ԱՄՆ-ի հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը՝ հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդունելով Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի պատվիրակությանը:
Երկուստեք դրական է գնահատվել հայ-ամերիկյան բարեկամական և գործընկերային հարաբերությունների դինամիկան և ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ նպաստելու երկկողմ օրակարգի ամրապնդմանը և ընդլայնմանը՝ այդ թվում գիտակրթական, նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրատնտեսական և այլ ոլորտներում:
Կողմերը բարձր են գնահատել Կալիֆորնիայի հասարակական-քաղաքական կյանքին իր նպաստն ունեցող մեծաթիվ հայ համայնքի դերը՝ որպես Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների և կապերի ամրապնդման յուրահատուկ կամուրջ:
ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, կառավարության բարեփոխումների գործընթացին և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին: Մնացականյանը զրուցակիցներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:
Կալիֆորնիայի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակության կազմում են Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը, Կոլորադոյի նահանգային սենատոր Դոմինիկ Մորենոն, Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դանեյա Էսգարը, Արիզոնայի նահանգային սենատորներ Փոլ Բոյերը և Օթոնիել Նավարետեն և Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի անդամներ: