«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վտանգը հասարակության ինքնապաշտպանական բնազդն է արթնացնում

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վտանգը հասարակության ինքնապաշտպանական բնազդն է արթնացնում
01.08.2019 | 11:21

Այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիան, որ իրականում կրում է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա» անվանումը, Ստամբուլում 2011 թվականին ստորագրված և ԵԽ շրջանակներում կնքված պայմանագիր է։ Կոնվենցիայի նպատակ է հայտարարվել հետապնդել և վերացնել կանանց նկատմամբ և ընտանեկան բռնությունը, նպաստել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանն ու խթանել կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը, այդ թվում՝ կանանց ազատականացման միջոցով։ Սա կոնվենցիայի էությունն է։


Դատելով հայաստանյան իրականությունից՝ պետք է ասել, որ մեր երկրում կանանց նկատմամբ կամ ընտանեկան համատարած բռնություն, որպես այդպիսին, գոյություն չունի։ Կանայք Հայաստանում չեն համարում, թե իրենց իրավունքները ոտնահարված են, և առկա չէ կանանց ու տղամարդկանց միջև իրավունքների հավասարության շեղում։ Համենայն դեպս, այդպիսին է մեր իրականությունը։ Այսինքն՝ կանանց և ընտանեկան բռնությունների մասին ներմուծվող առասպելները Հայաստանում արհեստածին են։ Վերջին ամիսներին համացանցում կանանց նկատմամբ բռնությունների մասին նամակների տարափը կեղծ էր, գրված մի կենտրոնից՝ հասարակական կեղծ պահանջ ձևավորելու և կոնվենցիայի վավերացումն արդարացնելու համար։ Այդ մասին, ի դեպ, փաստեց նաև ՀՀ ոստիկանությունը՝ հրապարակված ոչ մի նամակի վերաբերյալ գործ չհարուցելով։ Ուշագրավ է, որ կանանց նկատմամբ բռնությունների մասին նամակների հոսքը մեկնարկեց հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը։ ՀՀ Սահմանադրությունը վերջին մեկուկես տարվա ընթացքում ոտնահարվել է բազմիցս, և սա մայր օրենքը վարկաբեկելու հերթական քայլն էր։
Կոնվենցիան միայն արտաքուստ է վերաբերում կանանց իրավունքների պաշտպանությանը, այն թաքնված կետեր ունի ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ: Այս ամենի տակ այլասերության քարոզ է իրականացվում Հայաստանում՝ խարխլելու համար ընտանիքի մոդելը, վերացնելու ազգային ավանդույթները։


Փորձագետները փաստում են, որ իրավական տեսակետից կոնվենցիան հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ մեր երկրում ցանկացած բռնությունը քրեորեն պատժելի է։ Նկատենք, որ կոնվենցիան վավերացնելու դեպքում ՀՀ օրենքները, այդ թվում՝ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվեն այդ փաստաթղթին։ Վավերացվելու դեպքում այս փաստաթուղթն իմպերատիվ ուժ է ունենալու՝ ավելի բարձր լինելով ՀՀ Սահմանադրությունից։
Ինչու՞ է հանկարծ սուր անհրաժեշտություն առաջացել Հայաստանում ընդունելու կանանց իրավունքների պաշտպանության կոնվենցիան, մի՞թե Հայաստանում չկան քաղաքացիներին պաշտպանող ներքին օրենքներ։ Իհարկե, կան։ Կօգնի՞ արդյոք միջազգային այդ փաստաթուղթն ավելի արդյունավետ պայքարելու բռնության դեմ։ Հարցը դիտարկենք հենց Թուրքիայի օրինակով, որը 2011 թ. առաջիններից է վավերացրել կոնվենցիան։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Թուրքիայում 2010-2017 թթ. տարեկան 377 կին է սպանվել ամուսինների հետ ապահարզանի գործընթացի ժամանակ։


Բնական է, որ այս կոնվենցիան մեր երկրի օրակարգը չէ, այն կեղծ է և պարտադրված դրսից։ Ավելին ասենք, այսօր ամբողջ քաղաքակիրթ աշխարհը գնում է պահպանողականության ճանապարհով, մեզ մոտ, որտեղ հասարակությունը, խոշոր հաշվով, պահպանողական է, չգիտես ինչու, որոշել են լինել գերազատական։ Հասկանալի է, որ այս ամենը կեղծ հիմքեր ունի։ Բանն այն է, որ մեր քաղաքական իշխանությունը ստամբուլյան կոնվենցիայի միջոցով առևտրի է դուրս եկել արտաքին ուժերի հետ, իսկ թե ինչ նպատակով, պարզ է՝ ընդամենը սեփական իշխանությունն ամրապնդելու և պահպանելու։


Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման վտանգն այսօր Հայաստանում համախմբել է հանրությանը՝ այն սպառնում է դառնալու մեծ շարժում։ «Կամք» հայկական արժեքների պաշտպանության հասարակական նախաձեռնությունը ստորագրահավաք է կազմակերպել կոնվենցիայի ընդունման դեմ, որին միանում են հազարավոր քաղաքացիների, բազմաթիվ կազմակերպություններ։ Կոնվենցիայի վերաբերյալ բացասական դիրքորոշում են հայտնել Հանրային խորհուրդը, Հայ առաքելական եկեղեցին, անգամ իշխանության որոշ ներկայացուցիչներ իրենց քննադատությունն են հնչեցնում կոնվենցիայի դեմ։


Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում ապականվել են գրեթե բոլոր բարոյական խարիսխները։ Սա հերթականն է, սակայն մարդիկ զգում են վտանգը, նրանց մեջ արթնանում է ինքնապաշտպանական բնազդը։ Հայ ժողովուրդը պետք է ցույց տա, որ ինքը հոգեպես առողջ է, արթնանա և դիմակայի այս լուրջ մարտահրավերին։ Դրա նախադրյալներն արդեն երևում են։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2844

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao