«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Փողոցի ուժը

Փողոցի ուժը
31.07.2019 | 03:07

Մոսկվայի իշխանությունները սխալ հաշվարկ են արել: Նրանք կոշտ հակազդում են ցուցարարներին և ավելի ամրապնդում ընդդիմությանը՝ գրում է Զիլկե Բիգալկեն Süddeutsche Zeitung-ում: Ցուցարարների ձերբակալությունները վկայում են իշխանությունների քաղաքական անկարողությունն ու աճող նյարդայնությունը: Իշխանությունների առաջին սխալն էր ընդդիմադիր թեկնածուներին թերագնահատելը: Նրանց հաջողվեց ոչ միայն հավաքել մի քանի հազար ստորագրություն իրենց թեկնածուների օգտին, նրանք աջակցությունը ստացան ազնիվ ճանապարհով: Նրանցից ոմանք մի քանի տարի ակտիվ գործում են իրենց ընտրատեղամասերում: Երկրորդ սխալը՝ նրանք թերագնահատեցին մոսկվացիներին: Շատերը զայրացան, երբ իրենց աջակցությունը թեկնածուներին ջնջվեց, իսկ իրենց փաստացի հայտարարեցին գոյություն չունեցող: Դա անկախ թեկնածուների նկատմամբ հարուցեց ավելի մեծ ուշադրություն՝ քան նրանք կստանային նախընտրական ազնիվ պայքարում: Իշխանությունների ճնշումը նրանց միավորեց այնտեղ, որտեղ միասնական չէին: Այդպես ընդդիմադիր գործիչները կարող են շատ ավելի տհաճ դառնալ քաղաքային իշխանության ու Կրեմլի համար, քան եթե նրանց հաջողվեր իբրև պատգամավոր հայտնվել անատամ այդ կառույցում: Ընտրական հանձնաժողովը չի կարող նահանջել՝ չկորցնելով դեմքը: Վերջին ժամանակներս Կրեմլը մի քիչ զիջումների է գնացել, որ թուլացնի տեղերում տարբեր բողոքները: Սակայն այդ դեպքերում խոսքը ժողովրդավարության հիմնական կանոնների մասին չէր՝ ինչպես իրավունքը, այլ քաղաքային զբոսայգիների, աղբավայրերի կամ կոռումպացված արդարադատության: Գուցե Կրեմլը դասեր քաղի մոսկովյան իշխանությունների սխալներից, երբ անցկացվեն Պետդումայի ընտրությունները 2021-ին:
Զիլկե Բիգալկե, Süddeutsche Zeitung


Հ.Գ. Ցույցերի արգելումն ու ձերբակալությունները առաջին անգամ չեն ոչ Մոսկվայում, ոչ Ռուսաստանում, ոչ էլ առաջին անգամ են ճնշվում ընդգծված դաժանությամբ: Խնդիրը ուժի ցուցադրությունն է: Ռուսաստանը կանգնած է ճամփաբաժանին: Կամ ընկրկում է ու շարունակում հլու-հնազանդ ենթարկվել ցարին, կամ՝ ձևավորում է դիմադրության շարժում: Ինչ-որ տեղ խորքում կարող է հասունանալ ռուսական անկառավարելի բունտը: Քաղաքական դեգրադացիան ու տնտեսական անկումը խորանում են: Այն պահին, երբ Մոսկվայի կենտրոնում ծեծուջարդ էր, ռուսական հեռուստաալիքները քննարկում էին իրավիճակն Ուկրաինայում, երգում-պարում ու խաղեր էին խաղում: ԶԼՄ-ների բացարձակ անազատությունը հասցրել է նրանց քարոզչական ազդեցության թուլացման: Ռուսներին արդեն չեն բավարարում իրենց նախագահի արտաքին քաղաքական հաջողությունները՝ նրանք ուզում են լավ ապրել: Պուտինի վարկանիշի անկումն ու արհեստական բարձրացումը իրական վիճակի ազդանշաններ են Կրեմլին, որ պետք է քաղաքականություն փոխել: Հարցերի հարցը ՌԴ նախագահի հետագա պաշտոնավարումն է, երբ 2024-ին կլրանա նրա ժամկետը և առանց Սահմանադրություն խախտելու՝ չի կարող երրորդ անգամ առաջադրվել նախագահի թեկնածու: Արդեն ակնհայտ է նաև, որ ՙԵդինայա Ռոսիան՚ քաղաքական հենարան չէ: Բարեկամաբար երկիրը նրան նվիրել չի ուզում և Լուկաշենկոն: Իրավահաջորդի՞ մասին մտածել, թե՞ Սահմանադրություն փոխել: Ամբողջ խնդիրն այն է, որ Պուտինի 19-ամյա կառավարումը ուղղված է եղել ՌԴ քաղաքական դաշտի անապատացմանը և ձևական ընդդիմադիր կուսակցությունների ձևավորմանը: Մի՞թե որևէ մեկը կարող է լրջորեն ընդդիմություն անվանել Զյուգանովին, Ժիրինովսկուն, Միրոնովին: Կամ՝ Նավալնուն: Ազդեցիկ ընդդիմադիրները հեռացվեցին ասպարեզից տարբեր ճանապարհներով կամ սերտաճեցին իշխանությանը: Ռուսաստանի ապագան անորոշությունն է, քաղաքական էլիտայի դիմազրկությունը վկայում է, որ անորոշությունը որոշակիացնելու իրավունքն ու հնարավորությունն ունի միայն Պուտինը, բայց և ամբողջ երկրում ծավալվող բողոքի շարժումները վկայում են, որ Պուտինը կորցնում է վերստին նախագահելու հենարանը: Ռուսական հրաշք կլինի, եթե ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորվի: Այդ դեպքում իշխանության կգան հասարակությանն անհայտ ու անծանոթ, նոր քաղաքական դեմքեր, որ Ռուսաստանի կառավարման համար բարդ խնդիր է՝ հաշվի առնելով տարածքի մեծությունն ու իշխանության կենտրոնացվածությունը Կրեմլի ձեռքում:
Մոսկվայում ցուցարարները վերև էին պարզում ձեռքերը և ոստիկաններին հայտարարում էին, որ նրանց թշնամիները չեն ու կոչ էին անում իրենց կողքին կանգնել, բայց ոստիկանները մահակներով էին պատասխանում նրանց կոչերին: Սա դեռ սկիզբն է, ակնհայտ է, որ այս ընթացքով չի ընդունվելու նաև Մոսկվայի քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքը: Մոսկվան ցուցիչ է՝ տանուլ տալ մայրաքաղաքում, նշանակում է կորցնել երկիրը: Իսկ ազնիվ ճանապարհով իշխանությունը պահելն այլևս ֆիկցիա է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ