Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անձնական ոչինչ չկա. միայն գործարարություն է և... պատերազմ

Անձնական ոչինչ չկա. միայն գործարարություն է և... պատերազմ
01.08.2019 | 11:27

2019 թ. հուլիսի վերջին Հայաստանը խղճուկ տպավորություն է թողնում. ասենք թեկուզ այն, որ ուժեղ շոգի պայմաններում կառավարությունն իր անգործությամբ վտանգավոր վարակիչ հիվանդությունների օջախներ է ստեղծում։ Աղբն օրերով չի հեռացվում և արևի տակ փտում ու գարշահոտություն է տարածում։ Բայց կան ավելի սարսափելի բաներ։ «Голос Армении» թերթի հանգուցյալ լրագրող Նարեկ Մեսրոպյանը ՀՀՇ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության մասին է մի անգամ ասել, որ հայ ժողովրդի նկատմամբ «սպիտակ եղեռն» է իրականացվում։ Իսկ ինչու՞ Տեր-Պետրոսյանի աշակերտը չշարունակի ուսուցչի սկսած այդ եղեռնը։ Հերոստրատի դափնիները ոչ նրա ուսուցչին, ոչ էլ անձամբ Նիկոլին ակնհայտորեն հանգիստ չեն տալիս գիշերները։ Իզուր չեն սկսել գրել, որ 2019 թ. անցած ամիսներին Հայաստանից գրեթե այնքան հայ է փախել, որքան նախորդ ամբողջ տարում։


Բայց ժողովուրդն է զարմացնում. երևի նրա մեջ մրցություն կա, թե ում հիշողության կորուստն է ավելի խոր ու լայն։ Տեսնում են, չէ՞, որ Նիկոլն առանց աղմուկի բոլոր լևոնականներին իշխանության է վերադարձնում։ Բայց մեր քաղաքացիները լռում են։ Լավ, մեր երիտասարդներից ինչ-որ բան պահանջելն իզուր է. բոլորը՝ այդ երիտասարդ հպարտները, զոմբիացված են։ Բայց ինչու՞ են լռում նրանց ծնողները, տատ ու պապերը։ Նրանք է՞լ ոչինչ չեն հասկանում։ Կամ ահա էլի մի թեմա. Զարուհի Փոստանջյանը Հայաստանում հայտնի անձ է, և հայտնի է, որ նա անցյալ տարվանից շատ անգամ է բացահայտորեն հայտարարել, որ 2018 թ. ապրիլին ոչ մի հեղափոխություն չի եղել։ Վերցնենք նրա ամենաաղմկահարույց հայտարարությունը, թեև այն տարածվել է (2018 թ. նոյեմբերի 2-ին) որպես նրա «Երկիր ծիրանի» կուսակցության հայտարարություն։ Կարճ՝ խոսքն այն մասին է, որ Սերժ Սարգսյանին այլևս չէր հաջողվում իշխանությունն իր ձեռքում պահել, ողջ գողական աշխարհը նրա համար կեղծում էր ընտրությունները զրոյական վարկանիշի դեպքում, արտաքին խաղացողները կոշտ կերպով պահանջում էին հանձնել Արցախի հողերը։


«Երկիր ծիրանիի» հայտարարության համաձայն, այդ ժամանակ Սերժ Սարգսյանը իր փեսա Միքայել Մինասյանի և իրենց կողմից վերահսկվող կեղծ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հետ մի ներկայացում ցուցադրեց, որի վերջնական նպատակը իշխանությունը Միքայել Մինասյանին հանձնելն էր։ Փոստանջյանը դրանով է բացատրում այն հանգամանքը, որ Մինասյանի կողմից ֆինանսավորվող ԶԼՄ-ները, հասարակական ու քաղաքական շարժումները միաձայն պաշտպանեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա պլանները։ «Երկիր ծիրանին» պնդում է, որ նախկին «Ելք» դաշինքը Միքայել Մինասյանի նախագիծն է, իսկ կեղծ հեղափոխությունը պետք է տեղի ունենար 2016 թ. ամռանը, «Սասնա ծռերի» օգնությամբ, որտեղ գլխավոր գործող անձինք նույն Նիկոլ Փաշինյանը և ոչ անհայտ Վալերի Օսիպյանն ու Արթուր Վանեցյանն էին։ «Հատուկ Փաշինյանի համար այն օրերին Խորենացու փողոցում նախապատրաստել էին ամբիոն ու միկրոֆոններ, սակայն ժողովուրդն այն ժամանակ Փաշինյան առաջնորդ չճանաչեց»,- ասվում է հայտարարության մեջ։ Այն ժամանակ էլ որոշվեց հեղափոխությունը հետաձգել ավելի ուշ ժամկետի։ Հայտարարության մեջ նշվում է, որ Սերժ Սարգսյանն ստեղծեց բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանում և արտասահմանում հավատան հեղափոխության անկեղծությանն ու արդարացիությանը։ Արվել է հնարավոր ամեն ինչ Կարեն Կարապետյանին չեզոքացնելու և հանրապետական կուսակցությունը վարկաբեկելու համար։ Սերժ Սարգսյանը, իբր անկեղծ մղումներով, նրանց դրդում էր այնպիսի գործողությունների, որոնք վերջում գործում էին նրանց դեմ (օրինակ՝ մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի դեմ քվեարկելու կոչը)։ Փաշինյան-Սարգսյան հանդիպումը, Փոստանջյանի կարծիքով, եղել է ներկայացման մի մասը։


Ես հիշում եմ ոչ միայն 2016 թվականը, այլև 2015-ը իր «Էլեկտրիկ Երևանով» կամ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքներով (ի դեպ, Հայկ Մարությանի մասնակցությամբ)։ Բայց ավելի շատ հիշվում է նախկին պատգամավոր Զարուհու (որն այն ժամանակ «Ժառանգություն» կուսակցության անդամ էր) նախկին խորհրդական Արմեն Մարտիրոսյանի 2017 թ. ապրիլի 5-ի մամլո ասուլիսը և նույնպես այդ կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի մեկնաբանությունը։ Երկուսն էլ ներկայացնում էին ՕՐՕ (Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան) նախընտրական դաշինքը։ Նրանց հայտարարությունների էությունը պարզ է և նման է Զարուհու 2018 թ. նոյեմբերի 2-ի այն հայտարարությանը, որ 7-տոկոսանոց ցուցանիշը հաղթահարած և խորհրդարան անցած «Ելք» դաշինքի թիկունքում կանգնած է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ «Տվյալ պահին մենք ունենք խորհրդարան, որը ձևավորել են Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը և Միքայել Մինասյանը։ Այս խորհրդարանը ձևավորած այլ անձանց, այլ ուժեր ես չեմ տեսնում»,- այն ժամանակ հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։ 2017 թ. ապրիլին իրադրությունն այնքան սուր էր, որ մեղադրողներին պատասխանեց ոչ միայն Փաշինյանը, այլև Մինասյանը։ Փաշինյանը «Ժառանգություն» կուսակցությանն ու ՕՐՕ դաշինքին մեղադրեց Սերժի փեսայի հետ կապեր ունենալու մեջ, իսկ Մինասյանը պարզապես խնդրեց իր անունը չկապել ընտրական գործընթացների հետ։ Դրանից հետո, 2017 թ. հունիսի 25-ին «Ժառանգություն» կուսակցության համագումարում, նրա ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե 2018-ին Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ապա նույն թվի ամռանն ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայաստանում հեղափոխություն կիրականացնի։


«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Իգոր Մուրադյանի թաղման ժամանակ ես հարցրի Արմեն Մարտիրոսյանին` հիշու՞մ է 2017 թ. ապրիլին արած իր հայտարարությունները։ Որոշ տատանումից հետո նա պատասխանեց, որ հիշում է, «եղել է նման բան»։ Հարցնում եմ՝ և ի՞նչ, սպասե՞նք մերկացումների շարունակությանը։ Նա ասաց՝ դեռ ժամանակը չէ, ավելի ուշ... Եվ ահա 2018-ի նոյեմբերի սկզբին նախկին կուսակիցներից էստաֆետն ստացավ Զարուհի Փոստանջյանը։ Իսկ հիմա, 2019-ին, մտածում ու փորձում եմ կռահել` եթե Փաշինյանի հեղափոխությունը ժողովրդին խաբելն է և խաղ, ապա ո՞վ կգլխավորի «նոր հեղափոխությունը», ավելի ճիշտ՝ ժողովրդին նորից խաբելը։ Չէ՞ որ Փաշինյանն իրեն սպառել է։ Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ով կլինի «ապագա հեղափոխության առաջնորդը». Արմեն Մարտիրոսյա՞նը (կամ Մարտիրոսյան-Խուրշուդյան երկյակը), Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, թե՞ Զարուհի Փոստանջյանը։ Որևէ մեկը կարո՞ղ է պատասխանել այդ հարցերին, կամ, ընդհանրապես, ո՞վ է ճիշտ, ո՞վ է մեղավոր։


Ինչ-որ մեկը կասի՝ ի՞նչ կարիք կա ուշադրություն դարձնելու Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա ներկա և նախկին կուսակիցների վրա։ Ենթադրենք ես կհամաձայնեմ նրանց։ Իսկ ի՞նչ կասեք Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի մասին, որը 2019 թ. հուլիսին հետաքրքիր ինտրիգ է մտցրել Հայաստանի իրադրության զարգացման մեջ։ Մեր երկրի գրեթե բոլոր ԶԼՄ-ները նշում էին, որ նա 12 կետից բաղկացած նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Կաթողիկոսը մանրամասներ չի ներկայացրել նամակի բովանդակության մասին՝ նշելով, որ կարևոր է այնտեղ շարադրված կետերի իրականացումը, ոչ թե հրապարակումը։ Այսպիսով, եթե Փաշինյանն ինչ-որ պատճառով չհռչակի այդ 12 կետերը, ապա ՀՀ և Սփյուռքի հանրությունը չի իմանա Արամ Ա-ի առաջարկների բովանդակությունը։ Պարզապես հիշեցնեմ, որ միշտ կայուն (թեև չհաստատված) տեղեկություններ են եղել, որ Արամ Ա-ն չափազանց մոտ է ՀՅԴ կուսակցության լիբանանյան կառույցին։


Ակամա հիշեցի 2014 թվականը։ Մանրամասն չեմ հիշեցնի, թե ինչպես և ինչու ՀՅԴ-ն 2010-ին «խռովեց» Սերժ Սարգսյանից, և դաշնակցականները դուրս եկան կառավարական կոալիցիայից։ Պատճառն այն էր, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն Թուրքիայի հետ չափազանց շատ «խաղացին ֆուտբոլային դիվանագիտություն» և Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու այլ դրսևորումներ։ Եվ 2014 թ. ապրիլին «Դաշնակցության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն պատրաստ է մտնելու կառավարության մեջ, եթե Սերժ Սարգսյանն ընդունի ՀՅԴ-ի 7 առաջարկները։ Ռուստամյանը հայտնեց, որ առաջարկներն արվել են մի տարի առաջ, բայց խորհրդարանական ընտրությունից հետո մերժվել են։ Ըստ էության, այդ 7 առաջարկները վերջնագիր էին Սերժ Սարգսյանին ու Հայաստանում ձևավորված «համակարգին», քանի որ վերաբերում էին համակարգային խնդիրներին (ազատ մրցակցություն, ընտրական համակարգ, հավասար պայմաններ և այլն)։ Այդ պայմանների իրականացումը կնշանակեր «համակարգի» աստիճանական ձևափոխություն, այսինքն կապահովվեր սահուն հեռացում Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի այլանդակ «ժառանգությունից»։


Սերժ Սարգյանին ՀՅԴ-ի ներկայացրած պահանջներում կար 7 կետ, Նիկոլ Փաշինյանին Կիլիկիայի կաթողիկոսի դիմումում՝ 12։ ՈՒ չնայած մեզ հայտնի չէ 12 կետի բովանդակությունը, ենթադրում եմ, որ եթե Փաշինյանը հրաժարվի դրանք կատարելուց, ապա նա և իր կառավարությունը լուրջ խնդիրների կբախվեն հենց Սփյուռքում, քանի որ Արամ Ա-ի հեղինակությունն առնվազն Միջին Արևելքում անառարկելի է։ Չեմ դատի այն մասին, թե Արամ Ա-ի և Լիբանանում ու Սիրիայում ՀՅԴ-ի ղեկավարության միջև կարո՞ղ էին լինել այդ 12 կետերի բովանդակության քննարկումներ, բայց և չեմ բացառի դրանց հավանականությունը։ Այն նույն «ֆուտբոլային դիվանագիտության» լեզվով ասած՝ գնդակն այժմ Նիկոլ Փաշինյանի կիսադաշտում է։ Հարցը միարժեք է՝ Փաշինյանը պատրա՞ստ է Սփյուռքի քաղաքական ու կրոնական գործիչների հետ փոխըմբռնման բացակայությանը։ Իսկ մեր «հպարտ ժողովրդին» հարցնում եմ. «Ա՛յ ժողովուրդ, քեզ հետաքրքիր չէ՞, թե Փաշինյանն ինչու է լռում ու ոչ մի կերպ չի մեկնաբանում Վեհափառի 12 պայմանները»։


Անցնենք առաջ։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այցելեց Իրան և, ինչպես ընդունված է, ընդունվեց Իրանի կառավարության ղեկավար, նախագահ Հասան Ռոհանիի կողմից։ Բարեկամության ու բարիդրացիական համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին փոխադարձ հավաստիացումներ ցանկացած հայ-իրանական բանակցությունների, անկախ դրանց մակարդակից, ավանդույթն են։ Նշեմ, որ Հայաստանի և Իրանի ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են Մ. Գրիգորյանի այցը Թեհրան և բանակցությունները։ Հավանաբար, բանակցությունների ինչ-որ մասը չի լուսաբանվել։ Սակայն կա երկու հարց, որոնց մասին անհնար է լռել։ Երկկողմ փոխադարձ խոստումները լավ բան են. դրանք քիչ չեն եղել Երևանի ու Թեհրանի միջև սկսած 1992 թվականից։ Իրականություն է դարձել միայն մեկ խոստում. Հայաստանի և Իրանի այն ժամանակվա նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Մահմուդ Ահմադինեժադի լիակատար փոխըմբռնման շնորհիվ այժմ մենք ունենք գազամուղ Իրան-Հայաստան, և գործում է փոխշահավետ ապրանքափոխանակային գործարք՝ գազ էլեկտրաէներգիայի դիմաց»։ Եվ ահա 2019-ի հուլիսին Իրանի նախագահ Ռոհանին, ըստ էության, Հայաստանի փոխվարչապետին կրկնեց այն, ինչն արդեն մի անգամ՝ 2016-ի վերջին, ասել է նախագահ Սերժ Սարգսյանին։ Ես այդ երկու հարցն առանձնացնում եմ այն բոլոր հարցերից, որոնք վերջին 3-4 տարում քննարկվել են մեր երկրների միջև, չնայած բացառված չէ, որ որոշ մեկնաբաններ կարող են չհամաձայնել ինձ։


1. Ռոհանին «նշեց Թեհրանի ու Երևանի միջև բանկային համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը»,
2. Ռոհանին «ընդգծեց, որ փոխադարձ հաշիվներում ազգային արժույթներին անցնելը կմեծացնի երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալները»։ Այդ երկու առաջարկը (իսկ Արևելքում ավելի ուժեղ գործընկերոջ առաջարկը գործնականում պահանջ է) պարունակվում էր նաև այն «տնային առաջադրանքների» ցանկում, որոնք նախագահ Ռոհանին թողեց նախագահ Սերժ Սարգսյանին 2016 թ. վերջում։ 2019-ին իրանական կողմն այդ պահանջները կրկնեց Հայաստանի ղեկավարությանը։ Դա նշանակում է, որ 2017-18-ին Հայաստանը ոչ մի քայլով չի մոտեցել բանկային գործունեության ոլորտում Իրանի պահանջների իրականացմանը, էլ առավել` փոխադարձ հաշիվների ոլորտում։ Չընդառաջելով ավելի ուժեղ գործընկերոջ առաջարկ-պահանջներին` մի՞թե կարելի է հույս ունենալ, որ հայ-իրանական հարաբերությունները կունենան հեռանկարային դրական ապագա։ Իմ կարծիքով` ոչ։ Գալ Իրան և փորձել «սեփական» ինչ-որ բան պարտադրել. հասկանալի է, որ թույլ պետություններն են միշտ այդպես վարվում։ Բայց եթե ձեզ հանդիպակաց պահանջներ են առաջադրել, զիջեցեք, խորամուխ եղեք հանդիպակաց առաջարկների էության մեջ։ Իսկ եթե չեք ուզում կամ չեք կարող, այդ ժամանակ հույս մի դրեք Իրանի բարեհաճության վրա։ Այդպիսին է համաշխարհային քաղաքականության ընդհանուր «օրենքը», որ մենք չենք գրել, մենք էլ այն չենք կարող փոխել։


Բանկային համագործակցության ամրապնդումը նշանակում է` Հայաստա՛ն, հեռացի՛ր իրանական բանկերի գործունեությունը սահմանափակող ամերիկյան քաղաքականությանը հետևելուց։ Սերժ Սարգսյանը չհամարձակվեց դա անել, իսկ որևէ մեկը հավատու՞մ է, թե դա կանի ՀՀ ներկայիս էլ ավելի ամերիկամետ իշխանությունը։ Ես չեմ հավատում։ Փոխադարձ հաշիվներում ազգային արժույթին անցնելը նշանակում է աստիճանական կամ ակնթարթային հրաժարում ամերիկյան դոլարից այն բոլոր գործարքներում, որոնք կան Հայաստանի և Իրանի միջև։ Ակնթարթային այն պատճառով, որ Երևանի և Թեհրանի միջև երկկող առևտրի ծավալը չափազանց համեստ է, եթե չհաշվենք «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը։ Տնտեսության մեջ և առևտրում դոլարից հրաժարվելու պահանջն Իրանի ընդհանուր քաղաքական ուղեգիծն է, և նա երբեք որևէ մեկի համար բացառություն չի անի, այդ թվում` «երևանյան ասֆալտի հեղափոխության»։ Հուլիսի 1-ին Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է. «Միջազգային գործարքներում ԱՄՆ-ի դոլարի դերը նվազում է։ Վերջերս Ռուսաստանն ու Չինաստանը որոշել են իրենց գործառնությունները կատարել առանց դոլարի։ Անցյալ տարի Թուրքիայի հետ մեր առևտրական գործառնությունների 35 %-ը կատարվել է առանց դոլարի։ Նույնիսկ ԱՄՆ-ի դաշնակիցներ ԱՄԷ-ն ու Հնդկաստանն են որոշել հրաժարվել դոլարից իրենց գործարարության շրջանում»։ Ավելի վաղ «Mehr News»-ը հաղորդել էր Զարիֆի մի այլ հայտարարությունը. «Ներկայումս մենք Թուրքիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Ադրբեջանի, Հնդկաստանի և մի քանի այլ երկրների հետ բանակցում ենք արժութային պայմանագրերի հարցով և արդեն համաձայնության ենք եկել մի քանիսի հետ, այժմ ուզում ենք համաձայնության հասնել մյուսների հետ»։ Այդ հաղորդագրությանը «Mehr News»-ը կցել էր այսպիսի հիշեցում. «Երկկողմ արժութային պայմանագրերը դոլարով առևտրից հրաժարվելու մեխանիզմ են։ Երկրների միջև արժութային փոխանակման համաձայնագրերը կարող են հնարավորինս նվազեցնել ԱՄՆ-ի դոլարի ազդեցությունը համաշխարհային էներգետիկ և այլ շուկաներում»։


Այնպես որ Մ. Գրիգորյանին Ռոհանիի ասածը ոչ թե «հայկական հեղափոխությունը» և կառավարությանը չընդունելն է, այլ այդպիսին է Իրանի քաղաքական ու տնտեսական ընդհանուր ուղղությունը` կորչի դոլարը։ Համաձայն չե՞ս, այդ դեպքում` ցտեսություն։ Անձնական ոչինչ չկա. միայն գործարարություն է և... պատերազմ։
Ա՛յ «հպարտ ժողովուրդ», քեզ սա՞ էլ չհետաքրքրեց։ Քեզ չի՞ հետաքրքրում, թե հուլիսին Փաշինյանն այդ ինչու հանկարծ զանգահարեց Թեհրան և փորձեց ինչ-որ բանի մասին պայմանավորվել։ Հետո հայտնվեց ոչ այն է` պաշտոնական, ոչ այն է` կիսապաշտոնական խնդրանք ԱՄՆ-ին, թե` Հայաստանին մի ճնշեք հակաիրանական միջոցառումների ու քայլերի հարցով։ Քեզ չի՞ հետաքրքրում, թե Իրանի հատուկ ծառայություններն ինչու են ողջ աշխարհին ցուցադրում, թե ինչպես են ԱՄՆ-ի ԿՀՎ-ի գործակալներին և նրանց իրանցի գործակիցներին ազատորեն հայտնաբերում հենց Երևանի կենտրոնում։ Հայաստանի քաղաքացիներ, եթե ձեզ դա էլ չի հետաքրքրում, ապա դուք անբուժելի հիվանդ եք։ Եվ արժանի եք այն ամենին, ինչ ձեր նկատմամբ անում է Փաշինյանն իր կառավարության հետ։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 9554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ