Վիրավորանքներ, լկտիություն, նյարդայնություն

Վիրավորանքներ, լկտիություն, նյարդայնություն
26.07.2019 | 10:58

«Իմ վարչապետ դառնալու շանսերը նույնքան մեծ են, որքան գլխատված ֆրիսբի լինելու և ռեինկարնացիայից հետո Էլվիս կամ ձիթապտուղ դառնալու»՝ մի քանի տարի առաջ ասել է Բորիս Ջոնսոնը The Independent-ին հարցազրույցում: Խարտյաշ ու խառըխշտիկ մազերով այդ տղամարդը դեռ լրագրող էր ու The Spectator-ի խմբագիրը՝ գրում է Tages-Anzeiger-ը: Կարճ ժամանակից սկսվեց նրա քաղաքական կարիերան: Բորիս Ջոնսոնը դարձավ Համայնքների պալատի պատգամավոր Պահպանողական կուսակցությունից, հետո՝ Լոնդոնի քաղաքապետ, ԱԳ նախարար: Հիմա իրականացել են նրա հաջորդ կյանքում ձիթապտուղ դառնալու շանսերը՝ գրում են Անիկա Բլացը և Օլիվեր Դաս Գուպտան: Բորիս Ջոնսոնը փոխարինել է ձախողակ Թերեզա Մեյին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ու կառավարելու է բրեկզիտը: Ջոնսոնը հայտնի է ոչ միայն իր էքսցենտրիկ ելույթներով ու տարատեսակ կոնֆուզներով, այլև իբրև մարդ, որ, մեղմ ասած, հեշտուհանգիստ պատմում է դեպքեր, որ չեն համապատասխանում իրականությանը: Մարդ, որ մի քանի տարի կոպտում ու վիրավորում է բրիտանացիներին ու այլ պետությունների ղեկավարներին: Բրեկզիտի հանրաքվեից առաջ նա պնդում էր, որ ԵՄ-ին անդամության համար Մեծ Բրիատանիան ամեն շաբաթ վճարում է 350 միլիոն ֆունտ ստեռլինգ (400 միլիոն եվրո) և այդ փողերը պետք է տնտեսել ու ներդնել NHS պետական առողջապահական համակարգում: Շուտով պարզվեց, որ տվյալները չեն համապատասխանում իրականությանը և գումարը շատ ավելի քիչ է, իսկ Լոնդոնը հետ է ստանում իր մուծումների մեծ մասը: Վիճակագրության վերահսկողության պետը Ջոնսոնին մեղադրեց սեփական նպատակներով վիճակագրությունը չարաշահելու մեջ: Բրեկզիտի քարոզարշավի ժամանակ Ջոնսոնը մեղադրեց ԵՄ-ին եվրոպական գերտերություն ստեղծելու մտադրության մեջ: Իր նախազգուշացմանը կշիռ հաղորդելու համար նա ԵՄ-ն համեմատեց Նապոլեոնի ու Հիտլերի հետ: Ջոնսոնի տրամաբանությամբ՝ նրանք էլ փորձում էին ամբողջ Եվրոպայի վրա իրենց իշխանությունը հաստատել: Ժամանակները, երբ Լոնդոնն իշխում էր գլոբալ գաղութային կայսրությանը, վաղուց անցել են, սակայն Ջոնսոնը, պահպանում է գաղութատիրոջ գործելաոճը: «Անկասկած, ավտոմատները տեղնուտեղը կլռեն, դանակները չեն կտրատի մարդու միստ և ցեղապետերը լայն կժպտան սպիտակ մեծ բոսին» հայտարարեց նա տարիներ առաջ վարչապետ Թոնի Բլերի Աֆրիկա այցի նախօրեին: Երբ ԱՄՆ այսօրվա նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոնը անվանեց վտանգավոր քաղաք, Ջոնսոնը պատասխանեց, որ նա «լիակատար անհեթեթություն» է դուրս տալիս ու հայտարարեց, որ խուսափում է Նյու Յորքի որոշակի շրջաններից, «որտեղ Դոնալդ Թրամփին հանդիպելու ռիսկ կա»:
Անիկա Բլաց, Օլիվեր Դաս Գուպտա, Tages anzeiger


Հ.Գ. Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Թերեզա Մեյին: Նա դեմ է առանց համաձայնագրի ԵՄ կազմից դուրս գալուն, որ Ջոնսոնը չի բացառում: Հրաժարականի մասին հայտարարել է նաև արդարադատության նախարար Դևիդ Գոկը: Նա նույնպես իր դիմումն ուղարկել է Թերեզա Մեյին: «Հաշվի առնելով Բորիս Ջոնսոնի քաղաքական ուղին, որը նախատեսում է մինչև հոկտեմբերի 31-ը դուրս գալ ԵՄ կազմից, ինչ էլ որ պատահի, ես չեմ ցանկանում լինել նրա կառավարության անդամը», - գրել է Գոկն իր դիմումում: Կառավարության քարտուղարության ղեկավար Դևիդ Լիդինգթոնը նույնպես տեղեկացրել է, որ վայր կդնի իր լիազորությունները: ՊՆ նախարար Փեննի Մորդոնտը համալրել է հրաժարական տված նախարարների ցանկը: Արտաքին առևտրի հարցերով նախարար Լիամ Ֆոքսը, էներգետիկայի և արդյունաբերության հարցերով նախարար Գրեգ Կլարկը հրաժարականներ են ներկայացրել անմիջապես Ջոնսոնի ելույթից հետո:


Սա միայն առաջին հայացքից է դեմարշ վարչապետի դեմ, տորիների 66 տոկոսը նրան պաշտպանում է, հեռացած նախարարները հեշտացնում են նրա գործը: Նրան արդեն որակել են Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության վերջին վարչապետ՝ հաշվի առնելով Շոտլանդիայի դուրս գալու հեռանկարը Մեծ Բրիտանիայի կազմից: Գուցե նաև Ուելսի ու Իռլանդիայի, և կմնա Մեծ Բրիտանիային հին ու բարի Անգլիան, եթե Բորիս Ջոնսոնը իրականացնի իր ծրագրերը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao