական կողմը թողնենք մի կողմ ու մի փոքր էլ ծանրանանք այդ երեք հանդիպումում գրանցված արդյունքների վրա։ Դրանցից երկուսում մեզ չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը, մեկում հաջողվել է։ Այդ պատժվածը եղել է Իսպանիայի ընտրանին։ Եթե այս մասնավորեցված դիտարկումներից անցնենք ընդհանրական հայացքով դիտարկմանը, պիտի փաստենք հետևյալը. լիարժեք մասնակցել ենք խմբային երեք հանդիպմանն էլ, ունեցել ենք խփած-բաց թողած գնդակների 1-ն ընդդեմ 12-ի հարաբերակցություն, որի առողջ մասն արդեն ասել ենք ինչն է, ուստի չկրկնենք։


Հիմա, եթե սրանցից էլ ենք վերացարկվում ու գալիս կամ գնում ենք սկիզբ (նայած՝ ով որ կողմից է իր քայլը սկսում), պիտի պատասխան տանք գլխավոր հարցին՝ իսկ առաջնության մեկնարկից առաջ մենք ավելիի սպասում ունեի՞նք։ Անձամբ ես այն համոզմանն եմ, որ Հայաստանում նման խելահեղ սպասումով ոչ մեկն էլ չէր տառապում։ Չէր տառապում ոչ թե նրա համար, որ մենք վատն ենք կամ թույլ ենք, այլ չէր տառապում նրա համար, որ մեզ բաժին հասած մրցակիցներն էին անհամեմատ ուժեղ։
Ի միջի այլոց, ես բնավ էլ կասկած չունեմ, որ եթե մեր մրցակիցներն այս հավաքականները չլինեին ու, դիցուք, մյուս խմբի հավաքականները լինեին, մեզ դժվար թե ավելին հաջողվեր անել։ Հայկական ֆուտբոլն իր այս փուլում այնպիսի մակարդակի է, այնպիսի մակարդակի է հասցված, որ մեզ մոտ ժամանած յուրաքանչյուր թիմի, հավաքականի համար մենք կոչված ենք լինելու այս աշխարհի լավություն, պայմանով, եթե նրանց մոտ մեզանից ավելի խայտառակ վիճակ չէ, իսկ այդպիսի երկրներ, չասենք բարեբախտաբար, որովհետև դա մարդատյացության դրսևորում կլինի, ցավոք կան, ու սա այն դեպքը չէ, որ ուրախանանք «Ընկերովի մահը հարսանիք է» չասենք թե ինչ բանաձևմամբ։


Մենք, այո, պարտվել ենք Եվրոպայի այս առաջնությունում, որին մասնակցել ենք բացառապես շնորհիվ նրա, որ եղել ենք դրա կազմակերպիչ, հյուրընկալող երկիրը։ Սակայն այս պարտվելով ոչ թե ավարտվում, այլ սկսվում է ամենագլխավորը։ Ձեռք բերած փորձի մասին չենք խոսում. դա ավելի քան առարկայական է ու մակերևույթին եղած հարց է։ Մեզ անհրաժե՛շտ է խորքային հարցերում լինել առարկայական ու արմատական։ Ասել է թե՝ առանցքայինը հետևություններ անելուն է առնչվում։ Կունենա՞նք եղածը, մեզանում առկա վիճակը պայմանավորած գործոններն իրար կողք դնելու, դրանց խորքը տեսնելու ու գործողությունների ծրագիր կազմելու մարդ, ուղեղային կենտրոն, կկարողանանք հայկական ֆուտբոլը հանել փոսից, չե՞նք ունենա նման մարդ, ուղեղային կենտրոն, կշարունակենք մնալ այս հիմար վիճակում՝ մխիթարություն ու սփոփանք գտնելով անցյալի փառահեղ էջերում, ինչը որքան էլ լուսավոր բան է, սակայն ելքի դուռ չէ։
Այս է հայոց ֆուտբոլի խնդիրը, ու որի լուծումը կապում ենք հայկական ֆուտբոլի ֆեդերացիայի գլուխ կանգնած նոր անձանց հետ, որոնցից լուծումներ ենք ակնկալում ու ոչ թե «մարած աբլիգացիաների» հերթական փորձարկում։


Ինչ վերաբերում է խմբայիններում եղած մյուս հանդիպումներին ու մրցաշարում խաղալու իրավունքը պահպանած հավաքականներին, ասենք հետևյալը։
Պորտուգալիայի ընտրանուց զատ (ընդ որում, անկախ մեր հավաքականի հետ ունենալիք հանդիպման արդյունքից) կիսաեզրափակչում հանդես գալու իրավունք կարող էր ունենալ Իտալիայի ընտրանին, եթե իր համար վճռական մրցակցությունում կարողանար հաղթահարել իսպանական արգելքը։ Եվրոպայի նախորդ առաջնության ֆինալիստները կարողացան խաղը սկսել իրենց համար լավ էլ հուսադրող տոնայնությամբ, սակայն նրանց գոլին մրցակիցը պատասխանեց երկուսով՝ իտալացիներին էլ վերապահելով հայոց ճակատագիրը։
Պորտուգալիայի ընտրանու օրինակով ու նույնպես երկու հանդիպման արդյունքով պայքարը շարունակելու հարցը լուծել էր նաև Բ խմբում հանդես եկող Ֆրանսիայի հավաքականը, որը հաղթական ոգով անցկացրեց նաև խմբային երրորդ հանդիպումը նորվեգացիների հետ (հանդիպումն այդ ավարտվել է նվազագույն հաշվով)։ Սա բնականաբար կանաչ ճանապարհ կարող էր դառնալ Իռլանդիա-Չեխիա դիմակայության մասնակիցների համար կողմերից մեկնումեկի հաղթանակի դեպքում (մանրամասների հետևից չընկնենք, այլ հնարավոր տարբերակները չներկայացնենք)։


Ինչևէ, այս զույգում էլ հաղթանակը տոնեց Իռլանդիայի ընտրանին ու կիսաեզրափակչում մրցակից դարձավ Պորտուգալիայի ընտրանուն։
Այսպիսով՝ հուլիսի 24-ին կիսաեզրափակչի մասնակցի իրավունքով ուժերը կչափեն Իսպանիայի ու Ֆրանսիայի, Պորտուգալիայի ու Իռլանդիայի ընտրանիները։ Բնականաբար դրանք համարժեք կիսաեզրափակիչներ չեն, քանզի առաջին զույգն անհամեմատ վեր է կանգնած իր կարգով, ու այս զույգի հաղթողը հավասարապես կարող են երկու թիմերն էլ լինել։ Այնպես որ, եթե այս հանդիպմանը տանք «գլխավոր եզրափակչից առաջ կայանալիք եզրափակիչ» անվանում-բնութագրումը, բնավ էլ չափազանցրած չենք լինի։
Երկրորդ զույգի ֆավորիտը միանշանակ Պորտուգալիան է՝ Եվրոպայի գործող չեմպիոնը, որը, եթե առաջիկա կիսաեզրափակչում էլ ցույց տա այն խաղը, որն ունեցել է խմբայինում, իռլանդացիները ստիպված կլինեն համակերպվել իրենց բաժին ճակատագրի հետ։ Սակայն եկեք բոլոր դեպքերում չմոռանանք, որ սա ֆուտբոլ է, գնդակն էլ կլոր է։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao