ReAnimania 2019
 

«Այսօր սփյուռքում քաջ մարդկանց պակաս ունենք»

«Այսօր սփյուռքում քաջ մարդկանց պակաս ունենք»
26.07.2019 | 01:51

«Իրատեսի» հյուրը բեյրութահայ գրող, հրատարակիչ, հասարակական գործիչ Սիմոն Սիմոնյանի որդին է՝ ՍԱՍՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ: Նա զբաղվում է հոր ստեղծագործական ժառանգության, արխիվային նյութերի համակարգմամբ և հանրահռչակմամբ:
1954 թվականին Սիմոն Սիմոնյանը հյուրընկալվել է հայրենիքում և այցելել Դերենիկ Դեմիրճյանին: Այդ օրերի, ինչպես նաև հայաստանյան այսօրվա անցուդարձին սփյուռքահայի վերաբերմունքի մասին է մեր զրույցը Սասուն Սիմոնյանի հետ։


-Պարոն Սիմոնյան, բա՞րդ գործ է համակարգել Սիմոն Սիմոնյանի թողած ժառանգությունը:
-Հայրս հարուստ ժառանգություն է թողել, այն համակարգելը հեշտ գործ չէ: Առաջին հրատարակությունը, որ իրականացրել է Սիմոն Սիմոնյանը՝ սկսած 1939 թվականից, եղել է Հալեպում տպագրված հայոց պատմության դասագրքերի շարքը: Հետագա տարիներին այդ շարքը շարունակել և ամբողջացրել է. դրանք նախատեսված են եղել 1-6-րդ դասարանների համար: 1940-ականների սկզբին, դարձյալ Հալեպում, այդ դասագրքերին զուգահեռ, հրատարակել է նաև մայրենի լեզվի «Արագած» դասագրքերի շարքը՝ Օննիկ Սարգսյանի համահեղինակությամբ, որ դարձյալ նախատեսված էր 1-6-րդ դասարանների համար: Այս դասագրքերը գործածվել են Սփյուռքի հայ դպրոցներում մինչև 1970-ականները, որոշ մասն էլ գործածական է մինչև այսօր: Հրատարակել է նաև քերականության երկու գիրք՝ Սարգիս Պալյանի համահեղինակությամբ, աշխարհագրության չորս դասագիրք՝ Երվանդ Բաբայանի և Օննիկ Սարգսյանի համահեղինակությամբ: Սկզբնական շրջանում, անշուշտ, տպագրատուն և հրատարակչատուն չուներ հայրս, ուսուցիչ էր Հալեպում: 1946-ին հաստատվեց Լիբանանում՝ Անթիլիասում, և Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի մեջ զբաղվեց ուսուցչությամբ ու միաժամանակ դարձավ Հոսեփյանց կաթողիկոսի գիտական քարտուղարը և աշխատակիցը: 1955-ին թողեց այդ գործերն ու հիմնեց իր սեփական «Սևան» հրատարակչատունը, որը բացառիկ երևույթ է եղել սփյուռքահայ իրականության մեջ, որովհետև այն անհատական ձեռնարկ էր, անհատական հաստատություն, ոչ թե այս կամ այն միությանը, այս կամ այն կուսակցությանը պատկանող կառույց: «Սևանն» ընդհանուր հաշվով 55 դասագիրք է հրատարակել սփյուռքահայ աշակերտների համար՝ տարբեր առարկաների գծով: Հրատարակել է նաև առևտրական ձեռնարկ՝ սփյուռքահայ զանազան գաղութների համար: «Սևանի» հրատարակչական բերքը եղել է շուրջ 500 տպագրված գիրք՝ գոյության 20 տարվա ընթացքում: Նույնիսկ Էջմիածնից կրոնի դասագրքի պատվեր է եղել, և «Սևանը» նաև դա է հրատարակել: Այս ամբողջ գործունեությանը վերաբերող նամակագրության կարևոր մեկ մասը պահպանվում է հորս արխիվում, որը հարուստ նյութ է պարունակում այն ժամանակների սփյուռքահայ կյանքի մասին: 1958-74 թթ. հրատարակել է «Սփյուռք» շաբաթաթերթը: Այն անկախ շաբաթաթերթ է եղել, որը քննադատել է ամենայն վատը և փառաբանել լավը: Թերթում տպագրվել են Սովետական Հայաստանի մասին լավ խոսքեր և ոչ լավ խոսքեր: Վերջին հանգամանքի պատճառով հայրս քննադատվել է Խորհրդային Հայաստանի կողմից: Բացի հրատարակչական, խմբագրական գործունեությունից, հայրս նաև գրող էր, արձակ երկերի հատորներ է տպագրել: 1965-ին լույս է տեսել առաջին գիրքը՝ «Կը խնդրուի խաչաձեւէլ» վերնագրով, ապա տպագրվել են «Լեռնականներու վերջալոյս» և երկհատոր «Սիփանա քաջէր» գրքերը: 1970-ականների սկզբին հրատարակվել է «Լեռ և ճակատագիր» հատընտիրը և «Անժամանթրոս» վեպը: Սա իր հորինած բառն է, որը կազմված է հայերեն և հունարեն բաղադրիչներից. նշանակում է անժամանակ մարդ:

-Ձեր հայրը ի սկզբանե եղել է խորհրդայնամետ-հայրենասեր, որովհետև իր հայրենիքը Խորհրդային Հայաստանն էր: Հետագայում, լինելով Հայաստանում, մեծ հիասթափություն է ապրել և դարձել հակախորհրդային հայացքների կրող: Այս հիասթափության հոլովույթում որոշակի դերակատարություն է ունեցել նաև Դերենիկ Դեմիրճյանը: Սիմոն Սիմոնյանի հետ անսպասելի անկեղծ զրույց է ունեցել դասականը՝ նրան վստահելով խորհրդային գրաքննությունից թաքուն պահած «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ խոհագրության» մասին տեղեկությունը: Ի՞նչ մանրամասներ կպատմեք այս առնչությամբ:
-Ես չգիտեմ, թե ինչպես է ստացվել, որ Դերենիկ Դեմիրճյանը խոսել է հորս հետ այդ նյութի մասին, բայց «Սփյուռք» պարբերականում հորս տպագրած հոդվածներն այդ մասին բավական հետաքրքիր տեղեկություններ են պարունակում: Դեմիրճյանի և այլոց գրած ու մեր՝ հայերիս կողմից մոռացված կամ անհայտ մնացած հուշագրերի թեմային անդրադառնալով՝ «Սփյուռք» շաբաթաթերթը հայ ժողովրդին հուզող այլ նյութերի կողքին, փորձել է նաև վառ պահել ներքին հողերի (Ղարաբաղ, Նախիջևան, Ախալքալաք) հայկական պատկանելության իրողությունը, որը սառը պատերազմի պատճառով՝ 50-60-ական թվականներին, հայերս մոռացել էինք ու սկսել ապրել մեզ պառակտող ու տկարացնող ցավալի ժամանակաշրջանի մեջ: Ինչ վերաբերում է Դեմիրճյանի՝ հորս առաջ անկեղծանալուն, դա, թերևս պայմանավորված է եղել ներքին վստահությամբ: Ըստ երևույթին հորս վստահում էին մարդիկ, որովհետև կան հուշագիրներ, որոնք հավաստիացնում են, որ 1954-ին Սիմոն Սիմոնյանն իր հետ Սփյուռք է տարել գաղտնի տեղեկություններ պարունակող թղթապանակ: Մասնավորապես, Բոստոնում բնակվող խմբագիր և ծաղրանկարիչ Գրիգոր Քեոսեյանը գրում է, որ հայրս նրան ասել է, թե կարող է բացել իր դարակը և այնտեղ տեսնել խորհրդահայ աքսորյալների ցանկը: Կա նաև մեկ այլ փաստի հիշատակում «Սփյուռք» շաբաթաթերթում. 1960-ականներին Ղարաբաղում կազմակերպվել է ստորագրահավաք՝ Կրեմլ ուղարկելու նպատակով: Ես չգիտեմ, թե ինչպես էին այդպիսի թղթերն ու տեղեկությունները հասնում հորս, բայց որ հասնում էին, փաստ է:
-Դրանք այնպիսի ժամանակներ էին, որ նման նյութերի հրապարակումը կարող էր ճակատագրական դառնալ հայրենիքում ապրողների համար: Հենց այդպիսի պատճառներով էին մարդկանց քշում բանտ, աքսոր, դատապարտում մահապատժի: Անզգույշ չէ՞ր արդյոք Ձեր հայրն այս իմաստով:
-Նման դեպք պատահել է՝ կապված Հովհաննես Շիրազի հետ: Շիրազի «Անի» պոեմն արգելված էր հայրենիքում և տարիներով չէին թույլատրում տպագրել: Այդ ընթացքում «Սփյուռք» շաբաթերթում լույս է տեսնում մի քանի բանաստեղծություն պոեմից, և հայրս հեռագիր է ստանում Շիրազից, որում ասված էր, թե իրեն անհայտ ճանապարհով Բեյրութ հասած պոեմի տպագրությունն ինքը կտրականապես արգելում է, որոհետև, իբրև թե, «հում է նյութը»: Հայրս էլ թերթում տպագրում է հեռագիրը՝ ծանուցելով, թե ինքն այդ հեռագիրն ստացել է փոստով: Այնինչ հեռագրի մեկ օրինակ էլ ստացել էր հետախույզ Պետրոս Պետրոսյանը, որ այդ տարիներին Լիբանանի դեսպանատան պաշտոնյա էր: Այս մասին հուշագրություն ունի նա, որում խոստովանում է, որ ինքն է պատժել Սիմոն Սիմոնյանին այս արարքի համար և գրանցել սև ցուցակում: Թեև Պետրոս Պետրոսյանի հուշագրության հետ անհամաձայնություններ ունեն այլ մասնագետներ, բայց կա նաև այն տեղեկությունը, որ Հայաստան գալով՝ Պետրոս Պետրոսյանն ասել է Շիրազին, թե նրա պատճառով պատժել է Սիմոն Սիմոնյանին: Շիրազն էլ հակադարձել է՝ չափն անցել ես: Շիրազը հաճախ է նյութեր ուղարկել հորս: 1960-ականների սկզբին նա հրատարակել էր «Իմ ընկեր Լորիկը» գրքույկը: Հայրս ստացել է այդ գիրքը: Բայց մի հանդիսության մասին հայաստանյան հրապարակման մեջ կարդում է, թե մոտ ժամանակներում պիտի լույս տեսնի Շիրազի այդ գիրքը: Հայրս իր թերթում տպագրում է գրքի լուսանկարները և հայտարարում, որ այն վաղուց լույս է տեսել և հասել է իրեն, հետևաբար հայրենիքում խանգարում են գրքի տարածմանը: Իսկապես էլ տարիներով այդ գիրքը չի հասել ընթերցողին: Հայրս Շիրազից մի քանի նամակներ է ստացել, որոնցից մեկում, գրված 1969 թվին, ասվում է, թե բանտից ազատ արձակվեց Տիգրան Մեծը ¥«Իմ ընկեր Լորիկը» գրքում «Մեծն Տիգրան» բաժին կա, այդ է ակնարկել Շիրազը¤: Եվ նամակն էլ անվանապես հորս չի ուղղված, ինչ-որ ծածկանունով է դիմում նրան Շիրազը: Հայրենիքում շատերն են զգուշացել հորս հետ համագործակցելուց, չեն թղթակցել «Սփյուռք» շաբաթաթերթին:
-Էլ ավելի զարմանալի է նրա և Դեմիրճյանի շփման փաստը: Դեմիրճյանը հայտնի զգուշավոր է եղել, ինչպե՞ս է վստահել Սիմոն Սիմոնյանին:
-Դեմիրճյանի հետ առնչվող հրապարակումները հայրս նրա մահվանից հետո է արել՝ 1959-ին:
-Ուրեմն, ենթադրում եմ, որ Դեմիրճյանն այդ նախապայմանով է նրան վստահել իր գաղտնիքները:
-Ամենայն հավանականությամբ:

-Հիշողությունները որքան էլ հետաքրքիր լինեն և խոսուն, մենք ապրում ենք ներկա իրականության մեջ, որ նույնպես հարթ ու թեթև չի ընթանում: Ինչպե՞ս կբնութագրեք հայրենիք-սփյուռք մերօրյա կապը:
-Կարծում եմ՝ այսօր Սփյուռքում քաջ մարդկանց պակաս ունենք: Երբ լսում, կարդում ենք, որ անկախությունից ի վեր բարձրաստիճան անձինք կամ նրանց հարազատները կողոպտել են երկիրը, դրա հետևանքով աղքատացել են բազմաթիվ հայեր ու լքել հայրենիքը, երբ ես Շղարշիկ գյուղում ապրող իմ հարազատներից իմանում եմ, որ իրենց դպրոցում սովորում է ընդամենը 50 աշակերտ ¥և սա միակ գյուղը չէ¤, ցավ եմ ապրում: Սա շատ նման է լիբանանյան իրականությանը: Մինչև լիբանանյան պատերազմը մենք ունեինք բազմաթիվ դպրոցներ՝ աշակերտների մեծ քանակությամբ: Պատերազմից հետո այդ թիվը կտրուկ նվազեց: Եթե հայրենիքի մեջ էլ նույնն է կատարվում այդ պաշտոնյաների և նրանց մերձավորների պատճառով, և փաստորեն իրենք անում են նույն բանը, ինչ որ թուրքը՝ աքսորելով մեզ մեր հողից, ու՞ր է քաջ Սփյուռքը, Սիմոնյանի պես սփյուռքահայը, որ իրականությունն առանց վախենալու ներկայացնի: Օրինակ, գիտե՞ք, որ այդ նախկին արտոնյալներից մեկը, որի մասին խայտառակ մանրամասներ են տարածվում, առոք-փառոք ապրում է Լիբանանում և ամեն օր Հայաստանից ինքնաթիռով նրան են հասցնում իր սիրելի խաշը: Ո՞վ է նրան պաշտպանում Լիբանանում, ես չգիտեմ: ՈՒ՞ր են քաջերը, որ խոսեն այս մասին, որովհետև չխոսելով՝ թույլ են տալիս, որ սխալը շարունակվի, որովհետև այդպիսի մարդիկ իրենց հաճելի ժամանցն են կազմակերպում Լիբանանի կազինոներում: Եթե անգամ՝ ոչ Լիբանանում, ապա մեկ այլ տեղում հանգիստ ապրում են այդ մարդիկ. ինչու՞ է Սփյուռքը նրանց հանդուրժում, և ինչու՞ են այսօրվա իշխանությունները թույլ տալիս, որ այդ մարդիկ անպատիժ մնան: Եթե նրանք կողոպտել են երկիրն ու ժողովրդին, պետք է պատժվեն, և իրենց կողոպտածն էլ պետք է վերադարձվի պետությանն ու ժողովրդին: Իսկ եթե նրանք շարունակում են վայելել իրենց ունեցվածքն ու ման գալ ազատության մեջ, սկսում ես կասկածել, թե լսածներդ ճշմարտություն են: Եթե մարդը գող է, թող այսօրվա իշխանությունները դատապարտեն, եթե գող չէ, թող խոստովանեն, որ սխալվել են, որպեսզի մենք էլ քաջալերվենք, իմանանք, որ հայրենիքում լավ վիճակ է, որ ապագայի ծրագրեր կարելի է ունենալ, ներդրումներ անել, նպաստել հայրենիքի զարգացմանը: Բայց եթե գիտես, որ քո ներդրումից պիտի բաժին տաս սրան-նրան, բնական է, որ չես ուզենա գալ ու աշխատել այստեղ: Նախկին իշխանություններ լինեն, թե այսօրվա, եթե իսկապես ազգասեր են, ոչ մի գնով չպետք է թույլ տան ազգի պառակտումը: Ճշմարտությունն ամեն ինչից վեր է: Սիմոն Սիմոնյանը ճշմարտությունն էր ասում, այդ պատճառով էլ անբաղձալի տարր էր, չէր ընդունվում թե՛ սփյուռքահայ կուսակցությունների, թե՛ սովետական կառավարության կողմից: Եթե այդպիսին չլիներ, նրան այսօր շատ ավելի կճանաչեին ու կմեծարեին, այնինչ գրեթե անհայտ է նա հայրենիքում:
-Խորհրդային իշխանությունը վաղուց անցյալում է, մերօրյա Հայաստանում փորձ արվու՞մ է հանրահռչակելու Ձեր հոր վաստակը:
-Որոշ քայլեր, իհարկե, արվում են: Վերջին ժամանակներում մի քիչ տեղաշարժ կա այս իմաստով. 1999-ին Սիմոն Սիմոնյանի հոբելյանը տոնվեց Հայաստանում, պետական համալսարանի երկու ուսանողուհի ատենախոսություն են գրում հորս մասին. մեկն անդրադառնում է Սիմոն Սիմոնյանի ստեղծագործության լեզվին, մյուսը՝ կյանքին և ստեղծագործությանը: Բայց հորս միայն գրող ներկայացնելը բավարար չէ: Ես կարծում եմ, որ գրող լինելուց առաջ, նա քաջ մարդ էր: Կրկնեմ՝ սփյուռքահայերին այսօր դա է պակասում:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao