«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Նպատակ կա ամբողջ ՍԴ-ն իրենց պատկերացումների համապատասխան վերաձևելու և կամակատար մի նոր համակարգ ստեղծելու»

«Նպատակ կա ամբողջ ՍԴ-ն իրենց պատկերացումների համապատասխան վերաձևելու և կամակատար մի նոր համակարգ ստեղծելու»
26.07.2019 | 00:34

«Իրատեսի» զրուցակիցն է ռամկավար ազատական կուսակցության ատենապետ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ:


-Օրերս արտախորհրդարանական յոթ ուժեր Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն էին տարածել: Կարո՞ղ ենք ասել, որ հայտարարությունը նախազգուշացում է իշխանությանը:
-Հայտարարությանը միանալու առաջարկն արտախորհրդարանական շատ ուժերի է ուղարկվել, բայց բոլորը չէ, որ պատրաստ էին ստորագրելու դրա ներքո: Գոնե այդ յոթ կուսակցությունների մասով կարող եմ ասել, որ, այո, մենք հույս ունենք, որ ոչ միայն իշխանությունը, այլև հասարակությունը որոշակի ինքնազսպման կգնան: Լիահույս ենք նաև, որ լուրջ հետազոտությունների արդյունքում և փաստերի հավաքագրումով վերջ կդրվի հայհոյախոսությանը, որն այսօր պատուհասել է մեր հասարակությանը: Պետք է այդ մակարդակից վեր բարձրանալ ու խոսել ըստ էության, հստակեցնել՝ ինչ վտանգներ կան այդ ամենի մեջ: Իսկ այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որ ոչ միայն դատական, այլև պետական համակարգին է վերաբերում, անօրինական մոտեցումների ու ներքին հավասարակշռության խախտման է հանգեցնում: Այդ ամենի հետևանքը երկրի համար նպաստավոր լինել չի կարող:
-Ի՞նչ եք կարծում, այնուամենայնիվ, կբարեփոխվի՞ դատաիրավական համակարգը, դատավորներն ու վեթինգ իրականացնող դեռևս անհայտ մարմինը պատրա՞ստ են զտման գործընթացին:
-Մի քանի հանգամանքներ կան, որ պարտադիր պետք է դիտարկել այդ գործընթացի իրականացման ժամանակ, այն է՝ դատավորի դերի ու հեղինակության մեծացումը, ակնածանքը նրա հանդեպ, բարեկեցիկ կյանքի ապահովումը և այլն: Մեր հարևան Իրանում, Ամերիկայում դատավորներն անձեռնմխելի մարդիկ են: Այդ երկրներում երբ ասում ես՝ դատավոր, մարդիկ կիսաստված են պատկերացնում: Մենք ճիշտ հակառակն ենք տեսնում: Իրանում գիտե՞ք ինչպես են վարձատրվում դատավորները. ամեն ամիս նրանց գրասենյակը ներկայացնում է, թե աշխատավարձից բացի իրենք հավելյալ ինչ ծախսեր ունեն (ենթադրենք ավտոմեքենա կամ հեծանիվ պետք է գնեն), ու, որքան անհրաժեշտ է, պետությունը տալիս է նրանց: Դատավորին վերաբերվում են ակնածանքով, որովհետև նա ճշմարտության կրողն է, օրենք ու իրավահավասարություն հաստատողը: Իսկ մենք ի՞նչ ենք տեսել այս տարիներին: Ես հիշում եմ՝ մի կարևոր դատական գործի ժամանակ ամբաստանյալը հայհոյում էր կին դատավորին, վիրավորում էր ամենավերջին բառերով: Եթե դա ԱՄՆ-ում լիներ, ապա մուրճի երեք հարվածից հետո նվազագույնը 3 տարով կդատապարտեին նրան դատարանը անարգելու համար: Ըստ իս՝ վեթինգը ոչինչ չի տա, որովհետև վեթինգին կհաջորդեն այլևայլ գործընթացներ, որ հետագայում ճիշտ և ճիշտ նույն հարցերի առաջ կկանգնեցնեն: Այսինքն` պետք է արմատական փոփոխություններ կատարել: Բացի այդ, բոլորին նույն ջրով չենք կարող լվանալ: Նախկինում էլ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ օրվա իշխանությունները հաշվի են նստել դատավորների կարծիքի հետ: Պարկեշտ, առաքինի, իր գործը լավագույնս կատարող դատավորներ ունեցել ենք: Ի վերջո, մեր ամբողջ ժողովուրդը խաբեբա ու կոռուպցիոնե՞ր է: Նման տրամադրվածությունը հուսահատեցնող է: Էլ չեմ խոսում արտաքին տպավորության մասին, որ այլ պետություններ կարող են ունենալ մեր նկատմամբ: Ի՞նչ է, Հայաստանում բոլորը կաշառք տվող ու վերցնո՞ղ են: Եթե այդպես է, և խաբելն ու անարդարելը մեր հատկություններից է, նշանակում է՝ գալիք սերունդն էլ է այդպիսին լինելու:
-Այս օրերին ակտիվորեն քննարկվում է Իջևանում տեղի ունեցած միջադեպը: Իշխանությունները պնդում են՝ ապօրինի ծառահատումների հարցում առավելագույնս խիստ են լինելու: Մյուս կողմից էլ, տեսակետ կա, թե սա ոչ թե ծառահատումների դեմ պայքար է, այլ բիզնեսի վերաբաշխման դասական օրինակ:
-Բոլորս էլ համաձայն ենք` ծառ կտրել չի կարելի, բայց միայն մարդկանց ձերբակալելով ոչ մի լուծում չես կարող գտնել հարցին: Իհարկե, չպետք է լինի նաև արդարացումը, թե երեխա եմ պահում, բայց և չպետք է լինի ոչ հավաստի պնդումը, թե 200 աշխատատեղ կա, գնացեք, աշխատեք: Դա ոտքի վրա լուծվելու հարց չէ: Նախկին իշխանությունների ժամանակ` ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև նրանից առաջ, նրանից առաջից առաջ, խորհրդային տարիներին, եղել է ծառահատման երևույթը, ու դրանով զբաղվող մարդկանց ձեռք չեն տվել, որովհետև երևույթը բուրգի տեսք է ունեցել: Պետք է հետևենք, տեսնենք, թե ինչպիսի բիզնես է դա, ովքեր են սպառողները: Ի դեպ, Սևանը մաքրելու անվան ներքո մոտակայքում փայտամշակման ձեռնարկություններ են ստեղծվել, ու լճի մաքրությամբ զբաղվողները ջրի տակ անցած ծառերը ոչ թե արմատախիլ էին անում, այլ սղոցարանների համար պետքական մասն էին կտրում: ՈՒրեմն շատ ավելի արմատական պետք է գործել, թե չէ ի՞նչ է տալու այս ցուցադրական բռնոցին: Իջևանում ի՞նչ գործ ուներ ԱԱԾ պետ պարոն Արթուր Վանեցյանը: Փայտ կտրողների մեջ այլ երկրի գործակա՞լ էր տեսել: Նրա գործը հետախուզությունն ու հակահետախուզությունն է: Ի սեր Աստծո, մեր դատախազությունն ու ոստիկանությունը համապատասխան վարչություներ ունեն: Ոստիկանապետ Օսիպյանի փոխարեն Վանեցյանին կհարցնեի` դու՞ ինչ գործ ունես այստեղ: Ամեն ինչին ցուցադրական, պատժողական երագներ տալ ու ասել` տեսեք-տեսեք, ինչպես ենք պատժում, չի կարելի: Ի՞նչ եղավ դրա հետևանքով. 12 մարդ վիրավորվեց, որից 11-ը ոստիկան էին: Լինելով նույն տարածաշրջանից՝ իջևանցիների հոգեբանության մեջ մեր վարչապետը պետք է որ թափանցած լիներ: Պետք է հեռու մնալ ցուցադրականությունից ու հարցերը լուծել ըստ էության:
-Ծառահատումների դեմ «պայքարին» զուգահեռ կարծես երկրորդվում են Սևանի հիմնախնդիրները: Ավելին` առողջապահության նախարարն օրերի տարբերությամբ գրեթե իրարամերժ հայտարարություն է անում, ինչ է թե լճափին տաղավարներ ունեցողները ճանապարհ չփակեն: Սրան էլ հավելած` «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն ասում է. «Եթե չենք կանխում ձկնագողությունը, չի նշանակում, որ տեղյակ չենք։ Այլ խնդիր է, թե ինչ հնարավորություններ ունենք»:
-Մի որոշ ժամանակ առաջ առաջնորդող հոդված էի գրել` հենց Սևանի խնդիրներին առնչվող և հույսով էի մոտեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի` ՄԱԿ-ի համապատասխան ֆորումի ժամանակ արած հայտարարությանը, թե Սևանը վտանգի տակ է, ու պետք է փրկել այն: Հուսով, որ դրան համապատասխան քայլեր ու գործընթացներ կսկսվեն: Պետք է հետևենք գործընթացին, ես գոնե ուշի ուշով հետևելու եմ, թե ինչ քայլեր են կատարվել, արդյո՞ք Սևանի հիմնախնդրի լուծմանը միտված գործողությունների շարունակություն կունենանք միջազգային մակարդակով: Աշխարհում կան երկրներ, կազմակերպություններ, անհատներ, որ միջոցներ, փորձ ու գիտելիք ունեն ու զբաղվում են էկոլոգիական հարցերով, կարելի է նրանց դիմել: Պետք է ընդունել, որ մոտ տասը տարի առաջ, երբ բարձրանում էին Սևանի ջրերը, անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել: Օրեր առաջ Դիլիջանից էի վերադառնում, ուշադիր նայում էի Սևանին, լազուր կանաչ էր: Մտածեցի՝ երևի արևից է այդպիսի երանգ ստացել, բայց Հրազդանի ջրերին նայելով նկատեցի` նույն կանաչն էր: Դա նշանակում է, որ Սևանը հիվանդ է ու վտանգված: Վտանգված են ձկնարդյունաբերությունը, զբոսաշրջությունը և այլն: Խեղճ ու կրակ մի բանի ենք վերածել Սևանն ու ասում ենք՝ բիզնես: Իսկ այնտեղի տնտեսավարողներն ինչի՞ դիմաց են ճանապարհ փակում կամ պահանջներ ներկայացնում: Մի քանի աթոռ ու մեկ-երկու ամպհովանի են դրել և փող են աշխատում: Բոլորն էլ կարող են արդարանալ, թե ընտանիք են պահում, բայց պետությու՞նն ինչ է պահում: Հետևաբար, կրկնում եմ, պահի թելադրանքով կանխատեսումներ անելն ու ժամանակավոր լուծումներ տալը ճիշտ չէ, հարցերին, հիմնախնդրին պետք է խորքային, արմատապես մոտենալ:
-Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հարցազրույցի ժամանակ հայտարարել է, թե Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի օգնությամբ որպես «բուդկա» սեփականաշնորհել էր ՍԴ-ն: Ո՞րն է երաշխիքը, որ եթե հանկարծ Հրայր Թովմասյանը հրաժարական տա, ՍԴ-ն, «սեփական բուդկայի» կարգավիճակով, նոր իշխանություններին չի ծառայի:
-Ճանաչելով Հրայր Թովմասյանին, կարծում եմ` նա հենց այնպես հրաժարական չի տա: Երբ որևէ մեկից հրաժարական ես պահանջում, պետք է անխոցելի կերպով ցույց տաս ու հիմնավորես` ինչու պետք է նա հրաժարվի: Մյուս կողմից, ՍԴ-ն ուրիշ իշխանություն է, դու` ուրիշ, հետևաբար Թովմասյանի հրաժարականը կարող են պահանջել դատարանները, դատավորները: Ընդունված ու հեշտ է ասել, թե նա եղել է այսինչ կամ այնինչ շրջանակներում, բայց պետք է ցույց տաս, ապացուցես, բանաձևես, թե ինչ կետերով նա «քեզ դուր չի գալիս»: Քանի որ մենք` լրագրողներս, կասկածամիտ ենք ու հակառակի մեջ մեզ չեն համոզել, հիմնավոր փաստարկի էլ չեմ հանդիպել, ապա կարծում եմ, որ այս ամենի նպատակը սահմանադրական որոշ կետեր փոխելը կամ, առհասարակ, նոր Սահմանադրություն ունենալն է: Եվ քանի որ ներկա ՍԴ-ն իրեն վերապահված դերով ու ներկայիս կազմով այդ գործընթացին չի կարող ընթացք տալ, հետևաբար նորերն են պետք, որ գործադիր իշխանության կամակատարը կդառնան: Ըստ իս` նպատակ կա ամբողջ համակարգն իրենց պատկերացումների համապատասխան վերաձևելու և կամակատար մի նոր համակարգ ստեղծելու:


Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 6172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ