«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Քոչարյանը կլինի կառուցողական ընդդիմություն

Քոչարյանը կլինի կառուցողական ընդդիմություն
31.07.2019 | 22:41

ՀՀ պատմության մեջ, նույնիսկ խորհրդային տարիներից սկսած, նման խայտառակ ու ամեն օրենքից ու նորմալ մտածողությունից դուրս գործողություններ, այսքան խախտումներով դատավարություններ, այսքան ճնշումներ դատարանների վրա չի եղել՝ լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը։ Նրա կարծիքով՝ այս ամենը դեռևս տևական ժամանակ իր խոր ազդեցությունն է թողնելու ՀՀ-ում դատարանների կայացման վրա: «Երբ դատավորը հասկանում է, որ պաշտպանված չէ, սա դատական համակարգի վերջն է, չի կարելի ամեն ինչ իրեն ենթարկեցնելու համար դատարաններին նման վիճակի մեջ գցել։ Սա միայն դատավորի հետ կապված վերջին դեպքին չի վերաբերում, այլ վերաբերում է ամբողջ դատական համակարգին, իսկ գործընթացը սկսեց նույնիսկ նախքան դատարաների շրջափակումը, այսինքն՝ դեռևս այն ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, թե ո՞ր դատավորը կհամարձակվի չենթարկվել իրեն։ Հետո Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց, հետո վերափոխվեց Սահմանադրական դատարանի վրա»,- ասաց նա։

Ստեփան Մարգարյանի գնահատմամբ՝ հասարակությունն էմոցիոնալ ֆոնի վրա խորհրդարան ընտրեց, իսկ այսօր մի իրավիճակ է, որ խորհրդարանական կառավարման երկրում ԱԺ-ն երկրի քաղաքական կյանքում չունի որևէ դերակատարություն։ «ԱԺ-ն դարձել է կառավարելի, բայց խորհրդարանական կառավարման երկրում այն ամենակարևոր օղակներից էր։ Վստահ եմ, եթե այսօրվա իշխանություններին հաջողվի խնդիրը լուծել այնպես, ինչպես ցանկանում են, դատարաններին իրենց ենթարկեցնելուց հետո հաջորդ քայլը լինելու է մամուլին հնազանդեցնելը։ Մամուլը պիտի դարձնեն կառավարելի, եթե այսօր էլ մտքում չունեն, միևնույն է, սա է տրամաբանական շարունակությունը։ Սրան կհաջորդի սեփականության տոտալ վերաբաշխումը։ Ստեղծելու են սեփական քրեաօլիգարխիկ համակարգ, սակայն մինչ սրան հասնելը պետք է դատարաններն ու մամուլն իրեն ենթարկվի, որ հասարակությունը չիմանա, թե ինչ է կատարվում, ինչպես խորհրդային տարիներին էր»,- ընդգծեց Ստեփան Մարգարյանը։ Նրա խոսքով՝ «Голос Армении»-ին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը սպասված էր։ Նրա խոսքով՝ շատերը սպասում էին ծրագրային ելույթի, ինչն էլ արդարացվեց։ «Ռոբերտ Քոչարյանը հաստատեց, որ մտնում է քաղաքականություն ու ակտիվ զբաղվելու է քաղաքականությամբ։ Ասաց նաև ակտիվ գործողությունների ժամկետները՝ աշնանը որոշակի գործընթացներ կլինեն՝ քաղաքական ուժերի միջև համախմբման հետ կապված։ Այսօր ԱԺ-ում չկա այն ընդդիմությունը, որը երկրին օդի ու ջրի նման անհրաժեշտ է, հետևաբար, ընդդիմությունը կստեղծվի դրսում ու կլինի հակակշիռ։ Ակնհայտ է, որ Քոչարյանն ընդդիմադիր ճակատի ստեղծման մեջ կունենա դերակատարում, որը կլինի ծրագրային ընդդիմություն»,- հավելեց Քոչարյանը։


ՀՅԴ անդամ Գևորգ Ղուկասյանը, համաձայնելով Մարգարյանի հետ, հավելեց. «Գործող իշխանությունները չեն կարող բարեփոխել դատական համակարգը, քանի որ հայեցակարգ չունեն, իսկ հայեցակարգի բացակայությունն այս իշխանության համար նորություն չէ։ Ակնհայտ է, որ ՀՀ-ում գործադիր ու օրենսդիր իշխանությունը լծվել են դատական իշխանության նվաճման ու յուրացման գործընթացին։ Ի՞նչ է, ապագա իշխանությունները նույնպե՞ս պետք է ձևավորեն սեփական դատական համակարգ, մենք լավ տեղ չեն հասնի»,- նշեց նա։ Գևորգ Ղուկասյանի դիտարկմամբ՝ Հայաստանում արդյունավետ պետական իշխանություն չի կարող լինել հատկապես այն պատճառով, որ գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունները միմյանցից անկախ չեն. «Ընդ որում դատական իշխանության նկատմամբ ճնշումներն աննախադեպ չափերի են հասել, ավելին՝ Երրորդ Հանրապետության պատմության մեջ դատական համակարգի նկատմամբ այսպիսի բռնաճնշումներ չեն եղել։ Հիմա թաղում են անկախ դատական համակարգ ունենալու վերջին հույսը։ Իսկ իշխանության գործունեություն սկսում ու ավարտվում է քաղաքական հայտարարություններ անելով, որոնք որևէ ակադեմիական ու վերլուծական հենք չունեն»,- ասաց Ղուկասյանը։ Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ նա շեշտեց, թե ակնհայտ է, որ Քոչարյանը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից է լինելու։ Սակայն այդպես էլ չհստակեցրեց՝ ՀՅԴ–ը կմիանա Քոչարյանին՝ նկատելով, որ ՀՅԴ-ն ունի իր քաղաքական օրակարգը։


«Ռեֆորմիստեր» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ հայտարարեց, որ իշխանություններն անում են ամեն ինչ, որ դատական իշխանությունը վերցնեն հսկողության տակ՝ ծառա դարձնելով սեփական վրեժխնդրությանը: «Դատարանների շրջափակումը, այդ օկուպացիոն ակցիան ոչ այլ ինչ էր, քան դատական իշխանությունը գրավելու ու ենթարկեցնելու փորձ։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ՝ այդ թվում այսօրվա իշխանությունը, վստահաբար կարող եմ ասել, որ այս դրվագի համար պատասխանատվություն են կրելու»,- նշեց նա։ Վահան Բաբայանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի կառավարելի Ազգային ժողով, որտեղ չկա ընդդիմություն, ունի վերահսկելի գործադիր իշխանություն, հիմա պետք է ունենա վերահսկելի դատական իշխանություն, որից հետո էլ կանցնի մամուլին, որ 3 մյուս իշխանությունների վրա ազդեցությունը չկորցնի։ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին Վահան Բաբայանն ասաց. «Առանց Քոչարյանի քաղաքական դաշտն անհնար է պատկերացնել, իսկ թե ինչ կոնսոլիդացիաներ կգնան, ինչ անձերի շուրջ կլինի, ցույց կտա միայն ժամանակը։ Այսօր կան մարդիկ, որոնք հեռու են աղանդավորական մոտեցումից, թեպետ նրանց աստվածապաշտությունն սկսում ու ավարտվում է իրենց վարչապետով»,- շարունակեց Վահան Բաբյանը։ Նա նկատեց, որ վարչապետը, որը աշխատանքի էր գնում հեծանիվներով ու մետրոյով, այսօր շատ հանգիստ ասում է, որ ուր ցանկանա կգնա ուղղաթիռով։

Դիտվել է՝ 2769

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao