«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Եզրափակչում են Պորտուգալիայի ու Իսպանիայի ընտրանիները

Եզրափակչում են Պորտուգալիայի ու Իսպանիայի ընտրանիները
26.07.2019 | 02:28

Այսպիսով՝ մինչև 19 տարեկանների Եվրոպայի երևանյան առաջնության եզրափակչի մասնակիցները հայտնի են։ Հուլիսի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետականի խաղադաշտ դուրս կգան Պորտուգալիայի ու Իսպանիայի ընտրանիները, թիմեր, որոնք այս մրցաշարի ընթացքում արդեն իսկ մի անգամ խաչաձևել են սրերը՝ անկարող լինելով պարզելու ուժեղագույնին, սակայն ամեն ինչ հերթով ու մի փոքր էլ եղածի վերընթերցումով ու ավելի շատ մեր հավաքականի կտրվածքով՝ թեկուզև զուտ այն տրամաբանությամբ, որ սեփական շապիկը սեփական մաշկին ավելի մոտ է։

ՈՒթ ընտրանու մասնակցությամբ այս բավականին արագընթաց մրցաշարը վերը հիշատակված օրը կդառնա պատմություն։ Հայերիս համար այն հիշարժան է, էր երկու իրողությամբ. նախ՝ նրանով, որ առաջնության հյուրընկալող երկիր դարձանք, իսկ նման բան մեր երկրի պատմության մեջ մինչ այս չէր եղել, և երկրորդ՝ որ, որպես կազմակերպիչ երկիր, մեզ իրավունք տրվեց խաղալու մակարդակով դառնալ առաջնության մասնակից։
Այս վերջինի կտրվածքով մեր նախորդ նյութերում հարկ եղածից էլ մանրամասն ենք խոսել, ուստի առանձնապես չծավալվելով ասենք, որ առաջնությունը մեր «հագով» չէր։ Ավելի պարզունակ արտահայտված՝ մենք այն ուժը չէինք, որ կարողանայինք հավասարի իրավունքով ձեռնոց նետել եվրոպական ֆուտբոլի լավագույն յոթնյակին, ու պատահական չէ, որ ում ինչքան միավոր պետք էր, առատորեն «շնորհեցինք»՝ ամեն խաղում բաց թողնելով չորսական գնդակ (զարմանալի կայունություն, որքան էլ տհաճ է) և ընդամենը մեկ անգամ կարողանալով խոցել մրցակցի դարպասը։


Այս խփածի առումով մի փոքր կարող ենք գլուխ գովել՝ ի վերջո եզրափակչի ապագա մասնակիցներից մեկին՝ իսպանացիներին ենք դառնորեն «շոյել», բայց դե դրան առանձնակի լրջություն չի կարելի վերագրել, որովհետև մեռնելուց առաջ խռխռա՞լս որն է։
Ինչևէ։
Ի միջի այլոց, եզրափակչի մյուս մասնակիցն էլ է մեր ձեռքի տակով անցել։ Այո, հանգամանքների բերումով պորտուգալացիներն էլ են մաս կազմել մեր խմբի, իսկ թե նրանց հետ մեր մրցակցությունն ինչպիսի հաշվով է ավարտ ունեցել, վերն անուղղակի նշել ենք ու մեր բաց վերքի վրա նորից աղ չավելացնենք թվերի տհաճ հիշատակումով։
Կիսաեզրափակչում հուլիսքսանյոթյան եզրափակչի մասնակիցները բնականաբար համարժեք մրցակիցներ չունեցան։ Եվրոպայի գործող չեմպիոններին բաժին հասան իռլանդացիները, ովքեր բառացիորեն ոչինչ չկարողացան անել երիտասարդ պորտուգալացիների հետ խաղում ու պարտվեցին չորս անպատասխան գնդակի տարբերությամբ։


Փոխարենն անհամեմատ ծանր մրցակից ունեցան իսպանացիները։ Ֆրանսիացիները, այո, իսկապես ներկայացել էին հզոր թիմով ու պատահական չէ, որ խմբային փուլն անցան առանց միավորի կորստի, արդյունք, որը չունեցավ մեկ այլ թիմ։ Հանուն արդարության նշենք, որ նրանց խումբը կազմածները Ա խումբը կազմածների հզորությունը չունեին (մերոնց, բնականաբար, ստիպված ենք հանել դուրս), բայց դե։ Ըստ էության, ֆրանսիացիների միակ լուրջ մրցակիցները եղան իսպանացիները։
Դիմակայությունում թե՛ նրանք, թե՛ մրցակիցները դարպասը գրավելու մի շարք հնարավորություն են ունեցել, սակայն փորձերն անարդյունավետ են եղել։ Նույնպիսի ընթացք է ունեցել նաև լրացուցիչ խաղաժամանակը։ Ի վերջո ուժեղագույնն ի հայտ է բերվել ֆուտբոլային «ռուլետկայով»՝ հետխաղյա տասնմեկմետրանոցներով, որտեղ առավել դիպուկ են եղել իսպանացիները։


Հուլիսի 27-ն այսպիսով պատասխան կտա հարցին՝ Եվրոպան կունենա նոր չեմպիո՞ն, թե՞ հինը կշարունակի թագավորել։ Անկախ այդ մրցակցության ելքից, հայ ֆուտբոլասերը համաշխարհային ֆուտբոլի ապագա աստղերին իրենց այս կարգավիճակով տեսնելու վերջին հնարավորությունը կստանա ու արժի գոնե հանուն դրա գնալ մարզադաշտ։
Հարկավ շատ ափսոս, որ մեր տղաների անփառունակ մասնակցությունը շատ արագ կոտրեց մարզադաշտ գնալու ու այնտեղ ֆուտբոլային միկրոտոնը վայելելու մարզասերի հնարավոր ուրախությունը, սակայն ասել, թե դրան պատրաստ չէինք, փոքր-ինչ նաիվ կլիներ, որովհետև առաջնության կազմակերպիչները պիտի որ մեր ընտրանու կարողությունները ռեալ հաշվարկած լինեին և ընդհանուր գծերի մեջ հաջող կազմակերպած մրցաշարի այս մասը փորձած լինեին այլ մոտեցումներով լուծել։


Սակայն եկեք սա առանձնապես խոշոր թերություն չհամարենք, քանզի եթե մարդը չի ուզում նստուկը կտրել բազմոցի փափկությունից, գովական դեմոկրատիայի այս պայմաններում չես կարող նրան այլ բան պարտադրել, իսկ եթե ուզում եք ճիշտն իմանալ, ֆուտբոլասերը լավ էլ սիրով կգնար մարզադաշտ, եթե սեփական ֆուտբոլից այլ ակնկալիք ունենար։ Այնպես որ, ոնց էլ պտտվում, գալիս բախվում ենք հայկական ֆուտբոլն օր առաջ ոտքի կանգնեցնելու, նրան միս ու արյուն տալու գաղափարին, իսկ սրա մասին նախորդ նյութերում լիուլի խոսել ենք, չկրկնենք։


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao