Yerevan Perspectives International Music Festival
 

Սա անարդար ճանապարհ է և հարիր չէ պետական պաշտոնյային

Սա անարդար ճանապարհ է և հարիր չէ պետական պաշտոնյային
26.07.2019 | 02:11

Ի պատասխան «Իրատես» թերթի 22.07.2019 թ. համարում ԿԳՄՍ նախարարի օգնական Դավիթ Դանիելյանի հայտարարությունների, ցանկանում ենք որոշ ճշտումներ անել։
2005 թ. իմ կրպակը տեղադրվել է ոչ թե «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում, այլ նրա տարածքից դուրս։ Այդ տարածքը պատկանել է Սիսիանի համայնքին, և ես ստացել եմ համապատասխան թույլտվություն, ամեն ինչ արվել է օրինական։ 2009 թ. է այդ տարածքը ներառվել հուշարձանի պահպանվող տարածքի մեջ, և իմ բազմաթիվ փորձերը՝ այն օրինականացնելու, եղել են ապարդյուն։ Ես պատրաստ էի տարածքում ներդրումներ կատարելու` զուգարաններ կառուցել, հուշարձանի տարածքի լուսավորության և տեսահսկման հարցը լուծել, նստարաններ տեղադրել և բարեկարգման այլ աշխատանքներ իրականացնել, սակայն իմ բոլոր առաջարկները մերժվել են, այդ թվում՝ տաղավարի օրինականացման առաջարկը։ Մի քանի օր առաջ Քարահունջի աստղադիտարան նախարար Արայիկ Հարությունյանի այցից հետո ապամոնտաժվել է հուշարձանի տարածքում գտնվող իմ կրպակը։ Նախարարի օգնական պարոն Դանիելյանը նշել է, որ կրպակը ապամոնտաժվել է 188-րդ հոդվածի համաձայն, բայց 188-րդ հոդվածը նման դեպքերի համար հստակ ընթացակարգ է սահմանում, որը չի պահպանվել, որևէ ծանուցագիր մեզ չի ուղարկվել, կարծում եմ՝ ապօրինության դեմ ապօրինի ճանապարհով պայքարելն այնքան էլ ազնիվ չէ։

Խնդիրն այն է, որ կրպակի ապամոնտաժման գործընթացը սկսվել է իմ կողմից Քարահունջ աստղադիտարանում ոչ պատշաճ կատարվող պեղումների դեմ հանդես գալուց հետո, և ես դա գնահատում եմ որպես հաշվեհարդար՝ իրենց քննադատելու համար։ Դա հիմնավորվում է նրանով, որ հայաստանյան բոլոր հուշարձաններում կան նմանատիպ կրպակներ և տաղավարներ, բոլորն էլ նույն կարգավիճակն ունեն, բայց ապամոնտաժվել է միայն իմ կրպակը։ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը 3-4 տարի է զբաղեցնում է այդ պաշտոնը, բայց պայքարը սկսվեց միայն այն ժամանակ, երբ հանդես եկանք հուշարձանը ավերող պեղումների դեմ։ Շատ զավեշտալի է, որ նախարար Արայիկ Հարությունյանը իր այցի ժամանակ հուշարձանում որպես բացասական երևույթ նկատել է միայն կրպակը, որը ապահովում էր հուշարձանի մասնակի լուսավորությունը և տարածքի տեսանկարահանումը, անվճար ինֆորմացիոն բրոշյուրներ էր տրամադրում զբոսաշրջիկներին։ Բայց պարոն նախարարը չի նկատել հուշարձանի տարածքում որպես աղբաման օգտագործվող ժանգոտ դույլը, որը փոխարինվեց մեկ օր առաջ, իմ անդրադարձից հետո։ Չի նկատել հուշարձանի տարածքի բացարձակ անխնամ վիճակը, պեղումներից հետո անհրաժեշտ պահպանող կառույցների բացակայությունը և հուշարձանի բարեկարգման աշխատանքը որոշել է սկսել հենց կրպակը ապամոնտաժելուց։ Եթե ԿԳՄՍ նախարարի օգնականը օրինականությունից է խոսում, ինչու՞ չեն պահպանվել իր կողմից վկայակոչված 188-րդ հոդվածի այն դրույթները, որոնք իմ շահերից են բխում։ Կամ ինչու՞ այս ամենը սկսվեց իմ ելույթից ընդամենը 15 օր անց. փորձում են լռեցնե՞լ աստղադիտարանի խնդիրներով մտահոգ քաղաքացիներին։ Սա անարդար ճանապարհ է և հարիր չէ պետական պաշտոնյային։ Եթե կա օրենք, ուրեմն այն բոլորի համար է, ոչ թե միայն նրանց, ովքեր իրենց դեմ են խոսում։


Գուրգեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Փրկենք Քարահունջը» նախաձեռնող խմբի անդամ

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao